«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2003 թվականի N 313-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 17505,7 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան» պետական հիմնարկի տնօրինության` 3753,3 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ՝
ա) «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝ պատմական, հնագիտական հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը.
բ) «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) հուշարձանների պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում.
բ) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի տրամադրում.
գ) հրատարակչական գործ:
6. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:
7. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ մեկամսյա ժամկետում`
ա) ապահովել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
բ) հաստատել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:
8. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին հանապատասխան:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն է, որն ստեղծվել է պատմական, հնագիտական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման և օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) ամբողջական պահպանումն ապահովելու նպատակով:
Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան» պետական հիմնարկի իրավահաջորդն է:
Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
2. Կազմակերպության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր (կամ մասնակից) կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք ու դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ:
6. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
7. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:
Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` հիմնադրի պարտավորությունների համար:
Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
8. Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ՝ «Էրեբունի» արգելոց-թանգարան» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ՝ «Историко-арxеологический музей-заповедник «Эребуни» государственная некоммерческая организация,
ռուսերեն կրճատ «Музей-заповедник «Эребуни» ГНО,
անգլերեն լրիվ՝ «Erebuni» museum-reservation» Non-commercial State organization,
անգլերեն կրճատ՝ «Erebuni» museum-reservations» NSO։
9. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Էրեբունու 38:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմական, հնագիտական հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:
11. Իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան կազմակերպությունը`
ա) իրականացնում է արգելոց-թանգարանի և նրա պահպանական գոտու տարածքում հուշարձանների պահպանությունը.
բ) մշակում և լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում արգելոց-թանգարանի հեռանկարային զարգացման գլխավոր հատակագիծը.
գ) որպես պատվիրատու` կազմակերպում է արգելոցի հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման և հարմարեցման աշխատանքների իրականացումը.
դ) կազմակերպում և իրականացնում է արգելոցի պատմամշակութային ժառանգության օբյեկտների ուսումնասիրումն ու գիտական հետազոտումը, հայտնաբերում և իրականացնում է դրանց անձնագրավորումը.
ե) հաստատում է արգելոցի կազմում ընդգրկված շենքերի և շինությունների օգտագործման ու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը.
զ) քննարկում և իր իրավասության սահմաններում որոշումներ է ընդունում մշակութային ժառանգության օբյեկտների պահպանվածության վտանգի առաջացման դեպքում ամեն տեսակի աշխատանքների և տնտեսական գործունեության դադարեցման մասին: Իրավապահ համապատասխան մարմիններին փոխանցելու նպատակով կազմում է ակտեր և արձանագրություններ արգելոցի հուշարձաններին և նրա տարածքին հասցված վնասին համապատասխան պատասխանատվություն սահմանելու համար.
է) արգելոցի հուշարձանների և նրա տարածքի պահպանության ու պահպանվածության պայմանակարգն ու կանոնակարգը խախտելու դեպքում հայց է հարուցում հուշարձանն օգտագործողի դեմ.
ը) իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հայտնաբերում ու հավաքում` գիտարշավների, գնումների, նվիրատվությունների, կտակների միջոցով.
թ) իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, ստեղծում դրանց էլեկտրոնային տվյալների շտեմարանը.
ժ) կազմակերպում է պատմամշակութային արժեքների վերականգնման գիտամեթոդական խորհրդի, թանգարանային հավաքածուի գնման հանձնաժողովի աշխատանքները.
ժա) կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ ու խորհրդակցություններ.
ժբ) պատրաստում և հրատարակում է աշխատություններ, մենագրություններ, ուղեցույցներ, կատալոգներ, գիտահանրամատչելի, գիտատեղեկատու, քարոզչական ու գովազդային նյութեր.
ժգ) կազմակերպում է մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններ ու ցուցահանդեսներ.
ժդ) իրականացում է պատմամշակութային ժառանգության վերաբերյալ քարոզչական, գիտալուսավորչական և կրթական միջոցառումներ:
12. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) հուշարձանների պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում.
բ) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի տրամադրում.
գ) հրատարակչական գործ:
13. Կազմակերպության մասնաճյուղերն են`
ա) «Կարմիր բլուր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը,
բ) «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
14. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:
Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային նվիրատվություններն ու հատկացումները:
15. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
16. Կազմակերպության սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
17. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
18. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
19. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
20. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:
21. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:
22. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:
23. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են՝ բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
24. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
25. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:
26. Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը:
27. Լիազորված պետական մարմինը`
ա) ապահովում է կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
բ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կազմակերպության տնօրենին.
գ) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.
դ) իրականացնում է կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
զ) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է նրա գործունեության վերստուգման արդյունքները.
է) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
ը) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանման նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
ժ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.
ժա) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
28. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմնի ղեկավարը:
29. Կազմակերպության տնօրենին պաշտոնի նշանակելն ու պաշտոնից ազատելը կարգավորվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
30. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ նրա կողմից լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության ու կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
31. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
32. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Նրա լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
33. Կազմակերպության տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների միջև.
է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.
ը) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.
թ) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
34. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
35. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է կազմակերպության տնօրենի տեղակալներից մեկը:
36. Կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության առանձին ստորաբաժանումների ու աշխատանքային ներքին կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:
37. Կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով տնօրենին առընթեր ստեղծվում են խորհրդակցական մարմիններ` գիտամեթոդական խորհուրդ, թանգարանային հավաքածուների գնման և որակավորման հանձնաժողովներ:
Գիտամեթոդական խորհրդի, ինչպես նաև թանգարանային հավաքածուների գնման ու որակավորման հանձնաժողովների կազմը և կանոնակարգը հաստատում է կազմակերպության տնօրենը՝ համաձայնեցնելով լիազորված պետական մարմնի հետ:
Խորհրդակցական մարմինների որոշումներն իրականացվում են կազմակերպության տնօրենի հրամաններով:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
38. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կազմակերպության լրացուցիչ ֆինանսական աղբյուներն են՝
ա) հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
բ) բարեգործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
գ) կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան գործունեությունից ստացված միջոցները:
39. Արգելոցի տարածքում էքսկուրսիաների, գիտալուսավորչական, կուլտուրմասսայական աշխատանքների կազմակերպման ու անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է կազմակերպությանը: Այլ կազմակերպություններ արգելոցի տարածքներում նշված գործունեությամբ կարող են զբաղվել արգելոցի հետ կնքված համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում:
40. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝
ա) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.
բ) կազմակերպության աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումներով, հավելավճարներով և այլ խրախուսման միջոցներով.
գ) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.
դ) կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ կազմակերպված դասընթացներին մասնակցություն.
ե) լիազորված պետական մարմնի կողմից նախատեսված այլ ուղղություններ:
VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
41. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
42. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
43. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
44. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
45. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
46. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |