«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 սեպտեմբերի 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003262
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2003 թ. |
N 278-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1.1. Կանոնակարգ 3-ի գլուխ 3-ի կետ 3-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«3. Բանկերը սույն Կանոնակարգի կետ 2-ով սահմանված հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները, բացառությամբ թիվ 21, 22 և 27 ձևերի, ներկայացնում են բացառապես էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» ծրագրով), որոնց փոփոխելն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:»:
1.2. Կանոնակարգ 3-ի գլուխ 6-ը լրացնել նոր 391 և 392 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«391. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո, օրենքով սահմանված ժամկետներում, 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ դրանց կից ծանոթագրությունների), աուդիտորական եզրակացության հետ միասին, իսկ ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը աուդիտորական եզրակացության հետ միասին` թղթային տարբերակով, հասանելի դարձնել հասարակությանը բանկում:
392. Բանկերը պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները:»:
1.3. Կանոնակարգ 3-ի գլուխ 6-ի կետ 41-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Բանկերը օրենքներով և սույն Կանոնակարգով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը հրապարակելուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման համապատասխան բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) և հրապարակված հաշվետվության օրինակը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|