«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2004 թվականի N 1720-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել նրա սեփականությունը հանդիսացող շենքերը, շինությունները (այդ թվում` պատմամշակութային նշանակության), ինչպես նաև այլ գույքը` 190.7 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Ընդունել ի գիտություն, որ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:
4. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման ու դրա նպատակային օգտագործման, պահպանման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքներին օժանդակությունը.
բ) միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման իրականացման բնագավառում օժանդակության և աջակցության ծրագրերի մշակումը.
գ) ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման վերաբերյալ գիտական հետազոտությունների, լաբորատոր և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը.
դ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը և առաջարկություններ ներկայացնելը.
ե) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների վիճակի պարբերական ուսումնասիրությունների իրականացումը և ժամանակին տեխնիկապես հաշվարկված ու հիմնավորված վերականգնողական միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
5. Թույլատրել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) շինարարական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների իրականացում.
բ) խորհրդատվական ծառայությունների իրականացում:
6. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:
7. Սահմանել, որ`
ա) «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող 84.5 մլն դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
բ) սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերը, շինությունները (այդ թվում` պատմամշակութային նշանակության), ինչպես նաև այլ գույքը` 190.7 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու փոխանցման ակտը և սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
բ) «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ` սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 11 |