«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002187
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 սեպտեմբերի 2002 թ. |
N 11/3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 53-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը (կցվում է)։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 1999 թ. ապրիլի 6-ի արձ.14 կետ 2 «Ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգի մասին» որոշումը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Ստորագրված քվեաթերթիկների պահպանման ԵՎ հատկացման
1. Սույնով սահմանվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը։
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվում է ստորագրված 100 քվեաթերթիկ և փաթեթավորում։ Փաթեթի հանգույցը սոսնձվում և դրա վրա հանձնաժողովի ցանկացող անդամները ստորագրում են, այնուհետև ստորագրված քվեաթերթիկների փաթեթները և կնիքի փաթեթը տեղադրվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող (մետաղյա) պահարանում։ Նշված գործողությունների մասին գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:
3. Չհրկիզվող (մետաղյա) պահարանը փակվում, թղթով սոսնձվում է, սոսնձված թղթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և հանձնաժողովի ցանկացող անդամները:
4. Չհրկիզվող (մետաղյա) պահարանի պահպանումը հանձնաժողովի նախագահի կողմից հանձնվում է ՆԳ մարմինների աշխատակիցներին, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն հանձնողի և ընդունողի միջև:
5. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն ստուգում է չհրկիզվող պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, հանձնաժողովի նախագահն այն ընդունում է ՆԳ աշխատակիցներից, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
6. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով բացում է չհրկիզվող պահարանը և քվեաթերթիկների հատկացման համար հանձնաժողովի պատասխանատու յուրաքանչյուր անդամի հանձնում է 100-ական քվեաթերթիկ՝ համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում: Քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անդամին հանձնված քվեաթերթիկների սպառման դեպքում վերջինս դիմում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին և ստանում քվեաթերթիկների նոր փաթեթ, որի մասին նույնպես գրանցում է կատարվում գործավարության մատյանում: