«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2303-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության համար վճարվող հավելավճարների չափը, հաշվարկման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
Ա. Մարգարյան |
|
|
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության համար վճարվող հավելավճարների չափը, դրանց հաշվարկման և վճարման կարգն ու պայմանները:
2. Արտաժամյա ծառայության համար քրեակատարողական ծառայողին վճարվում է հավելավճար՝ արտաժամյա ծառայության յուրաքանչյուր մեկ ժամվա համար տվյալ ծառայողի դրամական բավարարման մեկ տոկոսի չափով, իսկ հանգստյան և տոն օրերին ծառայության համար՝ ծառայության յուրաքանչյուր մեկ ժամվա համար տվյալ ծառայողի դրամական բավարարման 2 տոկոսի չափով:
3. Արտաժամյա, հանգստյան և տոն օրերին ծառայության համար սույն կարգի 2-րդ կետում նշված հավելավճարների փոխարեն քրեակատարողական ծառայողի ցանկությամբ տրամադրվում են համապատասխան թվով հանգստյան օրեր (ժամեր):
4. Քրեակատարողական ծառայողն արտաժամյա, հանգստյան և տոն օրերին ծառայության է ընդգրկվում, եթե`
ա) կատարում է պետության պաշտպանության, ինչպես նաև տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանք.
բ) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ չնախատեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, և, եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն.
գ) աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի անընդհատության խաթարման.
դ) քրեակատարողական հիմնարկում հայտարարվել է արտակարգ իրավիճակ.
ե) սահմանված կարգով հայտարարվել է տագնապ կամ անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն:
5. Արտաժամյա ծառայության վերաբերյալ քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարի կողմից կազմվում է համապատասխան զեկուցագիր և ներկայացվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին, որն արձակում է համապատասխան հրաման քրեակատարողական ծառայողի արտաժամյա, հանգստյան կամ տոն օրերին ծառայության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկներ և վճարումներ կատարելու վերաբերյալ:
6. Սույն կարգով սահմանված վճարումները կատարվում են ամիսը մեկ անգամ՝ քրեակատարողական ծառայողի արտաժամյա, հանգստյան և տոն օրերին ծառայության տվյալ ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |