«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1530-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1941-Ա և 2004 թվականի մարտի 31-ի N 397-Ա որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Դալմայի այգիներում գտնվող 256.0 հեկտար մակերես ունեցող անտառային հողերից առանց մրցույթի, մինչև 10 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել Երևանի Շահումյանի նախկին շրջգործկոմի և Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հետ մինչև 2004 թվականի մարտի 31-ը կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա հողամասերն զբաղեցնող քաղաքացիներին:
2. Երևանի քաղաքապետին`
ա) երկամսյա ժամկետում Դալմայի այգիների անտառային նշանակության 256,0 հեկտար մակերես ունեցող հողատարածքում կատարել փաստացի հողօգտագործողների (վարձակալության պայմանագրերով և ինքնակամ հողօգտագործողներ), ինչպես նաև գույքային ծանրաբեռնվածությունների` ինքնակամ շենքերի ու շինությունների հաշվառման և գույքագրման աշխատանքներ.
բ) գույքագրման արդյունքների հիման վրա կազմված հողօգտագործողների հաշվառման ցուցակներն ամփոփելուց և հաստատելուց հետո 10 օրվա ընթացքում դրանց մեկական օրինակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե.
գ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում գույքագրման արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ Դալմայի այգիների տարածքում 2005-2007 թվականների ընթացքում, ըստ տարիների, առաջնահերթ անտառատնկումների վերաբերյալ.
դ) ըստ անհրաժեշտության, գույքագրման արդյունքների և նախատեսվող անտառատնկումների հաշվառման հիման վրա ներկայացնել առաջարկություններ Դալմայի այգիների առանձին հատվածների նպատակային նշանակության փոփոխությունների վերաբերյալ:
3. Սահմանել, որ`
ա) հողամասերի վարձակալության պայմանագրերը, որպես կանոն, կնքվում են ելնելով նախկինում շրջգործկոմների և (կամ) թաղապետարանների հետ կնքված պայմանագրերում նշված հողամասերի չափերից` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 397-Ա որոշման համաձայն հողամասը բաժանվել է տարբեր նպատակային նշանակության հողամասերի.
բ) առանց համապատասխան պայմանագրերի առկայության ինքնակամ հողօգտագործողների հետ վարձակալության պայմանագրեր չեն կնքվում.
գ) հողամասերում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների առկայության դեպքում, ինչպես նաև ինքնակամ հողօգտագործողների հետ հողամասերի վարձակալության պայմանագրեր կնքելու հարցերին ընթացք են տրվում միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շենքերի, շինությունների կարգավիճակի և ինքնակամ զբաղեցված հողամասերի խնդիրներին լուծում տալուց հետո, ընդ որում, այն շենքերն ու շինությունները, որոնք չեն համապատասխանում անտառային հողերի նպատակային նշանակությանը, ենթակա են քանդման` «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան.
դ) հողամասերի վարձակալության պայմանագրերը ենթակա են սահմանված կարգով նոտարական վավերացման, իսկ պայմանագրերից ծագող իրավունքները` պետական գրանցման:
Նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են վարձակալների կողմից:
4. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում մշակել հողամասի վարձակալության պայմանագրի ձևը` դրանում ամրագրելով հողօգտագործման բնապահպանական, պատմամշակութային, քաղաքաշինական բնույթի սահմանափակումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|