«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1841-Ն
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, դիմելու դեպքում «ժողովրդական» պատվավոր կոչումների արժանացած անձանց ամենամսյա պատվովճարները 2004 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկվում և վճարվում են միանվագ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ
1. Սույնով սահմանվում են «ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվող ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը:
2. Պատվովճարը նշանակվում է հետևյալ չափով`
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստին, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարչին, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստին, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարչին, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստին և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչին ամսական պատվովճար է նշանակվում նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) 28-ապատիկի չափով։
3. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստին և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչին տրվող պատվովճարը սահմանվում է ցմահ:
4. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստին և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչին տրվող պատվովճարն իր տարածքային կենտրոնների միջոցով նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:
5. Ժողովրդական արտիստը կամ ժողովրդական նկարիչն իրեն պատվովճար նշանակելու և վճարելու համար մշտական բնակության հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոն է ներկայացնում դիմում, անձնագիրը և դրա պատճենը, ժողովրդական արտիստի կամ ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը հաստատող վկայականը և դրա պատճենը:
6. Ամենամսյա պատվովճարը նշանակվում և վճարվում է դիմումը և սույն կարգի 5-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
7. Ժողովրդական արտիստին կամ ժողովրդական նկարչին պատվովճարը վճարվում է նրա փաստացի բնակության վայրում:
8. Նշանակված, բայց չստացված ամենամսյա պատվովճարի գումարներն անցած ժամանակահատվածի համար վճարվում են մինչև երեք տարի ժամկետում:
9. Ժողովրդական արտիստի կամ ժողովրդական նկարչի մահվան դեպքում ամենամսյա պատվովճարի վճարումը դադարեցվում է հաջորդ ամսվա 1-ից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |