«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1721-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի
N 2175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Գյումրու
Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
ա) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ».
բ) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի «ա» և «զ» ենթակետերը.
գ) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ».
դ) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Ինստիտուտի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 28-ն է».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1 - 16.9-րդ կետերով.
«16.1. Խորհուրդը ձևավորվում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:
Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`
ա) ինստիտուտի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.
բ) ինստիտուտի կառուցվածքային միավորների կողմից առաջադրված թեկնածություններն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.
գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
16.2. Ինստիտուտի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`
ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).
բ) ինստիտուտի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետների կողմից առաջադրված թեկնածուները և ներկայացնում լիազոր մարմին.
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
16.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
16.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
16.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
16.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
16.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
16.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
16.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 16.1 - 16.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը».
զ) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ».
է) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Խորհուրդը`
ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.
բ) հաստատում է իր աշխատակարգը.
գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները.
դ) խորհրդի գործունեության մեջ մտնում են ինստիտուտի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, ինստիտուտի գործունեության մասին տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև ինստիտուտի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը լիազոր մարմին ներկայացնելը».
ը) 20-րդ կետի «զ» ենթակետից հանել «ինստիտուտի ռեկտորի ներկայացմամբ» բառերը.
թ) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.
«ժգ) հաստատում է ինստիտուտի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը».
ժ) 24-րդ կետից հանել «և կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամաններով» բառերը.
ժա) 27-րդ կետից հանել «Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամաններով» բառերը.
ժբ) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Ինստիտուտի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ինստիտուտի գործադիր մարմինը` ռեկտորը։
Ինստիտուտի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ինստիտուտի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ինստիտուտի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան
2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը կամ լիազորված պետական մարմինը` հիմնադրի համաձայնությամբ: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը».
ժգ) 36-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ֆակուլտետի դեկանի պաշտոնն ընտրովի է։ Դեկանն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ».
ժդ) 41-րդ կետը «հեռակա» բառից հետո լրացնել «, հեռավար» բառով.
ժե) 44-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44. Ինստիտուտում կարող են կիրառվել բարձրագույն կրթության երկաստիճան և դիպլոմավորված մասնագետի ուսուցման համակարգով կրթական ծրագրեր».
ժզ) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|