Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻՋև ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախաբան
Պայմանավորվող պետությունները,
հաշվի առնելով տնտեսական զարգացման ուղղությամբ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը և այդ ոլորտում միջազգային մասնավոր ներդրումների դերը,
նկատի ունենալով այն հնարավորությունը, որ նշված ներդրումների առնչությամբ ժամանակ առ ժամանակ կարող են վեճեր ծագել Պայմանավորվող պետությունների և այլ Պայմանավորվող պետությունների քաղաքացիների միջև,
ի գիտություն ընդունելով, որ չնայած այդ վեճերը, որպես կանոն, ենթակա են ներպետական իրավական ընթացակարգերի, սակայն որոշ դեպքերում կարող են տեղին լինել լուծման միջազգային մեթոդները,
առանձնահատուկ կարևորություն վերագրելով միջազգային հաշտեցման կամ արբիտրաժի հարմարությունների առկայությանը, որոնց կարող են ցանկության դեպքում ներկայացվել նշված վեճերը Պայմանավորվող պետությունների և այլ Պայմանավորվող պետությունների քաղաքացիների կողմից,
ցանկանալով նման մեխանիզմ ստեղծել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հովանու ներքո,
գիտակցելով, որ նշված վեճերը նման մեխանիզմի միջոցով հաշտեցման կամ արբիտրաժի ներկայացնելու` կողմերի փոխադարձ համաձայնությունը հանդիսանում է պարտավորեցնող համաձայնություն, որի կապակցությամբ, մասնավորապես, պահանջվում է պատշաճ կերպով հաշվի առնել հաշտեցնողների ցանկացած երաշխավորություն, և որ ցանկացած արբիտրաժային որոշում ենթակա է կատարման, և
հռչակելով, որ որևէ Պայմանավորվող պետություն պարտավոր չէ որևէ կոնկրետ վեճ ներկայացնել հաշտեցման կամ արբիտրաժային լուծման միայն սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման կամ հաստատման փաստի ուժով, առանց իր համաձայնության,
համաձայնեցին հետևյալի մասին.
Գլուխ 1
Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն
Բաժին 1
Ստեղծումը և կազմակերպումը
Հ ո դ վ ա ծ 1
1) Սույնով ստեղծվում է Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (այսուհետ` Կենտրոն):
2) Կենտրոնի նպատակն է Պայմանավորվող պետությունների և այլ Պայմանավորվող պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի հաշտեցման և արբիտրաժային լուծման մեխանիզմ ապահովել` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 2
Կենտրոնի նստավայրը գտնվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ` Բանկ) գլխամասային գրասենյակում: Նստավայրը կարող է Վարչական խորհրդի անդամների ձայների երկու երրորդով կայացվող որոշմամբ տեղափոխվել այլ վայր:
Հ ո դ վ ա ծ 3
Կենտրոնն ունի Վարչական խորհուրդ և Քարտուղարություն, և դրա շրջանակներում գործում է Հաշտեցնողների հանձնախումբ և Իրավարարների հանձնախումբ:
Բաժին 2
Վարչական խորհուրդը
Հ ո դ վ ա ծ 4
1) Վարչական խորհուրդը կազմված է յուրաքանչյուր Պայմանավորվող պետության մեկական ներկայացուցչից: Հանդիպմանը հիմնական ներկայացուցչի բացակայության կամ անաշխատունակության պարագայում կարող է որպես ներկայացուցիչ հանդես գալ փոխարինողը:
2) Եթե պետությունն այլ կերպ չի նախատեսում, ապա Պայմանավորվող պետության կողմից Բանկի համակարգում նշանակված յուրաքանչյուր կառավարիչ և փոխկառավարիչ ի պաշտոնե հանդիսանում են տվյալ պետության ներկայացուցիչը և փոխարինող ներկայացուցիչը:
Հ ո դ վ ա ծ 5
Բանկի Նախագահն ի պաշտոնե հանդիսանում է Վարչական խորհրդի Նախագահը (այսուհետ` Նախագահ), սակայն քվեարկելու իրավունք չունի: Նրա բացակայության կամ անաշխատունակության, ինչպես նաև Բանկի Նախագահի պաշտոնի թափուր գտնվելու ժամանակահատվածի ընթացքում տվյալ պահին Նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիսանում է Վարչական խորհրդի Նախագահը:
Հ ո դ վ ա ծ 6
1) Չսահմանափակվելով սույն Կոնվենցիայի այլ դրույթներով իրեն վերապահված իրավունքներով և իրավասություններով` Վարչական խորհուրդը.
ա) ընդունում է Կենտրոնի վարչական և ֆինանսական կանոնակարգերը,
բ) ընդունում է հաշտեցման և արբիտրաժային վարույթների հարուցման ընթացակարգի կանոնները,
գ) ընդունում է հաշտեցման և արբիտրաժային վարույթների անցկացման ընթացակարգի կանոնները (այսուհետ` Հաշտեցման կանոններ և Արբիտրաժի կանոններ),
դ) Բանկի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում Բանկի վարչական հարմարությունների և ծառայությունների օգտագործման շուրջ,
ե) սահմանում է Գլխավոր քարտուղարի և նրա տեղակալի(ների) ծառայության պայմանները,
զ) ընդունում է Կենտրոնի եկամուտների և ծախսերի տարեկան բյուջեն,
է) հաստատում է Կենտրոնի գործունեության տարեկան հաշվետվությունը:
Վերոհիշյալ «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերում նշված որոշումներն ընդունվում են Վարչական խորհրդի անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդի մեծամասնությամբ:
2) Վարչական խորհուրդն իրավասու է նշանակել այնպիսի հանձնաժողովներ, որոնք անհրաժեշտ կհամարի:
3) Վարչական խորհուրդն իրականացնում է նաև այլ իրավասություններ և կատարում այլ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է համարում սույն Կոնվենցիայի դրույթներն իրագործելու համար:
Հ ո դ վ ա ծ 7
1) Վարչական խորհուրդն անցկացնում է տարեկան ժողով և Խորհրդի որոշմամբ սահմանվող կամ Նախագահի կամ Գլխավոր քարտուղարի կողմից Խորհրդի առնվազն հինգ անդամների պահանջով գումարվող այլ ժողովներ:
2) Վարչական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, և, բացառությամբ սույնով նախատեսված այլ դեպքերի, Խորհրդի կողմից քննվող բոլոր հարցերի շուրջ որոշումները կայացվում են քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
3) Վարչական խորհրդի ցանկացած նիստի ընթացքում քվորում ապահովելու համար պահանջվում է դրա անդամների ձայների մեծամասնությունը:
4) Վարչական խորհուրդը կարող է իր անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդի մեծամասնությամբ սահմանել ընթացակարգ, որի համաձայն Նախագահը կարող է Խորհրդի քվեարկություն կազմակերպել առանց Խորհրդի նիստ գումարելու: Քվեարկությունը համարվում է վավեր միայն այն դեպքում, երբ Խորհրդի անդամների մեծամասնությունը քվեարկում է տվյալ ընթացակարգի սահմաններում ամրագրված ժամկետի ընթացքում:
Հ ո դ վ ա ծ 8
Վարչական խորհրդի անդամները և Նախագահը ծառայում են առանց Կենտրոնից որևէ վարձատրություն ստանալու:
Բաժին 3
Քարտուղարությունը
Հ ո դ վ ա ծ 9
Քարտուղարությունը կազմված է Գլխավոր քարտուղարից, Գլխավոր քարտուղարի մեկ կամ ավելի տեղակալներից և աշխատակիցներից:
Հ ո դ վ ա ծ 10
1) Գլխավոր քարտուղարը և Գլխավոր քարտուղարի տեղակալը (ներն) ընտրվում են Վարչական խորհրդի կողմից` նրա անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ` Նախագահի կողմից պաշտոնավարման վեց տարին չգերազանցող մեկ ժամկետով առաջադրվելու պարագայում, որից հետո նրանք իրավունք ունեն վերընտրվելու: Վարչական խորհրդի անդամների հետ խորհրդակցելուց հետո Նախագահն այդ պաշտոնի համար առաջադրում է մեկ կամ ավելի թեկնածուների:
2) Գլխավոր քարտուղարի և Գլխավոր քարտուղարի տեղակալի (ների) պաշտոններն անհամատեղելի են որևէ քաղաքական գործառույթի իրականացման հետ: Ոչ Գլխավոր քարտուղարը, ոչ Գլխավոր քարտուղարի տեղակալը(ներն) իրավասու չեն որևէ այլ աշխատանք ունենալ կամ զբաղվել որևէ այլ աշխատանքային գործունեությամբ` բացառությամբ Վարչական խորհրդի կողմից թույլատրվող դեպքերի:
3) Գլխավոր քարտուղարի բացակայության կամ անկարողության ընթացքում, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի պաշտոնի թափուր լինելու որևէ ժամանակահատվածի ընթացքում որպես Գլխավոր քարտուղար հանդես է գալիս Գլխավոր քարտուղարի տեղակալը: Եթե Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը մեկից ավելի է, ապա Վարչական խորհուրդը նախապես որոշում է, թե ինչ հերթականությամբ են նրանք հանդես գալու որպես Գլխավոր քարտուղար:
Հ ո դ վ ա ծ 11
Գլխավոր քարտուղարը հանդիսանում է Կենտրոնի օրինական ներկայացուցիչը և գլխավոր պաշտոնյան և, սույն Կոնվենցիայի դրույթների և Վարչական խորհրդի ընդունած կանոնների համաձայն, պատասխանատու է դրա կառավարման, այդ թվում` աշխատակիցների նշանակման համար: Նա կատարում է ռեգիստրի գործառույթը և իրավասու է վավերացնելու սույն Կոնվենցիայի համաձայն կայացված արբիտրաժային որոշումները և հաստատելու դրանց կրկնօրինակների վավերությունը:
Բաժին 4
Հանձնախմբերը
Հ ո դ վ ա ծ 12
Հաշտեցնողների հանձնախումբը և Իրավարարների հանձնախումբը յուրաքանչյուրը կազմված են ստորև նախատեսված կարգով առաջադրվող համապատասխան որակավորում ունեցող անձանցից, որոնք պատրաստ են ծառայելու դրանց կազմում:
Հ ո դ վ ա ծ 13
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իրավասու է յուրաքանչյուր Հանձնախմբի կազմում առաջադրել չորս հոգու, որոնք կարող են, սակայն պարտավոր չեն, տվյալ պետության քաղաքացիներ լինել:
2) Նախագահը կարող է յուրաքանչյուր Հանձնախմբի կազմում առաջադրել տասը հոգու: Այս կերպ հանձնախմբերի կազմում առաջադրված անձանցից յուրաքանչյուրը պետք է այլ քաղաքացիություն ունենա:
Հ ո դ վ ա ծ 14
1) Հանձնախմբերի կազմում ծառայելու համար առաջադրված անձինք պետք է բարձր բարոյական հատկանիշների տեր անձնավորություններ լինեն և ճանաչված լինեն որպես բանիմաց մասնագետներ իրավունքի, առևտրի, արդյունաբերության կամ ֆինանսների համապատասխան բնագավառներում, որպեսզի հնարավոր լինի հենվել նրանց անկախ դատողության կիրառման վրա: Իրավաբանության ոլորտում բանիմացությունն առանձնակի կարևորություն ունի Իրավարարների հանձնախմբի անդամների պարագայում:
2) Հանձնախմբերի կազմում անձանց առաջադրելիս Նախագահը պարտավոր է նաև պատշաճ կերպով ուշադրություն դարձնել Հանձնախմբերում աշխարհի հիմնական իրավական համակարգերի և տնտեսական գործունեության հիմնական ձևերի ներկայացվածությունն ապահովելու կարևորության հարցին:
Հ ո դ վ ա ծ 15
1) Հանձնախմբերի անդամները ծառայում են վեցամյա ժամկետներով, որոնք հնարավոր է նորացնել:
2) Հանձնախմբի որևէ անդամի մահվան կամ հրաժարականի դեպքում տվյալ անդամին առաջադրած իրավասու կողմն իրավասու է տվյալ անդամի ժամկետի մնացյալ մասի ընթացքում ծառայելու համար առաջադրել մեկ այլ անձի:
3) Հանձնախմբերի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց իրավահաջորդների առաջադրումը:
Հ ո դ վ ա ծ 16
1) Անձը կարող է միաժամանակ ծառայել երկու Հանձնախմբերի կազմում:
2) Եթե անձն առաջադրվում է նույն Հանձնախմբում ծառայության մեկից ավելի Պայմանավորվող պետությունների կողմից կամ միաժամանակ Պայմանավորվող որևէ պետության և Նախագահի կողմից, ապա նա համարվում է առաջադրված այն մեկի կողմից, որն առաջինն է իրեն առաջադրել, կամ, եթե այդ իրավասու կողմերից մեկն իր քաղաքացիության պետությունն է, ապա համարվում է առաջադրված տվյալ Պետության կողմից:
3) Բոլոր առաջադրումների մասին ծանուցվում է Գլխավոր քարտուղարին և ցանկացած առաջադրում ուժի մեջ է մտնում ծանուցման ստացման օրվանից:
Բաժին 5
Կենտրոնի ֆինանսավորումը
Հ ո դ վ ա ծ 17
Եթե Կենտրոնի ծախսերը չեն կարող հատուցվել նրա ծառայությունների օգտագործման վճարների կամ այլ հասույթի հաշվին, ապա ծախսերի գերազանցող մասը ֆինանսավորում է Բանկի անդամ հանդիսացող Պայմանավորվող պետությունները` Բանկի կանոնադրական կապիտալում իրենց համապատասխան բաժնեմասերի համաչափության, ինչպես նաև Բանկի անդամ չհանդիսացող Պայմանավորվող պետությունների համար` Վարչական խորհրդի կողմից ընդունված կանոնների համաձայն:
Բաժին 6
Կարգավիճակը, անձեռնմխելիությունը և արտոնությունները
Հ ո դ վ ա ծ 18
Կենտրոնն ունի միջազգային իրավաբանական անձի լիարժեք կարգավիճակ: Կենտրոնի իրավունակությունը ներառում է հետևյալ իրավունքները.
ա) պայմանագրեր կնքելու իրավունք,
բ) շարժական և անշարժ գույք ձեռք բերելու և տնօրինելու իրավունք, և
գ) իրավական վարույթ հարուցելու իրավունք:
Հ ո դ վ ա ծ 19
Որպեսզի Կենտրոնը կարողանա կատարել իր գործառույթները, բոլոր Պայմանավորվող պետությունների տարածքներում օգտվում է սույն Բաժնով նախատեսված անձեռնմխելիությունից և արտոնություններից:
Հ ո դ վ ա ծ 20
Կենտրոնը, նրա գույքը և ակտիվներն օգտվում են բոլոր իրավական վարույթների նկատմամբ անձեռնմխելիությունից` բացառությամբ, երբ Կենտրոնը հրաժարվում է այդ անձեռնմխելիությունից:
Հ ո դ վ ա ծ 21
Նախագահը, Վարչական խորհրդի անդամները, հաշտեցնողների կամ իրավարարների դերում հանդես եկող անձինք կամ 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն նշանակված Հանձնաժողովի անդամները և Քարտուղարության աշխատակիցները և պաշտոնյաները.
ա) օգտվում են իրավական վարույթներից անձեռնմխելիության իրավունքից իրենց գործառույթների իրականացման շրջանակներում իրենց կատարած գործողությունների առնչությամբ` բացառությամբ, երբ Կենտրոնը հրաժարվում է այդ անձեռնմխելիությունից,
բ) չլինելով տեղի պետության քաղաքացիներ, օգտվում են ներգաղթի արգելքների, օտարերկրացիների գրանցման պահանջների և ազգային ծառայության պարտավորությունների պարագայում նույն անձեռնմխելիությունից, ինչպես նաև արտարժույթի արգելքների առնչությամբ նույն հնարավորություններից և ճամփորդելու պայմանների առնչությամբ նույն վերաբերմունքից, ինչ Պայմանավորվող պետությունները վերապահում են այլ Պայմանավորվող պետության համեմատելի դասային աստիճան ունեցող ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և աշխատակիցներին:
Հ ո դ վ ա ծ 22
21-րդ հոդվածի դրույթները տարածվում են այն անձանց նկատմամբ, որոնք սույն Կոնվենցիայի շրջանակներում դատավարություններում հանդես են գալիս որպես կողմեր, իրավախորհրդատուներ, փաստաբաններ, վկաներ կամ փորձագետներ` պայմանով, սակայն, որ դրա «բ» ենթակետը կիրառվում է միայն դատավարության անցկացման վայր նրանց ճամփորդությունների, այնտեղից վերադարձի ճամփորդությունների և այնտեղ մնալու կապակցությամբ:
Հ ո դ վ ա ծ 23
1) Կենտրոնի պահոցները հանդիսանում են անձեռնմխելի` անկախ դրանց գտնվելու վայրից:
2) Կենտրոնն իր պաշտոնական հաղորդակցության մասով յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունից ստանում է այնպիսի պայմաններ, որոնք չեն կարող պակաս նպաստավոր լինել, քան այլ միջազգային կազմակերպությունների համար ապահովվող պայմաններն են:
Հ ո դ վ ա ծ 24
1) Կենտրոնը, նրա ակտիվները, գույքը և եկամուտները, ինչպես նաև նրա` սույն Կոնվենցիայի շրջանակներում թույլատրելի գործառնությունները և գործարքներն ազատվում են բոլոր հարկերից և մաքսատուրքերից: Կենտրոնը նաև ազատվում է հարկերի կամ մաքսատուրքերի գանձման կամ վճարման պատասխանատվությունից:
2) Բացառությամբ տեղի քաղաքացիների պարագայից, որևէ հարկ չպետք է հաշվեգրվի Կենտրոնի կողմից Նախագահին կամ Վարչական խորհրդի անդամներին վճարված ծախսային հատկացումների նկատմամբ կամ Կենտրոնի կողմից Քարտուղարության աշխատակիցներին կամ պաշտոնյաներին վճարվող աշխատավարձերի, ծախսային հատկացումների կամ այլ հավասարեցված վճարումների նկատմամբ կամ կապակցությամբ:
3) Որևէ հարկ չպետք է հաշվեգրվի սույն Կոնվենցիայի շրջանակներում անցկացվող դատավարությունների համար 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն նշանակված և որպես հաշտեցնողներ կամ իրավարարներ կամ Հանձնաժողովի անդամներ հանդես եկող անձանց կողմից ստացվող վճարների կամ ծախսային հատկացումների նկատմամբ կամ կապակցությամբ, եթե տվյալ հարկի ընդդատության միակ հիմքը Կենտրոնի կամ այն տեղի գտնվելու վայրն է, որտեղ անցկացվում է դատավարությունը, կամ որտեղ վճարվում են այդ գումարները կամ հատկացումները:
Գլուխ 2
Կենտրոնի ընդդատությունը
Հ ո դ վ ա ծ 25
1) Կենտրոնի ընդդատությունը տարածվում է իրավունքի ցանկացած վեճի նկատմամբ, որը ծագում է ուղղակիորեն որևէ ներդրման կապակցությամբ` Պայմանավորվող պետության (կամ տվյալ Պայմանավորվող պետության կողմից Կենտրոնի հետ հարաբերություններում լիազորված ցանկացած ստորաբաժանման կամ գործակալության) և մեկ այլ Պայմանավորվող պետության քաղաքացու միջև, որը Կենտրոնին ներկայացնելու վերաբերյալ վեճի կողմերը գրավոր տալիս են իրենց համաձայնությունը: Երբ կողմերը տվել են իրենց համաձայնությունը, կողմերից որևէ մեկը չի կարող իր համաձայնությունը միակողմանիորեն հետ վերցնել:
2) «Պայմանավորվող մեկ այլ պետության քաղաքացի» հասկացությունը նշանակում է.
ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը վեճի մասնակից Պետությունից զատ ունի մեկ այլ Պայմանավորվող պետության քաղաքացիություն այն օրվա դրությամբ, որի դրությամբ կողմերը համաձայնում են տվյալ վեճը ներկայացնել հաշտեցման կամ արբիտրաժի, ինչպես նաև այն օրվա դրությամբ, որի դրությամբ դիմումը գրանցվել է 28-րդ հոդվածի 3-րդ կետի կամ 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, սակայն չի ներառում այն անձանց, ովքեր այդ օրերից որևէ մեկի դրությամբ ունեցել են նաև վեճին մասնակից Պայմանավորվող պետության քաղաքացիություն, և
բ) ցանկացած իրավաբանական անձ, որը վեճի մասնակից Պետությունից զատ ունի մեկ այլ Պայմանավորվող պետության քաղաքացիություն այն օրվա դրությամբ, որի դրությամբ կողմերը համաձայնում են տվյալ վեճը ներկայացնել հաշտեցման կամ արբիտրաժի, և ցանկացած իրավաբանական անձ, որը տվյալ օրվա դրությամբ ունեցել է վեճի մասնակից Պայմանավորվող պետության քաղաքացիություն, և որին օտարերկրյա հսկողության պատճառով կողմերը պայմանավորվել են սույն Կոնվենցիայի իմաստով վերաբերվել ինչպես մեկ այլ Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող անձի:
3) Պայմանավորվող պետության ստորաբաժանման կամ գործակալության համաձայնությունը ենթակա է հաստատման տվյալ Պետության կողմից` բացառությամբ, երբ Պետությունը ծանուցում է Կենտրոնին այն մասին, որ այդ հաստատումը չի պահանջվում:
4) Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման կամ հաստատման ժամանակ կամ դրանից հետո` ցանկացած պահի, ծանուցել Կենտրոնին վեճերի այն տեսակի կամ տեսակների մասին, որոնք համարում է Կենտրոնի ընդդատությանը ներկայացման ենթակա կամ ոչ ենթակա վեճեր: Գլխավոր քարտուղարը պարտավոր է այդ ծանուցումը հաղորդել բոլոր Պայմանավորվող պետություններին: Այդ ծանուցումը չի հանդիսանում 1-ին կետով պահանջվող համաձայնությունը:
Հ ո դ վ ա ծ 26
Սույն Կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժային վարույթ անցնելու կողմերի համաձայնությունը, եթե այլ կերպ չի նշվում, համարվում է տրված` որպես համաձայնություն առ տվյալ արբիտրաժը, որը բացառում է իրավական ցանկացած այլ միջոց: Պայմանավորվող պետությունը կարող է պահանջել տեղական վարչական կամ դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում` որպես սույն Կոնվենցիայի շրջանակներում արբիտրաժին իր համաձայնությունը տալու նախապայման:
Հ ո դ վ ա ծ 27
1) Պայմանավորվող պետություններից ոչ մեկը չի կարող դիվանագիտական պաշտպանություն իրականացնել կամ միջազգային հայց ներկայացնել այնպիսի վեճի կապակցությամբ, որն իր քաղաքացիներից մեկը և մեկ այլ Պայմանավորվող պետություն համաձայնել են ներկայացնել կամ արդեն ներկայացրել են սույն Կոնվենցիայով նախատեսված արբիտրաժի` բացառությամբ, երբ այդ այլ Պայմանավորվող պետությունը չի ենթարկվել և չի կատարել այդ վեճի վերաբերյալ կայացված արբիտրաժային որոշումը:
2) Վերոհիշյալ 1-ին կետի իմաստով դիվանագիտական պաշտպանությունը չի ներառում ոչ ֆորմալ դիվանագիտական հաղորդակցությունը վեճի լուծմանը նպաստելու բացառիկ նպատակով:
Գլուխ 3
Հաշտեցումը
Բաժին 1
Հաշտեցման դիմումը
Հ ո դ վ ա ծ 28
1) Ցանկացած Պայմանավորվող պետություն կամ Պայմանավորվող պետության ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է հաշտեցման վարույթ հարուցել, պարտավոր է այդ մասին գրավոր դիմում ներկայացնել Գլխավոր քարտուղարին, որն այդ դիմումի մեկ օրինակն ուղարկում է մյուս կողմին:
2) Դիմումը պետք է ներառի վեճի ենթակա խնդիրների մասին տեղեկատվություն, կողմերի ինքնությունը և նրանց համաձայնությունը հաշտեցմանը` հաշտեցման և արբիտրաժային վարույթների հարուցման ընթացակարգի կանոններին համապատասխան:
3) Գլխավոր քարտուղարը պարտավոր է գրանցել դիմումը` բացառությամբ, երբ նա դիմումի մեջ պարունակվող տեղեկատվության հիման վրա պարզում է, որ վեճն ակնհայտորեն դուրս է Կենտրոնի ընդդատության շրջանակներից: Նա պարտավոր է այդ դեպքում կողմերին ծանուցել գրանցման կամ գրանցումը մերժելու մասին:
Բաժին 2
Հաշտեցման հանձնաժողովի կազմավորումը
Հ ո դ վ ա ծ 29
1) Հաշտեցման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորվում է 28-րդ հոդվածի համաձայն դիմումի գրանցումից հետո` հնարավորին չափ շուտ:
2)ա) Հանձնաժողովը կազմված է միանձնյա հաշտեցնողից կամ կողմերի համաձայնությամբ նշանակվող ցանկացած կենտ թվով հաշտեցնողներից:
բ) Այն դեպքերում, երբ կողմերը համաձայնության չեն հասնում հաշտեցնողների թվի և նրանց նշանակման մեթոդի շուրջ, Հանձնաժողովը կազմվում է երեք հաշտեցնողներից, ընդ որում` մեկական հաշտեցնող նշանակում է կողմերից յուրաքանչյուրը, իսկ երրորդը` Հանձնաժողովի նախագահը, նշանակվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հ ո դ վ ա ծ 30
Եթե Հանձնաժողովը չի կազմավորվում 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Գլխավոր քարտուղարի կողմից դիմումի գրանցման ծանուցումն ուղարկվելուց հետո 90 օրվա ընթացքում կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանված որևէ այլ ժամանակահատվածում, ապա Նախագահը, կողմերից ցանկացած մեկի պահանջով և հնարավորին չափ խորհրդակցելով երկու կողմերի հետ, նշանակում է դեռևս չնշանակված հաշտեցնողին կամ հաշտեցնողներին:
Հ ո դ վ ա ծ 31
1) Հաշտեցնողները կարող են նշանակվել Հաշտեցնողների հանձնախմբի կազմի մեջ չմտնողների թվից, բացառությամբ 30-րդ հոդվածի համաձայն Նախագահի կողմից նշանակվողների:
2) Հաշտեցնողների հանձնախմբի կազմի մեջ չմտնողների թվից նշանակվող հաշտեցնողները պետք է ունենան 14-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված հատկանիշները:
Բաժին 3
Հաշտեցման վարույթը
Հ ո դ վ ա ծ 32
1) Հանձնաժողովը սեփական իրավունակությամբ գործող դատավոր է:
2) Կողմի ցանկացած առարկություն վեճին առ այն, որ տվյալ վեճը Կենտրոնի ընդդատության շրջանակներից դուրս է կամ այլ պատճառով Հանձնաժողովի ընդդատությանը չի պատկանում, քննվում է Հանձնաժողովի կողմից, որը որոշում է այդ հարցը քննել որպես նախնական հարց նախքան վարույթը կամ այդ հարցի քննությունը միացնել վեճի էությունը քննող վարույթին:
Հ ո դ վ ա ծ 33
Հաշտեցման ցանկացած վարույթ անցկացվում է սույն Բաժնի դրույթների համաձայն և, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվում, ապա նաև հաշտեցման նպատակով կողմերի համաձայնությունը ստանալու օրվա դրությամբ գործող Հաշտեցման կանոնների համաձայն: Եթե դատավարական ցանկացած հարց է ծագում, որը սույն Բաժնով կամ Հաշտեցման կանոններով կամ կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված այլ կանոններով նախատեսված չէ, ապա Հանձնաժողովը որոշում է կայացնում այդ հարցի վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 34
1) Հանձնաժողովը պարտավոր է հստակեցնել վեճի առարկա հարցերը կողմերի համար և փորձել նրանց միջև համաձայնության հասնել փոխադարձաբար ընդունելի պայմաններով: Այդ առթիվ Հանձնաժողովը կարող է վարույթի ցանկացած փուլում և պարբերաբար լուծման պայմաններ առաջարկել կողմերին: Կողմերը պարտավոր են բարեխղճորեն համագործակցել Հանձնաժողովի հետ, որպեսզի վերջինս կարողանա կատարել իր գործառույթները, և պարտավոր են ամենայն լրջությամբ մոտենալ վերջինիս երաշխավորություններին:
2) Եթե կողմերը հասնում են համաձայնության, ապա Հանձնաժողովը կազմում է զեկույց, որում նկարագրվում են վեճի առարկա հարցերը և արձանագրվում է, որ կողմերը հասել են համաձայնության: Եթե վարույթի որևէ փուլում Հանձնաժողովին թվում է, որ կողմերի միջև համաձայնության հավանականություն չկա, ապա Հանձնաժողովը պարտավոր է փակել վարույթը և կազմել զեկույց, որում կարձանագրվի վեճի ներկայացման և կողմերի` համաձայնության հասնելու անկարողության մասին: Եթե կողմերից որևէ մեկը չի ներկայանում կամ չի մասնակցում վարույթին, ապա Հանձնաժողովը փակում է վարույթը և կազմում զեկույց, որում նշում է, որ տվյալ կողմը չի ներկայացել կամ չի մասնակցել:
Հ ո դ վ ա ծ 35
Բացառությամբ, երբ վեճի կողմերը պայմանավորվել են այլ կերպ, հաշտեցման վարույթի կողմերից ոչ մեկն իրավասու չէ որևէ այլ վարույթի շրջանակներում, թե իրավարարների առջև, թե կիրառվող օրենքի դատարանում կամ այլ կերպ, մեջբերել կամ հղումներ կատարել հաշտեցման վարույթում մյուս կողմի արտահայտած տեսակետներին կամ մտքերին կամ դատողություններին կամ լուծման առաջարկներին կամ Հանձնաժողովի զեկույցին կամ նրա ներկայացրած երաշխավորություններին:
Գլուխ 4
Արբիտրաժը
Բաժին 1
Արբիտրաժի դիմումը
Հ ո դ վ ա ծ 36
1) Ցանկացած Պայմանավորվող պետություն կամ Պայմանավորվող պետության ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է արբիտրաժային վարույթ հարուցել, պարտավոր է այդ մասին գրավոր դիմում ներկայացնել Գլխավոր քարտուղարին, որն այդ դիմումի մեկ օրինակն ուղարկում է մյուս կողմին:
2) Դիմումը պետք է ներառի վեճի ենթակա խնդիրների մասին տեղեկատվություն, կողմերի ինքնությունը և նրանց համաձայնությունը արբիտրաժին` հաշտեցման և արբիտրաժային վարույթների հարուցման ընթացակարգի կանոններին համապատասխան:
3) Գլխավոր քարտուղարը պարտավոր է գրանցել դիմումը` բացառությամբ այն դեպքի, երբ նա դիմումի մեջ պարունակվող տեղեկատվության հիման վրա պարզում է, որ վեճն ակնհայտորեն դուրս է Կենտրոնի ընդդատության շրջանակներից: Նա պարտավոր է այդ դեպքում կողմերին ծանուցել գրանցման կամ գրանցումը մերժելու մասին:
Բաժին 2
Տրիբունալի կազմավորումը
Հ ո դ վ ա ծ 37
1) Արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` Տրիբունալ) կազմավորվում է 36-րդ հոդվածի համաձայն դիմումի գրանցումից հետո` հնարավորին չափ շուտ:
2)ա) Տրիբունալը կազմված է միանձնյա իրավարարից կամ կողմերի համաձայնությամբ նշանակվող` ցանկացած կենտ թվով իրավարարներից:
բ) Այն դեպքերում, երբ կողմերը համաձայնության չեն հասնում իրավարարների թվի և նրանց նշանակման մեթոդի շուրջ, Տրիբունալը կազմվում է երեք իրավարարներից, ընդ որում` մեկական իրավարար նշանակում է կողմերից յուրաքանչյուրը, իսկ երրորդը` Տրիբունալի նախագահը, նշանակվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հ ո դ վ ա ծ 38
Եթե Տրիբունալը չի կազմավորվում 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Գլխավոր քարտուղարի կողմից դիմումի գրանցման ծանուցումն ուղարկվելուց հետո 90 օրվա ընթացքում, կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանված որևէ այլ ժամանակահատվածում, ապա Նախագահը, կողմերից ցանկացած մեկի պահանջով և հնարավորին չափ խորհրդակցելով երկու կողմերի հետ, նշանակում է դեռևս չնշանակված իրավարարին կամ իրավարարներին: Սույն հոդվածի համաձայն Նախագահի կողմից նշանակվող իրավարարները չեն կարող լինել վեճի մասնակից Պայմանավորվող պետության կամ վեճի մասնակից քաղաքացու պետության քաղաքացիներ:
Հ ո դ վ ա ծ 39
Իրավարարների մեծ մասը պետք է լինի, վեճի մասնակից Պայմանավորվող պետությունից և վեճի մասնակից քաղաքացու պետությունից զատ, այլ Պայմանավորվող պետությունների քաղաքացի` պայմանով, սակայն, որ սույն հոդվածի վերոհիշյալ դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ միանձնյա իրավարարը կամ Տրիբունալի յուրաքանչյուր առանձին անդամ նշանակվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հ ո դ վ ա ծ 40
1) Իրավարարները կարող են նշանակվել Իրավարարների հանձնախմբի կազմի մեջ չմտնողներից` բացառությամբ 38-րդ հոդվածի համաձայն Նախագահի կողմից նշանակվողների:
2) Իրավարարների հանձնախմբի կազմի մեջ չմտնողներից նշանակվող իրավարարները պետք է ունենան 14-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված որակական հատկանիշները:
Բաժին 3
Տրիբունալի իրավասությունները և գործառույթները
Հ ո դ վ ա ծ 41
1) Տրիբունալը սեփական իրավունակությամբ գործող դատավոր է:
2) Կողմի ցանկացած առարկություն վեճին առ այն, որ տվյալ վեճը Կենտրոնի ընդդատության շրջանակներից դուրս է կամ այլ պատճառով Տրիբունալի ընդդատությանը չի պատկանում, քննվում է Տրիբունալի կողմից, որը որոշում է այդ հարցը քննել որպես նախնական հարց նախքան վարույթը կամ այդ հարցի քննությունը միացնել վեճի էությունը քննող վարույթին:
Հ ո դ վ ա ծ 42
1) Տրիբունալը վեճի վերաբերյալ որոշումը կայացնում է իրավունքի այն կանոնների համաձայն, որոնց շուրջ կարող են համաձայնության հասնել կողմերը: Նման համաձայնության բացակայության դեպքում Տրիբունալը կիրառում է վեճի մասնակից Պայմանավորվող պետության օրենսդրությունը (ներառյալ օրենքների բախման վերաբերյալ այդ պետության իրավական նորմերը) և միջազգային իրավունքի համապատասխան կանոնները:
2) Տրիբունալը չի կարող «non liquet» որոշում կայացնել այն հիմքով, որ օրենսդրությամբ հարցը կարգավորված չէ կամ աղոտ կերպով է կարգավորված:
3) Վերոհիշյալ 1-րդ և 2-րդ կետերի դրույթները չեն կարող սահմանափակել «ex aequo et bono» սկզբունքի հիման վրա վեճը լուծելու Տրիբունալի իրավասությունը, եթե կողմերը համաձայնում են դրա շուրջ:
Հ ո դ վ ա ծ 43
Բացառությամբ, երբ կողմերը պայմանավորվել են այլ կերպ, Տրիբունալը կարող է, եթե անհրաժեշտ է համարում, վարույթի ցանկացած փուլում.
ա) կողմերից պահանջել ներկայացնել համապատասխան փաստաթղթեր կամ այլ ապացույցներ, և
բ) այցելել վեճին առնչվող դեպքի վայր և այնտեղ անցկացնել իր կողմից անհրաժեշտ համարվող քննություն և ուսումնասիրություններ:
Հ ո դ վ ա ծ 44
Արբիտրաժի ցանկացած վարույթ անցկացվում է սույն Բաժնի դրույթների համաձայն և, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվում, արբիտրաժային լուծման նպատակով կողմերի համաձայնությունը ստանալու օրվա դրությամբ գործող` Արբիտրաժի կանոնների համաձայն: Եթե դատավարական ցանկացած հարց է ծագում, որը սույն Բաժնով կամ Արբիտրաժի կանոններով կամ կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված այլ կանոններով նախատեսված չէ, ապա Տրիբունալը որոշում է կայացնում այդ հարցի վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 45
1) Եթե կողմը չի ներկայանում կամ չի ներկայացնում իր հիմնավորումները, դա չի կարող համարվել մյուս կողմի պնդումների հավաստիության ընդունում:
2) Եթե կողմը չի ներկայանում կամ չի ներկայացնում իր հիմնավորումները վարույթի ցանկացած փուլում, ապա մյուս կողմն իրավասու է պահանջելու, որ Տրիբունալը լուծի իրեն ներկայացված հարցը և որոշում կայացնի: Նախքան որոշում կայացնելը Տրիբունալը պարտավոր է ծանուցել և անհրաժեշտ ժամանակ հատկացնել չներկայացող կամ իր հիմնավորումները չներկայացնող կողմին` բացառությամբ, երբ Տրիբունալը համոզված է, որ տվյալ կողմը մտադիր չէ այդպես վարվելու:
Հ ո դ վ ա ծ 46
Բացառությամբ, երբ կողմերը պայմանավորվում են հակառակի մասին, Տրիբունալը պարտավոր է կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա որոշում կայացնել վեճի խնդրո առարկայից ուղղակիորեն ծագող պատահական կամ լրացուցիչ հայցերի կամ հակընդդեմ հայցերի վերաբերյալ` պայմանով, որ դրանք կողմերի համաձայնեցրած շրջանակների մեջ են և մյուս առումներով ենթակա են Կենտրոնի ընդդատությանը:
Հ ո դ վ ա ծ 47
Եթե կողմերը հակառակի մասին համաձայնության չեն հասնում, ապա Տրիբունալն իրավասու է, եթե գտնում է, որ հանգամանքներն այդպես են պահանջում, առաջարկելու որևէ պայմանական միջոցառում, որը պետք է ձեռնարկվի կողմերից յուրաքանչյուրի համապատասխան իրավունքները պահպանելու ուղղությամբ:
Բաժին 4
Որոշումը
Հ ո դ վ ա ծ 48
1) Տրիբունալը հարցերի վերաբերյալ որոշումները կայացնում է իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2) Տրիբունալի որոշումը կայացվում է գրավոր տեքստով և ստորագրվում է Տրիբունալի` տվյալ որոշման օգտին քվեարկած անդամների կողմից:
3) Որոշումը պետք է անդրադառնա Տրիբունալին ներկայացված բոլոր հարցերին և նշի որոշման հիմքում դրվող պատճառաբանությունը:
4) Տրիբունալի ցանկացած անդամ իրավասու է որոշմանը կցելու իր առանձին կարծիքը, անկախ մեծամասնության որոշումից իր կարծիքի տարբերվելու կամ չտարբերվելու հանգամանքից, կամ կցելու իր անհամաձայնության մասին հայտարարությունը:
5) Կենտրոնը չի կարող որոշումը հրապարակել առանց կողմերի համաձայնության:
Հ ո դ վ ա ծ 49
1) Գլխավոր քարտուղարը պարտավոր է որոշման վավերացված օրինակներն անհապաղ առաքել կողմերին: Որոշումը համարվում է տրամադրված այն օրը, երբ դրա հաստատված օրինակներն առաքվել են:
2) Որոշման տրամադրման օրվանից հետո` 45 օրվա ընթացքում, կողմի պահանջի հիման վրա Տրիբունալը կարող է, ծանուցելով մյուս կողմին այդ մասին, որոշում կայացնել ցանկացած հարցի մասին, որը բաց է թողել որոշման մեջ, և ուղղել որոշման մեջ տեղ գտած ցանկացած ծառայողական, մաթեմատիկական կամ նման այլ սխալ: Տրիբունալի այդ որոշումը դառնում է հիմնական որոշման մաս, և դրա վերաբերյալ կողմերը ծանուցվում են այնպես, ինչպես հիմնական որոշման դեպքում: 51-րդ հոդվածի 2-րդ կետով և 52-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետների հաշվարկը սկսվում է որոշման տրամադրման օրվանից:
Բաժին 5
Որոշման մեկնաբանումը, վերանայումը և չեղյալ հայտարարումը
Հ ո դ վ ա ծ 50
1) Եթե կողմերի միջև որևէ վեճ է ծագում որոշման իմաստի կամ շրջանակների վերաբերյալ, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է գրավոր դիմում ներկայացնել Գլխավոր քարտուղարին` պահանջելով մեկնաբանել որոշումը:
2) Եթե հնարավոր է, դիմումը պետք է ներկայացվի այն Տրիբունալին, որը կայացրել է տվյալ որոշումը: Եթե դա հնարավոր չէ, ապա, սույն Գլխի 2-րդ Բաժնի համաձայն, կազմավորվում է նոր Տրիբունալ: Տրիբունալը կարող է, եթե գտնում է, որ հանգամանքներն այդպես են պահանջում, սառեցնել որոշման ի կատար ածումը մինչև դրա վերաբերյալ իր որոշման կայացումը:
Հ ո դ վ ա ծ 51
1) Կողմերից յուրաքանչյուրը կարող է գրավոր դիմում ներկայացնել Գլխավոր քարտուղարին` պահանջելով վերանայել որոշումն այն հիմքով, որ բացահայտվել է այնպիսի բնույթի որևէ փաստ, որը վճռորոշ կերպով է անդրադառնում տվյալ որոշման վրա` պայմանով, որ որոշման կայացման ժամանակ այդ փաստն անհայտ է եղել Տրիբունալին և դիմող կողմին, և որ այդ փաստի մասին դիմող կողմի չիմանալը նրա անփութության հետևանք չի եղել:
2) Դիմումը պետք է ներկայացվի նման փաստի բացահայտումից հետո 90 օրվա ընթացքում և, ցանկացած պարագայում, տվյալ որոշման կայացման ամսաթվից հետո երեք տարվա ընթացքում:
3) Եթե հնարավոր է, դիմումը պետք է ներկայացվի բուն որոշումը կայացրած Տրիբունալին: Եթե դա հնարավոր չէ, ապա, սույն Գլխի 2-րդ բաժնի համաձայն, կազմավորվում է նոր Տրիբունալ:
4) Տրիբունալը կարող է, եթե գտնում է, որ հանգամանքներն այդպես են պահանջում, սառեցնել որոշման ի կատար ածումը մինչև դրա վերաբերյալ իր որոշման կայացումը: Եթե դիմող կողմը պահանջում է որոշման ի կատար ածումը սառեցնել մինչև իր դիմումի վերաբերյալ որոշման կայացումը, ապա կատարումը պայմանականորեն սառեցվում է մինչև այդ դիմումի վերաբերյալ Տրիբունալի որոշման կայացումը:
Հ ո դ վ ա ծ 52
1) Կողմերից յուրաքանչյուրը կարող է գրավոր դիմում ներկայացնել Գլխավոր քարտուղարին` պահանջելով չեղյալ հայտարարել որոշումը հետևյալ հիմքերից մեկով կամ մի քանիսով.
ա) եթե Տրիբունալը պատշաճ կերպով չի կազմավորվել,
բ) եթե Տրիբունալն ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունների շրջանակը,
գ) եթե Տրիբունալի որևէ անդամի կողմից եղել է կոռուպցիայի դրսևորում,
դ) եթե վարութային հիմնարար կանոնից լուրջ շեղում է տեղի ունեցել, կամ
ե) եթե որոշման մեջ չեն նշվել դրա հիմքում դրված պատճառները:
2) Դիմումը պետք է ներկայացվի որոշման կայացման օրվանից հետո 120 օրվա ընթացքում` բացառությամբ, երբ չեղյալ հայտարարումը պահանջվում է կոռուպցիայի հիման վրա, երբ դիմումը ներկայացվում է կոռուպցիայի հայտնաբերումից հետո 120 օրվա ընթացքում և, ցանկացած պարագայում, որոշման կայացման օրվանից հետո երեք տարվա ընթացքում:
3) Դիմումը ստանալուն պես Նախագահը պարտավոր է Իրավարարների հանձնախմբի կազմից նշանակել երեք հոգանոց ժամանակավոր Հանձնաժողով: Հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չպետք է այն Տրիբունալի անդամ եղած լինի, որը կայացրել է տվյալ որոշումը, չպետք է ունենա նույն քաղաքացիությունը, ինչ Հանձնաժողովի որևէ այլ անդամ, չպետք է լինի վեճի մասնակից պետության քաղաքացի կամ վեճի մասնակից քաղաքացու պետության քաղաքացի, չպետք է Իրավարարների հանձնախմբում առաջադրված լինի այդ պետություններից որևէ մեկի կողմից և չպետք է նույն վեճով որպես հաշտեցնող հանդես եկած լինի: Հանձնաժողովն իրավասու է չեղյալ հայտարարելու որոշումը կամ դրա որևէ մասը 1-ին կետում թվարկված հիմքերից որևէ մեկով:
4) 41-45-րդ, 48-րդ, 49-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածների և 6-րդ ու 7-րդ գլուխների դրույթները Հանձնաժողովի վարույթների նկատմամբ կիրառվում են «mutatis mutandis» սկզբունքով:
5) Հանձնաժողովն իրավասու է, եթե գտնում է, որ հանգամանքներն այդպես են պահանջում, սառեցնել որոշման կատարումը մինչև դրա վերաբերյալ իր որոշման կայացումը: Եթե դիմող կողմը պահանջում է որոշման կատարումը սառեցնել մինչև իր դիմումի վերաբերյալ որոշման կայացումը, ապա կատարումը պայմանականորեն սառեցվում է մինչև այդ դիմումի վերաբերյալ Հանձնաժողովի որոշման կայացումը:
6) Եթե որոշումը չեղյալ է հայտարարվում, ապա վեճը, մյուս կողմի պահանջով, քննության է ներկայացվում նոր Տրիբունալի, որը կազմավորվում է սույն Գլխի 2-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
Բաժին 6
Որոշման ճանաչումը և կատարումը
Հ ո դ վ ա ծ 53
1) Որոշումը պարտադիր է կողմերի համար և չի կարող որևէ կերպ բողոքարկվել կամ իրավական այլ միջոցի ենթարկվել` բացառությամբ սույն Կոնվենցիայով նախատեսված դեպքերի: Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է ենթարկվել և առաջնորդվել որոշման դրույթներով` բացառությամբ սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթներով նախատեսված` կատարումը սառեցնելու պարագայի:
2) Սույն Բաժնի իմաստով «որոշում» հասկացությունը ներառում է նաև բոլոր որոշումները, որոնք, 50-րդ, 51-րդ և 52-րդ հոդվածների համաձայն, կայացվել են որոշման մեկնաբանման, վերանայման կամ չեղյալ հայտարարման կապակցությամբ:
Հ ո դ վ ա ծ 54
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավոր է ճանաչել սույն Կոնվենցիայի համաձայն կայացված որոշումը որպես պարտադիր և կատարել այդ որոշմամբ նախատեսված դրամանյութական պարտավորություններն իր տարածքներում այնպես, ինչպես կվարվեր տվյալ Պետության դատարանների վերջնական դատավճիռների պարագայում: Դաշնային սահմանադրություն ունեցող Պայմանավորվող պետությունը կարող է որոշումը կատարել իր դաշնային դատարաններում կամ դրանց միջոցով և կարող է սահմանել, որ այդ դատարանները պետք է տվյալ որոշմանը վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին դաշնության կազմի մեջ մտնող պետության դատարանների վերջնական դատավճիռների պարագայում:
2) Պայմանավորվող պետության տարածքներում որոշման ճանաչմանը կամ կատարմանը ձգտող կողմը պարտավոր է իրավասու դատարանին կամ տվյալ պետության կողմից այդ նպատակով լիազորված իրավասու այլ մարմիններին ներկայացնել Գլխավոր քարտուղարի կողմից հաստատված որոշման կրկնօրինակը: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավոր է Գլխավոր քարտուղարին ծանուցել այդ նպատակով իրավասու դատարանի կամ այլ իրավասու մարմնի լիազորման, ինչպես նաև լիազորման հետագա ցանկացած փոփոխության մասին:
3) Որոշման կատարումը կարգավորվում է այն պետության տարածքում դատավճիռների ի կատար ածման օրենքներով, որի տարածքներում փորձ է արվում հասնել այդ որոշման ի կատար ածմանը:
Հ ո դ վ ա ծ 55
54-րդ հոդվածի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես սահմանափակում որևէ Պայմանավորվող պետության տարածքում կատարումից տվյալ պետության կամ որևէ օտարերկրյա պետության անձեռնմխելիության վերաբերյալ գործող օրենքներից:
Գլուխ 5
Հաշտեցնողների և իրավարարների փոխարինումը և որակազրկումը
Հ ո դ վ ա ծ 56
1) Հանձնաժողովի կամ Տրիբունալի կազմավորումից և վարույթի սկսվելուց հետո դրա կազմը մնում է անփոփոխ` պայմանով, սակայն, որ եթե հաշտեցնողը կամ իրավարարը մահանում է, անաշխատունակ դառնում կամ հրաժարական տալիս, ապա առաջացող թափուր տեղը լրացվում է 3-րդ գլխի 2-րդ բաժնի դրույթների կամ 4-րդ գլխի 2-րդ բաժնի դրույթների համաձայն:
2) Հանձնաժողովի կամ Տրիբունալի անդամը շարունակում է ծառայել այդ պաշտոնում` անկախ Հանձնախմբում իր անդամության դադարեցման հանգամանքից:
3) Եթե կողմի նշանակած հաշտեցնողը կամ իրավարարը հրաժարական է տալիս առանց այն Հանձնաժողովի կամ Տրիբունալի համաձայնության, որի անդամ է եղել ինքը, ապա Նախագահն առաջացող թափուր տեղը լրացնելու համար նշանակում է համապատասխան Հանձնախմբի որևէ անդամի:
Հ ո դ վ ա ծ 57
Կողմն իրավասու է Հանձնաժողովին կամ Տրիբունալին առաջարկել իր անդամներից որևէ մեկին որակազրկել ցանկացած այնպիսի փաստի հիման վրա, որը վկայում է 14-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվող որակների ակնհայտ բացակայության մասին: Արբիտրաժային վարույթի մասնակիցը կարող է, բացի այդ, առաջարկել իրավարարի որակազրկում այն հիմքով, որ նա, 4-րդ գլխի 2-րդ բաժնի համաձայն, Տրիբունալի կազմում նշանակվելու համար իրավասու չի եղել:
Հ ո դ վ ա ծ 58
Հաշտեցնողին կամ իրավարարին որակազրկելու ցանկացած առաջարկի վերաբերյալ որոշումը կայացվում է համապատասխան Հանձնաժողովի կամ Տրիբունալի մյուս անդամների կողմից` պայմանով, սակայն, որ այն դեպքում, երբ այդ անդամների ձայները հավասար են բաժանվում, կամ երբ առաջարկվել է որակազրկել միանձնյա հաշտեցնողի կամ իրավարարի, կամ երբ առաջարկվել է որակազրկել հաշտեցնողների կամ իրավարարների մեծամասնությանը, այդ որոշումը կայացնում է Նախագահը: Եթե որոշվում է, որ առաջարկը հիմնավորված է, ապա այն հաշտեցնողը կամ իրավարարը, որին վերաբերում է որոշումը, փոխարինվում է 3-րդ գլխի 2-րդ բաժնի դրույթների կամ 4-րդ գլխի 2-րդ բաժնի դրույթների համաձայն:
Գլուխ 6
Վարույթների ծախսերը
Հ ո դ վ ա ծ 59
Կենտրոնի հարմարություններից օգտվելու դիմաց կողմերի վճարման ենթակա գումարները սահմանվում են Գլխավոր քարտուղարի կողմից` Վարչական խորհրդի ընդունած կանոնակարգերի համաձայն:
Հ ո դ վ ա ծ 60
1) Յուրաքանչյուր Հանձնաժողով և յուրաքանչյուր Տրիբունալ սահմանում է իր անդամների վճարները և ծախսերը Վարչական խորհրդի կողմից պարբերաբար ամրագրվող սահմանաչափերի շրջանակում և Գլխավոր քարտուղարի հետ խորհրդակցելուց հետո:
2) Սույն հոդվածի 1-ին կետի որևէ դրույթ չի կարող կողմերին արգելել, որ նրանք համապատասխան Հանձնաժողովի կամ Տրիբունալի հետ նրանց անդամների վճարները և ծախսերը համաձայնեցնեն նախապես:
Հ ո դ վ ա ծ 61
1) Հաշտեցման վարույթների դեպքում Հանձնաժողովի անդամների վճարները և ծախսերը, ինչպես նաև Կենտրոնի հարմարությունների օգտագործման վճարները կողմերը կրում են հավասարապես: Յուրաքանչյուր կողմ ինքն է կրում վարույթի առնչությամբ իր մոտ առաջացող բոլոր այլ ծախսերը:
2) Արբիտրաժային վարույթների դեպքում Տրիբունալը պարտավոր է, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել, հաշվարկել վարույթների առնչությամբ կողմերի կրած ծախսերը և սահմանել, թե ինչպես և ում կողմից են ֆինանսավորվելու այդ ծախսերը, Տրիբունալի անդամների վճարները և ծախսերը, ինչպես նաև Կենտրոնի հարմարությունների օգտագործման վճարները: Այդ որոշումը կազմում է հիմնական որոշման անբաժանելի մասը:
Գլուխ 7
Վարույթների վայրը
Հ ո դ վ ա ծ 62
Հաշտեցման և արբիտրաժային դատավարություններն անցկացվում են Կենտրոնի նստավայրում` բացառությամբ ստորև նախատեսված դեպքերի:
Հ ո դ վ ա ծ 63
Հաշտեցման և արբիտրաժային դատավարությունները կարող են կողմերի համաձայնության պարագայում անցկացվել.
ա) Արբիտրաժի մշտական դատարանի կամ համապատասխան ցանկացած այլ` հանրային կամ մասնավոր կառույցի նստավայրում, որի հետ Կենտրոնն այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերում, կամ
բ) Գլխավոր քարտուղարի հետ խորհրդակցելուց հետո` Հանձնաժողովի կամ Տրիբունալի կողմից հաստատված ցանկացած այլ վայրում:
Գլուխ 8
Վեճերը Պայմանավորվող պետությունների միջև
Հ ո դ վ ա ծ 64
Պայմանավորվող պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ծագող ցանկացած վեճ, որը չի կարգավորվում բանակցությունների միջոցով, կարգավորման համար ներկայացվում է Արդարադատության միջազգային դատարան` վեճի մասնակից կողմերից որևէ մեկի հայցադիմումով, բացառությամբ, եթե վեճի մասնակից պետությունները համաձայնության են գալիս կարգավորման մեկ այլ մեթոդի շուրջ:
Գլուխ 9
Փոփոխումը
Հ ո դ վ ա ծ 65
Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրն իրավասու է սույն Կոնվենցիայում փոփոխություններ առաջարկել: Առաջարկվող փոփոխության տեքստը տրամադրվում է Գլխավոր քարտուղարին Վարչական խորհրդի` տվյալ փոփոխությունը քննարկող նիստից առնվազն 90 օր առաջ, որից հետո
Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է Վարչական խորհրդի բոլոր անդամներին:
Հ ո դ վ ա ծ 66
1) Վարչական խորհրդի անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ որոշվելու դեպքում առաջարկվող փոփոխությունը կարող է բոլոր Պայմանավորվող պետությունների միջև շրջանառության դրվել վավերացման, ընդունման կամ հաստատման նպատակով: Յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում այն օրվանից 30 օր անց, երբ սույն Կոնվենցիայի ավանդապահը Պայմանավորվող պետություններին ուղարկում է ծանուցում այն մասին, որ բոլոր Պայմանավորվող պետությունները վավերացրել, ընդունել կամ հաստատել են տվյալ փոփոխությունը:
2) Որևէ փոփոխություն չի անդրադառնում սույն Կոնվենցիայի շրջանակներում Պայմանավորվող պետությունների կամ նրանց ստորաբաժանումների կամ գործակալությունների կամ քաղաքացիների այն իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք ծագել են նախքան փոփոխության ուժի մեջ մտնելը` Կենտրոնի` ընդդատությանը տված համաձայնության ուժով:
Գլուխ 10
Եզրափակիչ դրույթներ
Հ ո դ վ ա ծ 67
Սույն Կոնվենցիան բաց է Բանկի անդամ պետությունների ստորագրության համար: Այն նաև բաց է ստորագրության ցանկացած այլ պետության համար, որը Արդարադատության միջազգային դատարանի ստատուտի մասնակից է, և որին Վարչական խորհուրդն իր անդամների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ հրավիրում է` ստորագրելու Կոնվենցիան:
Հ ո դ վ ա ծ 68
1) Սույն Կոնվենցիան ենթակա է ստորագրող Պետությունների կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման` նրանց համապատասխան սահմանադրական ընթացակարգերի համաձայն:
2) Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման քսաներորդ ակտի հանձնման օրվանից 30 օր անց: Բոլոր այն պետությունների նկատմամբ, որոնք հետագայում ներկայացնում են իրենց վավերացման, ընդունման կամ հաստատման ակտը, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տվյալ ակտի ներկայացումից 30 օր անց:
Հ ո դ վ ա ծ 69
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավոր է ձեռնարկել այն օրենսդրական կամ այլ միջոցները, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի դրույթներն իր տարածքներում արդյունավետորեն գործող դարձնելու համար:
Հ ո դ վ ա ծ 70
Սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Պայմանավորվող պետություններից որևէ մեկը` բացառությամբ այն տարածքների, որոնք դուրս են թողնվել տվյալ Պետության կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման ժամանակ կամ հետագայում` սույն Կոնվենցիայի ավանդապահին տրված ծանուցագրով:
Հ ո դ վ ա ծ 71
Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է իր մասով չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` գրավոր այդ մասին ծանուցելով սույն Կոնվենցիայի ավանդապահին: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցագրի ստացումից վեց ամիս անց:
Հ ո դ վ ա ծ 72
70-րդ կամ 71-րդ հոդվածների համաձայն` Պայմանավորվող պետության տված ծանուցագիրը չի ազդում տվյալ Պետության կամ նրա ստորաբաժանումների կամ գործակալությունների կամ քաղաքացիների` սույն Կոնվենցիայով նախատեսված այն իրավունքների կամ պարտավորությունների վրա, որոնք ծագել են նախքան ավանդապահի կողմից այդ ծանուցագրի ստացումը` նրանցից որևէ մեկի կողմից Կենտրոնի ընդդատությանը տված համաձայնության ուժով:
Հ ո դ վ ա ծ 73
Սույն Կոնվենցիայի և նրա փոփոխությունների վավերացման, ընդունման կամ հաստատման ակտերը հանձնվում են Բանկին, որը հանդես է գալիս որպես սույն Կոնվենցիայի ավանդապահ: Ավանդապահը պարտավոր է սույն Կոնվենցիայի հաստատված օրինակներն ուղարկել Բանկի անդամ պետություններին և Կոնվենցիան ստորագրելու հրավեր ստացած բոլոր մյուս պետություններին:
Հ ո դ վ ա ծ 74
Ավանդապահը պարտավոր է սույն Կոնվենցիան գրանցել Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածով և Գլխավոր ասամբլեայի կողմից դրա համաձայն ընդունված Կանոնակարգերով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 75
Ավանդապահը պարտավոր է բոլոր ստորագրող Պետություններին ծանուցել հետևյալի մասին.
ա) 67-րդ հոդվածի համաձայն արված ստորագրությունների մասին,
բ) 73-րդ հոդվածի համաձայն` վավերացման, ընդունման կամ հաստատման ակտերի հանձնման մասին,
գ) 68-րդ հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
դ) 70-րդ հոդվածի համաձայն` տարածքային կիրառությունից բացառությունների մասին,
ե) 66-րդ հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին, և
զ) 71-րդ հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի չեղյալ հայտարարումների մասին:
Կատարված է Վաշինգտոն քաղաքում` մեկ օրինակով. անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն, ընդ որում` բոլոր երեք տեքստերը հավասարազոր են, որոնք ի պահ են մնում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի արխիվներում, որը ստորև դրվող իր ստորագրությամբ հավաստում է, որ համաձայն է կատարելու սույն Կոնվենցիայի համաձայն իր վրա դրված գործառույթները:
*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հոկտեմբերի 16-ից: