«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2003 թվականի N 25-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի վեցերորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. հունվարի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 25-Ն որոշման |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները:
2. Ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմն ընդգրկում է հետևյալ պաշտոնները՝ դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր:
3. Ուսումնական հաստատության ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով համապատասխանում է հետևյալ պահանջներից որևէ մեկին՝
ա) դասախոսի պաշտոնի համար՝
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ բակալավրի որակավորումից) և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննությունները,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ բակալավրի որակավորման) և նշանակման պահին զբաղեցնում է գլխավոր խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին 4 տարում զբաղեցրել է ոստիկանության ավագ խմբի պաշտոն.
բ) ավագ դասախոսի պաշտոնի համար`
ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ բակալավրի որակավորման), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին 3 տարում զբաղեցրել է ոստիկանության ավագ խմբի պաշտոն և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ.
գ) դոցենտի պաշտոնի համար՝
ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես ավագ դասախոս և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ բակալավրի որակավորման), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 6 տարվա ստաժ.
դ) պրոֆեսորի պաշտոնի համար՝
ունի դոկտորի գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ,
ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 6 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, որից առնվազն 4 տարին` դոցենտի պաշտոնում,
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ բակալավրի որակավորման), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն, ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 8 տարվա ստաժ և գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ:
4. Ոստիկանության ուսումնական հաստատության գիտխորհուրդը կարող է հիմնել և վաստակաշատ պրոֆեսորներին սահմանված կարգով շնորհել պատվավոր պրոֆեսորի տիտղոս` ներդրած գիտամանկավարժական ավանդի և ոստիկանության ուսումնական հաստատությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: Պատվավոր պրոֆեսորի տիտղոս կարող է շնորհվել ուսումնական հաստատությունում գիտական գործունեություն իրականացնող ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների գիտնականներին:
5. Ոստիկանությունում վարչական աշխատանքի անցած դասախոսները համատեղության կարգով կարող են մինչև 0,5 դրույքով պահպանել իրենց պաշտոնը և նույն դրույքի սահմաններում մասնակցել պրոֆեսորադասախոսական պաշտոնների նշանակման և առաջքաշման գործընթացին՝ համաձայն սույն կարգի: Լիազորությունների ավարտից հետո նրանք ուսումնական հաստատությունում ապահովվում են իրենց գիտամանկավարժական համապատասխան պաշտոնով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |