«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2003 թվականի N 245-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿՈՆՑԵՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 49-րդ ու 53-րդ հոդվածների և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը կոնցեսիայի պայմանագրով փոխանցելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կոնցեսիայի պայմանագրով փոխանցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի (դրանց մասերի) ցանկը` դասակարգելով ըստ առաջնահերթության:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿՈՆՑԵՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կամ դրանց մասերի (այսուհետ՝ ջրային համակարգեր) օգտագործման իրավունքն առևտրային կազմակերպություններին և (կամ) անհատ ձեռնարկատերերին կոնցեսիայի պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) փոխանցելու հետ կապված հարաբերությունները:
2. Պայմանագրով ջրային համակարգի օգտագործման իրավունքը փոխանցվում է տվյալ համակարգում ներդրումներ կատարելու, ջրային համակարգերն օգտագործելու, ջրային համակարգերի օգտագործման և կառավարման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով:
3. Սույն կարգի իմաստով՝
ա) պայմանագրի առարկա են ջրային համակարգերը, և այդ պայմանագրով դրանց օգտագործման իրավունքը փոխանցվում է ներդրողին.
բ) ներդրող են առևտրային կազմակերպությունները և (կամ) անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ներդրող), որոնց հետ սույն կարգին համապատասխան կնքվել է պայմանագիր:
4. Պայմանագրի կողմերն են Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ջրային համակարգերի կառավարման մարմնի, և ներդրողը:
II. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Պայմանագիրը, բացառությամբ սույն կարգի 26-րդ կետով սահմանված դեպքի, կնքվում է ջրային համակարգի օգտագործման իրավունքը պայմանագրով փոխանցելու համար հայտարարված մրցույթում (այսուհետ՝ մրցույթ) հաղթող ճանաչված ներդրողի հետ:
6. Ջրային համակարգը պայմանագրով տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կամ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում, ջրային համակարգերի կառավարման մարմնի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
7. Մրցույթները բաց են մրցույթի պայմանները բավարարող բոլոր առևտրային կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի համար:
8. Մրցութային հանձնաժողովում պետք է ընդգրկվեն ջրային համակարգերի կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության ներկայացուցիչները: Մրցութային հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:
9. Ջրային համակարգը պայմանագրով տրամադրելիս մրցույթի պայմանների մշակման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում, մրցութային հանձնաժողովը կարող է այդ աշխատանքներում ներգրավել մասնագիտացված խորհրդատուների և համապատասխան ոլորտի փորձագետների:
10. Մրցույթի մասին հայտարարությունները հրապարակվում են 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող առնվազն մեկ թերթում՝ մրցույթին մասնակցելու մասին հայտերի ներկայացման ժամկետից ոչ ուշ, քան 60 օր առաջ:
Մրցութային հանձնաժողովի կողմից սահմանված լինելու դեպքում մրցույթի մասին պետք է հայտարարվի նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով և ինտերնետային համակարգչային ցանցով:
11. Մրցույթի մասին հայտարարությունը (ծանուցումը) պետք է ներառի տեղեկություններ՝
ա) մրցույթի անցկացման ժամանակի, տեղի և ձևի մասին.
բ) մրցույթին մասնակցելու մասին հայտերի ներկայացման կարգի, հայտի բովանդակության մասին.
գ) պայմանագրով տրամադրվող ջրային համակարգի, այդ թվում՝ ընդհանուր տեղեկություններ տեխնիկական և ֆինանսական վիճակի մասին.
դ) պայմանագրի էական պայմանների մասին.
ե) մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների (այդ թվում՝ տեխնիկական, մասնագիտական և ֆինանսական) մասին.
զ) մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված ծրագրերի գնահատման սկզբունքների մասին` ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի կտրվածքով.
է) մրցույթի նախավճարի և մասնակցության վճարի վճարման, վերադարձման կարգի մասին.
ը) մրցութային առաջարկների քննարկման, գնահատման, մրցույթի հաղթողին որոշելու, առանց հաղթող ճանաչելու մրցույթի դադարեցման կարգի մասին.
թ) մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցությունների վարման կարգի, տեղի ու ժամկետների, ինչպես նաև պայմանագրի կնքման ժամկետների մասին.
ժ) լրացուցիչ տեղեկություններ ստանալու վայրի և կարգի մասին.
ժա) այլ տեղեկություններ:
12. Մրցույթի նախավճարի և մասնակցության վճարի չափերը, մուծման ժամկետները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը կամ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում, ջրային համակարգերի կառավարման մարմնի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը:
Մրցույթի նախավճարը վերադարձվում է, եթե մրցույթը չի կայացել: Մրցույթի նախավճարը վերադարձվում է նաև մրցույթում չհաղթած մասնակիցներին:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած մրցույթի նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հաշվում:
Մրցույթի մասնակցության վճարը սահմանվում է` ելնելով մրցույթի անցկացման համար կատարվելիք ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունից:
Մրցույթի մասնակցության վճարը չի վերադարձվում՝ անկախ մրցույթի արդյունքներից:
13. Մրցույթով առաջարկվող ջրային համակարգի տրամադրման պայմանագրի էական պայմանները գնահատվում են տեխնիկական, տնտեսական և բնապահպանական բաղադրիչների տեսանկյունից: Մրցութային հանձնաժողովը սահմանում է այն կշռային գործակիցները, որոնք օգտագործվելու են ներկայացված մրցութային առաջարկների յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման համար:
14. Մրցույթի մասնակիցը մրցութային հանձնաժողով է ներկայացնում գրավոր հայտ, որը պետք է բովանդակի՝
եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է.
ա) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, տեղեկատվություն կազմակերպության մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի մասին, կազմակերպության գտնվելու և գործունեության վայրերը: Եթե կազմակերպությունն օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետք է նշվի նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, այդ օտարերկրյա իրավաբանական անձի անձնական օրենքին համապատասխան նրա ստեղծման և գործունեության դադարման, վերակազմակերպման՝ ներառյալ իրավահաջորդության, իրավունակության բովանդակության, քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ կրելու կարգի, ներսում ծավալվող հարաբերությունների (այդ թվում՝ իրավաբանական անձի հարաբերություններն իր մասնակիցների հետ) պատասխանատվության հարցերի մասին տեղեկությունները.
բ) տեղեկություններ, որոնք վկայում են կազմակերպության կողմից հանրային ծառայությունների մատուցման ոլորտում նախկինում իրականացված գործունեության մասին.
գ) պայմանագրով ջրային համակարգի օգտագործման ծրագիրը՝ ներառյալ առաջարկվող ներդրումների չափը՝ ըստ տարիների, ջրային համակարգի արդիականացման ծրագիրը՝ ըստ փուլերի, առաջարկվող այլ պայմաններ.
դ) մրցույթի մասին հայտարարության մեջ նշված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին մուտքագրված մրցույթի նախավճարի և մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկային հաշվին մուտքագրված մասնակցության վճարի անդորրագրերի պատճենները.
ե) կազմակերպության կողմից առաջարկվող պայմանագրի էական պայմանները.
զ) կազմակերպության վճարունակության հուսալիության երաշխիքը.
եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է.
ա) անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (անունը, ազգանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.
բ) պայմանագրով ջրային համակարգի օգտագործման ծրագիրը՝ ներառյալ առաջարկվող ներդրումների չափը՝ ըստ տարիների, ջրային համակարգի արդիականացման ծրագիրը՝ ըստ փուլերի, առաջարկվող այլ պայմաններ.
գ) մրցույթի մասին հայտարարության մեջ նշված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին մուտքագրված մրցույթի նախավճարի և մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկային հաշվին մուտքագրված մասնակցության վճարի անդորրագրերի պատճենները.
դ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից առաջարկվող պայմանագրի էական պայմանները.
ե) կառավարման բնագավառում նրա փորձի մասին վկայող փաստաթղթերը (առկայության դեպքում).
զ) անհատ ձեռնարկատիրոջ վճարունակության հուսալիության երաշխիքը:
Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացված տվյալների արժանահավատության համար:
15. Ելնելով ջրային համակարգի առանձնահատկություններից, ինչպես նաև մրցույթին ներկայացված ծրագրի ցուցանիշների հավաստիությունը ճշտելու անհրաժեշտությունից՝ մրցութային հանձնաժողովը կարող է մասնակիցներից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն՝ չխախտելով մրցույթի անցկացման համար հայտարարության (ծանուցման) մեջ նշված ժամկետները:
16. Մրցույթի մասնակիցներից ստացված տեղեկությունները, որոնք պարունակում են առևտրային գաղտնիք, հրապարակման ենթակա չեն:
17. Մրցույթին մասնակցելու մասին հայտերի ընդունման ժամկետը չի կարող լինել 30 օրվանից պակաս և 40 օրվանից ավելի` հայտերի ընդունման օրվանից հաշված:
18. Հայտի ընդունման մերժումն արգելվում է, եթե պահպանվել են սույն կարգով սահմանված պայմանները:
19. Մրցույթն անցկացվում է ոչ ուշ, քան հայտերի ընդունման ժամկետը լրանալուց հետո 15 օրվա ընթացքում:
20. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը, մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ, առաջարկել է լավագույն պայմանները: Մրցույթի հաղթող ճանաչելու մասին որոշումն ընդունում է մրցութային հանձնաժողովը:
21. Մրցույթի արդյունքների մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթի արդյունքների հաստատումից հետո 10 օրվա ընթացքում՝ 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող առնվազն մեկ թերթում:
22. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքների հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում մրցույթի հաղթողին է ներկայացնում ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրի օրինակը՝ ստորագրելու համար:
23. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված մեկ հայտը չի կարող առանց հաղթող ճանաչելու մրցույթը դադարեցնելու պատճառ դառնալ: Այս դեպքում պայմանագիր կարող է կնքվել հայտ ներկայացնողի հետ՝ բանակցությունների արդյունքում:
24. Մրցույթը կարող է համարվել չկայացած, եթե՝
ա) մրցույթի իրականացման արդյունքում արձանագրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտում.
բ) մրցույթը տեղի է ունեցել մրցույթի անցկացման կարգի խախտմամբ.
գ) մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը հրաժարվել է պայմանագիրն ստորագրելուց:
Մրցույթի հաղթողի կողմից պայմանագիրը կնքելուց հրաժարվելու դեպքում նրա՝ մրցույթին մասնակցելու համար կատարված ծախսերը (այդ թվում՝ մրցույթի նախավճարը և պայմանագրի նախագծի մշակման հետ կապված ծախսերը) չեն փոխհատուցվում:
Մրցութը չկայացած հայտարարելը հիմք է հանդիսանում մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագրի կնքումը մերժելու կամ արդեն կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու համար:
25. Մրցույթի մասնակիցներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու մրցույթի արդյունքները:
26. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է պայմանագիր կնքվել առանց մրցույթի կազմակերպման և անցկացման, եթե տվյալ ջրային համակարգի օգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 49-րդ հոդվածով սահմանված որևէ ձևով փոխանցելու համար առնվազն մեկ անգամ մրցույթ կամ աճուրդ է կազմակերպվել, սակայն այն չի կայացել:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԿՆՔՈՒՄԸ
27. Ջրային համակարգերի կառավարման մարմինը մրցույթի արդյունքների հրապարակումից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում մրցույթի հաղթողին հայտնում է պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցությունների վարման կարգի, տեղի և ժամկետների մասին: Պայմանագրի կողմերը համաձայնեցնում են պայմանագրի տեխնիկական, տեխնոլոգիական, ֆինանսական, առևտրային և իրավական պայմաններն ու ավարտում դրա նախապատրաստումը՝ մինչև 30-օրյա ժամկետում:
28. Պայմանագրի նախագծի մշակման աշխատանքներին, ջրային համակարգերի կառավարման մարմնի տեղեկացմամբ, պետք է մասնակցեն նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այն մարմինները, որոնք պատասխանատու են պետության՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հետ կապված միջոցառումների իրականացման համար:
29. Պայմանագիրը և դրա մեջ կատարվող փոփոխություններն օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ անշարժ գույքի գրանցման պետական լիազորված մարմնում:
30. Պայմանագրով չի կարող նախատեսվել իրավունքների և պարտավորությունների զիջում երրորդ անձին:
IV. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
31. Պայմանագիրը պետք է ներառի՝
ա) պայմանագրի կողմերը.
բ) պայմանագրի առարկան և նպատակը.
գ) պայմանագրով փոխանցվող գույքը և դրա արժեքը, ինչպես նաև փոխանցման պայմանները.
դ) պայմանագրի համաձայն իրականացվող աշխատանքները, մատուցվող ծառայությունները և դրանց ժամանակացույցը.
ե) կողմերի պարտավորությունները և ստացված եկամուտների նկատմամբ սեփականության իրավունքը.
զ) ներդրվելիք տեխնիկական կառուցվածքների նկարագրությունը կամ ջրային համակարգում գոյություն ունեցող համապատասխան կառուցվածքների նորացման, փոխարինման, արդիականացման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև ներդրողի պարտավորությունը նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործում (եթե դա պահանջվում է տվյալ ջրային համակարգի համար).
է) ներդրողին տրամադրվող փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են պայմանագրով նախատեսված աշխատանքների և ծառայությունների կատարման համար.
ը) ներդրողի պարտավորությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքային հարաբերությունների և ջրային համակարգերի օգտագործման բնագավառում սահմանված նորմերի ու կանոնների պահպանման գործում.
թ) ներդրողի պարտավորությունը շրջակա միջավայրի պահպանության, բնական պաշարների օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի և կանոնների պահպանման գործում.
ժ) ներդրողի պարտավորությունը պայմանագրով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու գործում.
ժա) ներդրողի վճարունակությունը հավաստող երաշխիքները.
ժբ) ներդրողի սեփականության իրավունքն այն գույքի նկատմամբ, որն իր կողմից ներմուծվել է Հայաստանի Հանրապետություն կամ ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետությունում պայմանագրի պահանջների կատարման նպատակով, կամ ստեղծվել է իր կողմից այդ պայմանագրի պահանջների կատարման հետևանքով.
ժգ) պայմանագրի պահանջների կատարման գործում պետության մասնակցության ձևերը և կարգը.
ժդ) կողմերի փոխադարձ պարտավորությունը տարածաշրջանի արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման գործում.
ժե) տնտեսական գործունեության պայմանների փոփոխության դեպքում ներդրումների արդյունավետության նվազումը կանխելու նպատակով պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու կարգը.
ժզ) ներդրողի իրավունքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու՝ պայմանագրի կատարման արդյունքում ստացված և իրեն պատկանող արտադրանքն ու եկամուտները.
ժէ) պայմանագրի պահանջների կատարման հետ կապված կողմերի պարտավորությունները և իրավունքները.
ժը) կողմերի պատասխանատվությունը՝ պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում.
ժթ) պայմանագրի գործողության ժամկետը, ժամկետի երկարաձգման, պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման կարգը.
ի) պայմանագրի պահանջների կատարումից բխող վեճերի լուծման կարգը.
իա) կողմերի համաձայնությամբ՝ այլ պայմաններ:
V. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
32. Պայմանագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել տվյալ ջրային համակարգի օգտագործման թույլտվության առավելագույն ժամկետը:
Եթե ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ժամկետը լրանում է ավելի շուտ, քան պայմանագրի ժամկետը, ապա տվյալ թույլտվությունը ենթակա է վերաձևակերպման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
33. Պայմանագրի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է ջրային համակարգերի կառավարման մարմինը:
34. Պայմանագրի գործողությունը դադարում է՝
ա) եթե լրացել է պայմանագրի ժամկետը, և ներդրողը չի դիմել այն երկարաձգելու համար.
բ) պայմանագրի կողմերի համաձայնությամբ, այդ թվում՝ այն դեպքում, երբ պետությունը, ներդրողի համաձայնությանբ, մինչև պայմանագրի ժամկետը լրանալը հետ է գնում ներդրողին պատկանող պայմանագրային իրավունքները՝ լրիվ հատուցելով ներդրողի կատարած ծախսերը՝ ներառյալ բաց թողնված օգուտը.
գ) պայմանագրով նախատեսված հիմքերով.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |