«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1703-Ն
«ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Գյումրիի «Երեխաների տուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Մինչև վերակազմակերպումը՝ «Գյումրիի «Երեխաների տուն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված՝ բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:
Նշված հատկացումները ներառել վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
3. «Գյումրիի «Երեխաների տուն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Գյումրիի «Երեխաների տուն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
4. Սահմանել, որ՝
ա) «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հիմնական նպատակը կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող հաշմանդամ երեխաների մշտական խնամքի ապահովումն է:
Կազմակերպության գործունեության առարկան մինչև 6 տարեկան հաշմանդամ երեխաների բժշկավերականգնողական, սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նյութական ու կենցաղային պահանջմունքների բավարարումը, դաստիարակության ապահովումը, այլ խնամակալական մանկական կազմակերպություններ նրանց տեղափոխումն է.
բ) «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական խորհրդատվության տրամադրում, երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում:
5. «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝
ա) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.
բ) կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
7. «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն կարգի համաձայն հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Գյումրիի «Երեխաների տուն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|