ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 1996 թվականի N 22
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը ԵՎ կառուցվածքը հաստատելու մասին
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են):
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կոլեգիայի թվաքանակը` 11 անդամ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության (ԱԻՊՎ) կանոնադրությունը հաստատելու մասին» N 380 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությունը (այսուհետև` վարչություն, ԱԻՎ) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեության կոորդինացումը բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպումը, անմիջական ղեկավարումը և վերահսկողությունը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Վարչությունը պատասխանատվություն է կրում արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ոլորտում տիրող վիճակի ու դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության ապահովման համար:
2. Սույն կանոնադրությունում «արտակարգ իրավիճակ» հասկացության տակ նկատի է առնվում այն իրավիճակը, որն ստեղծվում է որոշակի օբյեկտներում կամ տարածքներում խոշոր վթարների, տեխնոլոգիական, բնական կամ այլ աղետների, հնարավոր հակառակորդի կողմից հարվածի ժամանակակից միջոցների կիրառման հետևանքով և հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցված զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության պայմանների խախտման:
«Արտակարգ իրավիճակների վերացում» հասկացության տակ նկատի է առնվում վթարային-փրկարարական, վթարային-վերականգնողական և այլ անհետաձգելի միջոցառումների իրականացումը` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգների վերացմանը և բնակչության կենսաապահովման վերականգնմանը: Արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածքների և օբյեկտների վերականգնումը չի մտնում նշված հասկացության մեջ:
3. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. Վարչության հիմնական խնդիրները, գործառույթները և իրավունքները
4. Վարչության հիմնական խնդիրներն են`
ա) արտակարգ իրավիճակներում երկրի պատրաստվածության բարձրացմանը, բնակչության պաշտպանությանը, արտակարգ իրավիճակների կանխմանը և վերացմանն ուղղված պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
բ) արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության ու կենսագործունեության ապահովման, նյութական արժեքների և ռեսուրսների պահպանման կազմակերպումը.
գ) քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպումը, անմիջական ղեկավարումը և վերահսկողությունը.
դ) արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման, իր իրավասության սահմաններում` ընդերքի արդյունավետ օգտագործման հարցերով պետական հսկողության, տարերային աղետների կանխագուշակման և դինամիկայի դիտարկման, սեյսմիկ պաշտպանության համակարգերի գործունեության ղեկավարումը.
ե) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների կանխման և վերացման միասնական համակարգի (այսուհետև` ՀՀ արտակարգ իրավիճակների միասնական համակարգ, ԱԻՄՀ) ստեղծումը և նրա գործունեության կառավարումը.
զ) արտակարգ իրավիճակների և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքների կանխագուշակմանը, կանխմանը և վերացմանը, բնակչության պաշտպանությանը, երկրի պատրաստվածության բարձրացմանն ուղղված հանրապետական ծրագրերի մշակման և իրագործման կազմակերպումը.
է) արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման այլ հանրապետական և տարածքային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության կոորդինացումը, ղեկավարումը և վերահսկողությունը.
ը) արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական, ինչպես նաև տեղեկացման աշխատանքների կազմակերպումն ու իրագործումը.
թ) արտակարգ իրավիճակներին դիմակայելու, այդ իրավիճակներում գործելու, ճգնաժամային կառավարման հմտություններ ձեռք բերելու համար կառավարման մարմինների, քաղաքացիական պաշտպանության ղեկավարների, մասնագետների, ինչպես նաև բնակչության պատրաստման և ուսուցման կազմակերպումն ու իրագործումը.
ժ) արտակարգ իրավիճակներում փրկարարական և վթարային-վերականգնողական աշխատանքների, բնակչության կենսաապահովման և նրա տարահանման միջոցառումների ղեկավարման, ինչպես նաև համապատասխան ուժերի ու միջոցների ստեղծման և ղեկավարման ապահովումը.
ի) արտակարգ իրավիճակների հիմնահարցերին վերաբերող օրենքների, այլ օրենսդրական ակտերի և նորմատիվային փաստաթղթերի նախագծերի մշակումը.
լ) բնակչության պաշտպանությանը, արտակարգ իրավիճակների կանխմանը և վերացմանն ուղղված միջոցառումների կատարման պետական վերահսկողության իրականացումը.
խ) Հայկական ատոմային էլեկտրակայանում ընդհանուր ճառագայթային հավանական վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը.
ծ) արտակարգ իրավիճակների կանխման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության կազմակերպումը:
5. Ամենօրյա գործունեության ընթացքում վարչությունը`
ա) կազմակերպում և կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման պլանների մշակումը.
բ) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում և կոորդինացնում է հնարավոր արտակարգ իրավիճակների ու դրանց հետևանքների կանխագուշակման, այդ իրավիճակների մոդելավորման, արտակարգ իրավիճակների ռիսկի և սպասվելիք վնասի գնահատման աշխատանքները.
գ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների միասնական համակարգի գործունեության, միջազգային համապատասխան համակարգերի մեջ նրա ինտեգրացման ընդհանուր ղեկավարումը.
դ) մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պլանի նախագիծը.
ե) կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեությունը, իրականացնում քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի ու նրա կառուցվածքային ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը, ապահովում դրանց մոբիլիզացիոն պատրաստականությունը և քաղպաշտպանության նյութատեխնիկական բազայի զարգացումը.
զ) կոորդինացնում է արտակարգ իրավիճակներում քաղպաշտպանության համակարգի ուժերի և ծառայությունների, ներքին գործերի նախարարության ու պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, կամավոր փրկարարական կազմավորումների միջև փոխգործողության պլանների մշակումը և դրանցով նախատեսված գործողությունների իրականացումը.
Է) մշակում է արտակարգ իրավիճակների և դրանց սպառնալիքների դեպքում, պատերազմի ժամանակ հանրապետության պետական կառավարման քաղաքացիական մարմինների պատրաստության բերելու կարգն ու սահմանված աստիճանները (ռեժիմները).
ը) կազմակերպում է մշտական պատրաստության մեջ գտնվող վթարային և փրկարար ուժերի ստեղծումն ու դրանց օգտագործումն արտակարգ իրավիճակների պայմաններում, իրականացնում պետական փրկարար ծառայությունների ղեկավարումը.
թ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարության, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ազդարարման համակարգի ստեղծումը, բնակչությանն ազդարարումը և տեղեկատվությամբ ապահովումը, վերահսկում ազդարարման տարածքային և տեղայնացված (լոկալ) համակարգերի աշխատանքը.
ժ) մասնակցում է հանրապետության տնտեսությունում հավանական վթարների և աղետների կանխմանը, դրանց վտանգի նվազեցմանն ու հետևանքների մեղմացմանը նպաստող պայմանների ստեղծմանը` ուղղված համապատասխան տնտեսական, իրավական, կազմակերպական, սոցիալական և գիտամեթոդական բնույթի միջոցառումների մշակմանը.
ի) բնակչության պաշտպանության հիմնահարցերով կազմակերպում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ.
լ) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ որոշում է արտակարգ իրավիճակների կանխման և վերացման, բնակչության պաշտպանության բնագավառների աշխատանքների գերադասելի ուղղությունները, այդ հարցերով կազմակերպում է հանրապետական ու կոորդինացնում տարածաշրջանային նպատակային ծրագրերի մշակումը, իրականացնում դրանց ներդրման կոորդինացումը, ստանձնում համապատասխան հանրապետական ծրագրերի պետական պատվիրատուի պարտականությունները.
խ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է արտակարգ իրավիճակներում հանրապետության տնտեսության գործունեության կայունության և ինքնաբավության մակարդակի բարձրացման հայեցակարգի և ծրագրերի մշակմանը.
ծ) մասնակցում է արտակարգ իրավիճակների համար նախատեսվող ռեզերվների պլանավորման, ստեղծման և օգտագործման ուղղությունների մշակմանը.
կ) միջոցներ է ձեռնարկում սահմանված կարգով վարչության և նրա համակարգի կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ԱԻՀՄ-ի փրկարարական, վթարային և այլ կազմավորումների անձնակազմերի իրավական ու սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու համար.
հ) մասնակցում է արտակարգ իրավիճակներում առաջացող նյութական վնասի որոշման մեթոդիկաների, ապահովագրության և հատուցման մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև ապահովագրության ու վնասների հատուցման գործընթացին.
ձ) մշակում, հաստատում կամ համաձայնեցնում է արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության, պաշտոնատար անձանց, մասնագետների և ԱԻՀՄ-ի կազմավորումների անձնակազմի ուսուցման ու նախապատրաստման ծրագրերը, կազմակերպում և իրականացնում փրկարարական կազմավորումների անձնակազմի ուսուցումը, որակավորման բարձրացումն ու ատեստավորումը.
ղ) իր ոլորտի հարցերով մշտական կապ է իրականացնում հասարակայնության և զանգվածային տեղեկատվության մարմինների հետ.
ճ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ անդամ պետությունների, եվրոպական և այլ միջազգային համապատասխան կառույցներում` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, երկրի պատրաստվածության բարձրացման, ճգնաժամային պլանավորման և կառավարման հարցերով, կազմակերպում է նշված հարցերի վերաբերյալ միջազգային ծրագրերի, համաձայնագրերի, պայմանագրերի նախագծերի մշակումն ու դրանց իրականացումը:
6. Արտակարգ իրավիճակների անմիջական սպառնալիքի դեպքում, դրանց առաջացման և վերացման ընթացքում վարչությունը`
ա) կազմակերպում է արտակարգ իրավիճակների միասնական համակարգի ծավալումն ու գործունեությունը.
բ) կազմակերպում է կառավարման համապատասխան մարմինների և բնակչությանն ազդարարումն ու տեղեկատվությամբ ապահովումն արտակարգ իրավիճակների փաստի, բնույթի և ծավալների, դրանց վերացման ընթացքի ու պաշտպանության միջոցների մասին.
գ) հանրապետական և տարածաշրջանային բնույթի արտակարգ իրավիճակների դեպքում ապահովում է վթարային-փրկարարական, վթարային-վերականգնողական աշխատանքների կենտրոնացված ղեկավարումը, այդ աշխատանքների հիմնահարցերի գծով կազմում և վարում է տվյալների բանկ.
դ) կենտրոնական կառավարման մարմինների և աղետի գոտում ղեկավարում (կառավարում) իրականացնող մարմնի հետ համատեղ կազմակերպում է կառավարման կետ, սահմանում արտակարգ իրավիճակների վերացմանն ուղղված կարևորագույն միջոցառումները, որոշում անհրաժեշտ ուժերն ու միջոցները և կոորդինացնում նշված միջոցառումների իրականացումը.
ե) մասնակցում է տուժած բնակչությանն անհրաժեշտ սոցիալական օգնություն ցույց տալու, նրա կենսաապահովմանն ուղղված աշխատանքների իրագործմանը, անհրաժեշտության դեպքում կոորդինացնում աղետի գոտուց բնակչության տարահանման աշխատանքները.
զ) կազմակերպում և կոորդինացնում է արտակարգ իրավիճակների համար նախատեսված ֆինանսական և նյութատեխնիկական ռեզերվների ու պաշարների արդյունավետ օգտագործումը, վերահսկում կազմակերպություններից և քաղաքացիներից (այդ թվում` արտասահմանից) օգնության կարգով աղետի գոտի ուղղվող նյութական ու ֆինանսական միջոցների հաշվառման և բաշխման աշխատանքների օպերատիվ կազմակերպումն ու իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նույն հարցերով գործելու են հատուկ ստեղծված կառավարական հանձնաժողովներ.
է) կազմակերպում և կոորդինացնում է վթարների և աղետների պատճառները պարզաբանող հանձնաժողովների աշխատանքները կամ մասնակցում դրանց.
ը) խոշոր վթարների և աղետների հետևանքով առաջացող արտակարգ իրավիճակների կանխման ու վերացման ընթացքում կազմակերպում և կոորդինացնում է միջազգային համապատասխան ուժերի ու միջոցների օգտագործման գործընթացը:
7. Վարչությանն իրավունք է վերապահվում`
ա) բնակչության պաշտպանությանը, արտակարգ իրավիճակների կանխմանը և վերացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման ու կոորդինացման նպատակով վարչության իրավասության սահմաններում ընդունելու արտակարգ իրավիճակներում և դրանց առաջացման անմիջական սպառնալիքի դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կատարման համար պարտադիր օպերատիվ որոշումներ, հաստատելու, պատրաստելու և հրապարակելու սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման ու վերացման հարցերով հրահանգներ և այլ նորմատիվային ու մեթոդական փաստաթղթեր.
բ) արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առաջացման անմիջական սպառնալիքի դեպքում դրանց կանխման և վերացման հարցերով իր կոլեգիայի նիստերում լսելու նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու աշխատողներին.
գ) բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման հարցերով Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից, գերատեսչություններից, կազմակերպություններից, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու անհրաժեշտ տեղեկություններ.
դ) արտակարգ իրավիճակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու հանրապետության նյութական և այլ ռեսուրսներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ու կազմավորումները, տեղական ուժերը և միջոցները, ինչպես նաև Հայաստանի հանրապետության ներքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության փոխգործողությունների պլաններով նախատեսված ուժերն ու միջոցները.
ե) սպառնալիքի դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրագործելու վտանգավոր գոտուց բնակչության տարահանումը.
զ) փրկարարական և անհետաձգելի վթարային աշխատանքների կազմակերպման ու անցկացման ժամանակ առաջնահերթ կարգով օգտագործելու կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերը.
է) քննարկելու քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխման ու վերացման հարցերով ուսումնական հաստատությունների ծրագրերը.
ը) ունենալու սահմանված կարգով հաստատված տարբերիչ նշաններով, ազդանշաններով և կապի միջոցներով սարքավորված հատուկ տրանսպորտային միջոցներ.
թ) սահմանված կարգով մասնակցելու վարչության իրավասության մեջ մտնող հարցերով (այդ թվում` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում փոխադարձ լրատվության և փոխադարձ օգնության) միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը:
8. Վարչության հայտերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սահմանված կարգով ապահովում է նրա ստորաբաժանումների համալրումը համապատասխան կադրերով:
III. Վարչության աշխատանքի կազմակերպումը
9. Վարչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության տակ գտնվող պետական կառավարման մարմինների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
10. Վարչությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը: Վարչությունը միջճյուղային հարցերի մշակման ու լուծման նպատակով մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն:
11. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
12. Վարչությունը`
ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ) մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ) ոլորտում ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
դ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերով միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ե) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից ընդունված հրամանները, որոշումներն ու հրահանգները:
13. Վարչությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է միանձնյա ղեկավարման և կոլեգիալության զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
14. Վարչությունը գլխավորում է վարչության պետ-նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
Վարչության պետ-նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետ-նախարարի հետ:
15. Վարչության պետ-նախարարը`
ա) ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ.
բ) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
գ) սահմանում է վարչության պետ-նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և վարչության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` վարչության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.
դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության համակարգի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
ե) կատարում է վարչության պետ-նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
զ) հավանություն է տալիս իր ենթակա պետական կառավարման այլ հանրապետական մարմինների կանոնադրությունների նախագծերին.
է) հաստատում է վարչության կազմի մեջ մտնող վարչության ստորաբաժանումների (վարչությունների, բաժինների), վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
ը) առաջարկում է վարչության կոլեգիայի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.
թ) կազմակերպում և ղեկավարում է վարչության կոլեգիայի նիստերը.
ժ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում վարչության համակարգի մեջ մտնող ձեռնարկությունների, բացառությամբ հատուկ նշանակության հիմնարկների և կազմակերպությունների, ղեկավարների հետ.
ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչության համակարգի սպայական կազմին շնորհում է զինվորական կոչումներ.
լ) քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի պետի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի պետի տեղակալներին և բաժինների պետերին, տարածաշրջանային շտաբների և Երևանի քաղաքային շտաբի պետերին, քաղաքացիական պաշտպանության ուսումնական կենտրոնի պետին, նրա տեղակալին ու սպայական պաշտոններ զբաղեցնող այլ անձնակազմի.
խ) նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից ԱԻՎ-ի կադրերի վերապատրաստման ինստիտուտի տնօրենին և նրա ներկայացմամբ` տեղակալներին:
16. Վարչության պետ-նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ վարչության պետ-նախարարի պարտականությունները կատարում է պետ-նախարարի առաջին տեղակալը:
17. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են վարչության պետ-նախարարը (նախագահ), պետ-նախարարի տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:
18. Վարչության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի, պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում վարչության ստորաբաժանումների (վարչությունների և բաժինների), վարչության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են վարչության պետ-նախարարի հրամաններով: Վարչության պետ-նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում վարչության պետ-նախարարն իրագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ վարչապետին:
19. Վարչությունն իր ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումն ու տարածումը, զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հետ:
20. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար վարչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների (այդ թվում` օտարերկրյա) ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է վարչության պետ-նախարարը:
21. Վարչությունը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:
22. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ ստեղծում, վերակազմում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:
23. Վարչությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:
24. Վարչությունը համաձայնություն է տալիս համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:
25. Վարչությունը թույլտվություն է տալիս իր համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:
26. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է իր համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
27. Վարչությունն իրականացնում է համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի, և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
28. Վարչության ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:
29. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի ձեռնարկությունների հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.08.1997, N 389 | 16.09.1997, N 22 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|