«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2004 թվականի N 1661-Ն
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 122 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 2 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը:
2. Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դիվանագետի համապատասխանությունը որոշելու և աստիճանային առաջխաղացումն ապահովելու նպատակով:
3. Դիվանագետների ատեստավորումն անցկացվում է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետները լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:
4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում դիվանագիտական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վրա:
Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձանց վրա` միայն աստիճանային առաջխաղացումն ապահովելու մասով:
5. Դիվանագետի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի հիման վրա, պաշտոնի նկարագիրը փոփոխվելու դեպքում կամ դիվանագետի ցանկությամբ:
6. Ատեստավորումն անցկացվում է դիվանագետի պարտադիր մասնակցությամբ:
7. Դիվանագետի ատեստավորումը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դիվանագետները ենթակա են ատեստավորման` աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Տվյալ պաշտոնը մեկ տարվանից պակաս զբաղեցնող դիվանագետն ատեստավորման ենթակա չէ, եթե ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դիվանագետի համապատասխանությունն ստուգելու նպատակով:
9. Ատեստավորման ենթակա դիվանագետները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
10. Անմիջական ղեկավարն ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է դիվանագետի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի դիվանագետի մասին տվյալներ և նրա գործնական, մարդկային հատկանիշների ու ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դիվանագետի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարեկան մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում դիվանագետի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (հայեցողական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա նրա տված եզրակացություններն իրավական ուժ չունեն:
Դիվանագետն ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դիվանագետի ատեստավորման արդյունքների վրա:
Եթե դիվանագետը համաձայն չէ անմիջական ղեկավարի ներկայացրած ծառայողական բնութագրին, ապա նա կարող է իր առարկությունները ներկայացնել հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը և դիվանագետի առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում):
11. Ատեստավորումն անցկացվում է հարցազրույցի ձևով:
Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ դիվանագետների գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ատեստավորվող դիվանագետին տալու մինչև 3 հարց:
Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր դիվանագետի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
12. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և շնորհել ավելի բարձր դիվանագիտական աստիճան.
բ) շնորհել ավելի բարձր դիվանագիտական աստիճան.
գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
դ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.
ե) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
13. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորումից անմիջապես հետո:
14. Դիվանագետն իրավունք ունի ատեստավորման արդյունքում ընդունված որոշումը բողոքարկելու մինչև այդ որոշումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ներկայացնելը:
15. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքում ընդունված որոշումը (իսկ բողոքարկված լինելու դեպքում` նաև բողոքը և դրա մասին իր կարծիքը) ատեստավորումից հետո եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) դիվանագետին ավելի բարձր դիվանագիտական աստիճան շնորհելու կամ տվյալ դիվանագիտական աստիճանը շնորհելու իրավասու մարմին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.
բ) դիվանագետի վերապատրաստում անցնելու մասին.
գ) դիվանագետին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում ընդունվում է նաև դիվանագետի` վերապատրաստման արդյունքում բացասական գնահատական ստանալու դեպքում:
16. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ատեստավորման արդյունքում ընդունված որոշման հիման վրա արձակում է համապատասխան հրաման` ոչ ուշ, քան այդ որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |