«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2003 թվականի N 763-Ն
ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՌԵԺԻՄՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մեկ տարվանից ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների բացթողման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՌԵԺԻՄՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների բացթողումը՝ մեկ տարվանից ավելի ժամկետով:
2. Սույն կարգը տարածվում է այն ապրանքների վրա, որոնք դասակարգվում են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) 84-89 ապրանքային խմբերում և հանդիսանում են մեկ տարվանից ավելի ժամկետով ֆինանսական վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) առարկա:
3. Մաքսային մարմինները «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով մեկ տարվանից ավելի ժամկետով ապրանքներ բաց են թողնում Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության հիման վրա:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված թույլտվությունն ստանալու համար ապրանքներ տեղափոխող անձը կարող է դիմել, եթե ապրանքը (ապրանքները) արդեն իսկ «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմի շրջանակներում գտնվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում՝ ունենալով ժամանակավոր ներմուծման մեկ տարի ժամկետով թույլտվություն:
5. Սույն կարգի 3-րդ կետում նշված թույլտվությունն ստանալու համար դիմումը (այսուհետ՝ դիմում) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ներկայացվում է տվյալ ապրանքի՝ Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծման թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ:
6. Դիմումում նշվում է ժամանակավոր ներմուծման թույլտվության խնդրարկվող ժամկետը, որը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված վարձակալության ժամկետը: Դիմումում նշվող ժամանակավոր ներմուծման թույլտվության խնդրարկվող ժամկետը չի կարող գերազանցել նաև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագրի պատճենը, որով թույլատրվել է ապրանքի (ապրանքների) բացթողումը «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով,
պայմանագրի պատճենը,
ֆինանսական վարձակալության առարկայի (ապրանքի) տեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական անձնագիր կամ դրան փոխարինող փաստաթուղթ) պատճենները:
7. Դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեում, որից հետո՝
ա) եթե հայտնաբերվում են սույն կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերի պահանջների խախտումներ, ապա դիմումի՝ հետագա քննարկման ընթացք տալը մերժվում է, և դրա մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնվում է դիմողին և տեղեկացվում Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
բ) եթե սույն կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերի պահանջների խախտում չի հայտնաբերվում, ապա մեկամսյա ժամկետում կազմվում և համապատասխան առաջարկություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որում պարտադիր նշվում են հետևյալ տեղեկությունները՝
այն մաքսային հայտարարագրի տվյալները (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը), որոնցով սահմանված ժամանակավոր ներմուծման թույլտվության ժամկետը երկարացվում է,
պայմանագրի համարը,
ապրանքի (ապրանքների) նույնականացման համար անհրաժեշտ տվյալները (անվանումը, ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի),
ապրանքներ տեղափոխող անձի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը,
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը,
ներմուծման պահից 5 տարին չգերազանցող այն ժամկետը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը թույլատրում է տվյալ ապրանքի բացթողումը «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն երկարացնում է տվյալ ապրանքի (ապրանքների) ժամանակավոր ներմուծման ժամկետը՝ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետի ավարտը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |