ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2000 թվականի N 516
քաղ. Երևան
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնադրությունը սահմանում է անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) կազմակերպման և գործունեության կարգը:
2. Հանձնաժողովն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, որպես անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի, համագործակցությունը պետական կառավարման մյուս մարմինների հետ:
3. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
4. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից: Նրանք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալն է:
Հանձնաժողովի քարտուղարը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անվճարունակության հարցերի վարչության պետն է:
Հանձնաժողովի մեկական անդամ նշանակում են`
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը,
Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը,
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարը,
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
6. Հանձնաժողովը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
7. Հանձնաժողովն ունի ձևաթուղթ:
II. Հանձնաժողովի գործունեության առարկան, նպատակներն ու գործառույթները
8. Հանձնաժողովի գործունեության առարկան անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորումն է:
9. Որպես հիմնական գործառույթներ, հանձնաժողովը եզրակացություններ է տալիս անվճարունակության գործերով կառավարչի լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաև որոշումներ է ընդունում իր գործունեության առարկային առնչվող հարցերի վերաբերյալ:
10. Հանձնաժողովն իրավասու է նաև`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու և պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ու պաշտոնատար անձանցից ստանալու իր նպատակների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր, վիճակագրական տվյալներ և այլ փաստաթղթեր.
բ) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը
11. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իրեն վերապահված իրավասությունների սահմաններում, նիստերի, հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի), հանձնաժողովի քարտուղարի, ինչպես նաև կոնկրետ խնդիրների լուծման նպատակով իր լիազորություններին համապատասխան և իր կողմից ստեղծված աշխատանքային խմբերի միջոցով:
Հանձնաժողովի աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի հաստատած աշխատակարգին և աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան:
12. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի առնվազն երկու անդամի նախաձեռնությամբ:
Հանձնաժողովի նախագահի հրավերով խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք:
13. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:
14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովը եզրակացություն տալիս կամ որոշում է ընդունում նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովի եզրակացություններն ու որոշումներն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:
15. Հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում` նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի եզրակացության կամ որոշման մեջ, որից հետո նա իրավունք ունի եզրակացությանը կամ որոշմանը կցելու համար մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարին ներկայացնելու իր կարծիքը հիմնավորող փաստաթղթեր:
16. Անվճարունակության գործերով կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացությունը տրվում է հանձնաժողովի անդամների թվի առնվազն երկու երրորդի` այդ եզրակացությանը կողմ քվեարկելու դեպքում:
17. Հանձնաժողովն ապահովում է իր աշխատանքների հրապարակայնությունը:
18. Հանձնաժողովի նախագահը`
ա) պատասխանատու է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության համար.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, նշանակում հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.
գ) վարում է հանձնաժողովի նիստերը.
դ) ապահովում է հանձնաժողովի աշխատանքի լուսաբանումն ու հրապարակայնությունը.
ե) վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Հանձնաժողովի նախագահի տեղակալը կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, ինչպես նաև նրա բացակայության ժամանակ փոխարինում է նրան:
20. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները.
բ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև եզրակացությունների ու որոշումների նախագծերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին.
գ) հրավիրում է հանձնաժողովի նիստի մասնակիցներին, միջոցներ ձեռնարկում նրանց ներկայությունն ապահովելու համար.
դ) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում լուծում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերը, վարում հանձնաժողովի գործավարությունը.
ե) համակարգում է հանձնաժողովի ստեղծած աշխատանքային խմբերի աշխատանքը.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
21. Հանձնաժողովի անդամները, այդ թվում` հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարն իրավունք ունեն`
ա) հանձնաժողովի նիստից առնվազն 4 օր առաջ կարծիք հայտնելու դրա օրակարգի վերաբերյալ և համապատասխան հիմնավորմամբ առաջադրելու հարցեր` այդ օրակարգում ընդգրկելու համար.
բ) ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
գ) պահանջելու, որպեսզի իր առարկությունը կամ վերապահումն արտացոլվի տրված եզրակացության կամ ընդունված որոշման մեջ, և ներկայացնելու իր կարծիքը հիմնավորող փաստաթղթեր:
22. Հանձնաժողովի անդամները, այդ թվում` հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը պարտավոր են`
ա) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.
բ) կատարել հանձնաժողովի և հանձնաժողովի նախագահի կողմից իրենց տրված հանձնարարականները.
գ) ապահովել իրենց գործունեության ընթացքում իրենց հայտնի դարձած առևտրային գաղտնիքի պահպանությունը:
Հանձնաժողովի անդամներն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ:
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի
ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարության անվճարունակության հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)