«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2165-Ն
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Բազմաբնակարան շենքերի հետագա շահագործման անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ վերականգնման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակարանների սեփականատերերին պետական ֆինանսական աջակցության տրամադրման հայեցակարգին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սույն հայեցակարգը նպատակաուղղված է պետական միջոցներով կառուցված և շահագործման ընթացքում III աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքերի հետագա շահագործման անվտանգության խնդրի լուծմանը՝ պետական ֆինանսական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) համակարգի ստեղծման միջոցով:
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Բնակարանային տնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենախոշոր և կարևորագույն ճյուղերից մեկն է:
Բնակարանային տնտեսությունում կուտակված են մեծածավալ հիմնական միջոցներ՝ 67 մլն քառ. մետր ընդհանուր մակերեսով բնակարանային ֆոնդ, որն այսօր գնահատվում է շուրջ 6-7 մլրդ ԱՄՆ-ի դոլար:
Տնտեսական բարեփոխումները բնակարանային ոլորտում սկսվեցին 1989 թվականից բնակարանային ֆոնդի վճարովի, ապա անհատույց սեփականաշնորհումով: Պետական սեփականությունը հաշված տարիների ընթացքում փոխանցվեց մասնավորին՝ հնարավորություն ստեղծելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ձերբազատել բազմամիլիոն դոտացիոն միջոցներից, որոնք ուղղվում էին բնակարանային ոլորտի պահպանման և շահագործման խնդիրների լուծմանը:
Միևնույն ժամանակ բազմաբնակարան ֆոնդում չստեղծվեցին արդյունավետ կառավարման համարժեք մեխանիզմներ, որոնք պետք է կոչված լինեին լրացնելու բացը, մոբիլիզացնելու սեփականատերերի այն սուղ հնարավորությունները, որոնց և անհրաժեշտորեն պետք է գումարվեին պետական աջակցության հստակ ծրագրերը:
Բնակարանային տնտեսության բնագավառում իրականացված տնտեսական բարեփոխումներն անհրաժեշտություն առաջացրեցին վերակազմավորել բնակարանային ֆոնդի կառավարման ինստիտուցիոնալ համակարգը: Արդյունքում, որպես բազմաբնակարան շենքի կառավարման առավել արդյունավետ ձև, ընտրվեց սեփականատերերի միությունների կամ համատիրությունների ստեղծումը:
II. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Բնակարանային ֆոնդի ընդհանուր ծավալից 27 մլն քառ. մետր կենտրոնացված է բազմաբնակարան շենքերում, որի 96 տոկոսն իրականացված սեփականաշնորհման արդյունքում սեփականության իրավունքով փոխանցվել է քաղաքացիներին: Մնացած մասը հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը:
1993 թվականին սկսված բազմաբնակարան շենքերի սեփականաշնորհման գործընթացի հետ մեկտեղ նվազել և 1996 թվականից դադարեցվել են բնակարանային ֆոնդի պահպանմանն ու վերանորոգմանն ուղղվող պետական դոտացիաները, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվել են շենքերի տեխնիկական պարամետրերի պահպանման աշխատանքների ծավալները:
Շենքերի պահպանման աշխատանքների ծավալների կրճատման պատճառով մեծացել է շենքերի մաշվածությունը, և բնակֆոնդը համապատասխան տեխնիկական վիճակի բերելու համար ներկայումս անհրաժեշտություն է առաջանում մեծածավալ ներդրումների:
Հանրապետությունում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (III աստիճանի վնասվածություն ունեցող) բազմաբնակարան շենքերի թիվը «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն կազմում է շուրջ 420 միավոր: Այդ շենքերի վերականգնման աշխատանքների գնահատականը, ելնելով մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի վերականգնման արժեքից, կազմում է շուրջ 50 մլրդ դրամ:
Դեռ սեփականաշնորհման իրականացման ժամանակահատվածում այդ շենքերի մեծամասնությունը ճանաչվել էր վնասվածության III աստիճանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 29-ի «Ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 658 որոշմամբ արդեն իսկ ձևավորվել էին որոշակի պարտավորություններ՝ այդ շենքերի վերականգնման աշխատանքները պետական միջոցների հաշվին կատարելու համար:
III աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի քանակական տվյալներն ըստ մարզերի ներկայացված են հետևյալ աղյուսակում.
Բազմաբնակարան շենքի հասցեն |
Շենքերի քանակը |
1. քաղ. Երևան ընդամենը՝ որից՝ ըստ համայնքների՝ Կենտրոն Քանաքեռ-Զեյթուն Նոր Նորք Արաբկիր Էրեբունի Մալաթիա Շենգավիթ Աջափնյակ |
74 |
2. Շիրակի մարզ |
144 |
3. Լոռու մարզ |
121 |
4. Տավուշի մարզ |
37 |
5. Կոտայքի մարզ |
1 |
6. Գեղարքունիքի մարզ |
2 |
7. Արմավիրի մարզ |
7 |
8. Սյունիքի մարզ |
3 |
9. Արագածոտնի մարզ |
29 |
10. Վայոց ձորի մարզ |
2 |
Աղյուսակից երևում է, որ III աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի մեծամասնությունը գտնվում է աղետի գոտու բնակավայրերում, որոնք կառուցված են եղել հիմնականում 50-60-ական թվականներին՝ տիպային 1Ը-450 սերիայի նախագծերով:
Շենքերի վնասվածության պատճառը հիմնականում պայմանավորված է շենքերի ոչ ճիշտ շահագործմամբ՝ բացառությամբ Երևան քաղաքի Աջափնյակ թաղային համայնքի և աղետի գոտու բնակավայրերի բնակելի շենքերի, որոնց տեխնիկական վիճակը պայմանավորված է նաև տեղանքների գրունտերի ֆիզիկամեխանիկական հատկություններով և երկրաշարժի հետևանքներով:
Այդ շենքերի կոնստրուկցիաներում առաջացած վնասվածքներն ու մնացորդային ձևախախտումները ենթակա են վերացման՝ ուժեղացման-վերականգնման աշխատանքների իրականացման միջոցով, սահմանված կարգով մշակված և հաստատված համապատասխան նախագծային փաստաթղթերի հիման վրա: Ընդ որում, այդ շենքերի հետագա տևական շահագործումն առանց վերոհիշյալ վերականգնման աշխատանքների կատարման հղի է շենքի կոնստրուկտիվ տարրերում վնասվածքների և ձևախախտումների զարգացմամբ և նորերի առաջացմամբ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 194-րդ և 224-րդ հոդվածների՝ բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերը պատասխանատվություն են կրում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող շենքի պահպանման համար և պարտավոր են մասնակցել վերջինիս պահպանման ծախսերին:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ բազմաբնակարան շենքերում բնակվում են սոցիալապես առավել խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների մեծամասնությունը, որոնք հնարավորություն չունենալով մասնակցել բնակարանային ֆոնդի պահպանման ծախսերին վտանգում են շենքի շինությունների կայունությունը, շենքի շահագործման անվտանգության ապահովման հարցում անհրաժեշտություն է առաջանում պետության միջամտության, որպես երաշխիք անապահով ընտանիքների մասնակցության շենքի վերականգնման աշխատանքներին:
Վերջերս ընդունված բազմաբնակարան շենքերի պահպանման, վերանորոգման ու շահագործման խնդիրների կարգավորմանն ուղղված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները ևս առանձնապես կարևորում են բազմաբնակարան շենքի վերանորոգման ու պահպանման խնդիրները լուծել շենքի բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով՝ կառավարման մարմիններին ընձեռելով հնարավորություն ինքնուրույն լուծելու շենքի պահպանման հետ կապված հարցերը և որոշելու հավաքագրված գումարները ծախսելու ուղղությունները:
Ֆինանսական աջակցության տեսակետից չափազանց կարևոր է վերականգնման ենթակա առավել կարիք ունեցող շենքերի առանձնացումը՝ ինչպես քաղաքաշինական նկատառումներից ելնելով, այնպես էլ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից:
Շենքերի վերականգնման հետ կապված հարցերի բազմակողմանիությունն անհրաժեշտություն է առաջացնում մշակել և ներդնել վերականգնման ենթակա շենքերի ընտրության գնահատման բազմաչափ համակարգ:
III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Սույն հայեցակարգով պետական աջակցության միջոցների օգտագործմամբ նախատեսվում է վերականգնել պետական միջոցներով կառուցված, շահագործման ընթացքում III աստիճանի վնասվածություն ձեռք բերած, շենքի սեփականատերերի կողմից ստեղծված կամ ստեղծվող՝ կառավարման մարմինների կազմում ընդգրկված այն բազմաբնակարան շենքերը, որոնց՝
բնակարանների 1 քառ. մետր ընդհանուր մակերեսի տվյալ բնակավայրում ձևավորված շուկայական արժեքը չի գերազանցում մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի շինարարության արժեքը և (կամ) վերականգնման աշխատանքների իրականացման արդյունքում բնակելի շենքի բնակարանների մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի արժեքն առնվազն գնահատվում է վերականգնման աշխատանքների միավորի արժեքի մակարդակով.
պահպանման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինական նկատառումներով:
2. Սույն հայեցակարգով պետական աջակցության միջոցների օգտագործմամբ ենթակա չեն վերականգնման III աստիճանի վնասվածություն ունեցող այն բազմաբնակարան շենքերը՝
ա) որոնց բնակարանների մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի տվյալ տեղադրության գոտում ձևավորված շուկայական արժեքը չի գերազանցում մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի վերականգնման աշխատանքների արժեքը և վթարային դառնալու դեպքում այդ շենքերի բնակիչները ենթակա են վերաբնակեցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ շենքերը՝ քանդման.
բ) որոնցում տեղական ինքնակառավարման մարմինների սեփականություն համարվող բնակարանների թիվը կազմում է շենքի բնակարանների թվի 50 տոկոսից ավելին: Այդ շենքերի վերականգնման խնդիրները լուծվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից.
գ) որոնց բնակարանների մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի տվյալ տեղադրության գոտում ձևավորված շուկայական արժեքը գերազանցում է մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի շինարարության արժեքը: Այդ շենքերը ենթակա են վերականգնման շենքի շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին: Ընդ որում, վերականգնման աշխատանքների չիրականացման արդյունքում շենքը վթարային (քանդման ենթակա) դառնալու դեպքում շենքի բնակիչները ենթակա են վերաբնակեցման, և նրանց բնակարանային խնդիրները լուծվում են շենքի և դրա տակ գտնվող հողի վաճառքից առաջացած միջոցների հաշվին:
Սույն հայեցակարգի համաձայն նախատեսվում է բազմաբնակարան շենքերի վերականգնման աշխատանքների իրականացման և շենքի շահագործման հետագա անվտանգության խնդրի լուծման պետական աջակցության ապահովումը նվազագույն ստանդարտների համակարգի ներդրման միջոցով, հետևյալ դրույթների կիրառմամբ՝
շինության սեփականատերերին շենքի շահագործման հետագա անվտանգության ապահովման հետ կապված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում կայացնելու հնարավորության ընձեռումը՝ ապահովելով բազմաբնակարան շենքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների մասնակցությունը.
շինության սեփականատերերին շենքի անվտանգության ապահովման աշխատանքների իրականացման համար տրամադրվող ֆինանսական աջակցությունից օգտվելու հնարավորության հավասար պայմանների ապահովումը.
շինության սեփականատերերի կողմից վերականգնման աշխատանքներին պարտադիր ֆինանսական մասնակցությունը.
շենքի վերականգնման համար տրամադրվող աջակցության նպատակային օգտագործումը, դրամական միջոցների շրջանառության թափանցիկությունը, հաշվետվության հստակ և պարզ համակարգի ներդրումը.
շուկայական տնտեսությանը համապատասխանող մեխանիզմների ներդրումը.
բազմաբնակարան շենքի կառավարման ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը:
Աջակցությունը տրամադրվում է բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերին՝ իրենց կողմից ստեղծված կառավարման մարմնի միջոցով՝ վերականգնման աշխատանքներին պարտադիր ֆինանսական մասնակցության պայմանով:
Աջակցության սահմանային չափը որոշվում է՝ ելնելով շենքի վերականգնման աշխատանքների նախահաշվային արժեքից, բայց ոչ ավելի քան 1 քառ. մետր ընդհանուր մակերեսի վերականգնման աշխատանքների միջինացված արժեքով հաշվարկվածը:
Ընդ որում, այն շենքի համար, որոնց բնակարանների 1 քառ. մետր ընդհանուր մակերեսի տվյալ տեղադրության գոտում ձևավորված շուկայական արժեքը գերազանցում է 1 քառ. մետր վերականգնման աշխատանքների միջինացված արժեքը, ապա աջակցության սահմանային չափը որոշվում է 1 քառ. մետր ընդհանուր մակերեսի շինարարության և 1 քառ. մետր ընդհանուր մակերեսի տվյալ տեղադրության գոտում ձևավորված շուկայական արժեքների տարբերությամբ հաշվարկվածի չափին համապատասխան:
IV. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Սույն հայեցակարգով նախատեսվում է ներդնել աջակցության միջոցով վերականգնման ենթակա բազմաբնակարան շենքերի ընտրության գնահատման բազմաչափ համակարգ:
Ընտրության գնահատման բնութագրերը, ցուցանիշները և մեթոդներն են.
1. Աջակցության միջոցով վերականգնման ենթակա բազմաբնակարան շենքերի՝ մրցութային հիմունքներով ընտրությունը, որը կատարվում է հետևյալ չափանիշներով՝
շինության սեփականատերերի (այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների՝ առնվազն իր սեփականությունը համարվող բնակարանների թվին համապատասխան) կողմից ներդրվող միջոցների չափը վերականգնման աշխատանքների խոշորացված նախահաշվային արժեքում,
վերականգնվող շենքում բնակվող և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը,
վերականգնվող շենքի տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցը:
2. Առաջնահերթ կարգով ենթակա են վերականգնման այն բազմաբնակարան շենքերը՝
որոնցում տեղական ինքնակառավարման մարմինների սեփականություն համարվող բնակարանների թիվը կազմում է շենքի բնակարանների թվի 50 տոկոսից պակաս,
որոնց վերականգնման աշխատանքների իրականացման համար բնակիչների վերաբնակեցում չի պահանջվում կամ վերաբնակեցման հետ կապված խնդիրները բնակիչները պարտավորվում են լուծել իրենց հաշվին,
որոնց մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի վերականգնման արժեքը հարաբերականորեն նվազագույնն է:
Հայեցակարգի դրույթների կիրառմամբ՝ այդ նպատակների իրականացման համար նախնական գնահատումներով անհրաժեշտ կլինի ներդնել շուրջ 35 մլրդ դրամ պետական միջոցներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |