«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2004 թվականի N 1935-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ (ԿՑՈՐԴՆԵՐԻ) ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի
4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին» N 457 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 17 |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ (ԿՑՈՐԴՆԵՐԻ) ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչները (կցորդները) և առևտրական ներկայացուցչությունները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից՝ վերջինիս ընդհանուր քաղաքական ղեկավարությամբ:
2. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) և առևտրական ներկայացուցչություններն աջակցում են Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը դեսպանընկալ պետության հետ:
3. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) և առևտրական ներկայացուցչություններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են միջազգային իրավունքի նորմերով, այդ պետության հետ Հայաստանի Հանրապետության կնքած համապատասխան միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության օրենսդրություններով և սույն կանոնադրությամբ:
4. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) և առևտրական ներկայացուցչությունները կարող են գործունեություն ծավալել միաժամանակ մի քանի օտարերկրյա պետությունում:
5. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով դիվանագիտական անձնագրեր ստանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող առևտրական ներկայացուցիչները և սույն կարգի 23-րդ կետում նշված աշխատողները:
II. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ (ԿՑՈՐԴՆԵՐԻ) ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների խնդիրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև բազմակողմանի և փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն աջակցելը.
բ) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև արտաքին առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանը նպաստելը.
գ) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև բազմակողմանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստելը.
դ) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության տնտեսավարող սուբյեկտների միջև գործարար կապերի հաստատմանն աջակցելն ու նրանց միջև համագործակցության իրականացման հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելը:
III. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ (ԿՑՈՐԴՆԵՐԻ) ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների գործառույթներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված արտերկրյա աշխատանքների իրականացմանն ու դեսպանընկալ պետության պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանն աջակցելը.
բ) դեսպանընկալ պետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին տեղեկատվություն հավաքելը և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանն ու այլ պետական մարմիններին տրամադրելը.
գ) դեսպանընկալ պետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելը.
դ) դեսպանընկալ երկրում (երկրներում) տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը նպաստելը.
ե) Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցությունների վարմանն աջակցելը.
զ) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանն աջակցելը.
է) առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպմանն աջակցելը.
ը) Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության և այլ պետական մարմինների՝ դեսպանընկալ պետությունում (պետություններում) գործող ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեության համակարգումն ու աջակցության ապահովումը.
թ) Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տվյալ երկրի կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ որոնելը.
ժ) դեսպանընկալ պետությունում իրականացվող միջազգային ցուցահանդեսներին, բիզնես-ֆորումներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության կազմակերպմանն աջակցելը.
ժա) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանն աջակցելը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը նպաստելը.
ժբ) Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների շահերը ներկայացնելը (այդ սուբյեկտների համաձայնության և անհրաժեշտության դեպքում) դեսպանընկալ պետության պետական մարմիններում։
IV. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ (ԿՑՈՐԴՆԵՐԸ)
8. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) ունեն`
ա) Հայաստանի Հանրապետության դեսպանության և իրենց պաշտոնի անվանմամբ Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող կնիք և ձևաթուղթ,
բ) առանձին բանկային հաշիվ:
9. Առևտրական ներկայացուցիչների (կցորդների) հաստիքներն ստեղծվում և վերացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացմամբ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
10. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
11. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձանցից` գործուղվելով տվյալ պաշտոնին: Առևտրական ներկայացուցիչներ (կցորդներ) կարող են նշանակվել նաև Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում առնվազն 2 տարի հայեցողական պաշտոններ (նախարարի տեղակալ, նախարարի խորհրդական) զբաղեցնող անձինք: Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
12. Առևտրական ներկայացուցչի (կցորդի) վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին:
13. Առևտրական ներկայացուցիչներին (կցորդներին) տրամադրվում է հավելավճար՝ բնակարանի վարձակալության համար, ինչպես նաև գրասենյակային, կապի, տրանսպորտի և այլ ծախսեր:
14. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) հավատարմագրվում են դեսպանընկալ պետության արտաքին գործերի նախարարությունում` դիվանագետների հավատարմագրման սահմանված կարգով, իսկ դեսպանընկալ պետության օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ նաև առևտրատնտեսական հարցերով լիազոր մարմնում:
V. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. Առևտրական ներկայացուցչություններն ստեղծվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` դեսպանընկալ պետության հետ համապատասխան միջազգային պայմանագրի հիման վրա (անհրաժեշտության դեպքում), Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացմամբ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
16. Առևտրական ներկայացուցչություններն ունեն`
ա) առանձին աշխատակազմ,
բ) Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող և իրենց անվանմամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ,
գ) դեսպանընկալ պետությունում` առանձին բանկային հաշիվներ:
17. Առևտրական ներկայացուցչության ղեկավարի վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին:
18. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության ղեկավարին տրամադրվում է նաև հավելավճար` բնակարանի վարձակալության համար:
19. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը սահմանում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
20. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության ղեկավարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ:
21. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի կողմից:
22. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձանցից` գործուղվելով տվյալ պաշտոնին: Առևտրական ներկայացուցչությունների ղեկավարներ կարող են նշանակվել նաև Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում առնվազն 2 տարի հայեցողական պաշտոններ (նախարարի տեղակալ, նախարարի խորհրդական) զբաղեցնող անձինք: Առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
23. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի պաշտոններ զբաղեցնող աշխատողներից:
24. Առևտրական ներկայացուցչության ղեկավարները և աշխատողները համապատասխան պետությունում հավատարմագրվում են այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխան լիազոր մարմնում:
25. Առևտրական ներկայացուցչության ղեկավարները և աշխատողները համապատասխան պետությունում օգտվում են այնպիսի իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերով և (կամ) համապատասխան պետության օրենսդրությամբ:
VI. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
26. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևով առևտրական ներկայացուցչությունն ստեղծվում է դեսպանընկալ պետության հետ կնքված համապատասխան միջազգային պայմանագրի հիման վրա (անհրաժեշտության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
27. Դեսպանընկալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և գործող կազմակերպությանն առևտրական ներկայացուցչության լիազորություններ վերապահվում և այդ լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ նշված կազմակերպության ղեկավարը նշանակվում է առևտրական ներկայացուցիչ և այդ պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտվող իրավաբանական անձի ներկայացուցչական գործունեության հետ կապված հարցերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն անհրաժեշտության դեպքում նշված կազմակերպության հետ կարող է կնքել համապատասխան պայմանագիր:
28. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձինք իրենց ընթացիկ գործունեության և պահպանման ծախսերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն ֆինանսավորվում:
29. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձը ոչ ուշ, քան տարեկան մեկ անգամ անցկացնում է ֆինանսական աուդիտ և համապատասխան եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն: Ֆինանսական աուդիտի մասին ոչ բավարար եզրակացությունը կարող է հիմք հանդիսանալ տվյալ իրավաբանական անձին առևտրական ներկայացուցչության լիազորություններից զրկելու և իրավաբանական անձի ղեկավարին առևտրական ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար:
30. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձինք`
ա) կարող են ունենալ ձևաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություն» կամ «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ» անվանմամբ.
բ) իրենց գործունեության համար օգտագործում են իրենց սեփական բանկային հաշիվները կամ բացում նոր բանկային հաշիվ:
31. Առևտրական ներկայացուցչության լիազորություններն ստանձնել հավակնող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն պետք է ներկայացնեն վկայական` նստավայր երկրում գրանցման մասին, տեղեկություններ ֆինանսական վիճակի, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ իրենց մասին (հասցեն, սեփականության ձևը, մասնագիտացումը, գործունեության ծավալները և ոլորտը, գործարար կապերն օտարերկրյա այլ պետությունների հետ, ներկայացուցչական փորձը, գրասենյակային պայմանները և այլ անհրաժեշտ տեղեկություններ):
32. Իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչական լիազորություններ շնորհելու համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է անցկացնել մրցույթ, որի անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
33. Մրցույթի պայմանները, անցկացման կարգը և ժամկետները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:
34. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձի ղեկավարը (առևտրական ներկայացուցիչը) համապատասխան պետությունում հավատարմագրվում է այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխան լիազոր մարմնում:
35. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձի ղեկավարը (առևտրական ներկայացուցիչը) համապատասխան պետությունում օգտվում է այնպիսի իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերով և (կամ) համապատասխան պետության օրենսդրությամբ:
36. Առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձի աշխատողներն առևտրական ներկայացուցչության աշխատողներ չեն համարվում:
VII. ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ (ԿՑՈՐԴՆԵՐԻ), ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները), առևտրական ներկայացուցչությունները և առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված իրավաբանական անձինք (այսուհետ` առևտրական ներկայացուցչություններ) իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հանձնարարականներով և դեսպանընկալ պետությունում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ցուցումներով:
38. Առևտրական ներկայացուցչություններն իրենց ընթացիկ գործունեության մասին կանոնավոր տեղեկատվություն են ներկայացնում դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին:
39. Առևտրական ներկայացուցչություններն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետու են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին և դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին:
40. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններն օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններին առաջադրանքներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի միջոցով:
Հայաստանի Հանրապետության | |
կառավարության աշխատակազմի | |
ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |