«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605349
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 օգոստոսի 2005 թ. |
N 44-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը (Հավելված 1)։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 18-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» N 13/1-Ն որոշումը:
|
Գ. Ազարյան |
|
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Գ Լ ՈՒ Խ 1
Ընդհանուր դրույթներ
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրական տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում դրա արդյունքները:
2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և սույն կանոնակարգով:
4. Հանձնաժողովը որոշումներ է ընդունում Օրենսգրքով նախատեսված դեպքերում` իր լիազորությունների սահմաններում:
5. Հանձնաժողովի նիստերը գումարվում են տեղամասային կենտրոնում։
Գ Լ ՈՒ Խ 2
Հանձնաժողովի կազմավորումը եվ առաջին նիստը
6. Հանձնաժողովը կազմավորվում է Օրենսգրքով սահմանված ժամկետներում:
7. Հանձնաժողովի անդամները նշանակվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:
8. Հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը՝ ժամը 12-ին:
9. Հանձնաժողովի առաջին նիստը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
10. Հանձնաժողովի առաջին նիստի արձանագրությունը ստորագրում են նիստը վարողը և Հանձնաժողովի քարտուղարը:
11. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 7 օր հետո, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական վեճ չկա։ Դատական վեճի առկայության դեպքում Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
Գ Լ ՈՒ Խ 3
Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եվ քարտուղարի ընտրության կարգը
12. Հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը ընտրում են Հանձնաժողովի առաջին նիստում` Հանձնաժողովի անդամների կազմից` երկօրյա ժամկետում:
13. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Հանձնաժողովի անդամներին։ Հանձնաժողովի անդամն ինքը կարող է առաջադրել իր թեկնածությունը:
14. Նիստը վարողը գրանցում է Հանձնաժողովի նախագահ առաջադրված թեկնածուների անուն-ազգանունները։
Ինքնաբացարկն ընդունվում է առանց քվեարկության:
15. Գրանցված թեկնածուները պատասխանում են Հանձնաժողովի անդամների հարցերին, կարող են ելույթ ունենալ:
16. Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ կամ ձեռնպահ կամ կարող է չմասնակցել քվեարկությանը:
17. Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:
18. Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
19. Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների առավել ձայներ ստացած թեկնածուն:
20. Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:
21. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետում և կարգով Հանձնաժողովի նախագահ չընտրելու դեպքում Հանձնաժողովի նախագահին նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ Հանձնաժողովը կազմավորվելուց ոչ ուշ, քան 2 օր հետո՝ համապատասխան հանձնաժողովի կազմից:
22. Հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունն անցկացվում է Հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
Հանձնաժողովի նախագահը
23. Հանձնաժողովի նախագահը.
ա) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) ապահովում է վերադաս ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների կատարումը.
գ) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
դ) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.
ե) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոշումները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.
զ) ելույթների համար՝ ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.
է) զգուշացումներ է անում կանոնակարգը խախտողներին.
ը) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.
թ) ձայն է տալիս հրավիրված անձանց, նիստը խանգարելու դեպքում՝ զրկում խոսքից, նիստը խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից.
ժ) կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները.
ժա) իրականացնում է Օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված այլ լիազորություններ:
24. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել իր դիմումի համաձայն, որը նրա կողմից ներկայացվում է հանձնաժողովի նիստին: Այն ընդունվում է ի գիտություն:
25. Եթե հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարել են Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու Օրենսգրքով նախատեսված դեպքերում, ապա Հանձնաժողովի նախագահի տեղակալը եռօրյա ժամկետում հրավիրում է արտահերթ նիստ՝ Հանձնաժողովի նախագահի ընտրության համար։
26. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
27. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է Հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն՝ Օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
Հանձնաժողովի նախագահի տեղակալը
28. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
ա) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա բացակայության ընթացքում.
բ) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:
29. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
30. Հանձնաժողովի նախագահի տեղակալը կարող է պաշտոնանկ արվել Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
Գ Լ ՈՒ Խ 6
Հանձնաժողովի քարտուղարը
31. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը.
բ) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստերի օրվա և ժամի մասին` նիստից առնվազն մեկ օր առաջ.
գ) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը, հրավիրված անձանց ներկայությունը.
դ) վարում է Հանձնաժողովի գործավարության մատյանը, արձանագրում և ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
է) իրականացնում է Օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
32. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:
33. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
34. Հանձնաժողովի քարտուղարը կարող է պաշտոնանկ արվել Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
Գ Լ ՈՒ Խ 7
Հանձնաժողովի անդամը
35. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝
ա) նախապես ծանոթանալ Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
բ) ելույթներ ունենալ Հանձնաժողովի նիստերում.
գ) Հանձնաժողովի նիստում ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.
դ) Հանձնաժողովի նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ.
է) ծանոթանալ Հանձնաժողովում ստացված փաստաթղթերին.
թ) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.
ժ) ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն։
36. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝
ա) կատարել Հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները.
բ) մասնակցել Հանձնաժողովի նիստերին։
37. Հանձնաժողովի անդամը՝
ա) ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում՝ նաև զորակոչից.
բ) համապետական ընտրությունների ժամանակ կարող է կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ.
գ) իր գործունեության ընթացքում կարող է ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունները կատարելուց:
38. Հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են Օրենսգրքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 8
Հանձնաժողովի նիստերը, Հանձնաժողովի նիստում հարցեր քննարկելու եվ որոշումներ ընդունելու կարգը
39. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
40. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը:
41. Հանձնաժողովի նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցության մասին նշվում է Հանձնաժողովի գործավարության մատյանում: Այդ գրառման տակ ստորագրում են Հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
42. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են:
43. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Կենտրոնական և համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:
44. Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել՝
ա) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.
բ) Հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք.
գ) դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները.
դ) յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ:
45. Հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրվում է՝
ա) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ,
բ) հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում և օրակարգով։
Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի և օրակարգի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան արտահերթ նիստից 2 ժամ առաջ։
46. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ։
47. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստը վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը՝ ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ կամ ձեռնպահ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:
48. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:
49. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
50. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
51. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունվելու կամ չընդունվելու մասին:
52. Քվեարկության արդյունքները գրառվում են նիստի արձանագրությունում: