ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1998 թվականի N 462
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԵՎ 50 ՏՈԿՈՍ ՈՒ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՄՆԱՑՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Պետական բաժնետիրական և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման գործընթացի կարգավորման նպատակով`
1. Պետական բաժնետիրական և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերություններում (բացառությամբ բանկերի) բաժնետիրոջ իրավասություններն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմիններին`
ա) համապատասխան ընկերությունների ֆինանսական տարվա ավարտից հետո բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովների գումարումից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ նախապատրաստել նախորդ տարվա արդյունքներով ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման, տարեկան և միջանկյալ շահաբաժինների վճարման ու չափի վերաբերյալ առաջարկություններ և դրանք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
բ) հանձնարարել ընկերություններում պետական բաժնեմասերի լիազորված ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետերերի ընդհանուր ժողովի (խորհրդի) քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված առաջարկությունները ու ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված տարբերակի իրականացնել քվեարկությունը.
գ) բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկանք նախորդ տարվա արդյունքներով համապատասխան ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման ուղղությունների վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել պետական բաժնետիրական և պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից վճարվող շահաբաժինների (նաև նախկինում հաշվարկված և չվճարված) պետական մասնաբաժինը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու կարգը:
3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:
4. Սույն որոշման պահանջները տարածվում են պետական բաժնետիրական և պետական մասնակցությամբ ընկերությունների 1997 թվականի և հետագա տարեկան ֆինանսական հաշվետվություններում արտացոլված ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |