ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 1994 թվականի N 54
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի լուծարման ժամանակավոր կարգի մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի լուծարման» ժամանակավոր կարգը (կցվում է):
քաղ. Երևան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի լուծարման
1. ՀՀ տարածքում գործող բանկը կարող է լուծարվել`
ա) բանկի կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ.
բ) ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկային գործառնություններ իրականացնելու համար տրված արտոնագիրը անվավեր ճանաչելու դեպքում.
գ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Բանկի կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ բանկի գործունեության դադարեցումը իրականացվում է ՀՀ օրենսդրությանը և բանկի կանոնադրությանը համապատասխան:
3. Բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից բանկի գործունեության դադարեցման դեպքում լուծարային հանձնաժողով նշանակում են բանկի հիմնադիրները կամ բաժնետերերը` դրա կազմում պարտադիր ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիազոր ներկայացուցչին:
4. ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկային գործառնություններ իրականացնելու համար տրված արտոնագիրն անվավեր ճանաչելու դեպքում լուծարային հանձնաժողովը նշանակվում է ՀՀ կենտրոնական բանկի առաջարկությամբ` բանկի կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ: Արտոնագիրը անվավեր ճանաչելու օրվանից մեկ ամսվա ընթացքում լուծարային հանձնաժողով չնշանակելու դեպքում` այն նշանակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
5. Բանկի լուծարման մասին որոշում ընդունելու, ինչպես նաև արտոնագիրը անվավեր ճանաչելու պահից դադարեցվում է բանկի կողմից գործառնությունների իրականացումը, բացառությամբ այն գործառնությունների, որոնք կապված են բանկի նկատմամբ եղած պարտավորությունների կատարման հետ:
6. Լուծարային հանձնաժողովի անդամների թիվը պետք է լինի 3 հոգուց ոչ պակաս:
7. Լուծարային հանձնաժողով նշանակելու պահից բանկի կառավարման բոլոր լիազորություններն անցնում են լուծարային հանձնաժողովին:
8. Լուծարային հանձնաժողովի գործունեության նպատակն է լուծարվող բանկի ակտիվների շահավետ իրացման միջոցով առավելագույն չափով կատարել պարտավորությունները վարկատուների և ավանդատուների նկատմամբ:
9. Բանկի լուծարման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո լուծարային հանձնաժողովը 3 օրվա ընթացքում հայտարարություն է հրապարակում մամուլում:
10. Լուծարային հանձնաժողովը գործունեության ընթացքում իրականացնում է հետևյալ միջոցառումները`
ա) սահմանում է ժամկետ, որի ընթացքում բոլոր ավանդատուները և վարկատուները ներկայացնում են լուծարման վերաբերյալ որոշում ընդունելու օրվա դրությամբ իրենց պահանջները հիմնավորող փաստաթղթերը.
բ) գնահատում է բանկի ակտիվները և պասիվները.
գ) գնահատում է տրված վարկերի ապահովման դիմաց վերցված նյութական արժեքները և վարկը չվերադարձնելու դեպքում միջոցներ է ձեռնարկում դրանց իրացման նպատակով.
դ) հայտնաբերում է բանկի պարտապաններին և սահմանում է վարկերի վաղաժամկետ գանձման կարգը.
ե) միջոցներ է ձեռնարկում բանկի ակտիվները առավել շահավետ իրացնելու համար: Այդ նպատակով հանձնաժողովը կարող է իրականացնել ակտիվների աճուրդային վաճառք:
11. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտքերի մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ`
ա) լուծարային հանձնաժողովի ծախսերի հատուցում և աշխատավարձի վճարում` համաձայն հաստատված նախահաշվի.
բ) ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարում.
գ) բյուջեի վճարումներ.
դ) լուծարման հետևանքով առաջացած բնակչության զբաղվածության ֆոնդի վճարումներ.
ե) կատարվող հերթական վճարումներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
զ) բանկի աշխատողների աշխատավարձի և կենսաթոշակային ֆոնդին կատարվող վճարումներ.
է) վարկատուների պահանջների բավարարում.
ը) երրորդ անձանց նկատմամբ բանկի ունեցած պարտքերի և պարտավորությունների մարում.
թ) լուծարային հանձնաժողովի որոշմամբ բանկի այլ պարտավորությունների կատարում:
Մնացած դրամական միջոցները, ներառյալ բանկի գույքի իրացումից ստացված հասույթը, բաշխվում են հիմնադիրների (մասնակիցների), բաժնետերերի միջև` բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով:
12. ՀՀ կենտրոնական բանկում բացված լուծարվող բանկի թղթակցային հաշվի տնօրինումն անցնում է լուծարային հանձնաժողովին: Եթե լուծարվող բանկն ունի թղթակցային հաշիվներ այլ բանկերում և մասնաճյուղերի առկայության դեպքում` հաշիվներում մնացորդներ, ապա այդ հաշիվների մնացորդները նույնպես փոխանցվում են ՀՀ կենտրոնական բանկում բացված հաշվին: Այդ հաշվին են փոխանցվում նաև ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորված միջոցները:
13. Առևտրային բանկի թղթակցային հաշիվը տնօրինելու համար լուծարային հանձնաժողովը ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում`
ա) լուծարային հանձնաժողով նշանակելու վերաբերյալ համապատասխան մարմնի որոշումը.
բ) հաշիվը տնօրինելու վերաբերյալ միջնորդագիր` հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ.
գ) ստորագրությունների նմուշներով և կնիքի դրոշմվածքով քարտ:
14. Այդ հաշվից գործառնություններ կատարելու համար առաջին ստորագրության իրավունքը տրվում է լուծարային հանձնաժողովի նախագահին, իսկ երկրորդ ստորագրությանը` նախագահի կողմից լիազորված հանձնաժողովի որևէ անդամի:
Ստորագրությունների նմուշի քարտը վավերացվում է նոտարի կողմից:
Որպես կնիքի դրոշմվածք կարող է օգտագործվել լուծարվող բանկի կնիքը:
15. Աշխատանքների լրիվ ավարտից հետո լուծարային հանձնաժողովի հաշիվը փակվում է:
16. Լուծարային հանձնաժողովը ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման վերաբերյալ վերջնական հաշվետվություն (ակտ):
17. Բանկը համարվում է լուծարված` լուծարային հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո ՀՀ կենտրոնական բանկի գրանցման մատյանում լուծարման վերաբերյալ համապատասխան գրառման կատարման պահից: Բանկի լուծարման վերաբերյալ տեղեկությունը հրապարակվում է մամուլում: