«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2004 թվականի N 669-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով նախատեսված լիազորված մարմնի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
ա) եռամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, հաստատել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների գները.
բ) վեցամսյա ժամկետում կատարել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա տեղեկատվական նյութերի գույքագրում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է պետական միջոցների և ընդերքօգտագործողների ներդրումների հաշվին ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկատվության պահպանությունը:
2. Լիազորված մարմին ներկայացվելու և մշտական պահպանման ենթակա են հետևյալ փաստաթղթերը`
ա) ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ կատարող իրավաբանական և ֆիզիկական անձանց երկրաբանական հաշվետվությունները,
բ) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվությանը վերաբերող առաջնային փաստաթղթերը,
գ) օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննության եզրակացությունները,
դ) ընդերքօգտագործողների կողմից երկրաբանական հանույթի (քարտեզագրման) նյութերը և դրանց բացատրագրերը, որոնք լիազորված մարմին են ներկայացվում 2 օրինակից:
3. Լեռնային ապարների նմուշները, հորատահանուկը (կեռնը) պահպանվում են ընդերքօգտագործողի կողմից:
4. Լիազորված մարմինը հանձնվող երկրաբանական հաշվետվությունների համար տալիս է դրանց ընդունման մասին տեղեկանք:
5. Ընդերքօգտագործողների կողմից լիազորված մարմին պահպանման համար ներկայացվում են երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին հաշվետվությունների` համակարգչային ձևավորմամբ կազմված 2 օրինակը և դրանց մագնիսական կրիչները:
6. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին հաշվետվության հետ միաժամանակ լիազորված մարմին են ներկայացվում օգտակար հանածոների հանքավայրերի կադաստրի, անձնագրի հաշվառման, ստորերկրյա ջրերի կադաստրի, ինչպես նաև երկրաբանական հանույթի, ուսումնասիրվածության հաշվառման և տեղեկատվական քարտերը, որոնց ձևերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:
7. Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվական նյութերը պահվում են այդ նպատակի համար հարմարեցված գրապահոցներում:
8. Գրապահոցներում պետք է պահպանվի օդի ջերմաստիճանի և խոնավության հետևյալ ռեժիմը`
օդի թույլատրելի ջերմաստիճանը` (+16)-(+18)0C` ±-20C շեղումով,
օդի հարաբերական խոնավությունը` 60-62 տոկոս` ±-50C շեղումով:
Գրապահոցի յուրաքանչյուր սենյակում օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության չափման համար պետք է տեղադրված լինեն ջերմաչափ և խոնավաչափ, որոնց ցուցմունքները յուրաքանչյուր օր գրի են առնվում մատյանում:
9. Գրապահոցներում պետք է ապահովվի օդափոխությունը: Այնտեղ, որտեղ օդափոխությունը կատարվում է պատուհանների կամ օդանցքների միջոցով, պետք է վերջիններս ծածկվեն թանզիֆով կամ մանրանցք ցանցիկներով: Փոշոտված ֆոնդային նյութերը պետք է մաքրել փոշեծծիչով:
Ֆոնդային նյութերում բորբոսի հայտնաբերման դեպքում պետք է նյութերը չորացնել և մշակել ֆորմալինի 2 տոկոսանոց լուծույթով:
10. Պահպանության ենթակա մաշված և հնացած նյութերը պետք է վերականգնել: Չի թույլատրվում վերականգնման ենթակա նյութերից օգտվել` մինչև դրանց վերականգնումը:
11. Գրապահոցներում նյութերը պահպանվում են դարակների (ստելաժներ) վրա, ստանդարտ թղթապանակների մեջ: Դարակները պետք է գտնվեն պատից 0.7 մետր հեռավորության վրա, իսկ ներքևի դարակները` հատակից 0.15 մետր բարձրության վրա: Դարակների միջև եղած հեռավորությունը պետք է 0.7 մետրից ոչ պակաս լինի, իսկ անցումների լայնությունը` 1.0 մետրից:
12. Պահպանման համար հատկացված գրապահոցները պետք է համապատասխանեն հակահրդեհային անվտանգության պահանջներին և ունենան`
վստահելի փականներ ունեցող մետաղյա կամ փայտյա ամուր դռներ,
պատուհաններից կողմնակի անձանց հնարավոր ներթափանցումը կանխելու համար պետք է դրանք պատել մետաղյա պաշտպանիչ ցանցով,
մուտքի դռների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատուհանների ուղեկապում պետք է տեղադրված լինեն պահպանական ազդանշանակրեր:
13. Պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները պահպանվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
14. Ընդերքօգտագործողների կողմից լիազորված մարմին պահպանման ներկայացված ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվական նյութերի գույքագրումը կատարվում է ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |