ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 1998 թվականի N 616
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 468 և սեպտեմբերի 18-ի N 556 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կանոնադրության IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
17. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ առաջարկի ձևավորման նպատակով նախարարության կենտրոնական ապարատում իրականացվում են ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած այն անձանց (այսուհետև` հավակնորդներ) նախնական հաշվառման աշխատանքներ, ովքեր բավարարում են «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու համար սահմանված պահանջները:
18. Հավակնորդները նախարարի սահմանած ժամկետում նախարարություն են ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, որոնց ցանկը հաստատում է նախարարը: Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի մասին հաղորդագրությունը նախապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
Նշված փաստաթղթերից կազմված գործերը նախարարի մակագրությամբ վերցվում են հաշվառման և պահվում նախարարությունում:
19. Սահմանված փաստաթղթերը հանձնած բոլոր հավակնորդներին տրամադրվում են քննական վկայականներ` հավակնորդների մասնագիտական կարողությունների ստուգմանը (այսուհետև` թեստավորում) մասնակցելու նպատակով:
20. Թեստավորումը կազմակերպելու նպատակով նախարարն ստեղծում է 5 անդամից կազմված հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):
Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող լինել հանձնաժողովի անդամ:
21. Հանձնաժողովը`
ա) կազմակերպում է ընդհանուր և հատուկ ծրագրերով թեստավորման աշխատանքները.
բ) հաստատում է ընդհանուր ծրագրով թեստավորման համար կիրառելի հարցերը և հրապարակում դրանք.
գ) որոշում է թեստավորման վայրը, ժամանակը, տևողությունը և դրա մասին հրապարակում տեղեկատվություն.
դ) հաստատում ու հրապարակում է թեստավորման կանոնները.
ե) հաստատում է թեստավորման պահանջները բավարարելու պայմանները.
զ) որոշում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը, բողոքարկման և ստուգող հանձնաժողովների գործունեության կարգը.
է) բազմացնում է թեստավորման առաջադրանքները.
ը) քննում է հավակնորդների բողոքները` կապված թեստավորման կազմակերպման հետ.
թ) ընդունում է թեստավորման կազմակերպման հետ կապված որոշումներ:
Հանձնաժողովն իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
22. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է:
Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում հանձնաժողովի նիստերը.
բ) կազմակերպում է ընդհանուր ծրագրով թեստավորման առաջադրանքների խնդիրների և հատուկ ծրագրով թեստավորման առաջադրանքների մշակման աշխատանքները.
գ) կազմավորում է բողոքարկման և ստուգող հանձնաժողովները.
դ) իրականացնում է հսկողություն թեստավորման ընթացքի նկատմամբ:
Հանձնաժողովի նախագահը նաև իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
23. Ընդհանուր և հատուկ ծրագրերով թեստավորումներն անցկացվում են տարեկան մեկ անգամ:
Ընդհանուր ծրագրով թեստավորումն անցկացվում է հոկտեմբեր ամսին, իսկ հատուկ ծրագրով թեստավորումը` նոյեմբերին:
24. Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացրած կամ սահմանված ժամկետում թեստավորմանը չներկայացած հավակնորդները զրկվում են տվյալ թեստավորմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն դիմելու և մասնակցելու հաջորդ թեստավորմանը:
25. Ընդհանուր ծրագրով թեստավորման առաջադրանքների հարցերը նախապատրաստում են իրավագիտության բնագավառում ճանաչված մասնագետները, որոնք իրենց մշակած հարցերը ներկայացնում են հանձնաժողովին: Հարցերի հետ միասին պետք է ներկայացվեն ճիշտ պատասխանները: Հանձնաժողովն ընդհանուր ծրագրով թեստավորման հարցերի շտեմարանը ձևավորում է նշված հարցերից:
Ընդհանուր ծրագրով թեստավորման առաջադրանքների խնդիրները և հատուկ ծրագրով թեստավորման առաջադրանքները պատվիրում է հանձնաժողովի նախագահը, որը և պարտավոր է ապահովել ինչպես թեստավորման առաջադրանքների պատվիրման ու նախապատրաստման աշխատանքների, այնպես էլ դրանց գաղտնիությունը:
26. Ընդհանուր ծրագրով թեստավորման պահանջները մշակվում են` նկատի ունենալով հավակնորդների մասնագիտական կարողություններն իրավունքի հետևյալ բնագավառներում`
ա) քաղաքացիական իրավունք.
բ) քրեական իրավունք.
գ) քաղաքացիական դատավարության իրավունք.
դ) քրեական դատավարության իրավունք.
ե) սահմանադրական իրավունք:
Հատուկ ծրագրով թեստավորման պահանջները մշակվում են` նկատի ունենալով հավակնորդների խորացված մասնագիտական կարողությունները հետևյալ բնագավառներից որևէ մեկում`
ա) քրեական և քրեական դատավարություն.
բ) քաղաքացիական և քաղաքացիական դատավարություն.
գ) տնտեսական վեճերի լուծում:
Հավակնորդը կարող է մասնակցել հատուկ ծրագրով թեստավորմանը` մեկից ավելի բնագավառներում:
27. Ընդհանուր ծրագրով թեստավորման առաջադրանքը բաղկացած է խնդիրներից և հարցերից` հանձնաժողովի որոշած թվով:
Յուրաքանչյուր խնդիր պարունակում է որոշակի իրավիճակի փաստագրական նկարագրությունը, հարցադրում և հնարավոր 4 պատասխան, որոնցից ճշգրիտ պատասխանը մեկն է: Խնդրի հարցադրումը պետք է ունենա միանշանակ պատասխան:
Յուրաքանչյուր հարց պարունակում է որոշակի հարցադրում և հնարավոր 3 կամ 4 պատասխան, որոնցից ճշգրիտ պատասխանը մեկն է: Հարցադրումը պետք է ունենա միանշանակ պատասխան:
Ընդհանուր ծրագրով թեստավորման առաջադրանքի հարցերն ընտրվում են հարցերի շտեմարանից` համակարգչային եղանակով:
Ընդհանուր ծրագրով թեստավորման ընթացքում հավակնորդներին արգելվում է օգտվել որևէ օրենսդրական կամ այլ նյութից:
28. Հատուկ ծրագրով թեստավորման առաջադրանքները կոնկրետ գործի նյութեր են և այդ նյութերի հիման վրա օրենքի պահանջները բավարարող կոնկրետ դատավարական փաստաթուղթ կազմելու պահանջ:
Հատուկ ծրագրով թեստավորման ընթացքում հավակնորդներն իրավունք ունեն անարգել օգտվելու օրենսդրական նյութերից:
29. Ընդհանուր ծրագրով թեստավորման ժամանակ գնահատումն իրականացվում է համակարգչի կամ այդ նպատակով հատուկ նախատեսված (ծրագրավորված, մշակված) տեխնիկական միջոցների կիրառմամբ` հանձնաժողովի նախագահի և անդամների հսկողությամբ: Ընդհանուր ծրագրով թեստավորման արդյունքները հայտարարվում են ստուգման ավարտից հետո անմիջապես:
Ընդհանուր ծրագրով թեստավորման առաջադրանքների յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխան են համարվում ոչ միայն ոչ ճշգրիտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխանների նշումը, ինչպես նաև որևէ պատասխան չնշելը:
30. Հատուկ ծրագրով թեստավորման առաջադրանքների գնահատումն իրականացվում է 20 միավորանոց համակարգով: Ստուգումն ու գնահատումն իրականացնում են ստուգող հանձնաժողովները, որոնցում ընդգրկվում են համապատասխան բնագավառի ճանաչված մասնագետներ:
31. Ընդհանուր ծրագրով թեստավորման արդյունքները բողոքարկվում են բողոքարկման հանձնաժողովին:
Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ խնդրի (հարցի) հարցադրման կամ դրա ենթադրյալ ճշգրիտ պատասխանի ճշտության վիճարկումն է:
Եթե բողոքարկման հանձնաժողովը որոշում է բավարարել հավակնորդի բողոքը և սխալ է համարում որևէ խնդրի (հարցի) ենթադրյալ ճշգրիտ պատասխանը, ճշգրիտ համարելով մեկ այլ պատասխան, ապա այդ որոշման հիման վրա տվյալ պատասխանը նշած հավակնորդների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
Եթե բողոքարկման հանձնաժողովը որոշում է բավարարել հավակնորդի բողոքը և սխալ է համարում որևէ խնդրի (հարցի) հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ խնդրին (հարցին) սխալ պատասխանած բոլոր հավակնորդների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
Բողոքարկման հանձնաժողովի որոշումները վերջնական են:
Հատուկ ծրագրով թեստավորման արդյունքները բողոքարկման ենթակա չեն:
32. Բողոքարկման հանձնաժողովը կազմվում է իրավագիտության բնագավառում ճանաչված մասնագետներից: Բողոքարկման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել արդարադատության խորհրդի անդամները:
33. Թեստավորման աշխատանքների ժամանակ ներկա գտնվելու իրավունք ունեն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ` նախապես համաձայնեցնելով հանձնաժողովի հետ, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հրավիրված դիտորդներ:
Թեստավորման աշխատանքների ժամանակ ներկա գտնվելու իրավունք ունեն արդարադատության խորհրդի անդամները:
34. Դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակների վերաբերյալ առաջարկը կազմվում է ընդհանուր ծրագրով թեստավորման պահանջները բավարարած հավակնորդներից:
Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ առաջարկը կազմվում է հատուկ ծրագրով թեստավորման պահանջները բավարարած հավակնորդներից:
Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ առաջարկի կազմման նպատակով նախարարը կարող է թեստավորման պահանջները բավարարած հավակնորդներին հրավիրել հարցազրույցի:
35. Ընդհանուր ծրագրով թեստավորումը 1998 թվականին անցկացվում է հանձնաժողովի որոշած ժամկետներում:
Հատուկ ծրագրով թեստավորում 1998 թվականին չի անցկացվում, իսկ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմվում են ընդհանուր ծրագրով թեստավորման արդյունքների հիման վրա:
36. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավաբանի մասնագիտական աշխատանքի ստաժի հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |