«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 հոկտեմբերի 2002 թ. |
N 15/2-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՄԱՎՈՐ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Սահմանել նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կարգը (կցվում է)։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների
1. Սույն կարգով սահմանվում է թեկնածուների և կուսակցությունների նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով ձևավորվող նախընտրական հիմնադրամներում կամավոր մուծումներ կատարելու կարգը և պայմանները:
2. Հանրապետության Նախագահի թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների, համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում՝ ժամանակավոր հատուկ հաշվեհամարներում:
3. Գրանցված թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումներն իրականացվում են կանխիկ կամ անկանխիկ (փոխանցումներ) վճարումների միջոցով:
4. Նախընտրական հիմնադրամներում մուծումներ կարող են կատարվել թեկնածուների և կուսակցությունների գրանցման հաջորդ օրվանից մինչև քվեարկության նախորդ օրը:
5. Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կանխիկ վճարման մուտքագրման օրդերի, իսկ անկանխիկ վճարման հանձնարարականի «Վճարման նպատակը» մասում պարտադիր նշվում է՝
ա) իրավաբանական անձի՝
- լրիվ անվանումը,
- պետական գրանցման տարեթիվը,
- կազմակերպական-իրավական ձևը,
- բանկային վավերապայմանները,
- բաժնեհավաք կապիտալում՝ օտարերկրյա միջոցների տոկոսը.
բ) ֆիզիկական անձի՝
- ազգանուն, անուն, հայրանունը,
- ծննդյան տարեթիվը,
- քաղաքացիությունը:
6. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ թեկնածուներին և կուսակցություններին գրանցած համապատասխան ընտրական հանձնաժողովին տեղեկանք են ներկայացնում թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների վերաբերյալ: