ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2000 թվականի N 23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՄ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Դատական պրակտիկայի նյութերը ցույց են տալիս, որ դատարանները հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելու կամ չարամտորեն խուսափելու և հարկային այլ հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելիս հիմնականում ճիշտ են կիրառում օրենսդրությունը:
Դրա հետ մեկտեղ հիշյալ բնույթի գործեր քննելիս առանձին սխալներ են թույլ տրվում վերը նշված հանցագործությունների սուբյեկտների, պատճառված վնասի հատուցման, իրեղեն ապացույցների և հանցագործության առարկաների տնօրինման հարցերում, հանդիպում են արարքների ոչ ճիշտ որակման փաստեր:
Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելու կամ չարամտորեն խուսափելու և հարկային այլ հանցագործությունների համար պատասխանատվության վերաբերյալ քրեական օրենսդրությունը (1611, 1623, 1624, 1625, 1626) ճիշտ և միատեսակ կիրառելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը որոշում է տալ հետևյալ պարզաբանումները.
1. Հարկերը վճարելուց խուսափելու և այդ բնույթի հանցագործությունների հասարակական վտանգավորությունն արտահայտվում է այն բանում, որ դիտավորյալ չի կատարվում ՀՀ Սահմանադրության 46 հոդվածի պահանջը, որի համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկերը, տուրքերը, կատարել այլ պարտադիր վճարումներ:
ՀՀ քր. օր. 1624 հոդվածի համաձայն հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելը կամ չարամտորեն խուսափելը կարող են արտահայտվել ինչպես գործողությամբ, այնպես էլ անգործությամբ և առաջ են բերում քրեական պատասխանատվության, եթե գանձման ենթակա ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
2. ՀՀ քր. օր. 1624 հոդվածում սահմանված հանցագործությունը կարող է կատարվել միայն դիտավորությամբ: Նշված հանցագործության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած ֆիզիկական անձը (ՀՀ քաղաքացի, օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ), որը գործող օրենսդրությամբ պարտավոր է կատարել հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները:
ՀՀ քր. օր. 1624 հոդվածով պատասխանատվության կարող են ենթարկվել նաև հարկատու իրավաբանական անձի ղեկավարը և գլխավոր (ավագ) հաշվապահը, իրավաբանական անձի ղեկավարի և գլխավոր (ավագ) հաշվապահի պարտականությունները փաստացի կատարող անձը, ինչպես նաև հարկատու կազմակերպության այլ ծառայողները, ովքեր հաշվապահական փաստաթղթերում մտցրել են եկամուտների և ծախսերի մասին ակնհայտ աղավաղված տվյալներ կամ թաքցրել են հարկման այլ օբյեկտներ:
ՀՀ քր. օր. 1624 հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կազմակերպիչները, դրդիչները և օժանդակողները պատասխանատվություն են կրում ՀՀ քր. օր. 17 և 1624 հոդվածներով:
3. Դատարաններին պարզաբանել, որ ՀՀ քր. օր. 1624 հոդվածով նախատեսված հանցագործությունների գործերով մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, մեղադրական եզրակացությունում և դատավճռում պարտադիր պետք է նշվի, թե մեղադրյալը, ամբաստանյալը հարկային օրենսդրության կոնկրետ ինչ նորմ է խախտել:
4. Դատարանները պետք է նկատի ունենան, որ ՀՀ քր. օր. 1624 հոդվածում նշված հետևանքները կարող են առաջանալ ինչպես մեկ, այնպես էլ մի քանի հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ չկատարելու հետևանքով:
ՀՀ քր. օր. 1624 հոդվածի դիսպոզիցիայում նշված է միայն հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարումների պարտավորությունները չկատարելը, մեղադրանքի ծավալի մեջ պետք է ընդգրկվեն կոնկրետ չվճարված հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները: Այդպիսիք ժամանակին չվճարելու հետևանքով առաջացած տույժերը չպետք է մտցվեն մեղադրանքի ծավալի մեջ, բայց քաղաքացիական հայցը լուծելիս դատավճռով պետք է գանձվեն մեղավոր անձից:
Եթե նման գործերով դատախազը հրաժարվում է մեղադրանքից, ապա դատարանը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ պետք է համապատասխան մարմիններին բացատրի, որ նրանք իրավունք ունեն քաղաքացիական դատավարության կարգով պահանջելու համապատասխան գումարները:
Դատարանը նույն կարգով պետք է վարվի, երբ քրեական գործի վարույթը կարճում է իր նախաձեռնությամբ:
5. ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում նաև հարկային դրոշմանիշները կեղծելու (1611), հարկային դրոշմանիշերը օտարելու կամ ապօրինի ձեռք բերված հարկային դրոշմանիշներով ապրանքները դրոշմավորելու (1612), հարկային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու (1625), հարկային դրոշմանիշներով դրոշմավորման կանոնները խախտելու (1626) համար:
Հարկային դրոշմանիշները կեղծելու, օտարելու, օգտագործելու, պատրաստելու հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել ՀՀ քր. օր. 213 հոդվածով սահմանված փաստաթղթեր կեղծելու, կեղծ փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ օգտագործելու կամ վաճառելու համար սահմանված ընդհանուր կանոններով: Թվարկված հանցագործությունները կարող են կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ:
6. Եթե անձը միաժամանակ կատարել է հարկային դրոշմանիշների կեղծում և այդպիսիք օտարել է կամ օգտագործել, ապա նրա արարքը պետք է որակվի համակցությամբ:
7. Վերը թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելիս դատարանները պետք է միջոցներ ձեռնարկեն իրեղեն ապացույցները և հանցագործության առարկաները տնօրինելու համար:
8. ՀՀ քր. օր. 1612 հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում, եթե այն կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում: Նման գործեր քննելիս դատարանները պետք է ստուգեն նաև վարչական պատասխանատվության ենթարկելու օրինականությունը, եթե կպարզվի, որ նախկինում անձը վարչական պատասխանատվության է ենթարկվել անօրինական կարգով, ապա դատարանը պետք է կայացնի արդարացման դատավճիռ:
9. Քրեական գործով վարույթը կարճելիս կամ քրեական հետապնդումը դադարեցնելիս համապատասխան շահագրգռված կազմակերպություններին պետք է բացատրվի պատճառված վնասի կամ գանձվող գումարի հայցով դատարան դիմելու նրանց իրավունքը: