ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2001 թվականի N 370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2000 թվականի հուլիսի 7-ին կնքված զարգացման վարկի համաձայնագրի (տրանսպորտի ծրագիր) պահանջները կատարելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
մայիսի 16-ի N 370 որոշմամբ
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ
ՀՀ ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման նախարարի ներկայացուցիչ
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչ
Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
մայիսի 16-ի N 370 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանապարհային երթևեկության կազմակերպման կատարելագործմանը, դրան առնչվող միջոցառումների ծրագրերի մշակմանն ու իրագործմանը նպաստելն է:
Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով`
ա) մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքների իրականացման, սարքավորումների ձեռքբերման, դասագրքերի տպագրության, հանրակրթական ու բուհերում ուսուցման և այլ հանրապետական նշանակության ծրագրերը.
բ) ուսումնասիրում է վթարայնության պատճառներն ավտոտրանսպորտում և էլեկտրատրանսպորտում, քննարկում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և այլ կազմակերպություններից ստացված հարցերը, առաջարկություններն ու հիմնախնդիրները.
գ) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է այցեր կոնկրետ իրավիճակների և օբյեկտների ուսումնասիրման համար.
դ) անհրաժեշտ տեղեկատվություն է փոխանակում միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ և նպաստում փոխհամագործակցության ձևավորմանն այդ բնագավառում.
ե) կազմակերպում է միջգերատեսչական գիտական համաժողովներ, խոհրդակցություններ և սեմինարներ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի վերաբերյալ.
զ) աջակցում է այն հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեությունը կապված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ.
է) վերահսկում է ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող միջոցառումների և ծրագրերի իրականացման համար հատկացվող ֆինանսական միջոցների բաշխումն ու իրացումը:
3. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է քարտուղար:
5. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից կարող է ստանալ տեղեկատվություն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և դրա հետ կապված հարցերի մասին, տալ եզրակացություններ ու առաջարկություններ:
6. Հանձնաժողովն իր իրավասությանը վերաբերող հարցերն ուսումնասիրելու համար կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնցում կարող են ներգրավվել մասնագետներ և փորձագետներ:
7. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են հեռանկարային և ընթացիկ ծրագրերին համապատասխան, նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:
8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում է նիստը նախագահողը և քարտուղարը:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները` դրանց անցկացման պահից մեկ շաբաթվա ընթացքում ուղարկվում են հանձնաժողովի անդամներին և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններ, գերատեսչություններ, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ:
9. Հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նիստի մասին հայտնվում է նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
10. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, իրականացնում վերահսկողություն հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ և պատասխանատու է հանձնաժողովի խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) հանձնաժողովի անդամների միջև բաշխում է պարտականությունները և տալիս հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հանձնարարականներ.
դ) որոշում է հանձնաժողովի նիստերի անցկացման ժամանակը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության մասին.
զ) ներկայացնում է հանձնաժողովը միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
է) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
11. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին և աշխատանքային խմբերի ու հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքներին.
բ) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ գլխավորում են աշխատանքային խմբերը, ծրագրավորում և կազմակերպում են դրանց աշխատանքը, հանձնաժողովին զեկուցում կատարված աշխատանքների մասին.
գ) հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:
12. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը և վարում արձանագրությունները.
բ) մշակում է հանձնաժողովի գործունեության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը.
գ) պատասխանատու է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ապահովման համար.
դ) լուծում է հանձնաժողովի աշխատանքներին վերաբերող օպերատիվ հարցերը.
ե) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները.
զ) կազմում և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն ընթացիկ աշխատանքների մասին: