«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602393
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 դեկտեմբերի 2002 թ. |
N 27/3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետով և 20-րդ հոդվածի 9-րդ կետով, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել Հանրապետության Նախագահի ընտրություններում թեկնածուների կամ նրանց նախընտրական շտաբների նախընտրական քարոզչության իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը (Հավելված 1):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Ա. Սահրադյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է Հանրապետության Նախագահի ընտրություններում թեկնածուների նախընտրական քարոզչության իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու պայմանները:
2. Թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները նախընտրական քարոզչության նպատակով կազմակերպվող հանդիպումների, հանրահավաքների, ժողովների և այլ միջոցառումների անցկացման համար տվյալ տարածքի համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում գրավոր հայտ անհրաժեշտ տարածք, շինություն, դահլիճ տրամադրելու համար:
Անվճար տարածքները տրամադրվում են հավասար հիմունքներով:
3. Հայտերը պետք է ներկայացվեն կազմակերպվող միջոցառման օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:
4. Հայտում պետք է նշվեն կազմակերպվող միջոցառման ձևը և վայրը, սկսելու և ավարտելու ժամը, կազմակերպիչ պատասխանատուի տվյալները, հայտը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Սույն կարգով հատկացվող տարածքները տրամադրվում են մինչև երեք ժամ տևողությամբ:
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երկու օրվա ընթացքում ներկայացված հայտերը ուղարկում է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին:
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ միասին քննարկում են ստացված հայտերն ու երեք օրվա ընթացքում հայտատուներին են ուղարկում իրենց որոշումները` համապատասխան տարածք տրամադրելու կամ հայտը մերժելու մասին:
7. Եթե հայտում նշված տարածքը այդ ժամանակահատվածի համար արդեն հատկացվել է այլ թեկնածուի, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները պետք է հայտատուին առաջարկեն նմանատիպ այլ տարածք կամ նշված տարածքը` այլ ժամի: