Գլխավոր տեղեկություն
Համար
N 633-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2004-03.10.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.26/28(327) Հոդ.671
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2004 թվականի N 633-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին՝ երկամսյա ժամկետում մշակել և պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին ու կազմակերպություններին տրամադրել քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը:

3. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ քաղաքացիական պաշտպանության պլանների օրինակելի ձևերն ստանալուց հետո եռամսյա ժամկետում ավարտել պլանների մշակումն ու հաստատումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 5
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ
 կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 633-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:

2. Քաղաքացիական պաշտպանության պլանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը կանոնակարգող փաստաթղթերի փաթեթ է՝ բնակչությանն ու նյութական արժեքները պաշտպանելու համար:

3. Քաղաքացիական պաշտպանության պլանները դասակարգվում են`

ա) հանրապետականի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պլան.

բ) կառավարման հանրապետական մարմինների` պետական կառավարման հանրապետական մարմնի քաղաքացիական պաշտպանության պլան.

գ) մարզայինի (Երևան քաղաքի)` մարզի (Երևան քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլան.

դ) համայնքայինի` համայնքի (Երևանի թաղային համայնքի) քաղաքացիական պաշտպանության պլան.

ե) կազմակերպության` կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան.

զ) քաղաքացիական պաշտպանության ծառայության` քաղաքացիական պաշտպանության ծառայության պլան:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

4. Քաղաքացիական պաշտպանության պլանները մշակում են՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պլանը՝ քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին).

բ) պետական կառավարման հանրապետական մարմինների քաղաքացիական պաշտպանության պլանները՝ համապատասխան մարմինների քաղաքացիական պաշտպանության շտաբները.

գ) մարզային (Երևան քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլանները՝ լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումները.

դ) համայնքային քաղաքացիական պաշտպանության պլանները՝ համապատասխան համայնքի քաղաքացիական պաշտպանության շտաբը.

ե) կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանները՝ համապատասխան կազմակերպության քաղաքացիական պաշտպանության շտաբը:

Կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանները մշակվում են պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որտեղ աշխատողների թիվը կազմում է 100 և ավելի մարդ: Մինչև 100 աշխատող ունեցող կազմակերպություններում կազմվում է գործողությունների պլան-ժամանակացույց.

զ) քաղաքացիական պաշտպանության ծառայության պլանը՝ համապատասխան քաղաքացիական պաշտպանության ծառայության շտաբը:

5. Քաղաքացիական պաշտպանության պլանները համաձայնեցվում են՝

ա) հանրապետական քաղաքացիական պաշտպանության պլանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ.

բ) պետական կառավարման հանրապետական մարմինների քաղաքացիական պաշտպանության պլանները՝ լիազորված մարմնի հետ.

գ) մարզային (Երևան քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլանները՝ տվյալ տարածքի զինվորական կայազորի պետի և լիազորված մարմնի հետ.

դ) Երևանի թաղային համայնքների քաղաքացիական պաշտպանության պլանները՝ լիազորված մարմնի Երևան քաղաքի ստորաբաժանման հետ.

ե) համայնքային քաղաքացիական պաշտպանության պլանները՝ լիազորված մարմնի մարզային ստորաբաժանումների հետ.

զ) կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանները՝ համապատասխան համայնքի քաղաքացիական պաշտպանության պետի հետ:

Եթե կազմակերպությունը գտնվում է որևէ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության ենթակայության տակ, ապա նաև՝ տվյալ (վերադաս) մարմնի, կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետի հետ.

է) քաղաքացիական պաշտպանության ծառայության պլանը՝

հանրապետական ծառայության պլանը՝ համապատասխան ծառայություն ստեղծող պետական կառավարման հանրապետական մարմնի քաղաքացիական պաշտպանության շտաբի և լիազորված մարմնի հետ,

մարզային ծառայության պլանը՝ լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանման և հանրապետական համապատասխան ծառայության պետի հետ,

համայնքային ծառայության պլանը՝ տվյալ համայնքի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի և մարզային համապատասխան ծառայության պետի հետ,

օբյեկտային ծառայության պլանը՝ տվյալ կազմակերպության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի և համայնքի համապատասխան ծառայության պետի հետ:

6. Քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և մշակված պլանը համաձայնեցնելուց հետո հաստատում է համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետը:

7. Քաղաքացիական պաշտպանության պլանները ճշտվում են յուրաքանչյուր տարի՝ հունվարի 1-ի դրությամբ:

8. Քաղաքացիական պաշտպանության գործողությունների պլան-ժամանակացույցի կազմումը, համաձայնեցումը և հաստատումն իրականացվում են քաղաքացիական պաշտպանության պլանների համար սահմանված կարգով:

9. Քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը և մշակման չափանիշները սահմանում է լիազորված մարմնի ղեկավարը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 633-Ն
15.09.2011, N 1321-Ն 29.09.2011, N 633-Ն
26.08.2010, N 1187-Ն 03.10.2010, N 633-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան