ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 1996 թվականի թիվ 44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության պետական արժութային պահուստների կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական արժութային պահուստների կառավարման ռազմավարության հետևյալ հիմնական սկզբունքներին.
ա) Հայաստանի Հանրապետության պետական արժութային պահուստների կառավարումն իրականացնելիս սկզբուքային առաջնությունը տրվում է վերջիններիս ապահովվածությանն ու իրացվելիությանը և հետո միայն շահութաբերությանը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական արժութային պահուստները կարող են ներդրվել միայն միջազգային շուկայում ընդունված պահուստային արժույթներում կամ դրանցով արտահայտված պետական արժեթղթերում և բանկային ոսկու տեսքով.
գ) Հայաստանի Հանրապետության պետական արժութային պահուստների անվտանգության ապահովման նպատակով վերջիններս կարող են տեղաբաշխվել միայն բարձր զարգացած երկրների կենտրոնական և ամենաքիչը AA (S & B) կամ Aa (Moody's) միջազգային կարգ ունեցող առևտրային բանկերում կամ ֆինանսական կազմակերպություններում:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական արժութային պահուստների կառավարման մարմիններն են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով ստեղծված ներդրումային կոմիտեն, կենտրոնական բանկի միջազգային գործառնությունների վարչության պետը և պետական արժութային պահուստների կառավարման բաժնի պետը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական արժութային պահուստների կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության կողմից հաստատված սկզբունքների:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային գործառնությունների վարչությանը` եռամսյակը մեկ անգամ կենտրոնական բանկի վարչությանը ներկայացնել տեղեկանք` Հայաստանի Հանրապետության պետական արժութային պահուստների փաստացի վիճակի և ստացված եկամուտների մասին:
թիվ 44 |