Գլխավոր տեղեկություն
Համար
N 11/7-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2002-29.05.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.01/24(110) Հոդ.187
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.09.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002183

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 11/7-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 25.05.1999 թ. արձ. 25 կետ 5 «Մարզային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Ա. Սահրադյան

 

 

Հավելված
ՀՀ ԿԸՀ-ի 2002 թ. սեպտեմբերի 4-ի
թիվ 11/7-Ն որոշման

 

Ը Ն Տ Ր Ա Տ Ա Ր Ա Ծ Ք Ա Յ Ի Ն  Ը Ն Տ Ր Ա Կ Ա Ն  Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ Ի

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

ԿԵՏ 1

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ընտրությունները կազմակերպող և անցկացնող մարմին է:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում ընդունում է որոշումներ։

 

ԿԵՏ 2

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով՝ ՀՀ ընտրական օրենսգրքին և սույն կանոնակարգին համապատասխան։

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով։

 

ԿԵՏ 3

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։

2. Հանձնաժողովն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, իրավաբանական անձի համար ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված իրավունքներ և կրում է պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։

 

ԿԵՏ 4

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերը գումարվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատավայրում։

2. Այլ վայրում նիստ կարող է գումարել հանձնաժողովի որոշմամբ կամ սույն կանոնակարգի 13 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում։

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորումը ԵՎ առաջին նիստը

 

ԿԵՏ 5

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմված է ինն անդամից։

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է՝

1) գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) մշտապես գործող մարմնի (մարմինների) վավերացրած որոշմամբ նշանակված մեկական անդամից.

2) Հանրապետության Նախագահի նշանակած 3 անդամից։

3. ՀՀ ընտրական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, 36 հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան՝ եթե մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ձևավորման վերջին օրը որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի առաջադրում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը։

 

ԿԵՏ 6

 

1. Նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորություններն ստանձնում է Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ քառասուներորդ օրը։

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը՝ ժամը 12.00-ին և կարող է ընթանալ մինչև ժամը 24.00-ն՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վարչական շենքում։

3. Առաջին նիստը վարում է նախկին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր առաջին նիստում հանձնաժողովի կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար։

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի ԵՎ հանձնաժողովի քարտուղարի ընտրության կարգը

 

ԿԵՏ 7

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին։

2. Նիստը վարողը գրանցում է նոր հանձնաժողովի նախագահ առաջադրված թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը։

3. Գրանցված թեկնածուները կարող են ելույթ ունենալ և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին։

 

ԿԵՏ 8

 

Նախքան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուներ առաջադրելը որոշվում է քվեարկության անցկացման կարգը։ Քվեարկության անցկացման կարգի վերաբերյալ հանձնաժողովն ընդունում է որոշում։

 

ԿԵՏ 9

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրությունը կարող է կատարվել բաց կամ գաղտնի քվեարկությամբ:

2. Բաց քվերկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ կամ հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց: Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

3. Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը: Հաշվիչ հանձնաժողովը ձևավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից՝ նիստը վարողի ղեկավարությամբ: Գաղտնի քվեարկություն կազմակերպելու համար նիստը վարողը հայտարարում է մեկ ժամ ընդմիջում:

Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից:

Քվեաթերթիկներում այբբենական կարգով ընդգրկվում են առաջադրված և ինքնաբացարկ չհայտնած թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:

Հանձնաժողովի անդամները քվեաթերթիկը լրացնում են գաղտնի՝ քվեարկության խցիկում (կամ սենյակում), թողնելով այն թեկնածուի ազգանունը և անունը, որի օգտին նա քվեարկում է, ջնջելով մյուս ազգանունները և անունները:

Քվեաթերթիկում մեկ թեկնածության դեպքում նշվում են «կողմ» և «դեմ» բառերը:

Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում, եթե հանձնաժողովի անդամը քվեարկում է թեկնածուի օգտին, ջնջում է «դեմ» բառը, իսկ եթե քվեարկում է թեկնածուի դեմ, ջնջում է «կողմ» բառը:

Քվեարկության ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովը բացում է քվեարկության տուփը և հաշվում ձայները:

4. Գաղտնի քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են Հաշվիչ հանձնաժողովի անդամները:

5. Հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է թեկնածուի ընտրության մասին:

 

ԿԵՏ 10

 

1. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

2. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների առավել ձայներ ստացած թեկնածուն:

3. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն՝ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով:

 

ԿԵՏ 11

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում սույն կանոնակարգով սահմանված կարգով նախագահ չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 36 հոդվածի 7-րդ կետի համաձայն։

 

ԿԵՏ 12

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են հանձնաժողովի նախագահի ընտրությունից հետո՝ հանձնաժողովի նախագահի ընտրության համար ՀՀ ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով։

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերը

 

ԿԵՏ 13

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված ժամանակացույցով։

2. Նիստերն անցկացվում են հանձնաժողովի վարչական շենքում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում, երբ անհնար է նիստի օրն ու ժամը հետաձգելը, հանձնաժողովի նախագահը ստանալով հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությունը, նիստն անցկացնում է այլ վայրում։

3. Նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի գործավարության մատյանում, որտեղ յուրաքանչյուրն իր ազգանվան դիմաց ստորագրում է։

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերն արձանագրվում են։

 

ԿԵՏ 14

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրվում է՝

ա) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ,

բ) հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում և օրակարգով։

2. Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի և օրակարգի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան արտահերթ նիստից 2 ժամ առաջ։

 

ԿԵՏ 15

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերը դռնբաց են։

2. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Նիստերին կարող են ներկա գտնվել՝

1) զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրված ներկայացուցիչները,

2) հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք,

3) դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները,

4) Հանրապետության Նախագահի թեկնածուները կամ նրա լիազոր ներկայացուցիչները, վսահված անձինք՝ իրենց առնչվող հարցերի քննարկման կապակցությամբ,

5) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչները կամ թեկնածուների վստահված անձինք,

6) Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուն կամ լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև նրա վստահված անձը՝ իր բողոքի քննարկման ժամանակ,

7) համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք՝ իրենց առնչվող հարցերի քննարկման կապակցությամբ:

3. Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ։

 

ԿԵՏ 16

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին։

Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ նախագահի տեղակալը։

2. Քվորումի բացակայության դեպքում նիստը վարողը որոշում է կայացնում նիստի տեղափոխման մասին։

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով։ Նիստը վարողը ընթերցում է օրակարգի հարցերը և անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ։

4. Նիստը վարողը, ելնելով աշխատանքի արդյունավետությունից, կարող է փոխել օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը, եթե չկա առարկություն։

Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկությունների դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության։

5. Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում։

 

ԿԵՏ 17

 

1. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմվում է հանձնաժողովի անդամների առաջարկությունների հիման վրա։

2. Նիստերի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը՝ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ։

3. Հրատապ հարցերն ընդգրկվում են օրակարգ հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով, ոչ ուշ, քան նիստն սկսելուց երկու ժամ առաջ։ Հրատապ հարցերը կարող են ընդգրկվել օրակարգ նաև հանձնաժողովի որոշմամբ՝ նիստի սկզբում։

 

ԿԵՏ 18

 

1. Հերթական նիստի օրակարգում առաջարկություններն ընդգրկելու համար դրանք որոշման նախագծերի տեսքով հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվում են քարտուղարին՝ ոչ ուշ, քան նիստի նախորդ օրը։

2. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերն ու անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին հանձնում է հանձնաժողովի քարտուղարը (աշխատակազմը)՝ ոչ ուշ, քան նիստն սկսվելուց 2 ժամ առաջ։

 

ԿԵՏ 19

 

Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց բաժանվում է նիստի օրակարգը։ Նրանք իրավունք ունեն ծանոթանալ նաև ներկայացվող որոշումների նախագծերն։

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում հարցեր քննարկելու ԵՎ որոշումներ ընդունելու կարգը

 

ԿԵՏ 20

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ։ Գաղտնի քվեարկությամբ որոշում ընդունվում է միայն հանձնաժողովի որոշմամբ։

 

ԿԵՏ 21

 

1. Հանձնաժողովի նիստը հարցերի քննարկումն սկսում է որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցումով։ Զեկուցման կապակցությամբ հանձնաժողովի անդամները կարող են՝

- հարակից ելույթներ ունենալ (մինչև 5 րոպե),

- տալ հարցեր,

- ներկայացնել առաջարկություններ (մինչև 3 րոպե)։

2. Քննարկվող յուրաքանչյուր հարցի կապակցությամբ նիստը վարողն ունի ելույթի իրավունք՝ մինչև 7 րոպե տևողությամբ։

3. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է հանձնաժողովի քարտուղարը։

 

ԿԵՏ 22

 

1. Նիստը վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում է որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները։ Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում քվեարկությունը հետաձգվում է՝ որոշման նախագիծը նոր տեսքով քվեարկության ներկայացնելու համար։

2. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու դեպքում, իսկ նոր առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում՝ որոշում է ընդունվում առաջարկություններն առանձին-առանձին քվեարկելու մասին։ Որոշումն ընդունվելուց հետո՝ եթե նույն հարցի վերաբերյալ իրարամերժ առաջարկություններից ոչ մեկը չի հավաքում ընդունման համար անհրաժեշտ ձայներ, ապա առավելագույն ձայներ հավաքած առաջարկությունը նորից դրվում է քվեարկության։

 

ԿԵՏ 23

 

1. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։

2. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են քվեարկության մասնակիցների կեսից ավելին։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է՝

ա) եթե քվեարկության է դրվում երկու իրարամերժ առաջարկություն և երկուսն էլ հավաքում են հավասար և բավարար կողմ ձայներ,

բ) եթե առաջարկությանը կողմ ձայները հավասար են դեմ և ձեռնպահ ձայների գումարին։

 

ԿԵՏ 24

 

1. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստը վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը՝ ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում է կողմ տրված ձայների թիվը, այնուհետև նույն կարգով՝ դեմ ու ձեռնպահ ձայների թիվը։

2. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կապակցությամբ խանգարվել է հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը։

3. Քվեարկության արդյունքները սղագրվում են նիստի արձանագրությունում։

 

ԿԵՏ 25

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումներն ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որոշումն ընդունվելու հաջորդ օրը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակը

 

ԿԵՏ 26

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝

- նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,

- ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում,

- ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն,

- նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ,

- հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին,

- քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում,

- ներգրավվել հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբերում,

- ծանոթանալ ԸԸՀ-ում ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին, նամակներին և մյուս փաստաթղթերին,

- ծանոթանալ համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքների կատարման գործընթացին,

- հրապարակավ ելույթներ ունենալ՝ միջոցառումների ժամանակ, զանգվածային լրատվության միջոցներով, հայտնելով ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր անձնական կարծիքը,

- հրավիրել մասնագետներ, ներկայացուցիչներ, քաղաքացիներ և գործով անհրաժեշտ այլ անձանց, ԸԸՀ-ում հարցերի նախապատրաստմանն աջակցելու նպատակով,

- ստանալ՝ ԿԸՀ-ի և ԸԸՀ-ի աշխատակազմից մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն, ինչպես նաև իր լիազորություններն իրականացնելիս կատարված անհրաժեշտ ծախսումների փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով,

- օգնել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներին, նրանց առանձին անդամներին, ընտրությունների մասնակիցներին իրավաբանական, կազմակերպչական և մեթոդական խորհրդատվություններով։

 

ԿԵՏ 27

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է՝

1) կատարել հանձնաժողովի նախագահի կողմից՝ իր իրավասության սահմաններում, տրված հանձնարարականները,

2) մասնակցել ԸԸՀ-ի նիստերին՝ իր անվան դիմաց ստորագրել նիստերի գործավարության մատյանում,

3) հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերը ներկայացնել սույն կանոնակարգի 20 հոդվածով սահմանված կարգով,

4) ուսումնասիրել և ընթացքի տալ հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) կողմից իրեն հանձնարարված դիմում-բողոքներին, համադրել համապատասխան ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ ընթացիկ աշխատանքները,

5) իր գործունեության ընթացքում պահպանել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պարտականությունները։

 

ԿԵՏ 28

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը՝

- ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում՝ նաև զորակոչից.

- համապետական ընտրությունների ժամանակ կարող է կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ.

- իր գործունեության ընթացքում ազատվում է արտադրական կամ ծառայողական պարտականությունները կատարելուց:

 

ԿԵՏ 29

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը համապետական ընտրությունների ժամանակ վարձատրվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։

 

ԿԵՏ 30

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնում է մինչև նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորումը։

 

ԿԵՏ 31

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե ավարտվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ժամկետը։

 

ԿԵՏ 32

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են՝

1) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը՝

- կորցրել է ՀՀ քաղաքացիությունը,

- դատապարտվել է ազատազրկման,

- օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը,

2) մահացել է,

3) ԸԸՀ-ի նիստերից 3 անհարգելի բացակայության դեպքում հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ԸԸՀ-ի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում,

4) իր դիմումի համաձայն,

5) զորակոչվել է։

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցված անդամի փոխարեն նրան նշանակված մարմինը սահմանված կարգով կատարում է նոր նշանակում։

Ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ և ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում։

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը

 

ԿԵՏ 33

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքները ղեկավարող, հանձնաժողովը այլ մարմիններում, ատյաններում և իրավահարաբերություններում ներկայացնող պաշտոնատար անձն է։

 

ԿԵՏ 34

 

Հանձնաժողովի նախագահը հետևում է ՀՀ Ընտրական օրենսգրքի և սույն կանոնակարգի պահանջների պահպանմանը, հանձնաժողովի ընդունած որոշումների և իր կողմից տրված հանձնարարականների կատարմանը և ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը։

Նախագահը համակարգում է հանձնաժողովի անդամների, աշխատակազմի, տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքը և իր իրավասությունների սահմաններում նրանց տալիս աշխատանքային հանձնարարություններ։

 

ԿԵՏ 35

 

Հանձնաժողովի նախագահը՝

- սահմանում է հանձնաժողովի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.

- լուծում է հանձնաժողովի նիստերի աշխատանքի պլանավորման հարցերը.

- վարում է նիստը (սույն կանոնակարգին համապատասխան),

- ելույթների համար ձայն է տալիս ըստ հերթականության,

- զգուշացումներ անում կանոնակարգը խախտողներին, իսկ կրկնվելու դեպքում՝ զրկում խոսքից,

- ուղղում ելույթներում տեղ գտած փաստացի սխալները.

- ձայն տալիս հրավիրված անձանց և սահմանված կարգով նրանց զրկում խոսքից, խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից.

- կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը, ամփոփում և հայտարարում քվեարկության տվյալներն ու արդյունքները.

- ստորագրում և հրապարակում է հանձնաժողովի որոշումները.

- հրավիրում արտահերթ նիստ.

- կազմակերպում է ընտրությունները նախապատրաստելու և անցկացնելու համար ֆինանսական միջոցների ստացումն ու տնօրինում այդ դրամական միջոցները.

- կազմավորում է հանձնաժողովի աշխատակազմը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակազմում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում աշխատակիցներին.

- ստորագրում է հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

- լուծում է ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված հանձնաժողովի լիազորությունների իրականացումն ապահովող այլ հարցեր:

 

ԿԵՏ 36

 

Հանձնաժողովի նախագահը աշխատում է մշտական հիմունքներով՝ մինչև նոր հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Հանձնաժողովի նախագահը համապետական ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձի չափով, իսկ համապետական ընտրություններից դուրս ընկած ժամանակահատվածում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

ԿԵՏ 37

 

Հանձնաժողովի նախագահի հրաժարականի մասին դիմումը հանձնաժողովն ընդունում է ի գիտություն:

Եթե հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետում նախատեսված հիմքերով, հանձնաժողովի նախագահի տեղակալը եռօրյա ժամկետում հրավիրում է արտահերթ նիստ՝ նախագահի ընտրության համար:

 

ԿԵՏ 38

 

1. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի 2/3-ով ընդունված որոշմամբ:

2. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն՝ ՀՀ ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը

 

ԿԵՏ 39

 

Հանժձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինող պաշտոնատար անձն է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի նախագահին վերապահված լիազորությունների որոշակի մասը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալն աշխատում է մշտական հիմունքներով և վարձատրվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

ԿԵՏ 40

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալն ապահովում է ընտրությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, պաշտոնական գրությունների հետ տարվող աշխատանքը:

 

ԿԵՏ 41

 

Հանձնաժողովի քարտուղարը մշտական հիմունքներով աշխատող, հանձնաժողովի աշխատակազմի աշխատանքը ղեկավարող պաշտոնատար անձն է: Հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

ԿԵՏ 42

 

Հանձնաժողովի քարտուղարը՝

- նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը,

- կազմում և ստորագրում է նիստերի օրակարգը,

- տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին օրակարգի հարցերի մասին,

- ապահովում է նիստերի հրապարակայնությունը, հրավիրված անձանց ներկայությունը,

- անհրաժեշտության դեպքում օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ,

- վերահսկում է նիստն սպասարկող աշխատակազմի աշխատանքը,

- վերահսկում է նիստերի արձանագրությունը,

- ստորագրում է նիստերի արձանագրությունները,

- ապահովում է հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը,

- կազմակերպում և հետևում է, որ որոշումներն ուղարկվեն ըստ պատկանելության,

- հաստատում է սահմանված կարգով հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցանկը, տալիս է վկայականներ,

- ղեկավարում է հանձնաժողովի աշխատակազմի աշխատանքները,

- կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և հանձնման աշխատանքը:

 

ԿԵՏ 43

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարը պաշտոնանկ են արվում հանձնաժողովի նախագահի պաշտոնանկության համար սույն կանոնակարգով նախատեսված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատակազմը

 

ԿԵՏ 44

 

Օժանդակ աշխատանքների համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծվել աշխատակազմ՝ Ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով: Աշխատակազմի աշխատակիցների վարձատրության դրույքաչափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.08.2005, N 45-Ն 25.09.2005, N 11/7-Ն
30.04.2003, N 119-Ն 29.05.2003, N 11/7-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան