ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1998 թվականի N 556
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 468 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կանոնադրության IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. Դատավորների պաշտոնեական պիտանիության ԵՎ ծառայողական առաջխաղացման ցուցակների նախապատրաստումը
17. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների (այսուհետև` ցուցակներ) կազմման և դատավորների նշանակման գործընթացին աջակցելու նպատակով նախարարն իրականացնում է ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց (այսուհետև` հավակնորդներ) նախնական հաշվառման աշխատանքներ:
18. Հավակնորդների մասնագիտական կարողությունների վերաբերյալ նախարարին եզրակացություն ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում և գործում է իրավաբանական որակավորող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով): Հանձնաժողովի աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել արդարադատության խորհրդի անդամները:
19. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ եզրակացություն»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |