«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2004 թվականի N 1695-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» N 1048-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում է օրենքներով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման գործընթացը».
բ) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Թեստերի մասով սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, նշած պատասխանը փոփոխելը (ուղղելը), ինչպես նաև որևէ պատասխան չնշելը».
գ) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում որակավորված հաշվապահը կարող է դրա մասին տալ հայտարարություն` զանգվածային լրատվության միջոցով, և կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմել հանձնաժողովին: Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, վկայականի կրկնօրինակն ստանալու նպատակով, որակավորված հաշվապահը դիմումի հետ միասին հանձնաժողովին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը: Կորցրած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն որակավորված հաշվապահին է տրվում «Կրկնօրինակ» նշագրմամբ նոր վկայական` սույն կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո հնգօրյա ժամկետում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 11 |