Գլխավոր տեղեկություն
Համար
N 114-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2003-27.01.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.15/12(130) Հոդ.205
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.03.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003136

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 մարտի 2003 թ.

N 114-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 6-ի ««Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցը» հաստատելու մասին» թիվ 34 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2003 թ. մարտի 28
Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի մարտի 25-ի
թիվ 114-Ն որոշմամբ

 

 ԲԱՆԿՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ

 

ՈԻՂԵՑՈՒՅՑ

 

1. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետի` բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմած անձի դիմումը մերժվում է, եթե անձը կամ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը սույն ուղեցույցով հիմնավորված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի, որպես բանկի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի, գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը, կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

2. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետի` բանկում ղեկավար պաշտոն զբաղեցնել չեն կարող այն անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը սույն ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը, որպես բանկի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել բանկի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

3. Սույն ուղեցույցի իմաստով` ղեկավար պաշտոն է համարվում բանկի խորհրդի նախագահի, խորհրդի նախագահի տեղակալի, խորհրդի անդամի, գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, վարչության նախագահի, վարչության նախագահի տեղակալի, վարչության անդամի, գլխավոր հաշվապահի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի, վերստուգիչ հանձնաժողովի անդամի, ներքին հսկող (վերահսկիչ, հսկիչ) խմբի ղեկավարի, տարածքային ստորաբաժանման ղեկավարի (կառավարչի և գլխավոր հաշվապահի) պաշտոնները:

4. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն ուղեցույցի 1-ին և 2-րդ կետերի կիրառման նպատակով սահմանվում է, որ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու նպատակով ներկայացված դիմումները քննարկվում են Կենտրոնական բանկի խորհրդի նիստում և կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու դիմումները մերժելու համար:

5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից քննարկվում են այն անձանց դիմումները, որոնք.

5.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության համար ենթարկվել են քրեական պատասխանատվության.

5.2. այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործությունների համար ենթարկվել են քրեական պատասխանատվության.

5.3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հանդիսացել են ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և որոնց պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում բանկը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով բանկի ֆինանսական վիճակը, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է.

5.4. այլ պետությունների բանկերում կամ ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատություններում հանդիսացել են ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և որոնց պաշտոնավարման ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության հետևանքով բանկը, ֆինանսական կամ ֆինանսավարկային հաստատությունը հայտարարվել են անվճարունակ կամ սնանկ.

5.5. Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում հանդիսացել են ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և որոնց պաշտոնավարման ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ.

5.6. այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

5.7. անձամբ, կամ իրենց հետ փոխկապակցված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի կամ վարկային կազմակերպության հանդեպ ունի ժամկետանց (կետանցված) պարտավորություն.

5.8. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից մեկով զրկվել են որակավորման վկայականից.

5.9. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերից մեկով 1 տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել են պատասխանատվության.

5.10. հանդիսացել են բանկի ղեկավար և իրենց պաշտոնավարման ընթացքում համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի`

ա) միտումնավոր կերպով խախտել են օրենքներն ու այլ իրավական ակտերը.

բ) պաշտոնավարման ընթացքում վարել են անհիմն և վտանգավոր գործունեություն, խոչընդոտել են վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողությունները.

գ) կատարել են այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով բանկը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.

դ) գործունեության ընթացքում կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բանկի կամ բանկի հաճախորդների շահերին.

ե) անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների, այդ թվում` բանկի և բանկի հաճախորդների նկատմամբ ստանձնած հավատարմագրային պարտականությունների նկատմամբ.

զ) չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը:

6. Կենտրոնական բանկը բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար Կենտրոնական բանկ դիմած անձանցից պահանջում է հայտարարություն այն մասին, որ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերը նրանց մոտ բացակայում են:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան