ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 1999 թվականի N 564
քաղ. Երևան
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ եռամսյա ժամկետում ճշգրտել «Սևան» ազգային պարկի տարածքում հողօգտագործողների հաշվառման և օբյեկտների գույքագրման 1996-1997 թվականների տվյալները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`
ա) «Սևան» ազգային պարկի տարածքում հողօգտագործողների հաշվառման և գույքագրման արդյունքների հիման վրա մինչև 1999 թվականի դեկտեմբերի 30-ը ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ` «Սևան» ազգային պարկի տարածքում հողօգտագործման հարցերը կարգավորելու համար, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով համապատասխան առաջարկություններ.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ ճշգրտել «Սևան» ազգային պարկի, դրա գործառնական գոտիների սահմանները, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի «Սևան» ազգային զբոսայգի ստեղծելու մասին» N 125 որոշմամբ սահմանված` նշված պարկի արգելոցային և արգելավայրային գոտիների առկա վիճակին, և քառամսյա ժամկետում սահմանված կարգով` դրանց հնարավոր փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ.
գ) մշակել և իրականացնել միջոցառումներ «Սևան» ազգային պարկի տարածքում բնապահպանական ռեժիմը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նշված պարկի կանոնադրության պահանջներին համապատասխանեցնելու, ընդերքը, հողը, ջուրը, մթնոլորտային օդը և կենսառեսուրսներն աղտոտումից, սպառումից ու ոչնչացումից պաշտպանելու և խնայողաբար օգտագործելու նպատակով:
Եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված միջոցառումների ժամանակացույցը.
դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` սույն որոշման 1-ին կետով և 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |