ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2000 թվականի N 1153
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 805 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 06.05.97 թ. հրամանագրով և Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը կանոնակարգելու նպատակով`
1. Երևանի քաղաքապետի 1998 թ. հոկտեմբերի 13-ի «Երևան քաղաքում ուղևորատար տրանսպորտային սպասարկումներ կատարել ցանկացող տնտեսվարող սուբյեկտների ընտրության մրցութային կարգը և վերգետնյա ուղևորատար տրանսպորտային երթուղիների ցանցը հաստատելու մասին» N 805 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1.1. Որոշման հավելված 3-ի 2-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ խմբագրությամբ`
- նախատեսված և ապահովված լինեն վարորդների առողջական վիճակի ամենօրյա ստուգումը և շարժակազմի նախաերթային տեխզննումը:
1.2. Հավելված 4-ի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
- մասնակցության վճարի չափը կազմում է 5000 դրամ, իսկ մրցույթին ներկայացվող յուրաքանչյուր միավոր շարժակազմի համար 1000 դրամի չափով, որն իր մեջ ներառում է մրցույթի կազմակերպման, անցկացման և այլ գրասենյակային ծախսեր:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության (Ա. Զաքարյան) վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վ. Վարդանյանի վրա:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 50000114