«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2005 թվականի N 154-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված հարաբերությունները:
2. Հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակահատվածում պահպանվում է հարկադիր կատարողի վարձատրությունը, իսկ բնակության վայրից դուրս (Հայաստանի Հանրապետության այլ մարզերում կամ օտարերկրյա պետություններում) վերապատրաստման դեպքում սահմանված կարգով տրվում է նաև փոխհատուցում:
II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
4. Հարկադիր կատարողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար հարկադիր կատարողներն անցնում են վերապատրաստում և հատուկ ուսուցում:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման խմբերի կազմը և ուսումնական ծրագրերը:
5. Հարկադիր կատարողի վերապատրաստումն անցկացվում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կամ օտարերկրյա պետությունների համապատասխան կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի համաձայն:
6. Հարկադիր կատարողի հատուկ ուսուցումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համատեղ հրամանի համաձայն:
III. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
7. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի վերապատրաստման ժամանակ համապատասխան կազմակերպությունում կամ հաստատությունում վարվում են վերապատրաստվող խմբերի մատյաններ, որոնցում նշվում է վերապատրաստվողի ներկա կամ բացակա լինելը: Վերապատրաստման դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք, որի արդյունքում հարկադիր կատարողն ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:
8. Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների ավելի քան մեկ երրորդից հարկադիր կատարողի անհարգելի բացակայության դեպքում վերապատրաստման արդյունքը գնահատվում է բացասական՝ առանց ստուգարք անցկացնելու:
Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներից հարկադիր կատարողի հարգելի բացակայության դեպքում հարկադիր կատարողին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու ծրագրի՝ նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացներից որևէ մեկին, որի ավարտից հետո անցկացվում է ստուգարք:
Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում հարկադիր կատարողը ենթակա է պարտադիր վերապատրաստման իր միջոցների հաշվին:
9. Վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունքում դրական գնահատական ստացած հարկադիր կատարողին տրվում է վերապատրաստումը և հատուկ ուսուցումը հաստատող փաստաթուղթ, որի պատճենը հարկադիր կատարողը տրամադրում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ատեստավորման հանձնաժողովին կամ կադրերի բաժնին` հարկադիր կատարողի անձնական գործին կցելու համար:
Վերապատրաստումը և հատուկ ուսուցումը հաստատող փաստաթղթի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
10. Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների արդյունքում անբավարար գնահատական ստացած հարկադիր կատարողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը վերանայվում է ատեստավորման կարգով:
11. Վերապատրաստման և հատուկ ուսուցման կազմակերպման մեթոդական ղեկավարումն իրականացվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժնի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |