ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱՇՏԻ և/ԿԱՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ԱՖՐԻԿԱՅՈՒՄ
Սույն Կոնվենցիայի Կողմերը,
հաստատելով, որ ազդեցության ենթարկված կամ վտանգված տարածքներում բնակվող մարդիկ առավելագույն ուշադրության են արժանանում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործունեության շրջանակներում,
արտացոլելով միջազգային հանրության, այդ թվում պետությունների և միջազգային կազմակերպությունների անհանգստությունը անապատացման և երաշտի բացասական հետևանքների կապակցությամբ,
գիտակցելով, որ չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջանների ամբողջությունը զբաղեցնում է Երկիր մոլորակի ցամաքի զգալի մասը և դրա բնակչության լայն զանգվածի համար բնակության միջավայր և գոյության միջոցների աղբյուր է հանդիսանում,
ընդունելով, որ անապատացումն ու երաշտը հանդիսանում են գլոբալ նշանակության հիմնախնդիրներ, քանի որ դրանց ազդեցությունը տարածվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններով մեկ, և որ անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման համար անհրաժեշտ են միջազգային հանրության համատեղ ջանքերը,
նշելով, որ զարգացող երկրների, հատկապես նվազագույն չափով զարգացած երկրների թվում մեծ է ծանր երաշտի և/կամ անապատացման ենթարկվող երկրների բաժնեմասը, և որ նշված երևույթների ողբերգական հետևանքները հատկապես ակներև են Աֆրիկայում,
նշելով նաև, որ անապատացումն առաջանում է ֆիզիկական, կենսաբանական, քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական գործոնների բարդ փոխգործակցության արդյունքում,
նկատի առնելով առևտրի և միջազգային տնտեսական հարաբերությունների այլ ասպեկտների ներգործությունը ազդեցության ենթարկված երկրների անապատացման դեմ պայքարելու կարողությունների վրա,
գիտակցելով, որ կայուն տնտեսական աճը, սոցիալական ոլորտի զարգացումը և աղքատության վերացումն առաջնակարգ խնդիրներ են և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ պայմաններ են հանդիսանում ազդեցության ենթարկված երկրների համար, հատկապես` Աֆրիկայում,
նկատի առնելով, որ անապատացումը և երաշտը անբարենպաստ ազդեցություն են գործում կայուն զարգացման վրա` առաջիններիս այնպիսի կարևոր գործոնների հետ փոխկապակցվածության պատճառով, ինչպիսիք են աղքատությունը,
բարձր գնահատելով պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ոլորտում անցյալում գործադրված ջանքերն ու փորձը, մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության երաշտի դեմ պայքարի միջոցառումների պլանի իրագործումը, որն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության անապատացման դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովի կողմից 1977 թվականին,
գիտակցելով, որ, չնայած անցյալում գործադրված ջանքերին, առաջընթացն անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործում չարդարացրեց սպասումները և որ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար նոր և ավելի արդյունավետ մոտեցումներ են պահանջվում բոլոր մակարդակների վրա,
ճանաչելով Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովի կողմից ընդունված որոշումների գործունեությունն ու այժմեականությունը, մասնավորապես` 21-րդ օրակարգի և դրա 12-րդ գլխի, որոնցով և նախատեսվում են անապատացման դեմ պայքարի հիմքերը,
վերահաստատելով այդ կապակցությամբ 21-րդ օրակարգի 33-րդ գլխի 13-րդ կետով նախատեսված զարգացած պետությունների պարտավորությունները,
վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 47/188 որոշումը, մասնավորապես` այն նշանակությունը, որը դրանում տրվում է Աֆրիկային, անապատացման և երաշտի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության այլ որոշումներն ու ծրագրերը, ինչպես նաև աֆրիկյան պետությունների և այլ տարածաշրջանների համապատասխան հայտարարությունները,
վերահաստատելով շրջակա միջավայրի և զարգացման Ռիո դե Ժանեյրոյի հռչակագիրը, որի 2-րդ սկզբունքով նախատեսվում է, որ պետությունները` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինքնիշխան իրավունք ունեն շահագործելու սեփական ռեսուրսները շրջակա միջավայրի և զարգացման ոլորտում իրենց քաղաքականությանը համապատասխան և պարտավորվում են ապահովել, որ իրենց իրավազորության կամ վերահսկողության ներքո` իրենց ազգային իրավազորությունից դուրս գտնվող տարածքներում իրականացվող գործունեությունը վնաս չպատճառի այլ պետությունների շրջակա միջավայրին,
գիտակցելով, որ ազգային կառավարությունները վճռական դեր են կատարում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործում, և որ առաջընթացն այդ ոլորտում կախված է ազդեցության ենթարկված շրջաններում համապատասխան միջոցառումների ծրագրերի իրագործումից,
գիտակցելով նաև անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ոլորտում միջազգային համագործակցության և ընկերակցության նշանակությունն ու անհրաժեշտությունը,
գիտակցելով նաև ազդեցության ենթարկված զարգացող պետություններին, հատկապես` աֆրիկյան պետություններին արդյունավետ միջոցների, մասնավորապես` էական ֆինանսական միջոցների տրամադրման նշանակությունը` ներառյալ ֆինանսավորման նոր և լրացուցիչ աղբյուրների հայթայթման նշանակությունը, և տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորության կարևորությունը, առանց ինչի այդ պետությունները կդժվարանան լիարժեքորեն կատարել սույն Կոնվենցիային համապատասխան իրենց կողմից ստանձնած պարտավորությունները,
անհանգստություն արտահայտելով Կենտրոնական Ասիայի և անդրկովկասյան երկրների վրա անապատացման և երաշտի ազդեցության կապակցությամբ,
շեշտելով այն կարևոր դերը, որը կատարում են կանայք անապատացման և/կամ երաշտից տուժած տարածաշրջաններում, հատկապես` զարգացող երկրների գյուղական շրջաններում, և անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ծրագրերում բոլոր մակարդակների վրա ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը,
շեշտելով հասարակական կազմակերպությունների և այլ խոշոր խմբերի հատուկ դերը անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ծրագրերում,
նկատի առնելով փոխկապակցվածությունը անապատացման և այլ էկոլոգիական հիմնախնդիրների միջև, որոնց դեմ են առնում միջազգային և ազգային համայնքները,
նկատի առնելով նաև այն ներդրումը, որն անապատացման դեմ պայքարը կարող է կատարել Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի և շրջակա միջավայրի պահպանության մասին այլ կոնվենցիաների իրագործման մեջ,
համարելով, որ անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ռազմավարությունները ավելի արդյունավետ կլինեն, եթե հիմնված լինեն պատշաճ համակարգված դիտարկումների և ճշգրիտ գիտական գիտելիքների վրա և պարբերաբար վերագնահատվեն,
գիտակցելով ազգային նախագծերի և առաջնայնությունների իրագործմանը նպաստելու նպատակով միջազգային համագործակցության և ընկերակցության արդյունավետության բարձրացման և համադրման բարելավման հրատապ կարիք,
վճռական լինելով համապատասխան միջոցներ ձեռնարկել անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ուղղությամբ` ի շահ ներկա և ապագա սերունդների,
համաձայնեցին հետևյալի մասին.
Մաս 1
Ներածություն
Հոդված 1
Տերմինների օգտագործում
1. Սույն Կոնվենցիայի իմաստով.
ա/ «անապատացում»-ը չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններում մի շարք գործոնների ազդեցության, այդ թվում` կլիմային փոփոխության և մարդու գործունեության արդյունքում տեղի ունեցող հողերի քայքայումն է,
բ/ «անապատացման դեմ պայքար»-ն իր մեջ ներառում է միջոցառումներ, որոնք կայուն զարգացման ապահովման նպատակով իրականացվող` չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջանների հողային պաշարների համալիր զարգացման ծրագրի մասն են հանդիսանում և ուղղված են.
i) հողերի քայքայման կանխմանը և/կամ ծավալների սահմանափակմանը,
ii) մասնակիորեն քայքայված հողերի վերականգնմանը, և
iii) անապատացումից տուժած հողերի վերականգնմանը,
գ/ «երաշտ»-ը բնական երևույթ է, որն առաջանում է այն ժամանակ, երբ տեղումների քանակը զգալիորեն ցածր է նորմալ ֆիքսված մակարդակներից, ինչը հարուցում է ջրաբանական հավասարակշռության լուրջ խախտումներ, որոնք անբարենպաստ ազդեցություն են գործում հողային ռեսուրսների արգասավորության վրա,
դ/ «երաշտի հետևանքների նվազեցում»-ն այն միջոցառումների համալիրն է, որը կապված է երաշտի կանխատեսման հետ և ուղղված է երաշտի նկատմամբ հանրության և շրջակա միջավայրի խոցելիության նվազեցմանը, քանի որ դա մտնում է անապատացման հետ պայքարի շրջանակների մեջ,
ե/ «հող»-ը երկրային կենսաարտադրական համակարգ է, որն իր մեջ է ներառում բնահողը, ջուրը, բուսականությունը, այլ բիոզանգվածը, ինչպես նաև այդ համակարգի ներսում տեղի ունեցող էկոլոգիական և ջրաբանական գործընթացները,
զ/ «հողերի քայքայում»-ը չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններում անջրդի վարելահողերի, ոռոգվող վարելահողերի, արոտների, անտառների և անտառուտների կենսաբանական և տնտեսական արգասավորության նվազեցումն է կամ կորուստը, որն առաջանում է հողօգտագործման կամ մեկ կամ մի շարք գործընթացների, այդ թվում` մարդու գործունեության և տարաբնակեցման մոդելների հետ կապված այնպիսի գործընթացների ազդեցության արդյունքում, ինչպիսիք են.
i) բնահողերի հողմային և/կամ ջրային էրոզիա,
ii) բնահողերի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կամ տնտեսական հատկությունների վատթարացում,
iii) բնական բուսական ծածկույթի երկարաժամկետ անհայտացում,
է/ «չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններ»-ը այն շրջաններն են` բացառությամբ բևեռային և բևեռաշրջանամերձ շրջանների, որտեղ տեղումների միջին տարեկան մակարդակի և ընդհանուր պոտենցիալ գոլորշիացման հարաբերակցությունը տատանվում է 0,05-ից մինչև 0,65,
ը/ «ազդեցության ենթարկված շրջաններ»-ը չորային, կիսաչորային և/կամ չոր ենթախոնավ շրջաններն են, որոնք ենթարկվել են անապատացման կամ որոնց սպառնում է անապատացման վտանգ,
թ/ «ազդեցության ենթարկված երկրներ»-ը այն երկրներն են, որոնց ցամաքային մակերեսն ընդգրկում է ամբողջությամբ կամ մասնակիորեն ազդեցության ենթարկված շրջաններ,
ժ/ «տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն»-ը տվյալ տարածաշրջանի ինքնիշխան պետությունների նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպություն է, որի իրավազորություններն ընդգրկում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերը, և որը պատշաճ կերպով լիազորված է իր ներքին ընթացակարգերին համապատասխան ստորագրել, վավերացնել, ընդունել, հաստատել սույն Կոնվենցիան կամ միանալ դրան,
ժա/ «Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններ»-ը սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններն են և դրանց կողմից ստեղծված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն են:
Հոդված 2
Նպատակը
1. Սույն Կոնվենցիայի նպատակը անապատացման դեմ պայքարն է ու երաշտի հետևանքների նվազեցումն այն երկրներում, որոնք ենթարկվում են լուրջ երաշտի և/կամ անապատացման, հատկապես` Աֆրիկայում` բոլոր մակարդակների վրա արդյունավետ քայլեր ձեռնարկելու միջոցով և 21-րդ օրակարգին համապատասխանող և ազդեցության ենթարկված շրջաններում կայուն զարգացման ապահովմանն ուղղված համալիր մոտեցման շրջանակներում ծավալվող միջազգային համագործակցության և ընկերակցության մասին համաձայնագրերի միջոցով:
2. Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ համալիր ռազմավարություն մշակել ազդեցության ենթարկված շրջանների համար, որն ուղղված կլինի հողերի արտադրողականության բարձրացմանը, հողային և ջրային ռեսուրսների վերականգնմանը, պահպանմանը, կայուն և ռացիոնալ շահագործմանը` ընդհանուր կենսամակարդակի բարձրացման նպատակով, հատկապես` համայնքների մակարդակի վրա:
Հոդված 3
Սկզբունքներ
Սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու և Կոնվենցիայի դրույթներն իրագործելու համար Կողմերը ղեկավարվում են, մասնավորապես, հետևյալ սկզբունքներով.
ա/ Կողմերն ապահովում են, որ անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման ծրագրերի մշակման և իրականացման հետ կապված որոշումներն ընդունվեն բնակչության և տեղական համայնքների մասնակցությամբ, և որ ավելի բարձր մակարդակների վրա բարենպաստ պայմաններ ստեղծվեն ազգային և տեղական մակարդակի վրա միջոցառումներ իրականացնելու համար,
բ/ Կողմերը, միջազգային համերաշխության և ընկերակցության ոգուն համապատասխան, զարգացնում և ընդլայնում են ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մակարդակների վրա ծավալվող համագործակցությունն ու համադրումը և ավելի արդյունավետ են կենտրոնացնում ֆինանսական, մարդկային, կազմակերպական և տեխնիկական ռեսուրսներն այնտեղ, որտեղ առկա է դրանց անհրաժեշտությունը,
գ/ Կողմերը, ընկերակցության ոգուն համապատասխան, զարգացնում են կառավարման բոլոր օղակների, միմյանց համայնքների, հասարակական կազմակերպությունների և հողատերերի միջև համագործակցությունը, որպեսզի ձեռք բերեն ազդեցության ենթարկված շրջանների հողերի ու փոքրաքանակ ջրային ռեսուրսների բնույթի և նշանակության ավելի խորը իմացություն և ապահովեն դրանց կայուն շահագործումը, և
դ/ Կողմերը լիարժեք կերպով հաշվի են առնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` առավել վատ զարգացած պետությունների հատուկ կարիքներն ու պայմանները:
Մաս 2
Ընդհանուր դրույթներ
Հոդված 4
Ընդհանուր պարտավորություններ
1. Կողմերը կատարում են սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները` անհատականորեն կամ համատեղ, գործող կամ ապագա երկկողմ և բազմակողմ պայմանավորվածությունների կամ դրանց համակցությունների շրջանակներում` կախված հանգամանքներից և հատուկ ուշադրություն դարձնելով բոլոր մակարդակների վրա երկարաժամկետ համաձայնեցված ռազմավարության մշակման համար ջանքերի համադրման անհրաժեշտության վրա:
2. Ձգտելով սույն Կոնվենցիայի նպատակների իրականացմանը, Կողմերը.
ա/ համալիր մոտեցում են ընդունում անապատացման և երաշտի ֆիզիկական, կենսաբանական և սոցիալ-տնտեսական ասպեկտների նկատմամբ,
բ/ համապատասխան միջազգային և տարածաշրջանային մարմինների շրջանակներում պատշաճ ուշադրություն են դարձնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների դրությանն այն ամենում, ինչ վերաբերում է միջազգային առևտրին, մարկետինգի և պարտքերի մասին համաձայնագրերին` կայուն զարգացման նպատակների իրագործմանը նպաստող բարենպաստ միջազգային տնտեսական մթնոլորտի ձևավորման նպատակով,
գ/ աղքատության արմատապես վերացմանն ուղղված ռազմավարություններն ինտեգրացվում են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ջանքերի մեջ,
դ/ նպաստում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների միջև համագործակցությանը շրջակա միջավայրի պաշտպանության և հողային ու ջրային ռեսուրսների պահպանության ոլորտներում, քանի որ այդ համագործակցությունը նպաստում է անապատացման և երաշտի դեմ պայքարին,
ե/ ամրապնդում են ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը,
զ/ համագործակցում են համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ,
է/ պատշաճ կերպով սահմանում են կազմակերպական մեխանիզմները` հաշվի առնելով կրկնօրինակություններից խուսափելու անհրաժեշտությունը,
ը/ նպաստում են գործող երկկողմ և բազմակողմ ֆինանսական մեխանիզմների ու պայմանավորվածությունների կիրառմանը, որոնք մոբիլիզացնում են խոշոր ֆինանսական միջոցներ և դրանք ուղղում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման միջոցառումների իրականացման համար:
3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունները իրավունք ունեն աջակցություն ստանալ Կոնվենցիայի իրագործման համար:
Հոդված 5
Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների պարտավորությունները
1. Ի թիվս 4-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները պարտավորվում են.
ա/ առաջնահերթ ուշադրություն դարձնել անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանը և անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնել` սեփական պայմաններին և հնարավորություններին համապատասխան,
բ/ ռազմավարական պլանների և կայուն զարգացման ռազմավարությունների շրջանակներում մշակել ռազմավարություններ և սահմանել առաջնայնություններ, ուղղված անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանը,
գ/ ուսումնասիրել անապատացման հիմքում ընկած պատճառների վերացման խնդիրները և հատուկ ուշադրություն հատկացնել անապատացման գործընթացների զարգացմանը նպաստող սոցիալ-տնտեսական գործոններին,
դ/ նպաստել տեղական բնակչության տեղեկացվածության ապահովմանը և, հասարակական կազմակերպությունների աջակցությամբ` այդ բնակչության, հատկապես` կանանց և երիտասարդության մասնակցությանը անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների վերացմանն ուղղված ջանքերին,
ե/ բարենպաստ մթնոլորտ ստեղծել համապատասխան գործող օրենսդրության պատշաճ հզորացման միջոցով, իսկ այդպիսի օրենսդրության բացակայության դեպքում` նոր օրենքների ընդունման, երկարաժամկետ քաղաքականության և միջոցառումների ծրագրերի մշակման միջոցով:
Հոդված 6
Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների պարտավորությունները
1. Ի թիվս 4-րդ հոդվածով նախատեսված իրենց ընդհանուր պարտավորությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները պարտավորվում են.
ա/ անհատականորեն կամ համատեղ, ըստ պայմանավորվածության, ակտիվ օժանդակություն ցուցաբերել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների և առավել թույլ զարգացած պետությունների անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված ջանքերին,
բ/ ապահովել էական ֆինանսական միջոցների և աջակցության այլ միջոցների հատկացումը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին, հատկապես` աֆրիկյան պետություններին օժանդակություն ցուցաբերելու նպատակով, արդյունավետ կերպով մշակել և իրագործել անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված սեփական երկարաժամկետ ծրագրերն ու ռազմավարությունները,
գ/ 20-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, նպաստել ֆինանսավորման նոր և լրացուցիչ աղբյուրների մոբիլիզացմանը,
դ/ խրախուսել ֆինանսական միջոցների մոբիլիզացումը մասնավոր հատվածից և այլ ոչ պետական աղբյուրներից, և
ե/ օժանդակել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների, հատկապես` Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների համապատասխան տեխնոլոգիաներից, գիտելիքներից և «նոու-հաուից» օգտվելու հնարավորություններին:
Հոդված 7
Աֆրիկան որպես առաջնահերթ ուշադրության առարկա
Սույն Կոնվենցիայի իրագործման ընթացքում Կողմերն առաջնահերթ ուշադրություն են նվիրում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին` այդ տարածաշրջանում ծագած ցանկացած իրավիճակի լույսի տակ, միաժամանակ չանտեսելով այլ տարածաշրջաններում գտնվող Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված այլ զարգացող պետությունները:
Հոդված 8
Այլ կոնվենցիաների հետ կապը
1. Կողմերը խրախուսում են սույն Կոնվենցիայի շրջանակներում, ինչպես նաև այլ համապատասխան միջազգային համաձայնագրերի, մասնավորապես` Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում իրականացվող գործունեությունը, եթե դրանք այդ կոնվենցիաների կողմեր են հանդիսանում` յուրաքանչյուր նշված համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեությունից առավելագույն օգուտներ քաղելու նպատակով` միաժամանակ խուսափելով ջանքերի կրկնօրինակումներից: Կողմերը խրախուսում են համատեղ ծրագրերի իրականացմանը, հատկապես` գիտական հետազոտությունների, կադրերի պատրաստման, համակարգված դիտարկումների և տեղեկատվության փոխանակման ոլորտներում` այնքանով, որքանով այդպիսի գործունեությունը կարող է նպաստել համապատասխան համաձայնագրերի նպատակների իրականացմանը:
2. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում ցանկացած Կողմի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանված են որևէ երկկողմ, տարածաշրջանային կամ գլոբալ համաձայնագրով, որը տվյալ Կողմը կնքել է մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:
Մաս 3
Միջոցառումների ծրագրեր, գիտական և տեխնիկական համագործակցություն և աջակցության ցուցաբերում
Բաժին 1
Միջոցառումների ծրագրեր
Հոդված 9
Բազային մոտեցում
1. Սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման ընթացքում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունները կամ ազդեցության ենթարկված ցանկացած այլ պետություն, որը, տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին իր հավելվածի շրջանակներում կամ որևէ այլ եղանակով, մշտական Քարտուղարությանը գրավոր կերպով ծանուցել է միջոցառումների ազգային ծրագիր պատրաստելու իր մտադրության մասին, պատշաճ կերպով մշակում, հրապարակում և իրագործում են միջոցառումների ազգային ծրագրեր, հիմնվելով, որքանով դա հնարավոր է, համապատասխան գործող և հաջողությամբ իրագործվող պլանների, ծրագրերի և ենթատարածաշրջանային ու տարածաշրջանային ծրագրերի վրա, որոնք անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ռազմավարության կենտրոնական տարրն են հանդիսանում: Այդ ծրագրերը թարմացվում են բնակչության մասնակցության շարունակական գործընթացի շրջանակներում` տեղերում իրագործման ժամանակ կուտակված փորձի և գիտական հետազոտությունների արդյունքների հիմքի վրա: Միջոցառումների ազգային ծրագրերի մշակման գործընթացը սերտորեն կապված է կայուն զարգացման ապահովման նպատակով ազգային քաղաքականության ձևակերպմանն ուղղված այլ ջանքերի հետ:
2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների կողմից 6-րդ հոդվածին համապատասխան տարբեր տեսակի աջակցության ցուցաբերման դեպքում առաջնակարգ է համարվում, ինչպես դա համաձայնեցվել է, աջակցությունը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերին, որը ցուցաբերվում է ուղղակիորեն, համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով կամ էլ այդ երկու ուղիներով միասին:
3. Կողմերը նպաստում են, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինները, հիմնադրամները և ծրագրերը, ինչպես նաև համագործակցելու կարողություններ ունեցող այլ միջազգային կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, գիտական շրջանակները և հասարակական կազմակերպություններն իրենց իրավասությունների և կարողությունների շրջանակներում օժանդակություն ցուցաբերեն միջոցառումների ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, ինչպես նաև դրանց հետ կապված հետագա միջոցառումների իրականացմանը:
Հոդված 10
Միջոցառումների ազգային ծրագրեր
1. Միջոցառումների ազգային ծրագրերի նպատակը անապատացմանը նպաստող գործոնների և անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման համար անհրաժեշտ գործնական միջոցների սահմանումն է:
2. Միջոցառումների ազգային ծրագրերին համապատասխան որոշվում են կառավարության, տեղական համայնքների և հողատերերի համապատասխան դերերը և սահմանվում են առկա և պահանջվող ռեսուրսները: Դրանք, մասնավորապես.
ա/ իրենց մեջ են ներառում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման երկարաժամկետ ռազմավարությունները, շեշտադրում են գործնական միջոցառումների կարևորությունը և կապակցվում են կայուն զարգացման ոլորտում ազգային քաղաքականության հետ,
բ/ թույլ են տալիս կատարել փոփոխություններ` ըստ փոփոխված հանգամանքների և պետք է բավականաչափ ճկուն լինեն տեղական մակարդակի վրա` սոցիալ-տնտեսական, կենսաբանական և երկրաֆիզիկական տարբեր պայմաններում որոշումներ ընդունելու համար,
գ/ հատուկ ուշադրություն են դարձնում դեգրադացիայի չենթարկված կամ միայն մասնակիորեն ենթարկված հողերի նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը,
դ/ նախատեսում են կլիմայական, օդերևութաբանական և ջրաբանական հետազոտությունների ազգային բազայի ամրապնդումը և երաշտի մասին վաղ ազդարարման համակարգի ստեղծման համար անհրաժեշտ կարողությունների ընդլայնումը,
ե/ նպաստում են ընկերակցության ոգուն համապատասխան համագործակցության և համադրման զարգացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը և կազմակերպական մեխանիզմների ամրապնդմանը դոնորների, կառավարական մարմինների, տեղական բնակչության և համայնքների միջև և միջոցներ են ձեռնարկում տեղական բնակչության տեղեկացվածության և համապատասխան տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունների ապահովման ուղղությամբ,
զ/ նախատեսում են տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակների վրա հասարակական կազմակերպությունների և տեղական բնակչության` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, հատկապես` ռեսուրսներն օգտագործողների, այդ թվում` հողագործների և անասնապահների և դրանց ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ մասնակցությունը քաղաքականության մշակմանը, որոշումների կայացմանը, միջոցառումների ազգային ծրագրերի իրականացմանն ու հետագա վերլուծությանը, և
է/ պահանջում են անցկացնել այդ աշխատանքների պարբերական դիտարկումներ և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել այդ աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ:
3. Միջոցառումների ազգային ծրագրերը կարող են, մասնավորապես, ներառել երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված հետևյալ միջոցները կամ դրանցից մի քանիսը.
ա/ վաղ ազդարարման համակարգերի ստեղծում և/կամ ամրապնդում` կախված հանգամանքներից, ներառյալ տեղական և ազգային միջոցները, ինչպես նաև ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա գործող համատեղ համակարգերը, էկոլոգիական նկատառումներով տեղահանված անձանց աջակցության ցուցաբերման մեխանիզմները,
բ/ երաշտին պատրաստվածության և երաշտի հետևանքների վերացման ներուժի հզորացում, ներառյալ տեղական, ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա երաշտի դեմ պայքարի արտակարգ ծրագրերը, որոնցում հաշվի են առնված ինչպես սեզոնային, այնպես էլ միջին տարեկան կլիմայական կանխատեսումները,
գ/ պարենային անվտանգության համակարգերի ստեղծում և/կամ ամրապնդում` կախված հանգամանքներից, ներառյալ պահպանման և իրացման միջոցները, հատկապես` գյուղական շրջաններում,
դ/ ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների ստեղծմանն առնչվող ծրագրերի մշակում, որոնք կարող են ապահովել եկամուտների ստացում երաշտից տուժած շրջաններում,
ե/ ոռոգման կայուն ծրագրերի մշակում ինչպես հողագործության, այնպես էլ անասնապահության կարիքների համար:
4. Հաշվի առնելով Կոնվենցիայի անդամ հանդիսացող յուրաքանչյուր տուժած պետության կոնկրետ պայմաններն ու կարիքները, միջոցառումների ազգային ծրագրերը պատշաճ կերպով ընդգրկում են, մասնավորապես, միջոցառումների իրականացում ստորև թվարկված որոշակի կամ բոլոր ոլորտներում, որքանով այդ միջոցառումներն առնչվում են անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների վերացմանն այդ երևույթներից տուժած շրջաններում և համապատասխանում են այդ շրջանների բնակչության շահերին. ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների հայթայթում և ազգային տնտեսական իրավիճակի բարելավում` աղքատության արմատապես վերացմանն ու պարենային անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի ամրապնդման նպատակով, ժողովրդագրական զարգացման դինամիկան, բնական պաշարների կայուն կառավարում, գյուղատնտեսության վարման կայուն մեթոդներ, էներգիայի տարբեր աղբյուրների զարգացում և արդյունավետ օգտագործում, ինստիտուցիոնալ և իրավական շրջանակներ, գնահատման և մոնիտորինգի կարողությունների հզորացում` ներառյալ ջրաբանական և օդերևութաբանական ծառայությունները, ներուժի հզորացում, հանրության կրթություն և տեղեկացում:
Հոդված 11
Միջոցառումների ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրեր
Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցում և համագործակցում են միմյանց միջև տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին համապատասխան հավելվածների դրույթների համաձայն միջոցառումների ենթատարածաշրջանային և/կամ տարածաշրջանային ծրագրերի մշակման նպատակով, որոնք ուղղված են ազգային ծրագրերի համադրմանը, լրացմանը և արդյունավետության բարձրացմանը: 10-րդ հոդվածի հավելվածները, ներառելով անհրաժեշտ փոփոխությունները, կիրառվում են նաև ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերի նկատմամբ: Համագործակցությունը կարող է ներառել անդրսահմանային բնական պաշարների կայուն կառավարման համատեղ համաձայնեցված ծրագրեր, գիտական և տեխնիկական համագործակցություն և համապատասխան հաստատությունների հզորացում:
Հոդված 12
Միջազգային համագործակցություն
Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները` այլ պետությունների և միջազգային հանրության հետ համատեղ, համագործակցում են սույն Կոնվենցիայի դրույթների, ինչպես նաև տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածների իրագործման համար բարենպաստ միջազգային իրավիճակի ձևավորումն ապահովելու նպատակով: Այդ համագործակցությունն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնոլոգիաների փոխանակումը, գիտական հետազոտությունները և մշակումները, տեղեկատվության հավաքումն ու տարածումը և ֆինանսական ռեսուրսները:
Հոդված 13
Աջակցության ցուցաբերում միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման գործում
1. 9-րդ հոդվածին համապատասխան ցուցաբերվող աջակցությունն իր մեջ ներառում է մասնավորապես.
ա/ անհրաժեշտ երկարաժամկետ պլանավորում նախատեսող ֆինանսական համագործակցությունը` միջոցառումների ծրագրերի իրականացման գործընթացի կանխատեսելիության ապահովման նպատակով,
բ/ համագործակցության այնպիսի մեխանիզմների մշակում և կիրառում, որոնք թույլ են տալիս տեղական մակարդակի վրա աջակցությունը ավելի արդյունավետ ցուցաբերել, այդ թվում` հասարակական կազմակերպությունների միջոցով` համապատասխան դեպքերում ծրագրերով նախատեսված հաջող փորձարարական միջոցառումների տարածմանն օժանդակելու նպատակով,
գ/ ծրագրերի մշակման, ֆինանսավորման և իրականացման ճկունության ապահովում փորձնական տիպային մոտեցմանը համապատասխան, որը նախատեսված է տեղական համայնքների մակարդակի վրա բնակչության ընդգրկմամբ իրականացվող միջոցառումների համար,
դ/ վարչարարական և բյուջետային անհրաժեշտ ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս բարձրացնել համագործակցության և աջակցության ծրագրերի արդյունավետությունը:
2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին այդպիսի աջակցություն ցուցաբերելիս առաջնահերթությունը տրվում է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին և Կոնվենցիայի Կողմ հանդիսացող առավել թույլ զարգացած պետություններին:
Հոդված 14
Միջոցառումների ծրագրերի մշակման և իրագործման համադրում
1. Պայմանավորվող կողմերը` ուղղակիորեն կամ համապատասխան միջկառավարական կազմակերպությունների միջոցով, սերտորեն համագործակցում են միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման գործում:
2. Կողմերը ստեղծում են գործուն մեխանիզմներ, մասնավորապես` ազգային մակարդակի վրա և տեղերում, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող պետությունների և համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպությունների միջև համադրման ապահովման համար` կրկնօրինակումից խուսափելու, գործողությունների և մոտեցումների համաձայնեցվածությունն ապահովելու և տրամադրվող աջակցությունից առավելագույն հնարավոր օգուտներ քաղելու նպատակով: Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում առաջնահերթ ուշադրության է արժանանալու միջազգային համագործակցության համադրմանը` պաշարների առավել արդյունավետ օգտագործման, արդյունավետ աջակցության ապահովման և սույն Կոնվենցիայով նախատեսված միջոցառումների ազգային ծրագրերի և առաջնայնությունների իրականացմանը նպաստելու նպատակով:
Հոդված 15
Տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածներ
Միջոցառումների ծրագրերի բաղադրիչներն ընտրվում և հարմարեցվում են ըստ սոցիալ-տնտեսական, աշխարհագրական և կլիմայական գործոնների, որոնք կիրառվում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում կամ տարածաշրջաններում` հաշվի առնելով նաև վերջիններիս զարգացման մակարդակը: Միջոցառումների ծրագրերի մշակման ղեկավար սկզբունքները և առանձին ենթատարածաշրջանների ու տարածաշրջանների համար ծրագրերի որոշակի ուղղվածությունն ու բովանդակությունը սահմանվում են տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածներում:
Բաժին 2
Գիտատեխնիկական համագործակցություն
Հոդված 16
Տեղեկությունների հավաքում, վերլուծություն և փոխանակում
Հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորությունները, Կողմերը համաձայնում են համալիր կերպով իրականացնել և համադրել համապատասխան կարճաժամկետ կամ երկարաժամկետ տվյալների և տեղեկությունների հավաքումն ու վերլուծությունը, ինչպես նաև դրանց փոխանակումը` տուժած շրջաններում հողերի դեգրադացիայի համակարգված դիտարկումների անցկացման և երաշտի ու անապատացման գործընթացների և դրանց հետևանքների ավելի խորը ըմբռնման և վերլուծության նպատակով: Դրա շնորհիվ, մասնավորապես, կապահովվի անբարենպաստ կլիմայական փոփոխությունների ժամանակահատվածների մասին վաղ ազդարարումը և այդ ժամանակահատվածների համար միջոցառումների նախապես պլանավորումը, որը կիրականացվի այնպես, ինչպես առավել հարմար կլինի օգտագործողների, մասնավորապես` տեղական բնակչության կողմից բոլոր մակարդակների վրա կիրառելու համար: Դրա համար Կողմերը պատշաճ ձևով.
ա/ օժանդակում և ամրապնդում են տեղեկությունների հավաքմամբ, փոխանակմամբ և վերլուծությամբ, ինչպես նաև բոլոր մակարդակների վրա համակարգված դիտարկումներով զբաղվող այն հաստատությունների և ծառայությունների համաշխարհային ցանցի աշխատանքը, որոնք, մասնավորապես.
i) ձգտում են կիրառել համատեղելի չափանիշներ և համակարգեր,
ii) ընդգրկում են համապատասխան տվյալներ և կայաններ, այդ թվում` հեռավոր շրջաններում,
iii) օգտագործում և տարածում են հողերի դեգրադացիայի մասին տվյալների հավաքման, հաղորդման և գնահատման ժամանակակից տեխնոլոգիաներ,
iv) ավելի սերտ հարաբերություններ են հաստատում տվյալների և տեղեկությունների մշակման ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային կենտրոնների և տեղեկությունների համաշխարհային աղբյուրների միջև,
բ/ ապահովում են, որ տեղեկությունների հավաքումը, վերլուծությունը և փոխանակումը համապատասխանեն տեղական համայնքների և ղեկավար մարմինների կարիքներին կոնկրետ խնդիրների լուծման նպատակով, և որ տեղական համայնքները մասնակցեն այդ գործունեությանը,
գ/ օժանդակում են երկկողմ և բազմակողմ այն ծրագրերի և նախագծերի մշակմանը և հետագա զարգացմանը, որոնք ուղղված են տվյալների և տեղեկությունների հավաքման ու վերլուծության անհրաժեշտության որոշմանը, անցկացմանը, գնահատմանը և ֆինանսավորմանը և այդ տեղեկությունների փոխանակմանը` ներառյալ, այդ թվում, ֆիզիկական, կենսաբանական, սոցիալական և տնտեսական ցուցանիշների խմբերը,
դ/ լիարժեքորեն օգտագործում են միջկառավարական և հասարակական իրավասու կազմակերպությունների հատուկ գիտելիքները և փորձը` հատկապես` տարբեր շրջաններում օգտագործողների խմբերի միջև համապատասխան տեղեկությունների և փորձի տարածման նպատակով,
ե/ պատշաճ ուշադրություն են դարձնում սոցիալ-տնտեսական տվյալների հավաքմանն ու վերլուծությանը, ինչպես նաև դրանց փոխկապակցվածությանը ֆիզիկական և կենսաբանական տվյալների հետ,
զ/ կատարում են տեղեկությունների փոխանակում և ապահովում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման վերաբերյալ տեղեկությունների բաց և օպերատիվ ստացումը բոլոր հանրամատչելի աղբյուրներից, և
է/ հաշվի առնելով համապատասխան ազգային օրենսդրությունը և/կամ քաղաքականությունը, կատարում են տեղեկությունների փոխանակում տեղական բնակչության գիտելիքների մասին, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ` ապահովելով այդ գիտելիքների պատշաճ պաշտպանությունը և միջոցներ ձեռնարկելով, որպեսզի տեղական բնակչությունը կարողանա արդարացի հիմունքներով և փոխհամաձայնեցված պայմաններով քաղել այդ գիտելիքների շնորհիվ ստացվող օգուտները:
Հոդված 17
Հետազոտություններ և մշակումներ
1. Հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորությունները, Կողմերը պարտավորվում են օժանդակել գիտատեխնիկական համագործակցությանը անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ոլորտում համապատասխան ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մարմինների միջոցով: Դրա համար Կողմերն օժանդակում են հետազոտական գործունեությանը, որը.
ա/ նպաստում է անապատացման և երաշտի առաջացմանը տանող գործընթացների, ինչպես նաև բնական ու մարդկային պատճառական գործոնների դերի մասին գիտելիքների ընդլայնմանը` անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման, ինչպես նաև պաշարների ռացիոնալ օգտագործման և կառավարման նպատակով,
բ/ ունի հստակ սահմանված նպատակներ, համապատասխանում է տեղական բնակչության կոնկրետ կարիքներին և տանում է դեպի այնպիսի որոշումների մշակումն ու կատարումը, որոնք թույլ են տալիս բարձրացնել տուժած շրջանների կենսամակարդակը,
գ/ պաշտպանում, ընդհանրացնում, խորացնում և հաստատում է ավանդական և տեղական գիտելիքները, «նոու-հաուն» և պրակտիկան` ապահովելով, հաշվի առնելով ազգային օրենսդրությունը և/կամ քաղաքականությունը, որ այդ գիտելիքները կրողները արդարացի հիմունքներով և փոխհամաձայնեցված պայմանների համաձայն քաղեն այդ գիտելիքների ցանկացած տեսակի առևտրային օգտագործումից կամ իրենց շնորհիվ հնարավոր դարձած տեխնիկական ձեռքբերումներից առաջացած օգուտները,
դ/ զարգացնում և ամրապնդում է ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային հետազոտական բազան Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում, հատկապես` Աֆրիկայում, ներառյալ հմտությունների կատարելագործումը տեղերում և համապատասխան հնարավորությունների ընդլայնումը հատկապես այն երկրներում, որտեղ հետազոտական բազան շատ թույլ է զարգացած, միաժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով բնակչության մասնակցությամբ իրականացվող բազմադիսցիպլինար և սոցիալ-տնտեսական ոլորտին առնչվող հետազոտությունների վրա,
ե/ հաշվի է առնում, որտեղ անհրաժեշտ է, աղքատության, էկոլոգիական գործոնների ազդեցության արդյունքում առաջացած միգրացիայի և անապատացման միջև փոխկապակցվածությունը,
զ/ խրախուսում է ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային հետազոտական կազմակերպությունների միջև համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում` ավելի կատարելագործված, տնտեսապես արդարացված և մատչելի տեխնոլոգիաների զարգացման նպատակով, ինչն ուղղված է տեղական բնակչության և համայնքների ակտիվ մասնակցության վրա հիմնված կայուն առաջընթացի ապահովմանը,
է/ նպաստում է ազդեցության ենթարկված շրջաններում ջրային պաշարների ծավալի մեծացմանը, այդ թվում` ամպերի վրա քիմիական ներգործության մեթոդների կիրառման միջոցով:
2. Կոնկրետ տարածաշրջանների և ենթատարածաշրջանների համար մշակված հետազոտությունների ծրագրերի առաջնահերթ ուղղությունները, որոնք հաշվի են առնում տեղական պայմանների առանձնահատկությունները, պետք է ներառվեն միջոցառումների ծրագրերի մեջ: Կողմերի Խորհրդաժողովը Գիտության և տեխնիկայի կոմիտեի առաջարկությամբ պարբերաբար անցկացնում է հետազոտությունների առաջնահերթ ուղղությունների ուսումնասիրում և վերանայում:
Հոդված 18
Տեխնոլոգիայի փոխանցում, ձեռքբերում, հարմարեցում և զարգացում
1. Փոխադարձ համաձայնեցված պայմաններով և իրենց ազգային օրենսդրությանը և/կամ քաղաքականությանը համապատասխան, Կողմերը պարտավորվում են խրախուսել, ֆինանսավորել և/կամ հեշտացնել էկոլոգիապես մաքուր, տնտեսապես ապահով և սոցիալապես ընդունելի տեխնոլոգիաների փոխանցման, ձեռքբերման, հարմարեցման և զարգացման ֆինանսավորումը, որոնք կարող են կիրառվել անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացման համար ազդեցության ենթարկված շրջաններում կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին նպաստելու նպատակով: Այդպիսի համագործակցությունն իրականացվում է երկկողմ կամ բազմակողմ հիմունքներով` կախված հանգամանքներից` միջկառավարական և հասարակական կազմակերպությունների հատուկ գիտելիքների լիարժեք կիրառմամբ: Կողմերը մասնավորապես.
ա/ լիովին չափով օգտագործում են համապատասխան ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային գործող տեղեկատվական համակարգերը և համադրող տեղեկատվական մեխանիզմները առկա տեխնոլոգիաների և աղբյուրների, դրանց շահագործման հետ կապված շրջակա միջավայրին սպառնացող վտանգների և դրանց ձեռքբերման հիմնական պայմանների մասին տեղեկության տարածման նպատակներով,
բ/ հեշտացնում են, հատկապես Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների համար և նպաստավոր, այդ թվում` արտոնյալ պայմաններով, փոխադարձ համաձայնությամբ և հաշվի առնելով մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, այն տեխնոլոգիաների մատչելիությունը, որոնք առավել հարմար են գործնական կիրառման համար տեղական բնակչության հատուկ կարիքների բավարարման նպատակով` առաջնահերթ ուշադրություն դարձնելով այդ տեխնոլոգիաների սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական ներգործության առանձնահատկություններին,
գ/ նպաստում են տուժած Կողմերի միջև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը ֆինանսական և այլ տեսակի աջակցության ցուցաբերման միջոցով,
դ/ ընդլայնում են տեխնիկական համագործակցությունը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող տուժած զարգացող պետությունների հետ` նպատակահարմարության դեպքում ստեղծելով համատեղ ձեռնարկություններ հատկապես այն բնագավառներում, որոնց զարգացումը կարող է նպաստել ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների ձևավորմանը, և
ե/ պատշաճ միջոցներ են ձեռնարկում ֆինանսական և այլ բնույթի ներքին շուկայական պայմանների և խթանների ստեղծման համար, որոնք նպաստում են համապատասխան տեխնոլոգիաների և գիտելիքների զարգացմանը, փոխանցմանը, ձեռքբերմանն ու տեղայնացմանը` ներառյալ մտավոր սեփականության իրավունքների պատշաճ և արդյունավետ պաշտպանության ապահովմանն ուղղված միջոցները:
2. Կողմերը, հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորություններն ու ազգային օրենսդրությունը և/կամ քաղաքականությունը, պաշտպանում, խրախուսում և օգտագործում են, մասնավորապես, համապատասխան ավանդական և տեղական տեխնոլոգիաները, գիտելիքները, «նոու-հաուն» և պրակտիկան և այդ նպատակով պարտավորվում են.
ա/ կազմել այդպիսի տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և պրակտիկայի, ինչպես նաև տեղական բնակչության մասնակցությամբ դրանց կիրառման հնարավորությունների ցանկեր և այդ ցանկերում ներառված տեղեկատվությունը տարածել համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ,
բ/ ապահովել, որ այդպիսի տեխնոլոգիաները, գիտելիքները, «նոու-հաուն» և պրակտիկան պատշաճ կերպով պաշտպանված լինեն և որ տեղական բնակչությունը արդարացի և փոխհամաձայնեցված պայմաններով ուղղակի օգուտներ քաղի դրանց ցանկացած տեսակի առևտրային օգտագործումից և դրանց հիման վրա ստեղծված ցանկացած տեխնիկական մշակումներից,
գ/ խրախուսել և ակտիվորեն օժանդակել այդպիսի տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և պրակտիկայի, ինչպես նաև դրանց հիման վրա մշակված նոր տեխնոլոգիաների կատարելագործմանն ու տարածմանը,
դ/ պատշաճ կերպով նպաստել այդպիսի տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և պրակտիկայի հարմարեցմանը բազմակողմանի օգտագործման համար և համապատասխան կերպով ապահովել դրանց ինտեգրացումը ժամանակակից տեխնոլոգիաներին:
Բաժին 3
Օժանդակության միջոցներ
Հոդված 19
Ներուժի ստեղծում, հանրության ուսուցում և տեղեկացում
1. Կողմերն ընդունում են համապատասխան ներուժի, այսինքն` հաստատությունների ստեղծման, կադրերի պատրաստման և տեղերում համապատասխան հնարավորությունների զարգացման կարևորությունը անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերի շրջանակներում: Կողմերը պատշաճ կերպով նպաստում են ներուժի ստեղծմանը.
ա/ հասարակական և տեղական կազմակերպությունների հետ համագործակցությանը բոլոր մակարդակների վրա, մասնավորապես` տեղական մակարդակի վրա տեղական բնակչության, հատկապես` կանանց և երիտասարդության մասնակցության ապահովման միջոցով,
բ/ անապատացման և երաշտի դեմ պայքարի ոլորտում ազգային գիտատեխնիկական ներուժի հզորացման միջոցով,
գ/ համապատասխան տեխնոլոգիական մեթոդների և միջոցների ավելի արդյունավետ տարածումն ապահովելու նպատակով օժանդակ ծառայությունների և գիտելիքների ու փորձի տարածման ծառայությունների ստեղծման և/կամ դրանց կարողությունների հզորացման միջոցով, ինչպես նաև տեղերում բնակչության մասնակցությամբ բնական պաշարների պաշտպանության և ռացիոնալ շահագործման մոտեցումներն առնչվող հարցերով աշխատակիցների և գյուղական կազմակերպությունների անդամների ուսուցման միջոցով,
դ/ տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակներում տեղական բնակչության գիտելիքների, «նոու-հաուի», փորձի և պրակտիկայի կիրառմանն ու տարածմանը նպաստելու միջոցով,
ե/ անհրաժեշտության դեպքում, գյուղատնտեսության և անասնապահության վարման էկոլոգիապես ընդունելի համապատասխան տեխնոլոգիաները և ավանդական մեթոդները առկա սոցիալ-տնտեսական պայմաններին հարմարեցնելու միջոցով,
զ/ փայտի, որպես վառելիք, օգտագործումից կախվածությունը նվազեցնելու նպատակով էներգիայի այլընտրանքային աղբյուրների, հատկապես` վերականգնվող աղբյուրների օգտագործման հետ կապված` համապատասխան կադրերի ուսուցման և համապատասխան տեխնոլոգիաների տրամադրման միջոցով,
է/ 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան տեղեկատվության հավաքման, վերլուծության և փոխանակման ծրագրեր մշակելու և իրագործելու Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների կարողությունները հզորացնելու նպատակով փոխադարձ համաձայնության հիմունքներով իրականացվող համագործակցության միջոցով,
ը/ ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների նորարար զարգացման միջոցով` ներառյալ ուսուցումը նոր հմտությունների ձեռքբերման ոլորտում,
թ/ անհրաժեշտ ղեկավար անձնակազմի և կառավարիչների, ինչպես նաև տվյալների հավաքման և վերլուծության, երաշտի պայմանների մասին վաղ ազդարարմանն առնչվող տեղեկատվության տարածման և օգտագործման և պարենի արտադրության համար պատասխանատու անձնակազմի ուսուցման միջոցով,
ժ/ գործող ազգային հաստատությունների և իրավական դաշտի ավելի արդյունավետ օգտագործման և, անհրաժեշտության դեպքում, նոր հաստատությունների և իրավական դաշտի ստեղծման միջոցով` ռազմավարական պլանավորման և կառավարման մեխանիզմների հզորացման հետ միասին,
ժա/ ուսուցման և ուսումնասիրության երկարաժամկետ ու ինտերակտիվ գործընթացի օգնությամբ Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների ներուժի ամրապնդման նպատակով ծանոթացնող բնույթի փոխադարձ այցերի միջոցով:
2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունները, այլ Կողմերի և իրավասու միջկառավարական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, պատշաճ կերպով ազգային և տեղական մակարդակների վրա անցկացնում են առկա ներուժի և միջոցների, ինչպես նաև դրանց ամրապնդման և հզորացման հնարավորությունների միջդիսցիպլինար ուսումնասիրություն:
3. Կողմերը միմյանց միջև համագործակցում են ուղղակիորեն կամ իրավասու միջկառավարական կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ ինչպես Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, ազդեցության չենթարկված պետություններում բնակչության տեղեկացման և գիտելիքների տարածման ծրագրերի իրականացման և դրանց օժանդակելու գործում` անապատացման և երաշտի պատճառների և հետևանքների ավելի խոր իմացությունն ապահովելու և սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման կարևորությունն ավելի լավ գիտակցելու նպատակով: Այդ նպատակով Կողմերը.
ա/ կազմակերպում են հանրության լայն զանգվածներին ուղղված տեղեկատվական արշավներ,
բ/ մշտական հիմունքներով նպաստում են հանրության համար համապատասխան տեղեկատվության մատչելիության ապահովմանը, ինչպես նաև հանրության ակտիվ մասնակցությանը ուսուցման և գիտելիքների տարածման գործունեության մեջ,
գ/ խրախուսում են հանրության տեղեկացվածության ապահովմամբ զբաղվող ընկերակցությունների ստեղծումը,
դ/ մշակում են կրթական և տեղեկատվական նյութեր, հնարավորության դեպքում` տեղական լեզուներով և կատարում են այդ նյութերի փոխանակում, կատարում են փորձագետների փոխանակում և փորձագետներ են գործուղում Կոնվենցիայի Կողմեր հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններ՝ համապատասխան կրթական և գիտությունների տարածման ծրագրերի իրականացման գծով կադրերի վերապատրաստման նպատակով և լիարժեք կերպով օգտվում են իրավասու միջազգային մարմինների մոտ առկա համապատասխան կրթական նյութերից,
ե/ կատարում են ազդեցության ենթարկված շրջաններում կրթական կարիքների գնահատում, մշակում են համապատասխան դպրոցական ուսումնական պլաններ և, անհրաժեշտության սահմաններում, ընդլայնում են մեծահասակների համար կրթական ծրագրերը և, մասնավորապես, աղջիկների և կանանց հնարավորությունները բնական պաշարների բնորոշման, պահպանման, կայուն շահագործման, ինչպես նաև ազդեցության ենթարկված շրջաններում դրանց կառավարման գծով, և
զ/ մշակում են միջդիսցիպլինար ծրագրեր, որոնք նախատեսում են բնակչության մասնակցություն և որտեղ անապատացման և երաշտի հետ կապված հիմնախնդիրների հետ ծանոթացման հարցերը ներառված են կրթական համակարգերի մեջ, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության ծրագրեր, կրթական ծրագրեր մեծահասակների համար և հեռակա ու գործնական ուսուցման ծրագրեր:
4. Կողմերի խորհրդաժողովը հիմնադրում և/կամ հզորացնում է անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման համար ուսուցման և կադրերի վերապատրաստման տարածաշրջանային կենտրոնների ցանցեր: Այդ ցանցերի գործունեությունը համադրվում է հատուկ դրա համար ստեղծված և համապատասխան լիազորություններով օժտված հաստատության կողմից` համապատասխան գիտական, տեխնիկական և ղեկավար անձնակազմի ուսուցման և, եթե անհրաժեշտ է, Կոնվենցիայի կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում կադրերի ուսուցման և վերապատրաստման համար պատասխանատու հաստատությունների հզորացման համար` դրանց միջև ծրագրերի համաձայնեցման և փորձի փոխանակման կազմակերպման նպատակով: Այդ ցանցերը սերտորեն համագործակցում են համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ` ջանքերի հնարավոր կրկնօրինակումը բացառելու նպատակով:
Հոդված 20
Ֆինանսական միջոցներ
1. Նկատի առնելով ֆինանսավորման առաջնահերթ կարևորությունը սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար, Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը, իրենց հնարավորությունների սահմաններում, ապահովելու համար, որպեսզի անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման նպատակների համար հատկացվեն բավական չափով ֆինանսական միջոցներ:
2. Այս կապակցությամբ Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները, առաջնահերթ համարելով Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններին, սակայն չանտեսելով այլ տարածաշրջաններում գտնվող Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններին, 7-րդ հոդվածին համապատասխան պարտավորվում են.
ա/ մոբիլիզացնել առկա ֆինանսական միջոցները` ներառյալ դրամաշնորհներն ու արտոնյալ փոխառությունները, անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով,
բ/ օժանդակել բավականաչափ, ժամանակին և կանխատեսելի ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը` ներառելով Համաշխարհային բնապահպանական հիմնադրամի նոր և լրացուցիչ ֆինանսական միջոցները` անապատացման և, Համաշխարհային բնապահպանական հիմնադրամի հիմնադրման մասին փաստաթղթի համապատասխան դրույթների համաձայն` Հիմնադրամի գործունեության չորս հիմնական ոլորտների հետ կապված միջոցառումների լրացուցիչ ծախսերը հատուցելու համար,
գ/ միջազգային համագործակցության միջոցով նպաստել տեխնոլոգիաների, գիտելիքների և «նոու-հաուի» փոխանակմանը,
դ/ Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացած պետությունների հետ համատեղ ուսումնասիրել ֆինանսական միջոցների մոբիլիզացման և բաշխման նոր մեթոդները և խթանները, ներառյալ նրանք, որոնք հատկացվում են հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի այլ կազմակերպությունների կողմից, մասնավորապես` պարտքերի փոխադարձ մարման համակարգեր և այլ միջոցներ, որոնք մեծացնում են ֆինանսավորման ծավալները Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացած պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների արտաքին պարտքերի բեռը թեթևացնելու միջոցով:
3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններն իրենց հնարավորությունների սահմաններում պարտավորվում են մոբիլիզացնել բավականաչափ ֆինանսական միջոցներ` միջոցառումների սեփական ծրագրերի իրականացման նպատակով:
4. Ֆինանսական միջոցների մոբիլիզացման ժամանակ, Կողմերը ձգտում են լիարժեք կերպով օգտագործել ֆինանսավորման բոլոր ազգային, երկկողմ և միջազգային մեխանիզմները և մշտապես ձգտել դրանց որակական կատարելագործմանը կոնսորցիումների ստեղծման, համատեղ ծրագրերի իրականացման և զուգահեռ ֆինանսավորման միջոցով, ինչպես նաև ձգտում են ներգրավել մասնավոր հատվածի ֆինանսավորման աղբյուրներ և մեխանիզմներ: Այս նպատակով Կողմերը լիարժեք կերպով օգտագործում են 14-րդ հոդվածին համապատասխան ստեղծվող օպերատիվ մեխանիզմները:
5. Անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման համար Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոբիլիզացման նպատակով Կողմերը.
ա/ բավարարում և հզորացնում են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման նպատակների համար արդեն հատկացված ֆինանսական միջոցների կառավարումը դրանց ավելի արդյունավետ և տեղին օգտագործման, հաջողությունների և թերությունների գնահատման, դրանց արդյունավետ օգտագործմանը խանգարող խոչընդոտների վերացման և, անհրաժեշտության դեպքում, սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված համալիր երկարաժամկետ մոտեցման լույսի տակ ծրագրերի վերակողմնորոշման միջոցով,
բ/ բազմակողմ ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների, մարմինների և հիմնադրամների ղեկավար մարմինների շրջանակներում` ներառյալ տարածաշրջանային զարգացման բանկերն ու հիմնադրամները, առաջնահերթ ուշադրություն են վերագրում և պատշաճ ուշադրություն են դարձնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններին, մասնավորապես` աֆրիկյան պետություններին սույն Կոնվենցիայի իրագործմանն օժանդակող գործունեության, հատկապես` տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածների շրջանակներում միջոցառումների ծրագրերի իրականացման գործում աջակցության ցուցաբերմանը, և
գ/ ուսումնասիրում են այն ուղիները, որոնց միջոցով հնարավոր է ամրապնդել տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցությունը` ազգային մակարդակի վրա գործադրվող ջանքերին աջակցելու նպատակով:
6. Կոնվենցիայի այլ Կողմերը խրախուսում են կամավոր հիմունքներով Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին անապատացմանն առնչվող գիտելիքներ, «նոու-հաու» տեխնոլոգիաներ և/կամ ֆինանսական միջոցների տրամադրումը:
7. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների կողմից Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների լիարժեք կերպով կատարմանը մեծապես կնպաստի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների կողմից Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների կատարումը` ներառյալ այն պարտավորությունների, որոնք վերաբերում են ֆինանսական միջոցների և տեխնոլոգիաների տրամադրմանը: Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններն իրենց պարտավորությունները կատարելիս պետք է լիարժեք կերպով հաշվի առնեն, որ տնտեսական ու սոցիալական զարգացումը և աղքատության վերացումը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների հիմնական առաջնահերթություններն են հանդիսանում:
Հոդված 21
Ֆինանսական մեխանիզմներ
1. Կողմերի խորհրդաժողովն օժանդակում է ֆինանսական մեխանիզմների առկայության ապահովմանը և նպաստում է, որ այդ մեխանիզմները առավելագույն չափով ապահովեն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների մոտ Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը: Այդ նպատակով Կողմերի խորհրդաժողովը քննարկում է, մասնավորապես, այնպիսի մոտեցումների և քաղաքականության ընդունումը, որոնք.
ա/ նպաստում են սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության ապահովմանն ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակների վրա,
բ/ խրախուսում է այն մոտեցումները, մեխանիզմներն ու պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են ֆինանսավորման բազմակի աղբյուրների օգտագործում, ինչպես նաև դրանց գնահատում, 20-րդ հոդվածին համապատասխան,
գ/ շահագրգիռ կողմերին և համապատասխան միջկառավարական ու հասարակական կազմակերպություններին պարբերաբար ներկայացնում են տեղեկություններ ֆինանսական միջոցների առկա աղբյուրների և դրանց համադրման ֆինանսավորման պայմանների վերաբերյալ,
դ/ համապատասխան կերպով նպաստում են այնպիսի մեխանիզմների ստեղծմանն, ինչպիսիք են անապատացման դեմ պայքարի ազգային հիմնադրամներ` ներառյալ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ գործող մեխանիզմները` ազդեցության ենթարկված զարգացած պետություններին ֆինանսական միջոցների արագ և արդյունավետ տրամադրման նպատակով,
ե/ հզորացնում են գործող հիմնադրամները և ֆինանսավորման մեխանիզմները ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա, հատկապես` Աֆրիկայում` Կոնվենցիայի իրագործմանն ավելի արդյունավետ կերպով օժանդակելու նպատակով:
2. Կողմերի խորհրդաժողովը նաև, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի տարբեր մեխանիզմների և բազմակողմ ֆինանսական կազմակերպությունների միջոցով, խրախուսում է օժանդակության ցուցաբերումն ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա այն գործունեությանը, որը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին հնարավորություն է տալիս կատարել Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները:
3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններն օգտագործում, իսկ անհրաժեշտության դեպքում` ստեղծում կամ հզորացնում են համադրման ազգային մեխանիզմներ, որոնք ներառված են զարգացման ազգային ծրագրերում, ինչը կապահովի առկա բոլոր ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը: Նրանք նաև օգտագործում են հասարակական կազմակերպությունների, տեղական խմբակցությունների և մասնավոր հատվածի մասնակցությունը ծրագրերի մշակման, ինչպես նաև իրականացման և տեղական մակարդակի վրա խմբակցությունների համար ֆինանսական միջոցների մատչելիության ապահովման գործընթացներին: Նման միջոցառումների իրականացմանը կարող է նպաստել աջակցություն ցուցաբերողների կողմից ավելի արդյունավետ համադրումը և խելացի պլանավորումը:
4. Գործող ֆինանսական մեխանիզմների արդյունավետության բարձրացման նպատակով, սույնով ստեղծվում է Գլոբալ մեխանիզմ, որի նպատակն է օժանդակել առկա ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը և բաշխմանն ուղղված միջոցներին` ներառյալ տեխնոլոգիաների անհատույց և/կամ արտոնյալ պայմաններով տրամադրումը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին: Այդ Գլոբալ մեխանիզմը գործում է Կողմերի խորհրդաժողովի ղեկավարությամբ և հաշվետու է նրա առջև:
5. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստում սահմանում է այն կազմակերպությունը, որի ենթակայությանն է հանձնվում Գլոբալ մեխանիզմը: Կողմերի խորհրդաժողովը և իր կողմից սահմանված կազմակերպությունը միմյանց միջև համաձայնեցնում են Գլոբալ մեխանիզմի գործելու պայմանները, որպեսզի այն, մասնավորապես.
ա/ հատկանշի և հաշվառման ենթարկի Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ առկա համապատասխան երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրերը,
բ/ համապատասխան դիմումի առկայության դեպքում, խորհրդատվություն տրամադրի Կողմերին ֆինանսավորման նոր մեթոդների և ֆինանսական աջակցության նոր աղբյուրների, ինչպես նաև ազգային մակարդակի վրա համագործակցության համադրման կատարելագործման ուղիների վերաբերյալ,
գ/ շահագրգիռ Կողմերին և համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպություններին տրամադրի տեղեկություններ ֆինանսական միջոցների առկա աղբյուրների և ֆինանսավորման մեթոդների մասին` դրանց միջև համադրմանը նպաստելու նպատակով,
դ/ հաշվետվություններ ներկայացնի Կողմերի խորհրդաժողովին իր գործունեության վերաբերյալ` սկսած խորհրդաժողովի երկրորդ հերթական նիստից:
6. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին համապատասխան միջոցառումներ է անցկացնում Գլոբալ մեխանիզմի տնօրինման համար իր կողմից սահմանված կազմակերպության հետ` ուղղված այդ մեխանիզմի վարչարարական գործունակության ապահովմանը, ելնելով առկա հնարավորություններից, բյուջետային միջոցներից և մարդկային ռեսուրսներից:
7. Կողմերի խորհրդաժողովն իր երրորդ հերթական նիստին, 4-րդ կետի և 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ուսումնասիրում է իրեն հաշվետու Գլոբալ մեխանիզմի քաղաքականությունը, օպերատիվ պայմանները և գործունեությունը: Այդ ուսումնասիրության արդյունքների հիման վրա խորհրդաժողովն անցկացնում է քննարկումներ և ձեռնարկում համապատասխան միջոցներ:
Մաս 4
Հաստատություններ
Հոդված 22
Կողմերի խորհրդաժողովը
1. Սույնով հիմնադրվում է Կողմերի խորհրդաժողովը:
2. Կողմերի խորհրդաժողովը սույն Կոնվենցիայի գերագույն մարմինն է հանդիսանում: Այն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ որոշումներ: Այն, մասնավորապես.
ա/ պարբերաբար անցկացնում է Կոնվենցիայի իրագործման և դրա ինստիտուցիոնալ պայմանավորվածությունների կատարման ուսումնասիրություններ` ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մակարդակների վրա կուտակված փորձի լույսի ներքո և հիմք ընդունելով գիտատեխնիկական գիտելիքների զարգացումը,
բ/ օժանդակում է Կողմերի ձեռնարկվող միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը և հեշտացնում է այն, 26-րդ հոդվածին համապատասխան սահմանում է տեղեկատվության տրամադրման եղանակը և ժամանակացույցը, քննարկում է զեկույցները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերաբերյալ,
գ/ ստեղծում է այնպիսի մարմիններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի իրագործման համար,
դ/ քննարկում է օժանդակ մարմինների կողմից ներկայացված զեկույցները և իրականացնում է դրանց գործունեության ղեկավարումը,
ե/ հաստատում և փոխհամաձայնությամբ ընդունում է իր և իր օժանդակ մարմինների ընթացակարգային և ֆինանսական կանոնները,
զ/ 30-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխան ընդունում է սույն Կոնվենցիայում կատարվող փոփոխությունները,
է/ հաստատում է իր և իր օժանդակ մարմինների գործունեության ծրագիրն ու բյուջեն և պլանավորում է այդ ծրագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցառումները,
ը/ անհրաժեշտության դեպքում, խնդրում է ազգային, միջազգային, միջկառավարական և հասարակական բնույթ կրող իրավասու կազմակերպությունների և հաստատությունների աջակցությունը և օգտվում է վերջիններիս կողմից տրամադրված ծառայություններից և տեղեկատվությունից,
թ/ խրախուսում և ամրապնդում է այլ համապատասխան կոնվենցիաների հետ գոյություն ունեցող կապերը` միջոցառումների կրկնօրինակումները բացառելու նպատակով,
ժ/ կատարում է նաև գործառույթներ, որոնք կարող են անհրաժեշտ համարվել Կոնվենցիայի նպատակների իրականացման համար:
3. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին, փոխհամաձայնության հիմունքներով, ընդունում է իր սեփական ընթացակարգային կանոնները, որոնք իրենց մեջ ներառում են սույն Կոնվենցիայով նախատեսված որոշումների ընդունման ընթացակարգերի մեջ չընդգրկված հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու ընթացակարգեր: Այդպիսի ընթացակարգերը կարող են սահմանել, թե ձայների ինչպիսի մեծամասնություն է հարկավոր կոնկրետ որոշումների ընդունման համար:
4. Կողմերի խորհրդաժողովի առաջին նիստը գումարվում է ժամանակավոր քարտուղարության կողմից, որը հիշատակվում է 36-րդ հոդվածում, և անցկացվում է ոչ ուշ, քան Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո: Երկրորդ, երրորդ և չորրորդ հերթական նիստերն անցկացվում են յուրաքանչյուր տարի, իսկ հետագայում` երկու տարին մեկ անգամ, եթե Կողմերի խորհրդաժողովն այլ կերպ չսահմանի:
5. Կողմերի խորհրդաժողովի արտահերթ նիստերը գումարվում են այնպիսի ժամկետներում, որոնց մասին որոշումը Կողմերի խորհրդաժողովը կարող է ընդունել իր հերթական նիստին, կամ էլ Կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա` պայմանով, որ մշտական Քարտուղարության կողմից այդ դիմումի մասին Կողմերին ծանուցելու պահից երեք ամսվա ընթացքում դրան հավանություն կտա Կողմերի ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
6. Կողմերի խորհրդաժողովն իր յուրաքանչյուր հերթական նիստին ընտրում է իր Նախագահությունը: Նախագահության կառուցվածքը և պարտականությունները սահմանվում են ընթացակարգային կանոններով: Նախագահությունն ընտրելիս, պատշաճ կերպով հաշվի է առնվում անապատացումից և/կամ երաշտից տուժող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների արդարացի աշխարհագրական բաշխման և ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:
7. Միավորված ազգերի կազմակերպությունը, դրա մասնագիտացված կազմակերպությունները, ինչպես նաև այդ կազմակերպությունների անդամ հանդիսացող կամ դրանցում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունները, որոնք սույն Կոնվենցիայի Կողմեր չեն հանդիսանում, Կողմերի խորհրդաժողովներին կարող են ներկայացված լինել որպես դիտորդներ: Ցանկացած մարմին կամ հաստատություն` լինի դա ազգային, միջազգային, կառավարական կամ հասարակական, որի իրավասություններն ընդգրկում է սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներին առնչվող հարցերը և որը մշտական Քարտուղարությանը հայտնել է Կողմերի խորհրդաժողովին դիտորդի կարգավիճակում ներկայացված լինելու ցանկության մասին, կարող է մասնակցել դրան` պայմանով, որ դրա դեմ չի առարկում Կողմերի առնվազն մեկ երրորդը: Դիտորդների ընդունումը և մասնակցությունը կատարվում են ըստ Կողմերի խորհրդաժողովի կողմից սահմանված ընթացակարգային կանոնների:
8. Կողմերի խորհրդաժողովը կարող է դիմում ներկայացնել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող իրավասու ազգային կամ միջազգային կազմակերպություններին` խնդրելով իրեն տրամադրել տեղեկություններ 16-րդ հոդվածի «է» կետի, 17-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի և 18-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի վերաբերյալ:
Հոդված 23
Մշտական քարտուղարություն
1. Սույնով հիմնադրվում է մշտական Քարտուղարությունը:
2. Մշտական Քարտուղարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա/ կազմակերպում է Կողմերի խորհրդաժողովի և Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կազմավորված օժանդակ մարմինների նիստերը և դրանց մատուցում անհրաժեշտ ծառայությունները,
բ/ ապահովում է իրեն ներկայացված զեկույցների համախմբումն ու փոխանցումը,
գ/ օժանդակում է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների խնդրանքով Կոնվենցիայով նախատեսված տեղեկությունների համախմբման և փոխանցման գործում աջակցության ցուցաբերումը,
դ/ իր աշխատանքը համադրում է այն համապատասխան միջազգային մարմինների և կոնվենցիաների քարտուղարությունների աշխատանքի հետ,
ե/ Կողմերի խորհրդաժողովի ղեկավարությամբ ձեռք է բերում այնպիսի վարչական և պայմանագրային պայմանավորվածություններ, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ իրականացման համար,
զ/ պատրաստում է զեկույցներ սույն Կոնվենցիայով սահմանված իր պարտականությունների կատարման վերաբերյալ և դրանք ներկայացնում Կողմերի խորհրդաժողովին, և
է/ կատարում է այլ քարտուղարական գործառույթներ, որոնք կարող է սահմանել Կողմերի խորհրդաժողովը:
3. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին նշանակում է մշտական Քարտուղարությունը և միջոցներ ձեռնարկում վերջինիս բնականոն գործունեության ապահովման համար:
Հոդված 24
Գիտության և տեխնիկայի կոմիտե
1. Սույնով հիմնադրվում է գիտության և տեխնիկայի կոմիտեն, որը հանդես է գալիս որպես Կողմերի խորհրդաժողովի օժանդակ մարմին և վերջինիս տրամադրում է տեղեկություններ և խորհրդատվություն անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացմանն առնչվող գիտատեխնիկական հարցերի վերաբերյալ: Կոմիտեի նիստերն անցկացվում են Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստերի հետ միաժամանակ, կրում են բազմակողմանի բնույթ և բաց են բոլոր Կողմերի մասնակցության համար: Կոմիտեի կազմն ընդգրկում է գիտության համապատասխան բնագավառներում իրավասու կառավարությունների ներկայացուցիչները: Իր առաջին նիստին Կողմերի խորհրդաժողովը որոշում է ընդունում Կոմիտեի իրավասության շրջանակների մասին:
2. Կողմերի խորհրդաժողովը, համապատասխան բնագավառներում, կազմում և վարում է փորձով և գիտելիքներով օժտված անկախ փորձագետների ցանկը: Այդ ցանկը կազմվում է փորձագետների նշանակման մասին Կողմերի միջնորդագրերի հիման վրա` հաշվի առնելով բազմակողմանի մոտեցման և լայն աշխարհագրական ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:
3. Կողմերի խորհրդաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել հատուկ հանձնախմբեր Կոմիտեի միջոցով իրեն առանձին հարցերի շուրջ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման համար, որոնք վերաբերում են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ոլորտում գիտատեխնիկական գիտելիքների առկա դրությանը: Այդ հանձնախմբերի կազմում ընդգրկվում են առանձին փորձագետներ, որոնց ազգանունները ներառված են վերը նշված ցանկում` հաշվի առնելով բազմակողմանի մոտեցման և լայն աշխարհագրական ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը: Փորձագետները պետք է օժտված լինեն տեղերում աշխատանքների իրականացման տեսական և գործնական փորձով և նշանակվեն Կողմերի խորհրդաժողովի կողմից` Կոմիտեի միջնորդությամբ: Հանձնախմբերի իրավասությունների շրջանակի և գործունեության առանձնահատկությունների մասին որոշումներն ընդունում է Կողմերի խորհրդաժողովը:
Հոդված 25
Հաստատությունների, գործակալությունների և մարմինների ցանցի ստեղծում
1. Գիտության և տեխնիկայի կոմիտեն, Կողմերի խորհրդաժողովի ղեկավարությամբ, պլանավորում է ցանցի մեջ ընդգրկվելու ցանկություն ունեցող համապատասխան գործող ցանցերի, հաստատությունների, գործակալությունների և մարմինների ուսումնասիրումն ու գնահատումը: Այդպիսի ցանցի առկայությունը կնպաստի Կոնվենցիայի իրագործմանը:
2. 1-ին կետում նշված ուսումնասիրության և գնահատման արդյունքների հիման վրա գիտության և տեխնիկայի կոմիտեն առաջարկություններ է ներկայացնում Կողմերի խորհրդաժողովին տեղական, ազգային և այլ մակարդակների վրա ցանցերի համապատասխան բաղադրիչների ստեղծման և հզորացման ուղիների և միջոցների վերաբերյալ` սույն Կոնվենցիայի 16-ից 19-րդ հոդվածներում նշված թեմատիկ կարիքների բավարարման նպատակով:
3. Հաշվի առնելով այդ առաջարկությունները, Կողմերի խորհրդաժողովը.
ա/ սահմանում է ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային այն բաղադրիչները, որոնք առավել հարմար են ցանցի ստեղծման համար, և դրանց համար առաջարկում է օպերատիվ ընթացակարգեր և ժամանակացույց, ինչպես նաև՝
բ/ սահմանում է այն բաղադրիչները, որոնք առավել հարմար են բոլոր մակարդակների վրա այդ ցանցի ստեղծմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:
Մաս 5
Ընթացակարգեր
Հոդված 26
Տեղեկությունների տրամադրում
1. Յուրաքանչյուր Կողմ մշտական Քարտուղարության միջոցով Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստերի քննարկմանն է ներկայացնում սույն Կոնվենցիայի իրագործման նպատակով իր կողմից ձեռնարկվող միջոցների մասին զեկույցներ: Կողմերի խորհրդաժողովը սահմանում է զեկույցների ներկայացման ժամկետները և ձևը:
2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները ներկայացնում են, 5-րդ հոդվածին համապատասխան, իրենց կողմից ընդունած ռազմավարությունների նկարագրությունը և այլ համապատասխան տեղեկություններ դրանց իրականացման վերաբերյալ:
3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, որոնք միջոցառումների ծրագրեր են իրականացնում 9-ից 15-րդ հոդվածներին համապատասխան, ներկայացնում են այդ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված միջոցառումների մանրամասն նկարագրությունը:
4. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված ցանկացած պետություն կարող է համատեղ հայտարարություն անել միջոցառումների ծրագրերի շրջանակներում ենթատարածաշրջանային և/կամ տարածաշրջանային մակարդակների վրա ձեռնարկվող միջոցների մասին:
5. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները ներկայացնում են միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման գործում աջակցության ցուցաբերման նպատակով ձեռնարկված միջոցների մասին զեկույցներ, ներառյալ տեղեկություններն այն ֆինանսական միջոցների մասին, որոնք իրենք տրամադրել կամ տրամադրում են սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
6. 1-ից 4-րդ կետերին համապատասխան տրամադրվող տեղեկությունները մշտական Քարտուղարության կողմից, հնարավորինս սեղմ ժամկետներում, ուղղվում են Կողմերի խորհրդաժողովին և ցանկացած համապատասխան օժանդակ մարմնին:
7. Կողմերի խորհրդաժողովը նպաստում է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին, հատկապես` աֆրիկյան պետություններին, սույն հոդվածին համապատասխան, տեղեկությունների նախապատրաստման և տրամադրման, ինչպես նաև միջոցառումների ծրագրերի հետ կապված տեխնիկական և ֆինանսական կարիքների հատկանշման գործում տեխնիկական և ֆինանսական աջակցության ցուցաբերմանը:
Հոդված 27
Իրագործման հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ
Կողմերի խորհրդաժողովը քննարկում և ընդունում է ընթացակարգեր և ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք կարող են պահանջվել Կոնվենցիայի իրագործման հետ կապված խնդիրների լուծման համար:
Հոդված 28
Վեճերի կարգավորում
1. Կողմերը սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ ծագած վեճերը կարգավորում են բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց ընտրությամբ:
2. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ, կամ դրանից հետո ցանկացած պահին, Կողմը, որը չի հանդիսանում տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն, կարող է ավանդապահին ներկայացնել գրավոր դիմում այն մասին, որ Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագած ցանկացած վեճի դեպքում այն վեճի կարգավորման ստորև նշված եղանակներից մեկը կամ երկուսն էլ ճանաչվում են որպես պարտադիր, նման պարտավորություն ստանձնած ցանկացած այլ Կողմի համար.
ա/ իրավարարական ընթացակարգեր` հավելվածի տեսքով Կողմերի խորհրդաժողովի կողմից, հնարավորինս սեղմ ժամկետներում, ընդունված ընթացակարգերի,
բ/ վեճի հանձնում Միջազգային դատարան:
3. Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն հանդիսացող Կողմը կարող է հանդես գալ 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ընթացակարգին համապատասխան իրավարարական ընթացակարգեր անցկացնելու նմանատիպ հայտարարությամբ:
4. 2-րդ կետին համապատասխան արված հայտարարությունն ուժի մեջ է մնում մինչև իր պայմանների համաձայն ուժը կորցնելը կամ այն հետ կանչելու մասին ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու պահից երեք ամսվա ընթացքում:
5. Հայտարարության, այն հետ կանչելու մասին ծանուցագրի կամ նոր հայտարարության ուժը կորցնելը ոչ մի կերպ չի ազդում Միջազգային դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերի վրա, եթե վեճում ընդգրկված Կողմերն այլ կերպ չպայմանավորվեն:
6. Եթե վեճում ընդգրկված Կողմերը 2-րդ կետին համապատասխան չեն ընդունում նմանատիպ կամ ցանկացած այլ ընթացակարգը, կամ եթե նրանք չեն կարողանում կարգավորել իրենց վեճը վեճի ծագման մասին միմյանց ծանուցելու պահից տասներկու ամսվա ընթացքում, այդ վեճը դրանում ընդգրկված Կողմերից մեկի խնդրանքով ներկայացվում է հաշտեցման` հավելվածի տեսքով Կողմերի խորհրդաժողովի կողմից, հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունված ընթացակարգերի:
Հոդված 29
Հավելվածների կարգավիճակը
1. Հավելվածները հանդիսանում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը և, եթե ուղղակիորեն այլ կերպ նախատեսված չէ, սույն Կոնվենցիային կատարված ցանկացած հղումը հանդիսանում է նաև դրա հավելվածներին կատարված հղում:
2. Կողմերը տալիս են հավելվածների դրույթների այնպիսի մեկնաբանություն, որը համապատասխանում է սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքներին և պարտականություններին:
Հոդված 30
Կոնվենցիայում փոփոխություններ կատարելը
1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում:
2. Կոնվենցիայի փոփոխություններն ընդունվում են Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստին: Մշտական Քարտուղարությունը առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստը Կողմերին է ուղարկում ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այն նիստից, որին պետք է առաջարկվի այն ընդունել:
3. Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը` սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկության շուրջ փոխհամաձայնության միջոցով համաձայնություն ձեռք բերելու համար: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ համաձայնությունն այդպես էլ ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունվում է ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի ձայների երեք երրորդի մեծամասնությամբ: Մշտական Քարտուղարությունն ընդունված փոփոխության տեքստն ուղարկում է ավանդապահին, որն այն առաքում է բոլոր Կողմերին վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու համար:
4. Վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին: 3-րդ կետի դրույթներին համապատասխան ընդունված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն ընդունած Կողմերի համար փոփոխության ընդունման պահին Կողմ հանդիսացող Կոնվենցիայի Կողմերի առնվազն երկու երրորդի վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին փաստաթղթերը ավանդապահի կողմից ստանալու օրվանից իննսուներորդ օրը:
5. Ցանկացած այլ Կողմի համար փոփոխությունն ուժի մեջ է մտնում դրա վավերացման, հաստատման կամ ընդունման մասին Կողմի փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
6. Սույն հոդվածի և 31-րդ հոդվածի իմաստով, «ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերն» այն Կողմերն են, որոնք ներկա են գտնվում ժողովին և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:
Հոդված 31
Հավելվածների ընդունում և դրանց մեջ փոփոխությունների կատարում
1. Կոնվենցիայի ցանկացած լրացուցիչ հավելված և որևէ հավելվածում փոփոխության կատարումն առաջարկվում և ընդունվում են ըստ 30-րդ հոդվածով սահմանված Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու կարգի` պայմանով, որ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին լրացուցիչ հավելվածը կամ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման հավելվածում առաջարկվող փոփոխությունն ընդունելիս, սույն հոդվածով նախատեսված ձայների մեծամասնությունը կազմում է համապատասխան տարածաշրջանը ներկայացնող քվեարկությանը մասնակցող և քվեարկող Կողմերի երկու երրորդ մեծամասնությունը: Ավանդապահը հավելվածի կամ հավելվածում առաջարկվող փոփոխության ընդունման մասին ծանուցում է բոլոր Կողմերին:
2. 1-ին կետին համապատասխան ընդունված հավելվածները` բացառությամբ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին լրացուցիչ հավելվածների, կամ հավելվածներում առաջարկվող փոփոխությունները` բացառությամբ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածներում առաջարկվող փոփոխությունների, Կոնվենցիայի բոլոր Կողմերի համար ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից այդ Կողմերին տվյալ հավելվածի կամ փոփոխության ընդունման մասին ծանուցման պահից վեց ամիս հետո, բացառությամբ այն Կողմերի, որոնք այդ ժամանակահատվածում ավանդապահին գրավոր ծանուցել են իրենց կողմից այդ հավելվածը կամ փոփոխությունը չընդունելու մասին: Այդ հավելվածը կամ փոփոխությունն այն չընդունելու մասին իր ծանուցագիրը չեղյալ հայտարարող Կողմի համար ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումը չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն ստանալու պահից իննսուներորդ օրը:
3. Տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին ցանկացած լրացուցիչ հավելվածը կամ դրանում առաջարկվող փոփոխությունը, որոնք ընդունվել են 1-ին կետի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի բոլոր Կողմերի համար ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից այդ Կողմերին տվյալ հավելվածի կամ փոփոխության ընդունման մասին ծանուցման պահից վեց ամիս հետո, բացառությամբ.
ա/ այն Կողմի, որն այդ վեց ամիս ժամանակահատվածում ավանդապահին գրավոր ծանուցել է տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին այդպիսի լրացուցիչ հավելվածը կամ դրանում առաջարկվող փոփոխությունն իր կողմից չընդունելու մասին, և այդ դեպքում տվյալ հավելվածը կամ փոփոխությունն այն չընդունելու մասին իր ծանուցագիրը չեղյալ հայտարարող Կողմի համար ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումը չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն ստանալու պահից իննսուներորդ օրը,
բ/ ցանկացած Կողմի, որը, 34-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին լրացուցիչ հավելվածների և դրանցում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ, և այդ դեպքում տվյալ հավելվածը կամ փոփոխությունն այդ Կողմի համար ուժի մեջ է մտնում այդ հավելվածի կամ փոփոխության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
4. Եթե հավելվածի կամ հավելվածի փոփոխության ընդունումը կապված է Կոնվենցիայում փոփոխություն կատարելու հետ, ապա այդ հավելվածը կամ դրանում առաջարկվող փոփոխութունն ուժի մեջ են մտնում միմիայն Կոնվենցիայում կատարված համապատասխան փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո:
Հոդված 32
Ձայնի իրավունք
1. Բացառությամբ 2-րդ կետով նախատեսված դեպքի, սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն:
2. Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններն օգտվում են իրենց ձայնի իրավունքից իրենց իրավասության շրջանակներում գտնվող հարցերի քննարկման ժամանակ` ունենալով սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող իրենց անդամ պետությունների ձայների քանակին հավասար ձայների քանակ: Այդ կազմակերպությունները չեն կիրառում իրենց ձայնի իրավունքը, եթե այն կիրառվում է իրենց անդամ պետությունների կողմից, և հակառակը:
Մաս 6
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 33
Ստորագրում
Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության, դրա ցանկացած մասնագիտացված հաստատության կամ Միջազգային դատարանի ստատուտի, ինչպես նաև տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների անդամ պետությունների կողմից, Փարիզում` 1994 թվականի հոկտեմբերի 14-ից 15-ին: Հետագայում այն բաց կմնա ստորագրման համար Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում` մինչև 1995 թվականի հոկտեմբերի 13-ը:
Հոդված 34
Վավերացում, ընդունում, հաստատում և միացում
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման պետությունների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Այն բացվում է միանալու համար Կոնվենցիայի ստորագրման փակման հաջորդ օրվանից: Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Տնտեսական ինտեգրացիայի ցանկացած տարածաշրջանային կազմակերպություն, սույն Կոնվենցիայի անդամ դառնալով այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, ստանձնում է սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդպիսի կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետություններ նույնպես հանդիսանում են Կոնվենցիայի Կողմեր, այդ կազմակերպությունը և դրա անդամ պետությունները որոշում են ընդունում Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման հետ կապված համապատասխան պարտականությունների վերաբերյալ: Նման դեպքերում ինչպես այն կազմակերպությունը, այդպես էլ իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքներից:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները ավանդապահին անհապաղորեն տեղեկացնում են նաև իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին:
4. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթում ցանկացած Կողմ կարող է հայտարարել, որ տարածաշրջանային իրագործման մասին ցանկացած լրացուցիչ հավելվածը կամ տարածաշրջանային իրագործման մասին ցանկացած հավելվածում կատարված փոփոխությունն իր համար ուժի մեջ է մտնում միմիայն վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից:
Հոդված 35
Անցումային պայմաններ
23-րդ հոդվածում հիշատակված քարտուղարական գործառույթները ժամանակավորապես կատարվում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1992 թվականի դեկտեմբերի 22-ի՝ թիվ 47/188 որոշման համաձայն ստեղծված քարտուղարության կողմից` մինչև Կողմերի խորհրդաժողովի առաջին նիստի ավարտը:
Հոդված 36
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին հիսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
2. Ցանկացած պետության կամ կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան, կամ միանում է դրան` վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին հիսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ոչ մի փաստաթուղթ չի դիտարկվում որպես այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերը լրացնող փաստաթուղթ:
Հոդված 37
Վերապահումներ
Սույն Կոնվենցիայի նկատմամբ վերապահումներ չեն կարող արվել:
Հոդված 38
Կոնվենցիայից դուրս գալը
1. Տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարին անցնելուն պես այդ Կողմը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` այդ մասին գրավոր ծանուցում ուղղելով Ավանդապահին:
2. Ցանկացած այդպիսի չեղյալ հայտարարում ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից դուրս գալու մասին ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարին լրանալուն պես, կամ ավելի ուշ, ինչպես կարող է սահմանվել դուրս գալու մասին ծանուցման մեջ:
Հոդված 39
Ավանդապահը
Սույն Կոնվենցիայի ավանդապահի պարտականությունները կատարում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:
Հոդված 40
Հավասարազոր տեքստեր
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Փարիզ քաղաքում, 1994 թվականի հոկտեմբերի 14-ին:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Տարածաշրջանային մակարդակով Կոնվենցիայի իրագործման հավելված Աֆրիկայի համար
Հոդված 1
Շրջանակները
Սույն Հավելվածի դրույթները կիրառվում են Աֆրիկայի նկատմամբ Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմից` Կոնվենցիայի դրույթներին, մասնավորապես, 7-րդ հոդվածին համապատասխան, չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններում անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացման նպատակով:
Հոդված 2
Նպատակները
Սույն Հավելվածի նպատակներն ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա և դրանում սահմանված հատուկ պայմանների լույսի տակ հետևյալն են.
ա/ միջոցների և պայմանավորվածությունների հատկանշում, այդ թվում` Կոնվենցիայի համապատասխան դրույթների համաձայն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության բնույթի և դրա հետ կապված միջոցառումների հատկանշում,
բ/ Կոնվենցիայի արդյունավետ և գործնական իրագործման ապահովում` հաշվի առնելով Աֆրիկայում առկա հատուկ պայմանները, և
գ/ օժանդակություն Աֆրիկայի չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններում անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացման հետ կապված գործընթացների և միջոցառումների իրականացմանը:
Հոդված 3
Աֆրիկյան տարածաշրջանի հատուկ պայմանները
Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները կատարելիս, Կողմերը, սույն Հավելվածի դրույթները կիրառելով, ընդունում են բազային մոտեցում, որը հաշվի է առնում Աֆրիկայում առկա հատուկ պայմանները.
ա/ չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջանների մեծ թվի առկայություն,
բ/ անապատացման և հաճախակի կրկնվող սաստիկ երաշտների բացասական ազդեցությանը ենթարկված է մեծ թվով երկրներ և Աֆրիկյան մայր ցամաքի զգալի մասը,
գ/ ազդեցության ենթարկված շատ երկրներ չունեն ելք դեպի ծով,
դ/ աղքատության լայնածավալ տարածում առավել տուժած երկրներում, որոնցից մեծ թիվ են կազմում առավել թույլ զարգացած երկրները. զարգացման ոլորտում իրենց խնդիրների լուծման համար այդ երկրները դրամաշնորհների և արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկերի տեսքով արտաքին աջակցության կարիք են զգում,
ե/ այդ երկրներում ծանր սոցիալ-տնտեսական պայմանների առկայություն, որոնք սաստկացվում են առևտրի վատթարացվող և փոփոխական պայմանների, արտաքին պարտքի հետ կապված հիմնախնդիրների և քաղաքական անկայունության պատճառով, որոնք հանգեցնում են ներքին, տարածաշրջանային և միջազգային միգրացիայի,
զ/ բնական պաշարներից` որպես ապրուստի միջոցների աղբյուրից բնակչության բարձր կախվածությունը, որը, զուգորդվելով ժողովրդագրական միտումների և գործոնների, ինչպես նաև թույլ տեխնիկական բազայի և ոչ ռացիոնալ արտադրական պրակտիկայի հետ, բնական պաշարների բազայի լուրջ քայքայման է հանգեցնում,
է/ համապատասխան ինստիտուցիոնալ և իրավական բազայի բացակայությունը, թույլ զարգացած ենթակառուցվածքները, գիտատեխնիկական և կրթական ներուժի անբավարարությունը պայմանավորում են ներուժի զգալի հզորացման անհրաժեշտությունը, և
ը/ անապատացման դեմ պայքարին և/կամ երաշտի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներն ու ջանքերը կենտրոնական տեղ են զբաղեցնում ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունների զարգացման այլ ազգային առաջնայնությունների միջև:
Հոդված 4
Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունների պարտավորությունները
1. Հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորությունները, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունները պարտավորվում են.
ա/ անապատացման դեմ պայքարը և/կամ երաշտի հետևանքների վերացումը դիտարկել որպես աղքատության վերացմանն ուղղված իրենց ջանքերի շրջանակներում կիրառվող ամենակարևոր ռազմավարություններից մեկը,
բ/ համերաշխության ու ընկերակցության ոգուն համապատասխան, ընդհանուր շահերից ելնելով, նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու տարածաշրջանային ինտեգրացմանը` անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացման շրջանակներում,
գ/ կատարելագործել և հզորացնել անապատացման և երաշտի հիմնախնդիրներով զբաղվող գործող հաստատությունները, դրանց արդյունավետության բարձրացման և առկա պաշարների ավելի արդյունավետ օգտագործման համար նշված հիմնախնդիրների լուծման նպատակով համապատասխան դեպքերում ներգրավել գործող այլ հաստատություններ,
դ/ նպաստել համապատասխան տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և գործնական մեթոդների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը տարածաշրջանի պետությունների միջև,
ե/ մշակել արտակարգ ծրագրեր` ուղղված անապատացման և/կամ երաշտից տուժած շրջաններում երաշտի հետևանքների նվազեցմանը:
2. Ի կատարումն Կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված ընդհանուր և հատուկ պարտավորությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունները ձգտում են.
ա/ իրենց ազգային բյուջեների շրջանակներում նախատեսել համապատասխան հատկացումներ` հաշվի առնելով ազգային պայմանները և հնարավորությունները և նոր առաջնահերթ խնդիրը, որն Աֆրիկան սույն Կոնվենցիայի ենթատեքստում սահմանել է անապատացման և/կամ երաշտի երևույթների առնչությամբ,
բ/ նպաստել և օժանդակել ավելի լայն ապակենտրոնացման, պաշարների տնօրինման համակարգի վերակառուցման, ինչպես նաև տեղական բնակչության և համայնքների մասնակցության ընդլայնման նպատակով ներկայումս իրականացվող բարեփոխումներին,
գ/ հայթայթել և մոբիլիզացնել նոր և լրացուցիչ ազգային ֆինանսական ռեսուրսներ և առաջնահերթ կարգով ամրապնդել առկա ազգային ներուժը և մեխանիզմները ներքին ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման նպատակով:
Հոդված 5
Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող պետությունների պարտավորությունները
1. Կոնվենցիայի 4-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված իրենց պարտավորությունները կատարելիս, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններն առաջնահերթ ուշադրություն են դարձնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացած պետություններին, հատկապես` աֆրիկյան պետություններին և այդ ենթատեքստում.
ա/ աջակցություն են ցուցաբերում այդ պետություններին անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման գործում, մասնավորապես, ֆինանսական և/կամ այլ միջոցների տրամադրման կամ դրանց մատչելիության հեշտացման միջոցով, ինչպես նաև, փոխհամաձայնության հիմունքներով և ազգային քաղաքականության հետ համահունչ, էկոլոգիապես ընդունելի համապատասխան տեխնոլոգիաների և «նոու-հաուի» տրամադրման, հարմարեցման և դրանցից ազատ օգտվելու խրախուսման, ֆինանսավորման և/կամ ֆինանսավորման հեշտացման միջոցով` նկատի առնելով աղքատության վերացումը որպես իրենց կողմից որդեգրված կարևորագույն ռազմավարություններից մեկը,
բ/ շարունակում են տրամադրել մեծ քանակությամբ ռեսուրսներ և/կամ ընդլայնել տրամադրվող ռեսուրսների ծավալն անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման նպատակների համար,
գ/ աջակցություն են ցուցաբերում այդ պետությունների ինստիտուցիոնալ բազայի, գիտատեխնիկական ներուժի հզորացման, տեղեկությունների հավաքման և վերլուծության համակարգերի կատարելագործման, ինչպես նաև հետազոտությունների և մշակումների համար անհրաժեշտ հնարավորությունների ընդլայնման գործում` անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման նպատակով:
2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող այլ պետությունները կարող են կամավոր հիմունքներով Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններին տրամադրել անապատացմանն առնչվող տեխնոլոգիաներ, գիտելիքներ, «նոու-հաու» և/կամ ֆինանսական միջոցներ: Այդպիսի գիտելիքների, «նոու-հաուի» և տեխնոլոգիաների տրամադրմանը նպաստում է միջազգային համագործակցությունը:
Հոդված 6
Կայուն զարգացման նպատակով կատարվող հեռանկարային պլանավորման շրջանակները
1. Միջոցառումների ազգային ծրագրերը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունների կայուն զարգացման ապահովմանն ուղղված ազգային քաղաքականության մշակման ավելի լայն գործընթացի կենտրոնական և անբաժանելի մասն են հանդիսանում:
2. Ճկուն պլանավորում նախատեսող ռազմավարության մշակման նպատակով, որը թույլ կտա ապահովել տեղական բնակչության և համայնքների մասնակցության ամենաբարձր մակարդակը, իրականացվում է խորհրդակցությունների ակտիվ գործընթաց համապատասխան կարգի պետական մարմինների, տեղական բնակչության, համայնքների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Համապատասխան դեպքերում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետության խնդրանքով այդ գործընթացի մեջ կարող են ներգրավվել աջակցություն ցուցաբերող երկկողմ կամ բազմակողմ հաստատություններ:
Հոդված 7
Միջոցառումների ծրագրերի մշակման ժամանակացույց
Մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններն, անհրաժեշտության դեպքում` միջազգային հանրության այլ անդամների հետ համատեղ, իրենց հնարավորությունների սահմաններում ժամանակավորապես կիրառում են սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք ներառում են ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային միջոցառումների ծրագրերի նախապատրաստումը:
Հոդված 8
Միջոցառումների ազգային ծրագրերի բովանդակությունը
1. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, միջոցառումների ազգային ծրագրերի ընդհանուր ռազմավարության մեջ կենտրոնական տեղ է հատկացվում համալիր զարգացման տեղական ծրագրերի մշակմանը ազդեցության ենթարկված շրջանների համար, որոնց հիմքում ընկած են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործընթացներին բնակչության մասնակցությունն ապահովող մեխանիզմներն ու աղքատության վերացման ռազմավարությունները: Այդ ծրագրերն ուղղված են տեղական իշխանությունների ներուժի հզորացմանը և տեղական բնակչության, համայնքների ու խմբերի ակտիվ մասնակցության ապահովմանը և դրանցում հատկապես կարևորվում են կրթության և վերապատրաստման, հասարակական կազմակերպությունների ներգրավման և ապակենտրոնացված պետական կառույցների ամրապնդման հարցերը:
2. Համապատասխան դեպքերում միջոցառումների ազգային ծրագրերն ընդգրկում են հետևյալ ընդհանուր դրույթները.
ա/ միջոցառումների ազգային ծրագրերի մշակման համար անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման ոլորտում առկա փորձի օգտագործումը` հաշվի առնելով սոցիալական, տնտեսական և էկոլոգիական պայմանները,
բ/ անապատացման կամ երաշտի տարածմանը նպաստող գործոնների և առկա ու պահանջվող ռեսուրսների և հնարավորությունների հատկանշում, համապատասխան քաղաքականության, ինչպես նաև անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ և այլ միջոցների մշակում, և
գ/ տեղական բնակչության և համայնքների, այդ թվում` կանանց, հողատերերի և անասնապահների մասնակցություն և նրանց լիազորությունների ընդլայնում:
3. Միջոցառումների ազգային ծրագրերը համապատասխան դեպքերում նախատեսում են նաև հետևյալ միջոցները.
ա/ աղքատության վերացման նպատակով տնտեսական պայմանների բարելավմանն ուղղված միջոցներ.
i. եկամուտների ավելացում և զբաղվածության հնարավորությունների ստեղծում, մասնավորապես` համայնքի ամենաանապահով անդամների համար.
- գյուղատնտեսական և անասնաբուծական արտադրանքի շուկաների զարգացման միջոցով,
- տեղական կարիքներին համապատասխանող ֆինանսական մեխանիզմների ստեղծման միջոցով,
- գյուղատնտեսության դիվերսիֆիկացիային նպաստելու և գյուղատնտեսական ձեռնարկությունների ստեղծման միջոցով,
- գյուղատնտեսության հետ համատեղելի կամ գյուղատնտեսության հետ չառնչվող տնտեսական գործունեության տեսակների զարգացման միջոցով,
ii. գյուղական էկոնոմիկայի զարգացման երկարաժամկետ հեռանկարների բարելավում.
- արդյունավետ ներդրումների համար խթանների ստեղծման և արտադրության միջոցների մատչելիության ապահովման միջոցով,
- աճին նպաստող գնային և հարկային քաղաքականության և առևտրային պրակտիկայի մշակման միջոցով,
iii. հողային պաշարների վրա ժողովրդագրական ճնշումը թուլացնելու նպատակով բնակչության միգրացիայի բնագավառում համապատասխան միջոցների հատկանշում և կիրառում, և
iv. պարենային անվտանգության ապահովման նպատակով երաշտադիմացկուն կուլտուրաների օգտագործման և չոր հողերի մշակման համալիր համակարգերի կիրառման խրախուսում,
բ/ բնական պաշարների պահպանմանն ուղղված միջոցներ.
i. բնական պաշարների համալիր և ռացիոնալ օգտագործման ապահովում, ներառյալ`
- գյուղատնտեսական հողերն ու արոտավայրերը,
- բուսական ծածկույթն ու կենդանական աշխարհը,
- անտառները,
- ջրային պաշարները և
- կենսաբանական բազմազանությունը,
ii. բնակչության ուսուցում և տեղեկացվածության բարելավում, ինչպես նաև էկոլոգիայի հարցերին նվիրված ուսումնական միջոցառումների անցկացում և բնական պաշարների կայուն և ռացիոնալ շահագործման մեթոդների և գիտելիքների տարածում,
iii. էներգիայի տարբեր աղբյուրների զարգացման և արդյունավետ օգտագործման ապահովում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների, հատկապես` արևի և քամու էներգիայի և կենսագազի օգտագործման խրախուսում, ինչպես նաև համապատասխան տեխնոլոգիաների տրամադրմանը, ձեռքբերմանը և հարմարեցմանն ուղղված կոնկրետ միջոցների ձեռնարկում նվազ բնական պաշարների վրա ճնշումը թուլացնելու նպատակով,
գ/ ինստիտուցիոնալ կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցներ.
i. կենտրոնական և տեղական իշխանությունների պարտականությունների և դերի սահմանում հողօգտագործման պլանավորման քաղաքականության շրջանակներում,
ii. ակտիվ ապակենտրոնացման քաղաքականության խրախուսում, որի նպատակն է տեղական ինքնակառավարման մարմիններին օժտել կառավարման և որոշումներ կայացնելու լիազորություններով, տեղական համայնքների կողմից ցուցաբերվող նախաձեռնությունների և սեփական պատասխանատվության գիտակցման խրախուսում, ինչպես նաև տեղական կառույցների ստեղծում, և
iii. համապատասխան դեպքերում բնական պաշարների շահագործումը կարգավորող ինստիտուցիոնալ և իրավական դաշտի կատարելագործում` տեղական բնակչության հողի տիրապետման իրավունքները երաշխավորելու նպատակով,
դ/ անապատացման գործընթացների իմացության խորացմանն ուղղված միջոցներ.
i. անապատացման գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական ասպեկտների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրման, ինչպես նաև հավաքման, մշակման և փոխանակման խրախուսում,
ii. տեղեկատվության հավաքման, մշակման և փոխանակման ոլորտում ազգային ներուժի հզորացում` գործնականում վերլուծության արդյունքների ավելի խորն ըմբռնումը և ավելի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով,
iii. միջնաժամկետ և երկարաժամկետ հետազոտությունների խրախուսում.
- ազդեցության ենթարկված շրջաններում սոցիալ-տնտեսական և մշակութային միտումների ոլորտում,
- բնական պաշարների հետ կապված որակական և քանակական միտումների ոլորտում,
- կլիմայի և անապատացման միջև փոխադարձ կապի ոլորտում,
ե/ երաշտի հետևանքների մոնիտորինգի և գնահատման իրականացմանն ուղղված միջոցներ.
i. տարածաշրջանում անապատացման և երաշտի գործընթացների վրա կլիմայի բնական փոփոխականության ազդեցության գնահատման ռազմավարությունների մշակում և/կամ կլիմայի փոփոխականության սեզոնային և միջին տարեկան կանխատեսումների օգտագործում երաշտի հետևանքների նվազեցման նպատակով,
ii. վաղ ազդարարման համակարգերի և հակազդման միջոցների կատարելագործում, արտակարգ և պարենային աջակցության տրամադրման գործընթացների արդյունավետ կառավարման ապահովում և պարենի պահպանման և բաշխման ու անասունների և ինժեներատեխնիկական շինությունների պաշտպանության համակարգերի, ինչպես նաև չոր շրջաններում ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների սխեմաների կատարելագործում, և
iii. պաշարների դեգրադացիայի գործընթացների և դինամիկայի վերաբերյալ հուսալի և յուրաժամանակ տեղեկատվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի իրավիճակի վատթարացման մոնիտորինգի և գնահատման իրականացում` տեղեկացվածության ապահովման և ավելի արդյունավետ քաղաքականության և հակազդման միջոցների մշակմանը նպաստելու նպատակով:
Հոդված 9
Միջոցառումների ազգային ծրագրերի մշակում և դրանց իրականացման ու գնահատման ցուցանիշների սահմանում
Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված յուրաքանչյուր աֆրիկյան պետություն նշանակում է համապատասխան ազգային համադրող մարմին, որը խթանի դեր կկատարի այդ պետության միջոցառումների ազգային ծրագրի մշակման, իրականացման և գնահատման գործում: 3-րդ հոդվածի լույսի ներքո, նշված մարմինը համապատասխան դեպքերում.
ա/ ձեռնարկում է միջոցառումների հատկանշում և վերլուծություն` սկսած տեղերի նախաձեռնությամբ կազմակերպվող խորհրդակցությունների, որոնցում մասնակցում են տեղական բնակչությունը և համայնքները` տեղական ինքնակառավարման մարմինների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ` շահագրգիռ Կողմերի հետ ազգային մակարդակի վրա անցկացված նախնական խորհրդակցությունների հիմքի վրա,
բ/ հատկանշում և վերլուծում է այն արգելքները, կարիքներն ու թերությունները, որոնք բացասական ազդեցություն են գործում զարգացման և կայուն հողօգտագործման վրա, և գործնական միջոցներ է առաջարկում արդեն կիրառվող համապատասխան միջոցների առավել ռացիոնալ կիրառման և դրանց արդյունավետության ապահովման օգնությամբ ջանքերի կրկնօրինակումից խուսափելու համար,
գ/ խրախուսում, պլանավորում և ձևակերպում է միմյանց լրացնող և ճկուն մոտեցումների վրա հիմնված կոնկրետ միջացառումներ` ազդեցության ենթարկված բնակչության մասնակցությունն ապահովելու և այդպիսի միջոցառումների բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաև հատկանշում է ֆինանսական աջակցության և տեխնիկական համագործակցության կարիքները և որոշում է դրանց առաջնահերթությունը,
դ/ սահմանում է ճշգրիտ և քանակական չափման և ստուգման հեշտությամբ ենթարկվող ցուցանիշներ միջոցառումների ազգային ծրագրերի բովանդակության գնահատման համար` ներառյալ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման գնահատման համար, և
ե/ պատրաստում է զեկույցներ միջոցառումների ազգային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հոդված 10
Միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի կառուցվածքը
1. Սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունները համագործակցում են Կենտրոնական, Արևելյան, Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Աֆրիկայում միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի մշակման և իրականացման գործում և այս կապակցությամբ, համապատասխան ենթատարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների համար, կարող են սահմանել հետևյալ պարտականությունները.
ա/ նշված կազմակերպությունները գործում են որպես միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի մշակման և իրականացման համադրման կենտրոններ,
բ/ օժանդակում են միջոցառումների ազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
գ/ նպաստում են տեղեկատվության, փորձի և «նոու-հաուի» փոխանակմանն, ինչպես նաև խորհրդակցական բնույթի աջակցություն են ցուցաբերում ազգային օրենսդրության վերամշակման գործում, և
դ/ կատարում են միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի իրականացման հետ կապված այլ պարտականություններ:
2. Մասնագիտացված ենթատարածաշրջանային կազմակերպությունները կարող են աջակցություն ցուցաբերել ստացված դիմումների հիման վրա և/կամ լիազորված լինել իրականացնելու իրենց իրավասությունների շրջանակներում ընդգրկված միջոցառումների համադրումը:
Հոդված 11
Միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի բովանդակությունը և մշակումը
Միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի ուշադրության կենտրոնում գտնվում են այն խնդիրները, որոնք կարող են առավել ռացիոնալ կերպով լուծվել ենթատարածաշրջանային մակարդակի վրա: Միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են ընդհանուր բնական պաշարների ռացիոնալ շահագործումն ապահովող մեխանիզմներ: Այդ մեխանիզմները արդյունավետ կերպով լուծում են անապատացման և/կամ երաշտի հետ կապված հիմնախնդիրները և նպաստում են միջոցառումների ազգային ծրագրերի ներդաշնակ իրականացմանը: Միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերն իրականացվում են համապատասխան դեպքերում` հետևյալ առաջնահերթ կարևորություն ունեցող ոլորտներում.
ա/ անդրսահմանային բնական պաշարների կայուն և ռացիոնալ շահագործման համատեղ ծրագրեր` համապատասխան դեպքերում երկկողմ և բազմակողմ մեխանիզմների օգնությամբ,
բ/ էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ծրագրերի համադրում,
գ/ համագործակցություն վնասատուների, ինչպես նաև՝ բույսերի և կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի և վերահսկման ոլորտում,
դ/ ներուժի հզորացմանը, բնակչության ուսուցմանն ու տեղեկացվածության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որոնց իրականացումը կամ խրախուսումն առավել արդյունավետ է կատարվում ենթատարածաշրջանային մակարդակի վրա,
ե/ գիտատեխնիկական համագործակցություն, մասնավորապես` կլիմայաբանության, օդերևութաբանության և ջրագիտության ոլորտում, ներառյալ տվյալների հավաքման և գնահատման ցանցերի ստեղծումը, տեղեկատվության փոխանակումը և ծրագրերի իրականացման վերահսկումը, ինչպես նաև հետազոտությունների և մշակումների համադրում և դրանց առաջնահերթության սահմանում,
զ/ վաղ ազդարարման համակարգեր և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների համատեղ պլանավորում` ներառյալ էկոլոգիական գործոնների ազդեցության արդյունքում առաջացող միգրացիայի հետ կապված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցները,
է/ փորձի փոխանակման հնարավորությունների ուսումնասիրություն, մասնավորապես` տեղական բնակչության և համայնքների մասնակցությամբ, և բարենպաստ պայմանների ստեղծում հողօգտագործման մեթոդների բարելավման և համապատասխան տեխնոլոգիաների ստեղծման համար,
ը/ ենթատարածաշրջանային կազմակերպությունների ներուժի հզորացում համադրման և տեխնիկական սպասարկման կարողությունների տեսանկյունից, ինչպես նաև ենթատարածաշրջանային կենտրոնների և հաստատությունների ստեղծում,
թ/ միջոցների մշակում այնպիսի ոլորտներում, ինչպիսին է առևտուրը, որոնք իրենց ազդեցությունն են գործում ազդեցության ենթարկված շրջանների և դրանց բնակչության վրա` ներառյալ տարածաշրջանային շուկայական ռեժիմների համադրմանն ու ընդհանուր ենթակառուցվածքի ստեղծմանն ուղղված միջոցները:
Հոդված 12
Միջոցառումների տարածաշրջանային ծրագրի կառուցվածքը
1. Սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունները համատեղ սահմանում են միջոցառումների տարածաշրջանային ծրագրի մշակման և իրականացման ընթացակարգերը:
2. Կոնվենցիայի Կողմերը կարող են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համապատասխան աֆրիկյան տարածաշրջանային կազմակերպություններին և հաստատություններին, որպեսզի վերջիններս կարողանան Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին օժանդակել Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների կատարման գործում:
Հոդված 13
Միջոցառումների տարածաշրջանային ծրագրի բովանդակությունը
Միջոցառումների տարածաշրջանային ծրագիրն իր մեջ ներառում է անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման հետ կապված միջոցները հետևյալ առաջնահերթ կարևորություն ունեցող ոլորտներում.
ա/ տարածաշրջանային համագործակցության զարգացում և միջոցառումների ենթատարածաշրջանային ծրագրերի համադրում` քաղաքականության առանցքային հարցերում տարածաշրջանային փոխհամաձայնության ձեռքբերման նպատակով, մասնավորապես` ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով,
բ/ օժանդակություն ներուժի հզորացման գործում գործունեության այն ոլորտներում, որոնք առավելագույնս հարմար են տարածաշրջանային մակարդակի վրա իրականացման համար,
գ/ միջազգային հանրության հետ համատեղ տնտեսական և սոցիալական գլոբալ այն խնդիրների լուծման ուղիների փնտրում, որոնք ազդեցություն են գործում ազդեցության ենթարկված շրջանների վրա` նկատի առնելով սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը,
դ/ օժանդակության ցուցաբերում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունների, դրանց համապատասխան ենթատարածաշրջանների և ազդեցության ենթարկված այլ տարածաշրջանների միջև տեղեկատվության և անհրաժեշտ մեթոդների, տեխնիկական «նոու-հաուի» և համապատասխան փորձի փոխանակման գործում. գիտական և տեխնիկական համագործակցության զարգացում, մասնավորապես` կլիմայաբանության, օդերևութաբանության, ջրագիտության, ջրային պաշարների և էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ոլորտներում. հետազոտական գործունեության համադրում ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա և հետազոտությունների ու մշակումների ոլորտում տարածաշրջանային առաջնայնությունների սահմանում,
ե/ համակարգված դիտարկումների, գնահատումների և տեղեկատվության փոխանակման ցանցերի աշխատանքի համադրում, ինչպես նաև դրանց ընդգրկում համաշխարհային ցանցերի կազմի մեջ, և
զ/ վաղ ազդարարման համակարգերի և երաշտի դեպքում կիրառվելիք արտակարգ պլանների մշակման համադրում և արդյունավետության բարձրացում:
Հոդված 14
Ֆինանսական միջոցներ
1. Կոնվենցիայի 20-րդ հոդվածի և սույն Հավելվածի 4-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունները գործադրում են ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը նպաստող մակրոտնտեսական պայմանների ստեղծմանն ուղղված ջանքեր և սահմանում են կարգեր զարգացման տեղական ծրագրերի կարիքների բավարարմանն ուղղված միջոցների ավելի արդյունավետ բաշխման համար, այդ թվում, համապատասխան դեպքերում, հասարակական կազմակերպությունների միջոցով:
2. Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, Կողմերը պայմանավորվում են ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մակարդակների վրա ֆինանսավորման աղբյուրների ցանկ կազմելու մասին` առկա ռեսուրսների առավել ռացիոնալ օգտագործումն ապահովելու և միջոցառումների ծրագրերի իրականացումը հեշտացնելու նպատակով ռեսուրսների բաշխման թերությունների հայտնաբերման համար: Նշված ցանկը պարբերաբար վերանայվում և թարմացվում է:
3. Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները շարունակում են մեծ քանակությամբ ռեսուրսներ և/կամ ռեսուրսների ավելի մեծ ծավալներ և այլ տեսակի աջակցություն տրամադրել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններին 18-րդ հոդվածում նշված գործընկերության մասին համաձայնագրերի և պայմանավորվածությունների հիման վրա` հատուկ ուշադրություն դարձնելով պարտքին, միջազգային առևտրին և առևտրային ռեժիմներին առնչվող հարցերին` Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան:
Հոդված 15
Ֆինանսական մեխանիզմներ
1. Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և տվյալ տարածաշրջանում առկա իրավիճակը հաշվի առնելով, Կոնվենցիայի Կողմերը կարևորում են Աֆրիկայում սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերի կիրառումը, մասնավորապես.
ա/ նպաստելով այնպիսի մեխանիզմների ստեղծմանը, ինչպիսիք են անապատացման դեմ պայքարի ազգային հիմնադրամները, որոնք ապահովում են ֆինանսական միջոցների ուղղումը տեղական համայնքներին,
բ/ ամրապնդելով և հզորացնելով գործող հիմնադրամները և ֆինանսական մեխանիզմները ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա:
2. Կոնվենցիայի 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, Կողմերը, որոնք հանդիսանում են նաև համապատասխան տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում` Զարգացման աֆրիկյան բանկի և Զարգացման աֆրիկյան հիմնադրամի անդամներ, օժանդակում են այդ հաստատությունների գործունեության կարևորմանն ուղղված ջանքերին, ինչը նպաստում է սույն Հավելվածի կիրառմանը:
3. Կոնվենցիայի Կողմերը, իրենց հնարավորությունների սահմաններում, կատարելագործում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններին միջոցների տրամադրման ընթացակարգերը:
Հոդված 16
Տեխնիկական աջակցություն և համագործակցություն
Կողմերը պարտավորվում են իրենց հնարավորությունների սահմաններում միջոցներ ձեռնարկել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին ցուցաբերվող աջակցության ուղիների այդ պետությունների հետ համագործակցության կատարելագործման և ընդլայնման համար` նախագծերի և ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով, միաժամանակ ապահովելով, որ.
ա/ աջակցության և օժանդակության միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերը, հատկապես` լրացուցիչ ծախսերը սահմանափակվեն ծրագրի առավելագույն արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ ծավալով: Ամեն դեպքում, այդ ծախսերը պետք է կազմեն ծրագրի ընդհանուր արժեքի համապատասխան փոքր մասը միայն,
բ/ ծրագրի պլանավորման, նախապատրաստման և իրականացման ժամանակ առաջնահերթությունը տրվի տեղական փորձագետների ներգրավմանը կամ, անհրաժեշտության դեպքում, ենթատարածաշրջանային և/կամ տարածաշրջանային փորձագետների ներգրավմանը, իսկ դրանց բացակայության դեպքում` տեղական մասնագետների պատրաստմանը, և
գ/ ղեկավարումը և համադրումը, ինչպես նաև տեխնիկական աջակցության տրամադրումն իրականացվեն առավել արդյունավետ եղանակով:
Հոդված 17
Էկոլոգիապես ընդունելի տեխնոլոգիաների տրամադրում, ձեռքբերում և հարմարեցում, ինչպես նաև դրա մատչելիության ապահովում
Սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի դրույթների իրագործման ժամանակ, որոնք կարգավորում են տեխնոլոգիաների տրամադրումը, ձեռքբերումն ու հարմարեցումը, Կողմերը պարտավորվում են առաջնահերթ կարևորություն տալ Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին, և, անհրաժեշտության դեպքում, դրանց հետ համատեղ մշակել գործընկերության և համագործակցության նոր մոդելներ` գիտական հետազոտությունների և մշակումների, տեղեկությունների հավաքման և տարածման ոլորտում ներուժի հզորացման նպատակով, ինչն անհրաժեշտ է անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված իրենց ռազմավարությունների իրականացման համար:
Հոդված 18
Համադրման և համագործակցության մասին համաձայնագրեր
1. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունները համադրում են միջոցառումների ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերի մշակումը, քննարկումը և իրականացումը: Նրանք կարող են համապատասխան կերպով այդ գործընթացի մեջ ներգրավել այլ Կողմեր և համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպություններ:
2. Այդպիսի համադրման նպատակը սույն Կոնվենցիայի դրույթների հետ ֆինանսական և տեխնիկական համագործակցության համապատասխանության, ինչպես նաև պաշարների շահագործման և բաշխման ոլորտում անհրաժեշտ հաջորդականության ապահովումն է:
3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունները կազմակերպում են խորհրդակցություններ ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա: Այդ խորհրդակցությունները կարող են.
ա/ ծառայել որպես ֆորում համագործակցության մասին համաձայնագրերի քննարկման և կնքման համար, որոնք հիմնվում են միջոցառումների ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերի վրա,
բ/ սահմանել Կոնվենցիայի կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունների և խորհրդակցական խմբակցությունների այլ անդամների ներդրումների բաժնեմասը ծրագրերի մեջ, որոշել առաջնայնությունները և քննարկման ենթարկել իրականացման չափանիշների և գնահատականների վերաբերյալ համաձայնագրերը, ինչպես նաև իրականացման գործընթացի ֆինանսավորման պայմանները:
4. Մշտական Քարտուղարությունը կարող է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան որևէ պետության խնդրանքով և ի կատարումն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի օժանդակել այդ խորհրդակցական գործընթացին.
ա/ խորհրդակցությունների արդյունավետ ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցական աջակցության տրամադրման միջոցով` հիմք ընդունելով նման այլ միջոցառումների կազմակերպման փորձը,
բ/ երկկողմ և բազմակողմ հաստատություններին խորհրդակցական ժողովների և գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև այդ հաստատությունների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով, և
գ/ այլ տեղեկատվության տրամադրման միջոցով, որը կարող է անհրաժեշտ լինել խորհրդակցությունների կազմակերպմանն ուղղված միջոցառումների նախապատրաստման կամ կատարելագործման համար:
5. Ենթատարածաշրջանային և տարածաշրջանային համադրող մարմինները, մասնավորապես`
ա/ առաջարկում են համապատասխան փոփոխություններ կատարել համագործակցության մասին համաձայնագրի մեջ,
բ/ ապահովում են հաստատված ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերի իրականացման գործընթացի վերահսկումն ու գնահատումը և հաշվետվություն են ներկայացնում այդ մասին, և
գ/ ձգտում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունների միջև արդյունավետ կապերի և համագործակցության ապահովմանը:
6. Մասնակցությունը խորհրդակցական խմբերում, կախված հանգամանքներից, բաց է կառավարությունների, շահագրգիռ խմբերի և դոնոր-կազմակերպությունների, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինների, հիմնադրամների և ծրագրերի, համապատասխան ենթատարածաշրջանային և տարածաշրջանային կազմակերպությունների և համապատասխան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Յուրաքանչյուր առանձին խորհրդակցական խմբի ղեկավարման պայմանները և գործելու կարգը սահմանվում է այդ խմբի անդամների կողմից:
7. Ի կատարումն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները կարող են սեփական նախաձեռնությամբ զարգացնել միմյանց միջև ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա խորհրդակցությունների և համադրման ոչ պաշտոնական գործընթացը և, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան որևէ պետության կամ համապատասխան ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային կազմակերպության խնդրանքով, մասնակցել ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային խորհրդակցական գործընթացներին, որոնք կարող են ներառել աջակցության կարիքների գնահատումը և արձագանքումն այդ կարիքներին` իրականացման գործընթացին օժանդակելու նպատակով:
Հոդված 19
Հետագա միջոցառումներ
1. Սույն Հավելվածի իրականացման հետ կապված հետագա միջոցառումներն իրականացվում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետությունների կողմից հետևյալ կերպով.
ա/ ազգային մակարդակով` հատուկ համակարգի միջոցով, որի բաղադրիչները սահմանվում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված յուրաքանչյուր աֆրիկյան պետության կողմից, ընդգրկում է տեղական համայնքների ներկայացուցիչներ և գործում է 9-րդ հոդվածով նախատեսված ազգային համադրող մարմնի ղեկավարության ներքո,
բ/ ենթատարածաշրջանային մակարդակով` բազմաճյուղ գիտատեխնիկական խորհրդակցական կոմիտեի միջոցով, որի կազմը և գործելու կարգը սահմանվում են համապատասխան ենթատարածաշրջանի կողմից, և
գ/ տարածաշրջանային մակարդակով` Աֆրիկյան տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի համապատասխան դրույթների համաձայն սահմանված մեխանիզմների և Աֆրիկյան գիտատեխնիկական խորհրդակցական կոմիտեի միջոցով:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Տարածաշրջանային մակարդակով Կոնվենցիայի իրագործման հավելված Ասիայի համար
Հոդված 1
Նպատակը
Սույն Հավելվածի նպատակը Կոնվենցիայի գործնական և արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ ղեկավար սկզբունքների ապահովումն ու պայմանների ստեղծումն է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված ասիական պետությունների համար` հաշվի առնելով վերջինիս առանձնահատկությունները:
Հոդված 2
Ասիական տարածաշրջանի առանձնահատկությունները
Սույն Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունները կատարելիս, Կողմերը համապատասխան դեպքերում նկատի են առնում հետևյալ առանձնահատկությունները, որոնք տարբեր չափով բնորոշ են այդ տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող պետությունների համար.
ա/ անապատացման կամ երաշտի ենթարկված կամ վտանգի տակ գտնվող շրջանները կազմում են այդ պետությունների տարածքների զգալի մասը, ընդ որում, այդ շրջանները չափազանց տարբերվում են միմյանցից կլիմայի, տեղագրական բնութագրերի, հողօգտագործման սխեմաների և սոցիալ-տնտեսական համակարգերի տեսանկյունից,
բ/ բնական պաշարների ինտենսիվ շահագործում ապրուստի միջոցներ ստանալու նպատակով,
գ/ արտադրության անկայուն համակարգերի առկայություն, որոնք անմիջականորեն կապված են համատարած աղքատության հետ, ինչը բերում է հողերի դեգրադացիայի և առանց այն էլ նվազ ջրային պաշարների շահագործման ուժեղացմանը,
դ/ այդ պետությունների զգալի կախվածությունը համաշխարհային տնտեսության պայմաններից և այնպիսի սոցիալական հիմնախնդիրների առկայությունը, ինչպիսիք են աղքատությունը, առողջապահության և սննդի անբավարար վիճակը, պարենային անվտանգության բացակայությունը, միգրացիան, տեղահանված անձինք և ժողովրդագրական աճը,
ե/ անապատացման և երաշտի հետ կապված ազգային հիմնախնդիրների լուծման ոլորտում այդ պետությունների արդեն ընդլայնվող, սակայն դեռ թույլ զարգացած ներուժը և ինստիտուցիոնալ մեխանիզմները,
զ/ այդ երկրների մոտ միջազգային համագործակցության կարիքը անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման հետ կապված կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
Հոդված 3
Միջոցառումների ազգային ծրագրերի շրջանակները
1. Միջոցառումների ազգային ծրագրերը տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների կայուն զարգացման ավելի լայն ազգային քաղաքականության անբաժանելի մասն են հանդիսանում:
2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները համապատասխան դեպքերում մշակում են միջոցառումների ազգային ծրագրեր սույն Կոնվենցիայի 9-ից 11-րդ հոդվածներին համապատասխան` հատուկ ուշադրություն դարձնելով 10-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետին: Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված համապատասխան պետության դիմումի համաձայն, այդ գործընթացում կարող են ընդգրկվել երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերով զբաղվող հաստատություններ:
Հոդված 4
Միջոցառումների ազգային ծրագրեր
1. Միջոցառումների ազգային ծրագրերը մշակելիս և իրականացնելիս, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններն իրենց պայմաններին և քաղաքականությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում, կարող են, մասնավորապես.
ա/ նշանակել միջոցառումների իրենց ծրագրերի մշակման, համադրման և իրականացման համար պատասխանատու համապատասխան մարմիններ,
բ/ ծրագրի մշակման, համադրման և իրականացման գործընթացների մեջ ներգրավել ազդեցության ենթարկված շրջանների բնակչությանը, ներառյալ տեղական համայնքները` տեղերի նախաձեռնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան ազգային և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվող խորհրդակցութունների միջոցով,
գ/ ազդեցության ենթարկված շրջաններում անցկացնել շրջակա միջավայրի իրավիճակի վերլուծություն` անապատացման պատճառների և հետևանքների գնահատման և միջոցներ ձեռնարկելու համար առաջնահերթ ոլորտների որոշման նպատակով,
դ/ ազդեցության ենթարկված շրջանների բնակչության մասնակցությամբ կատարել անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված նախկին և գործող ծրագրերի գնահատում` միջոցառումների իրենց ծրագրերի շրջանակներում ռազմավարության և միջոցառումների մշակման նպատակով,
ե/ սույն հոդվածի «ա»-ից «դ» ենթակետերում նշված միջոցառումների իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության օգտագործման հիման վրա մշակել տեխնիկական և ֆինանսական ծրագրեր,
զ/ մշակել և կիրառել ընթացակարգեր և չափանիշներ միջոցառումների իրենց ծրագրերի իրականացման ընթացքի գնահատման համար,
է/ նպաստել ջրահավաք ավազանների համալիր օգտագործմանը, հողային պաշարների պահպանմանը և ջրային պաշարների զարգացմանն ու արդյունավետ շահագործմանը,
ը/ անապատացման և երաշտի ենթարկված շրջաններում տեղեկատվության հավաքման, գնահատման, դիտարկումների և վաղ ազդարարման գործող համակարգերի հզորացում և/կամ նոր համակարգերի ստեղծում` հաշվի առնելով կլիմայաբանական, օդերևութաբանական, ջրագիտական, կենսաբանական և այլ համապատասխան գործոնները,
թ/ միջազգային համագործակցության իրականացման ընթացքում` ներառյալ ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը, գործընկերության ոգուն համահունչ մշակել համապատասխան համաձայնագրեր, որոնք կօժանդակեն միջոցառումների իրենց ծրագրերի իրականացմանը:
2. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, միջոցառումների ազգային ծրագրերի ընդհանուր ռազմավարության մեջ կենտրոնական տեղ է հատկացվում ազդեցության ենթարկված շրջանների համար համալիր զարգացման տեղական ծրագրերի մշակմանը, որոնց հիմքում ընկած են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործընթացներին բնակչության մասնակցությունն ապահովող մեխանիզմներն ու աղքատության վերացման ռազմավարությունները: Հաշվի առնելով 2-րդ հոդվածի «ա» կետում նշված տարածաշրջանի տուժած շրջանների լայն բազմազանությունը, սեկտորային միջոցառումները խմբավորվում են միջոցառումների ազգային ծրագրերի առաջնահերթ կարևորություն ունեցող ոլորտներում:
Հոդված 5
Միջոցառումների ենթատարածաշրջանային և համատեղ ծրագրեր
1. Սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված ասիական պետությունները կարող են համատեղ պայմանավորվածություններ ձեռք բերել այլ Կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման և համագործակցության, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, միջոցառումների ազգային ծրագրերի լրացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ենթատարածաշրջանային կամ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման մասին պայմանավորվածություններ: Երկու դեպքերում էլ համապատասխան Կողմերը կարող են համատեղ պայմանավորվածություն ձեռք բերել այն մասին, որ ծրագրերի մշակման, համադրման և իրականացման հետ կապված պարտականությունները դրվեն ենթատարածաշրջանային, այդ թվում` երկկողմ կամ ազգային կազմակերպությունների կամ մասնագիտացված հաստատությունների վրա: Այդպիսի կազմակերպությունները կամ հաստատությունները կարող են նաև կատարել սույն Կոնվենցիայի 16-ից 18-րդ հոդվածներին համապատասխան իրականացվող տեխնիկական համագործակցության ընդլայնումն ապահովող և համադրման մարմինների և կենտրոնների գործառույթներ:
2. Միջոցառումների ենթատարածաշրջանային կամ համատեղ ծրագրերը մշակելիս և իրականացնելիս, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները համապատասխան դեպքերում ձեռնարկում են, մասնավորապես, հետևյալ միջոցները.
ա/ ազգային հաստատությունների հետ համատեղ հատկանշում են անապատացման և երաշտի դեմ պայքարի ոլորտում առկա առաջնահերթ հիմնախնդիրները, որոնք կարող են առավել ռացիոնալ կերպով լուծվել այդպիսի ծրագրերի միջոցով, ինչպես նաև այն համապատասխան միջոցառումները, որոնք կարող են արդյունավետ կերպով իրականացվել այդպիսի ծրագրերի շրջանակներում,
բ/ գնահատում են համապատասխան տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և ազգային հաստատությունների օպերատիվ կարողությունները և գործունեությունը,
գ/ վերլուծության են ենթարկում տարածաշրջանի կամ ենթատարածաշրջանի բոլոր կամ մի քանի պետությունների կողմից իրականացվող անապատացման և երաշտի դեմ պայքարին ուղղված ծրագրերը և դրանց փոխադարձ կապը ազգային ծրագրերի հետ, և
դ/ միջազգային համագործակցության իրականացման ընթացքում` ներառյալ ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը, գործընկերության ոգուն համահունչ մշակում են ծրագրերի իրականացմանն օժանդակող համապատասխան համաձայնագրեր:
3. Միջոցառումների ենթատարածաշրջանային կամ համատեղ ծրագրերը կարող են իրենց մեջ ներառել անապատացման և երաշտի դեմ պայքարի ենթատեքստում անդրսահմանային ջրային պաշարների ռացիոնալ շահագործման փոխհամաձայնեցված համատեղ ծրագրեր, համադրման առաջնահերթ խնդիրներ և այլ միջոցառումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ներուժի հզորացումը, գիտատեխնիկական համագործակցությունը` հատկապես վաղ ազդարարման համակարգերի համատեղ կիրառման և անապատացման մասին տեղեկատվության օգտագործման ոլորտներում, և համապատասխան ենթատարածաշրջանային և այլ կազմակերպությունների կամ հաստատությունների ներուժի հզորացմանն ու հնարավորությունների ընդլայմանն ուղղված միջոցառումներ:
Հոդված 6
Տարածաշրջանային միջոցառումներ
Միջոցառումների ենթատարածաշրջանային կամ համատեղ ծրագրերին օժանդակող տարածաշրջանային միջոցառումները կարող են իրենց մեջ ներառել, մասնավորապես, ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա համադրող հաստատությունների ու համագործակցության մեխանիզմների հզորացմանն ուղղված միջոցներ և Կոնվենցիայի 16-ից 19-րդ հոդվածների կատարմանն օժանդակող միջոցներ: Այդ միջոցառումները կարող են իրենց մեջ ներառել.
ա/ տեխնիկական համագործակցության համակարգերի հզորացում և օժանդակություն դրանց աշխատանքին,
բ/ տեխնոլոգիաների, «նոու-հաուի» և գործնական մեթոդների, ինչպես նաև ավանդական ու տեղական տեխնոլոգիաների և «նոու-հաուի» ցանկերի կազմում և դրանց տարածման ու կիրառման ընդլայնում,
գ/ տեխնոլոգիաների տրամադրման կարիքների գնահատում և օժանդակության ցուցաբերում այդ տեխնոլոգիաների հարմարեցման և կիրառման գործում,
դ/ օժանդակության ցուցաբերում հանրության իրազեկման և բոլոր մակարդակների վրա ներուժի հզորացման ծրագրերին, մասնագիտական պատրաստության կատարելագործում, հետազոտությունների և մշակումների զարգացում և մարդկային ռեսուրսների զարգացման համակարգերի ստեղծում:
Հոդված 7
Ֆինանսական միջոցներ և մեխանիզմներ
1. Կողմերը, հաշվի առնելով Ասիական տարածաշրջանում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման կարևորությունը, նպաստում են զգալի ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը և ֆինանսական մեխանիզմների ձևավորմանը` Կոնվենցիայի 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան:
2. Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և 8-րդ հոդվածով նախատեսված համադրման մեխանիզմի հիման վրա, ինչպես նաև ազգային զարգացման իրենց քաղաքականությանը համահունչ, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները անհատականապես կամ համատեղ.
ա/ ձեռնարկում են պետական կամ մասնավոր ներդրումների միջոցով ֆինանսական մեխանիզմների ռացիոնալիզացման և հզորացմանն ուղղված միջոցներ` անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործում որոշակի արդյունքների հասնելու նպատակով,
բ/ հատկանշում են միջազգային համագործակցության կարիքները ազգային մակարդակի վրա գործադրվող ջանքերին օժանդակելու նպատակով, մասնավորապես` ֆինանսական, տեխնիկական և տեխնոլոգիական ոլորտներում,
գ/ Կոնվենցիայի իրագործումն ապահովելու նպատակով, խրախուսում են ֆինանսական համագործակցության երկկողմ և/կամ բազմակողմ հաստատությունների մասնակցությանը:
3. Կողմերը, որքան հնարավոր է, ապահովում են տվյալ տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններին ֆինանսական միջոցներ ուղղելու ընթացակարգերի պարզեցումը:
Հոդված 8
Համագործակցության և համադրման մեխանիզմներ
1. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն նշանակվող մարմինների միջոցով, և տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող այլ պետությունները կարող են համապատասխան կերպով ստեղծել մեխանիզմ, մասնավորապես, հետևյալ գործառույթների կատարման համար.
ա/ տեղեկությունների, փորձի, գիտելիքների և «նոու-հաուի» փոխանակում,
բ/ համագործակցություն և գործողությունների համադրում` ներառյալ ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակներով կնքվող երկկողմ և բազմակողմ համաձայնագրերը,
գ/ օժանդակություն գիտատեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական համագործակցությանը` 5-ից 7-րդ հոդվածներին համապատասխան,
դ/ արտաքին համագործակցության կարիքի հատկանշում, և
ե/ հետագա միջոցառումների իրականացում և ծրագրերի իրականացման ընթացքի գնահատում:
2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն նշանակվող մարմինների միջոցով, և տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող այլ պետությունները կարող են նաև համապատասխան կերպով անցկացնել միջոցառումների ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերին նվիրված խորհրդակցություններ և իրականացնել դրանց համադրումը: Համապատասխան դեպքերում նրանք կարող են այդ գործընթացի մեջ ներգրավել Կոնվենցիայի այլ Կողմերին և համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպություններին: Այդպիսի համադրման նպատակը կայանում է, մասնավորապես, Կոնվենցիայի 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան իրականացվող միջազգային համագործակցության հնարավորությունների մասին համաձայնութան ձեռքբերման, տեխնիկական համագործակցության և պաշարների արդյունավետ շահագործման նպատակով դրանց պատշաճ բաշխման ապահովման մեջ:
3. Տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները պարբերաբար անցկացնում են համադրման ժողովներ, իսկ մշտական Քարտուղարությունը կարող է իրենց դիմումի համաձայն` Կոնվենցիայի 23-րդ հոդվածին համապատասխան օժանդակել այդպիսի համադրման ժողովների անցկացմանը.
ա/ խորհրդակցությունների արդյունավետ ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցական աջակցության տրամադրման միջոցով` հիմք ընդունելով նման այլ միջոցառումների կազմակերպման փորձը,
բ/ երկկողմ և բազմակողմ հաստատություններին խորհրդակցական ժողովների և գործընթացների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այդ հաստատությունների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով, և
գ/ այլ տեղեկությունների տրամադրման միջոցով, որը կարող է անհրաժեշտ լինել խորհրդակցությունների կազմակերպմանն ուղղված միջոցառումների նախապատրաստման կամ կատարելագործման համար:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Տարածաշրջանային մակարդակով Կոնվենցիայի իրագործման հավելված Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար
Հոդված 1
Նպատակը
Սույն Հավելվածի նպատակը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ ղեկավար սկզբունքների ապահովումն է` հաշվի առնելով նշված տարածաշրջանի առանձնահատկությունները:
Հոդված 2
Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանի առանձնահատկությունները
Կողմերը, Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, հաշվի են առնում տարածաշրջանի հետևյալ առանձնահատկությունները.
ա/ տարածաշրջանում կան անապատացման և/կամ երաշտի ենթարկված կամ այդ երևույթներից լրջորեն տուժող շրջաններ, որոնց բնորոշ են համապատասխան շրջանների առանձնահատկություններով պայմանավորված տարասեռ հատկություններ. ուժգնացող և իր ծավալներն ընդլայնող այդ գործընթացը բացասական ազդեցություն է գործում սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական ոլորտների վրա, ընդ որում, այդ բացասական ազդեցությունը կրկնապատկվում է այն պատճառով, որ դիտարկվող տարածաշրջանը պատկանում է կենսաբանական բազմազանության համաշխարհային հիմնական աղբյուրների թվին,
բ/ այդ հիմնախնդրի ամենահիմնական պատճառը զարգացման անկայուն մոդելների հաճախակի կիրառումն է, որոնք ֆիզիկական, կենսաբանական, քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական գործոնների բարդ փոխազդեցության արդյունք են հանդիսանում, այդ թվում` այնպիսի արտաքին տնտեսական գործոնների, ինչպիսիք են արտաքին պարտքը, առևտրի պայմանների վատթարացումը և գյուղատնտեսական, ձկնային և անտառային արտադրանքի շուկաների իրավիճակի վրա բացասաբար ազդող առևտրային պրակտիկան, և
գ/ անապատացման և երաշտի ամենալուրջ հետևանքների թվին է դասվում էկոհամակարգերի արտադրողականության կտրուկ նվազեցումը, ինչն արտահայտվում է հողագործական, անասնապահական և անտառային տնտեսության գործունեության արդյունավետության անկմամբ, ինչպես նաև կենսաբանական բազմազանության կրճատմամբ. սոցիալական տեսանկյունից այդ երևույթի արդյունքներն են աղքատացման, միգրացիայի, ներքին տեղափոխման և բնակչության կենսամակարդակի անկման գործընթացները. այս կապակցությամբ տարածաշրջանում անապատացման և երաշտի հետ կապված հիմնախնդիրների լուծման համար հարկավոր է կիրառել համալիր մոտեցում` նպաստելով զարգացման կայուն մոդելների կիրառմանը, որոնք հաշվի են առնում յուրաքանչյուր պետության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական պայմանները:
Հոդված 3
Միջոցառումների ծրագրեր
1. Կոնվենցիայի դրույթներին, մասնավորապես, 9-ից 11-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով զարգացման ոլորտում իրենց ազգային քաղաքականության առանձնահատկությունները, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները կայուն զարգացման ոլորտում իրենց քաղաքականության շրջանակներում համապատասխան կերպով մշակում և իրականացնում են միջոցառումների ազգային ծրագրեր, որոնք ուղղված են անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների վերացմանը: Կախված տարածաշրջանի առանձնահատկություններից, կարող են մշակվել և իրականացվել ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրեր:
2. Միջոցառումների իրենց ազգային ծրագրերը մշակելիս, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները առանձնակի ուշադրություն են հատկացնում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի դրույթներին:
Հոդված 4
Միջոցառումների ազգային ծրագրերի բովանդակությունը
Հաշվի առնելով իրենց համապատասխան առանձնահատկությունները, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, Կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան, անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացման իրենց ռազմավարությունները մշակելիս կարող են, մասնավորապես, նկատի առնել հետևյալ թեմատիկ հարցերը.
ա/ ներուժի հզորացում, բնակչության ուսուցման և իրազեկման համակարգերի կատարելագործում, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության զարգացում, ֆինանսական միջոցների հոսքի աճի ապահովում և ֆինանսավորման մեխանիզմների հզորացում,
բ/ աղքատության վերացում և կենսամակարդակի բարձրացում,
գ/ պարենային անվտանգության և հողագործության, անասնապահության, անտառային տնտեսության և բազմանպատակ նշանակության համակարգերի կայուն զարգացման ապահովում,
դ/ բնական պաշարների շահագործման կայուն մոդելի կիրառում և, մասնավորապես, ջրահավաք ավազանների ռացիոնալ շահագործում,
ե/ բնական պաշարների շահագործման կայուն մոդելի կիրառում լեռնային շրջաններում,
զ/ հողային պաշարների ռացիոնալ շահագործում և պահպանում, ջրային պաշարների զարգացում և արդյունավետ շահագործում,
է/ երաշտի հետևանքների նվազեցման նպատակով միջոցառումների արտակարգ պլանների մշակում և իրականացում,
ը/ անապատացման և երաշտի ենթարկված շրջաններում տվյալների հավաքման և գնահատման, ինչպես նաև մոնիտորինգի և վաղ ազդարարման գործող համակարգերի կատարելագործում և/կամ նոր համակարգերի ստեղծում` հաշվի առնելով կլիմայաբանական, օդերևութաբանական, կենսաբանական, հողագիտական, տնտեսական և սոցիալական ասպեկտները,
թ/ էներգիայի տարբեր աղբյուրների զարգացում, կառավարում և արդյունավետ օգտագործում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման խրախուսում,
ժ/ կենսաբանական բազմազանության պահպանում և կայուն շահագործում` սույն Կոնվենցիայի կենսաբանական բազմազանությանն առնչվող դրույթներին համապատասխան,
ժա/ անապատացման և երաշտի գործընթացների ժողովրդագրական ասպեկտների վերլուծություն,
ժբ/ Կոնվենցիայի իրագործումն ապահովող ինստիտուցիոնալ և իրավական դաշտի ստեղծում կամ կատարելագործում և, մասնավորապես, վարչական կառույցների ու անապատացման և երաշտի հիմնախնդիրների հետ կապված գործառույթների ապակենտրոնացում նախատեսող միջոցների ձեռնարկում` ազդեցության ենթարկված շրջանների համայնքների և հանրության մասնակցությամբ ընդհանրապես:
Հոդված 5
Գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցություն
Կոնվենցիայի դրույթների, մասնավորապես` 16-ից 18-րդ հոդվածների համաձայն և 7-րդ հոդվածով նախատեսված համադրման մեխանիզմի օգնությամբ տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները անհատականապես կամ համատեղ.
ա/ նպաստում են տեխնիկական համագործակցության ցանցերի և ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային տեղեկատվական համակարգերի հզորացմանը և, համապատասխան դեպքերում, դրանց ինտեգրացմանը տեղեկատվության համաշխարհային ցանցերի մեջ,
բ/ կազմում են առկա տեխնոլոգիաների և «նոու-հաուի» ցանկեր և նպաստում դրանց տարածմանն ու կիրառմանը,
գ/ նպաստում են ավանդական տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և մեթոդների կիրառմանը` Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան,
դ/ հատկանշում են տեխնոլոգիաների տրամադրման կարիքները,
ե/ խրախուսում են էկոլոգիապես ընդունելի գործող և նոր համապատասխան տեխնոլոգիաների մշակմանը, հարմարեցմանը, ներդրմանն ու տրամադրմանը:
Հոդված 6
Ֆինանսական միջոցներ և մեխանիզմներ
1. Կոնվենցիայի դրույթների, մասնավորապես 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթների համաձայն և 7-րդ հոդվածով նախատեսված համադրման մեխանիզմի հիման վրա, ինչպես նաև ազգային զարգացման իրենց քաղաքականությանը համահունչ, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները անհատականապես կամ համատեղ.
ա/ ձեռնարկում են պետական կամ մասնավոր ներդրումների միջոցով ֆինանսական մեխանիզմների ռացիոնալիզացման և հզորացմանն ուղղված միջոցներ` անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման գործում որոշակի արդյունքների հասնելու նպատակով,
բ/ հատկանշում են միջազգային համագործակցության կարիքները ազգային մակարդակի վրա գործադրվող ջանքերին օժանդակելու նպատակով,
գ/ Կոնվենցիայի իրագործումն ապահովելու նպատակով, խրախուսում են ֆինանսական համագործակցության երկկողմ և/կամ բազմակողմ հաստատությունների մասնակցությանը:
Հոդված 7
Ինստիտուցիոնալ շրջանակներ
1. Սույն Հավելվածի դրույթների կատարման նպատակով տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները.
ա/ ստեղծում և/կամ հզորացնում են անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման միջոցառումների համադրման ազգային կենտրոններ,
բ/ ստեղծում են ազգային կենտրոնների գործունեության համադրման մեխանիզմ.
i) տեղեկությունների և փորձի փոխանակման նպատակով,
ii) ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա իրականացվող միջոցառումների համադրման նպատակով,
iii) գիտատեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական համագործակցությանն օժանդակելու նպատակով,
iv) արտաքին համագործակցության կարիքի հատկանշման նպատակով,
v) հետագա միջոցառումների իրականացման և միջոցառումների ծրագրերի իրականացման գնահատման նպատակով:
2. Տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները պարբերաբար անցկացնում են համադրման ժողովներ, իսկ մշտական Քարտուղարությունը կարող է իրենց դիմումի համաձայն` Կոնվենցիայի 23-րդ հոդվածին համապատասխան օժանդակել այդպիսի համադրման ժողովների անցկացմանը.
ա/ խորհրդակցությունների արդյունավետ ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցական աջակցության տրամադրման միջոցով` հիմք ընդունելով նման այլ միջոցառումների կազմակերպման փորձը,
բ/ երկկողմ և բազմակողմ հաստատություններին խորհրդակցական ժողովների և գործընթացների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այդ հաստատությունների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով, և
գ/ այլ տեղեկատվության տրամադրման միջոցով, որը կարող է անհրաժեշտ լինել խորհրդակցությունների կազմակերպմանն ուղղված միջոցառումների նախապատրաստման կամ կատարելագործման համար:
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Տարածաշրջանային մակարդակով Կոնվենցիայի իրագործման հավելված Հյուսիսային Միջերկրածովյան տարածաշրջանի համար
Հոդված 1
Նպատակը
Սույն Հավելվածի նպատակը Հյուսիսային Միջերկրածովյան տարածաշրջանում Կոնվենցիայի արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ ղեկավար սկզբունքների ապահովումն է` հաշվի առնելով նշված տարածաշրջանի առանձնահատկությունները:
Հոդված 2
Հյուսիսային Միջերկրածովյան տարածաշրջանում տարածաշրջանի առանձնահատկությունները
Հյուսիսային Միջերկրածովյան տարածաշրջանի 1-ին հոդվածում նշված առանձնահատկությունները հետևյալն են.
ա/ կիսաչոր կլիմայական պայմանների ազդեցության տակ գտնվող մեծ տարածքներ, սեզոնային երաշտներ, տեղումների քանակի բարձր փոփոխականություն և բարձր ինտենսիվությամբ անակնկալ տեղումներ,
բ/ աղքատ և զգալի չափերի հասնող էռոզիայի ենթարկված հողեր, որոնց մակերեսին հեշտությամբ մակերեսային կեղև է առաջանում,
գ/ անհարթ մակերևույթ զառիվեր լանջերով և լանդշաֆտների լայն բազմազանություն,
դ/ մեծ տարածքների վրա անտառային ծածկույթի ոչնչացում հաճախակի անտառային հրդեհների հետևանքով,
ե/ ավանդական գյուղատնտեսության ճգնաժամ, որի հետևանքով դադարեցվում է հողերի օգտագործումը և աստիճանաբար քայքայվում են հողապաշտպան և ջրապատման շինությունները,
զ/ ջրային պաշարների ոչ ռացիոնալ շահագործում, ինչը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին` ներառյալ ջրատար շերտերի սպառումը, քիմիական աղտոտումը և աղակալումը,
է/ քաղաքակենտրոնացման, արդյունաբերական գործունեության, զբոսաշրջության և ոռոգվող գյուղատնտեսության ծավալների ընդլայնման հետևանքով տնտեսական գործունեության կենտրոնացումն առափնյա շրջաններում:
Հոդված 3
Կայուն զարգացման նպատակով կատարվող հեռանկարային պլանավորման շրջանակները
1. Միջոցառումների ազգային ծրագրերը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետությունների կայուն զարգացման ապահովմանն ուղղված ազգային քաղաքականության մշակման ավելի լայն գործընթացի կենտրոնական և անբաժանելի մասն են հանդիսանում:
2. Ճկուն պլանավորում նախատեսող ռազմավարության մշակման նպատակով, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի համաձայն թույլ կտա ապահովել տեղական բնակչության և համայնքների մասնակցության ամենաբարձր մակարդակը, իրականացվում է խորհրդակցությունների ակտիվ գործընթաց, համապատասխան կարգի պետական մարմինների, տեղական բնակչության, համայնքների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Հոդված 4
Միջոցառումների ազգային ծրագրեր մշակելու պարտավորությունը և ժամանակացույցը
Հյուսիսային Միջերկրածովյան տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները մշակում են միջոցառումների ազգային և, համապատասխան դեպքերում, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համատեղ ծրագրեր: Այդպիսի ծրագրերի մշակումն ավարտվում է հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հոդված 5
Միջոցառումների ազգային ծրագրերի մշակում և իրականացում
1. Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածների դրույթներին համապատասխան միջոցառումների ազգային ծրագրերը մշակելիս և իրականացնելիս, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված յուրաքանչյուր պետություն համապատասխան դեպքերում.
ա/ նշանակում է միջոցառումների իրենց ծրագրերի մշակման, համադրման և իրականացման համար պատասխանատու համապատասխան մարմիններ,
բ/ ծրագրի մշակման, համադրման և իրականացման գործընթացների մեջ ներգրավում է ազդեցության ենթարկված շրջանների բնակչությունը, ներառյալ տեղական համայնքները` տեղերի նախաձեռնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվող խորհրդակցութունների միջոցով,
գ/ ազդեցության ենթարկված շրջաններում անցկացնում է շրջակա միջավայրի իրավիճակի ուսումնասիրություն` անապատացման պատճառների և հետևանքների գնահատման և միջոցներ ձեռնարկելու համար առաջնահերթ ոլորտների որոշման նպատակով,
դ/ ազդեցության ենթարկված շրջանների բնակչության մասնակցությամբ կատարում է նախկին և գործող ծրագրերի գնահատում` միջոցառումների ծրագրի շրջանակներում ռազմավարության և միջոցառումների մշակման նպատակով,
ե/ սույն հոդվածի «ա»-ից «դ» ենթակետերում նշված միջոցառումների իրականացման արդյունքում ստացված տեղեկությունների օգտագործման հիման վրա մշակում է տեխնիկական և ֆինանսական ծրագրեր,
զ/ մշակում և կիրառում է ընթացակարգեր և չափանիշներ միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքի մոնիտորինգի և գնահատման համար:
Հոդված 6
Միջոցառումների ազգային ծրագրերի բովանդակությունը
Տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները կարող են միջոցառումների իրենց ազգային ծրագրերում ներառել հետևյալ միջոցները.
ա/ օրենսդրական, ինստիտուցիոնալ և վարչական միջոցներ,
բ/ հողօգտագործման սխեմաներին, ջրային պաշարների ռացիոնալ շահագործմանը, հողերի էռոզիայի կանխմանը, անտառների վերականգնմանը, գյուղատնտեսական գործունեությանը և արոտավայրային տնտեսությանն առնչվող միջոցներ,
գ/ վայրի բնության և կենսաբանական բազմազանության այլ տարրերի ռացիոնալ շահագործում և պաշտպանություն,
դ/ պաշտպանություն անտառային հրդեհներից,
ե/ ապրուստի միջոցների ստացման այլընտրանքային աղբյուրների ստեղծման խրախուսում,
զ/ հետազոտություններ, կադրերի պատրաստում և հանրության իրազեկության ապահովում:
Հոդված 7
Միջոցառումների ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համատեղ ծրագրեր
1. Սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները կարող են համատեղ մշակել և իրականացնել միջոցառումների ազգային ծրագրերի լրացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ենթատարածաշրջանային կամ համատեղ ծրագրեր: Տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված մեկ կամ մի քանի պետություններ կարող են համանման սկզբունքով պայմանավորվածություն ձեռք բերել միջոցառումների համատեղ ծրագրի մշակման մասին:
2. Ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նկատմամբ համապատասխան կերպով կիրառվում են 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթները: Բացի այդ, այդպիսի ծրագրերը կարող են նախատեսել ազդեցության ենթարկված շրջաններում գոյություն ունեցող առանձին էկոհամակարգերին առնչվող հետազոտությունների և մշակումների իրականացում:
3. Միջոցառումների ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համատեղ ծրագրերը մշակելիս և իրականացնելիս, տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները համապատասխան կերպով.
ա/ ազգային հաստատությունների հետ համատեղ հատկանշում են անապատացման և երաշտի դեմ պայքարի ոլորտում առկա առաջնահերթ հիմնախնդիրները, որոնք կարող են առավել ռացիոնալ կերպով լուծվել այդպիսի ծրագրերի միջոցով, ինչպես նաև այն համապատասխան միջոցառումները, որոնք կարող են արդյունավետ կերպով իրականացվել այդպիսի ծրագրերի շրջանակներում,
բ/ գնահատում են համապատասխան տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և ազգային հաստատությունների օպերատիվ կարողությունները և գործունեությունը,
գ/ վերլուծության են ենթարկում տարածաշրջանի պետությունների կողմից համատեղ իրականացվող անապատացման և երաշտի դեմ պայքարին ուղղված ծրագրերը և դրանց փոխադարձ կապը ազգային ծրագրերի հետ:
Հոդված 8
Միջոցառումների ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համատեղ ծրագրերի համադրում
Միջոցառումների ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համատեղ ծրագրեր մշակող Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները կարող են հիմնադրել ազդեցության ենթարկված համապատասխան Կողմերի ներկայացուցիչներից կազմված համադրող կոմիտե, որը պատասխանատու կլինի անապատացման դեմ պայքարի ոլորտում գրանցված առաջընթացի վերլուծության, միջոցառումների ազգային ծրագրերի համաձայնեցման, միջոցառումների ենթատարածաշրջանային, տարածաշրջանային կամ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման տարբեր փուլերում առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև Կոնվենցիայի 16-ից 19-րդ հոդվածներին համապատասխան` տեխնիկական համագործակցության խրախուսման և համադրման կենտրոնի գործառույթների կատարման համար:
Հոդված 9
Ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքի բացակայություն
Միջոցառումների ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում տվյալ տարածաշրջանի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները սույն Կոնվենցիայով նախատեսված ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք չունեն:
Հոդված 10
Այլ ենթատարածաշրջանների և տարածաշրջանների հետ համաձայնեցում
Հյուսիսային Միջերկրածովյան տարածաշրջանում միջոցառումների ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը կարող է համադրվել այլ ենթատարածաշրջանների և տարածաշրջանների հետ, հատկապես` Հյուսիսային Աֆրիկայում իրականացվող միջոցառումների ծրագրերի հետ:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի սեպտեմբերի 30-ից: