ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ
Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները` ներքոստորագրյալները,
հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել ավելի մեծ միասնականության անդամ պետությունների միջև,
իրազեկ լինելով ահաբեկչության ակտերի աճի պատճառով ահագնացող անհանգստության մասին,
ցանկանալով արդյունավետ միջոցներ իրականացնել` ապահովելու, որ նման գործողություններ կատարողները չխուսափեն հետապնդումից և դատապարտումից,
համոզված լինելով, որ հանձնումը մասնավորապես այս արդյունքին հասնելու արդյունավետ միջոց է,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող պետությունների միջև հանձնման նպատակով հետևյալ հանցագործությունները չեն կարող համարվել քաղաքական հանցագործություններ, քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություններ կամ քաղաքական դրդապատճառներով հանցագործություններ.
ա/ «Օդանավերի բռնազավթման արգելման մասին» 1970թ. դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները,
բ/ «Քաղաքացիական ավիացիայի դեմ ապօրինի գործողությունների արգելման մասին» 1971թ. սեպտեմբերի 23-ին ստորագրված կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները,
գ/ լուրջ հանցագործություն, այդ թվում` հարձակում միջազգայնորեն պաշտպանվող անձանց, ներառյալ` դիվանագիտական գործակալների կյանքի, ֆիզիկական առողջության կամ ազատության վրա,
դ/ առևանգումը, պատանդ վերցնելը կամ լուրջ ապօրինի կալանավորում ներառող հանցագործությունը,
ե/ հանցագործություն ռումբի, պայթուցիկի, հրթիռի, ավտոմատ հրազենի կամ ռումբային ծանրոցի օգտագործմամբ, եթե այդ օգտագործումը վտանգ է պարունակում անձանց համար,
զ/ վերոհիշյալ հանցագործությունները կատարելու փորձը կամ դրանք կատարելու փորձ կատարող անձի հետ հանցակցելու փորձը:
Հոդված 2
1. Պայմանավորվող պետությունների միջև հանձնման նպատակով Պայմանավորվող պետությունը կարող է որոշել որպես քաղաքական հանցագործություններ, քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություններ կամ քաղաքական դրդապատճառներով հանցագործություններ չհամարել բռնությամբ կատարված լուրջ հանցագործությունն ընդդեմ անձի կյանքի, ֆիզիկական առողջության կամ ազատության, բացառությամբ վերոհիշյալ 1-ին հոդվածով նախատեսվածների:
2. Նույնը վերաբերում է գույքի դեմ կատարված լուրջ հանցագործություններին, բացառությամբ 1-ին հոդվածով նախատեսվածների, եթե հանցագործությունը հավաքական վտանգ է առաջացրել անձանց համար:
3. Նույնը վերաբերում է վերոհիշյալ հանցագործությունները կատարելու փորձին կամ դրանք կատարելու փորձ կատարող անձի հետ հանցակցելու փորձին:
Հոդված 3
Պայմանավորվող պետությունների միջև հանձնման վերաբերյալ բոլոր պայմանագրերի և համաձայնագրերի, այդ թվում «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի դրույթները Պայմանավորվող պետությունների միջև փոփոխության են ենթարկվում այնքանով, որքանով անհամատեղելի են սույն Կոնվենցիային:
Հոդված 4
Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով և այնքանով, որքանով 1-ին կամ 2-րդ հոդվածում նշված իրավախախտումը չի թվարկվում որպես հանձնման ենթակա հանցագործություն Պայմանավորվող պետությունների միջև կնքված հանձնման վերաբերյալ կոնվենցիայով կամ պայմանագրով, այն համարվում է որպես այդպիսին` ներառված սույն Կոնվենցիայում:
Հոդված 5
Սույն Կոնվենցիայի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես հանձնելու պարտադրանք, եթե դիմում ստացող Պետությունը լուրջ հիմքեր ունի կարծելու, որ 1-ին կամ 2-րդ հոդվածներում թվարկված հանցագործության համար հանձնման վերաբերյալ դիմումը տրվել է` նպատակ ունենալով անձին հետապնդել կամ պատժել նրա մաշկի գույնի, կրոնի, ազգության կամ քաղաքական համոզմունքների համար, կամ որ անձի դիրքի նկատմամբ նախապաշարմունք կարող է լինել թվարկված պատճառներից որևէ մեկի առկայության հետևանքով:
Հոդված 6
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պետք է ձեռնարկի այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ կլինեն տվյալ Պայմանավորվող պետության ենթադատությունը 1-ին հոդվածում թվարկված հանցագործությունների նկատմամբ տարածելու համար այն դեպքերում, երբ կասկածվող հանցագործը գտնվում է տվյալ Պայմանավորվող պետության տարածքում և այնտեղից չի հանձնվում մեկ այլ Պայմանավորվող պետության, որից ստացվել է դիմում, և որի ենթադատությունը հավասարապես գործում է Հայցվող պետության օրենսդրությանը զուգահեռ:
2. Սույն Կոնվենցիան չի բացառում ներպետական օրենսդրության համաձայն քրեական օրենսդրության կիրարկումը:
Հոդված 7
Պայմանավորվող պետությունը, որի տարածքում հայտնաբերվում է 1-ին հոդվածով նախատեսվող հանցագործություն կատարելու համար կասկածվող անձ, և որը ստացել է 6-րդ հոդվածի 1-ին կետի պայմաններին բավարարող հանձնման վերաբերյալ դիմում, անձին չհանձնելու դեպքում պարտավոր է առանց բացառությունների և անհապաղ կերպով գործը ներկայացնել իր իրավասու մարմիններին` գործով հետապնդում իրականացնելու համար: Այդ իրավասու մարմինները պարտավոր են իրենց որոշումը կայացնել նույն եղանակով, որով որոշում կկայացվեր տվյալ Պետության օրենսդրության համաձայն լուրջ հանցագործություն համարվող գործով:
Հոդված 8
1. Պայմանավորվող պետությունները պարտավոր են միմյանց ապահովել առավելագույնս փոխօգնություն քրեական գործերում` կապված 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություների վարույթների հետ: Քրեական գործերով փոխօգնության հետ կապված բոլոր դեպքերում գործում է Հայցվող պետության օրենսդրությունը: Այնուհանդերձ, սույն օգնությունը չի կարող մերժվել միայն այն հիմքով, թե գործը վերաբերում է քաղաքական հանցագործությանը, քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործությանը կամ քաղաքական դրդապատճառներով հանցագործությանը:
2. Սույն Կոնվենցիայի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես փոխօգնություն ցուցաբերելու պարտադիր պահանջ, եթե Հայցվող պետությունը լուրջ հիմքեր ունի կարծելու, որ փոխօգնության դիմումը 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսվող հանցագործությունների առնչությամբ տրվել է` նպատակ ունենալով անձին հետապնդել կամ պատժել նրա մաշկի գույնի, կրոնի, ազգության կամ քաղաքական համոզմունքների համար, կամ որ անձի դիրքի նկատմամբ նախապաշարմունք կարող է լինել թվարկված պատճառներից մեկնումեկի առկայության հետևանքով:
3. Պայմանավորվող պետությունների միջև գործող քրեական գործերով փոխօգնության վերաբերյալ բոլոր պայմանագրերի և համաձայնագրերի, այդ թվում «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները փոփոխվում են Պետությունների միջև այնքանով, որքանով համատեղելի չեն սույն Կոնվենցիային:
Հոդված 9
1. Եվրոպայի խորհրդի «Հանցագործությունների հիմնախնդիրների Եվրոպական հանձնաժողովը» պետք է տեղեկացվի սույն Կոնվենցիայի կիրառման մասին:
2. Հանձնաժողովը պետք է անի այն ամենը, ինչը անհրաժեշտ է Կոնվենցիայի իրականացման արդյունքում առաջացող դժվարությունները բարեկամական կարգով լուծելու համար:
Հոդված 10
1. Սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող պետությունների միջև ցանկացած վեճ, որը չի կարգավորվում 9-րդ հոդվածի 2-րդ կետի շրջանակներում, պետք է ներկայացվի արբիտրաժին: Յուրաքանչյուր Կողմ կարող է նշանակել մեկական դատավոր, և նշանակված երկու դատավորները միասին նշանակում են երրորդ դատավորին: Եթե արբիտրաժի դիմումն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում Կողմերից որևէ մեկն իր դատավորին չի նշանակում, ապա վերջինս նշանակվում է մյուս Պետության դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի կողմից: Եթե վերջինս վեճի մասնակից Կողմերից որևէ մեկի քաղաքացին է, ապա այս պարտականությունը կատարում է Դատարանի փոխնախագահը կամ, եթե փոխնախագահը վեճի մասնակից Կողմերից որևէ մեկի քաղաքացին է, Դատարանի առավել ավագ դատավորը, որը վեճի մասնակից Կողմերի քաղաքացի չէ: Նույն ընթացակարգը կիրառվում է այն դեպքում, երբ երկու դատավորները համաձայնության չեն գալիս երրորդ դատավորի ընտրության հարցում:
2. Արբիտրաժային դատարանը սահմանում է իր ընթացակարգը: Արբիտրաժային դատարանի որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ և ունեն վերջնական բնույթ:
Հոդված 11
1. Սույն Կոնվենցիան բաց կլինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն պետք է նաև վավերացվի, ընդունվի կամ հաստատվի: Վավերացման, ընդունման կամ հաստատման ակտերը պետք է ներկայացվեն ավանդապահին` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու մասին երրորդ ակտը ավանդապահին ներկայացնելուց երեք ամիս հետո:
3. Հետագայում վավերացնող, ընդունող կամ հաստատող ստորագրող կողմ հանդիսացող Պետությունների նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման ակտը ավանդապահին ներկայացնելուց երեք ամիս հետո:
Հոդված 12
1. Ստորագրելու կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին ակտն ավանդապահին ներկայացնելու պահին ցանկացած Պետություն կարող է մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որի/որոնց նկատմամբ գործելու է Կոնվենցիան:
2. Վավերացման, ընդունման կամ հաստատելու մասին ակտ ներկայացնելու պահին կամ դրանից հետո ցանկացած Պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղվող հայտարարությամբ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի կամ տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների պատասխանատուն ինքն է, և որոնց անունից ինքը իրավասու է հանձնառություններ վերցնել:
3. Նախորդ դրույթի համաձայն տրվող հայտարարությունը կարելի է այդ հայտարարության մեջ նշվող տարածքի առնչությամբ չեղյալ հայտարարել` այդ մասին ծանուցում հղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում անմիջապես կամ ծանուցման մեջ նշված ժամկետում:
Հոդված 13
1. Ստորագրելու կամ վավերացման, ընդունման կամ հաստատելու մասին ակտ ներկայացնելու պահին ցանկացած Պետություն կարող է հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում հրաժարվելու 1-ին հոդվածով նախատեսված հանցագործության կապակցությամբ հանձնում կատարելուց, եթե հանցագործությունը համարում է քաղաքական բնույթի հանցագործություն, քաղաքական բնույթի հանցագործությանն առնչվող հանցագործություն կամ քաղաքական դրդապատճառներով դրդված հանցագործություն` պայմանով, որ պարտավորություն է ստանձնում հանցագործության բնույթը գնահատելիս լրջորեն դիտարկել հանցագործության առանձնապես լուրջ մասերը, այդ թվում, որ`
ա/ հանցագործությունն առաջացրել է հավաքական վտանգ անձանց կյանքի, ֆիզիկական առողջության և ազատության համար, կամ
բ/ ազդել է իր դրդապատճառների հետ որևէ կապ չունեցող անձանց վրա, կամ
գ/ հանցագործությունը կատարելիս օգտագործվել են դաժան կամ բռնի միջոցներ:
2. Ցանկացած Պետություն կարող է մասամբ կամ ամբողջությամբ չեղյալ հայտարարել նախորդ կետի համաձայն կատարված վերապահումը կամ հայտարարությունը` նոր հայտարարություն ուղղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին. այն ուժի մեջ է մտնում վերջինիս ստանալու պահից:
3. Պետությունը, որը վերապահում է կատարել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, չի կարող պահանջել, որ Կոնվենցիայի Կողմ որևէ այլ Պետություն հետևի Կոնվենցիայի 1-ին հոդվածին, սակայն կարող է պայմանական կամ մասնակի վերապահման դեպքում պահանջել, որ մյուս Պետությունը կիրառի խնդրո առարկա դրույթն այն մասով, ինչ պահանջող Պետությունն է տվյալ դրույթն ընդունել:
Հոդված 14
Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել Կոնվենցիան` այդ մասին գրավոր ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Նման չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարին ծանուցումը տալուց հետո անմիջապես կամ ծանուցման մեջ նշված ժամկետում:
Հոդված 15
Սույն Կոնվենցիայի գործողությունը դադարում է այն Պայմանավորվող պետության նկատմամբ, որը դադարում է Եվրոպայի խորհրդի անդամ լինելուց կամ դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի անդամությունից:
Հոդված 16
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պարտավոր է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ծանուցել.
ա/ ստորագրող կողմերի մասին,
բ/ Կոնվենցիայի վավերացման, ընդունման կամ հաստատման ակտ ստանալու մասին,
գ/ սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,
դ/ 12-րդ հոդվածի համաձայն ստացված հայտարարությունների և ծանուցումների մասին,
ե/ 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված վերապահումների մասին,
զ/ 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված վերապահումը հանելու մասին,
է/ 14-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների և հրաժարումն ուժի մեջ մտնելու տարեթվի մասին,
ը/ 15-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիայի գործողությունը որևէ Պետության նկատմամբ դադարելու մասին:
Ի վկայություն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, համապատասխան ձևով լիազորված լինելով, ստորագրել են սույն Կոնվենցիան:
Կատարված է Ստրասբուրգ քաղաքում 1977թ. հունվարի 27-ին` անգլերեն և ֆրանսերեն երկու հավասարազոր տեքստերով, մեկ օրինակով, որոնք ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը վավերացված պատճենները կփոխանցի Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին:
*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի հունիսի 24-ից: