ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2001 թվականի N 105
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ «ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 11-րդ կետին համապատասխան`
Հաստատել Հայաստանի Հանրապետությանը Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով «Ներդրում» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և կազմը (կցվում են):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետությանը Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով «Ներդրում» ծրագրի կառավարման խորհրդի
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետությանը Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով «Ներդրում» ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Այն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 9-ի N 105 որոշման համաձայն:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև 2000 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված ու Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի նոյեմբերի 28-ի N ՆՀ-736 հրամանագրով վավերացված փոխըմբռնման հուշագրով (այսուհետև` հուշագիր) և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրի իրականացման բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հուշագրով և սույն կանոնադրությամբ:
II. Խորհրդի գործունեության ոլորտը ԵՎ նպատակը
4. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Լինսի հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցներով «Ներդրում» ծրագրի (այսուհետև` ծրագիր) իրականացման կառավարումն է:
5. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
6. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
բ) ԾԻԳ-ի կողմից մշակված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.
գ) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
դ) ԾԻԳ-ի գործունեության աուդիտն իրականացնող անձի ընտրությունը.
ե) ծրագրի շրջանակներում ԾԻԳ-ի կողմից` ծրագրային վարկերի և երաշխիքների տրամադրման, ինչպես նաև կատարվող ներդրումների նկատմամբ վերահսկողությունը.
զ) ծրագրի շրջանակներում ծրագրային վարկերի և երաշխիքների տրամադրման ժամանակ ԾԻԳ-ի տնօրենի կողմից ներկայացված հնարավոր վարկառուների և պրինցիպալների որոշումը.
է) ծրագրի շրջանակներում առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում կատարվող ներդրումների չափերի որոշումը.
ը) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) Լինսի հիմնադրամի մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ ծրագրի արդյունքները քննարկելը: Արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժ) ծրագրի ավարտից հետո արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
7. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հուշագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
8. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ, մեկ շաբաթվա ընթացքում քննարկվում են խորհրդի նիստերում:
9. Խորհրդի հետ համաձայնեցվում են`
ա) ԾԻԳ-ի տնօրենի նշանակումը և ազատումը.
բ) ԾԻԳ-ի կանոնադրությունը, դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները.
գ) ԾԻԳ-ի կառուցվածքը, պահպանման ծախսերը, տնօրենի վարձատրության չափը և պայմանները:
10. Համապատասխան ծրագրերի իրականացման համար Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները հատկացվում են խորհրդի սահմանած հիմնական պայմաններով:
III. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը
11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև` արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
Խորհրդի նիստերն արձանագրվում են:
12. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման նպատակով` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի կամ ԾԻԳ-ի տնօրենի առաջարկությամբ:
13. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
14. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
15. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և խորհրդի գումարվող նիստից 5 օր առաջ համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին:
16. Հարցերի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցերի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին:
17. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
18. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
19. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
20. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
21. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթների հրավերները, ներկայացված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված մրցութային առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը:
22. Խորհրդի նիստերին մասնակցելու համար անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
23. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
IV. Խորհրդի նախագահը ԵՎ անդամները
24. Խորհրդի նախագահը`
ա) ներկայացնում է խորհուրդը այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
բ) կազմակերպում և ղեկավարում է խորհրդի գործունեությունը:
25. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը` ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան խորհրդականը` համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի համապատասխան տեղակալը` ի պաշտոնե, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը` ի պաշտոնե, ԾԻԳ-ի տնօրենը` ի պաշտոնե:
26. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և նշվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
27. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:
28. Խորհրդի անդամի պարտականությունների կատարումը կարող է դադարեցվել խորհրդի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
29. Խորհրդի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
V. Խորհրդի քարտուղարը
30. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:
31. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
բ) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VI. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունների ԵՎ լրացումների կատարման կարգը
32. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունները և (կամ) լրացումները կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VII. Խորհրդի գործունեության դադարումը
33. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետությանը Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով «Ներդրում» ծրագրի կառավարման խորհրդի
Վ. Խաչատրյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) |
Կ. Ճշմարիտյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Վ. Օսկանյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարար |
Վ. Ներսիսյանց | - | ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ) |
Տ. Դավթյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ |
Վ. Մովսիսյան | - | «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն |
- | ԾԻԳ-ի տնօրեն |