«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1622-Ն
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) հողի բերրի շերտի օգտագործման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) հողի բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման ու հողերի խախտման հետ կապված այլ աշխատանքներ կատարելիս հանված հողի բերրի շերտի (այսուհետ` բերրի շերտ) նպատակային և արդյունավետ օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Բերրի շերտի արդյունավետ օգտագործումը ներառում է նաև դրա հանումը, տեղափոխումը, պահպանումը և հաշվառումը:
2. Բերրի շերտը հողային ծածկույթի վերին շերտի բուսահողն է, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, վերականգնման (ռեկուլտիվացիայի) նպատակներով:
3. Հողամասի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս իրականացնել բերրի շերտի հանումը, պահպանումը և օգտագործումը:
4. Բերրի շերտի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
5. Բերրի շերտի օգտագործման ժամանակ պետք է բացառվեն բարելավվող տարածքների աղտոտումը վնասատուներով, մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, մոլախոտերի սերմերով, վտանգավոր քիմիական նյութերով, այդ թվում՝ թունաքիմիկատներով, բույսերի վնասատուների դեմ պայքարի այլ միջոցներով:
6. Բերրի շերտը հանելու, պահեստավորելու և պահպանելու ընթացքում ձեռնարկվում են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը: Ջրային և հողմնային հողատարումից զերծ պահելու համար պահեստավորված հողաթմբերը ծածկվում են խոտաբույսերով կամ իրականացվում են այլ միջոցառումներ՝ հողաթմբերի ամրացում, ծածկում և այլն:
7. Բերրի շերտը կարող է հանվել քաղաքաշինական գործունեության իրականացման կամ օգտակար հանածոների արդյունահանման դեպքերում:
Այն դեպքերում, երբ օգտագործվող հողամասը գյուղատնտեսական շրջանառության վերադարձնել հնարավոր չէ (քաղաքաշինական և այլ շինարարական աշխատանքների դեպքերում), ապա բերրի շերտը տեղափոխվում է այնտեղ, որտեղ հողի բարելավման կամ իրացման անհրաժեշտություն կա։
Այն դեպքերում, երբ հողամասը ենթակա է վերականգնման (օգտակար հանածոների արդյունահանում, երկրաբանահետախուզական և այլ ժամանակավոր աշխատանքներ), ապա բերրի շերտը տեղափոխվում և պահպանվում է վերականգնվող հողամասի մոտ, որպես կանոն, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերի վրա։
8. Բերրի շերտի հանումը, տեղափոխումը և պահպանությունն իրականացվում են հողի սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին կամ փոխադարձ համաձայնությամբ՝ այն անձի հաշվին, ում կարիքների համար տեղափոխվում է բերրի շերտը:
9. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի սահմաններում սեփական կարիքների համար հողի բերրի շերտը կարելի է հանել ու տեղափոխել առանց համաձայնեցման:
10. Բերրի շերտը հողամասից հողամաս տեղափոխելու համար, դրա նախաձեռնողը, համապատասխան համաձայնություն ստանալու համար, գրավոր դիմում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ մարզպետին՝ նշելով տեղափոխվող բերրի շերտի ծավալը, տեղափոխելու նպատակը և ժամկետները։
Համայնքի վարչական սահմաններում բերրի շերտը տեղափոխելու համաձայնությունը տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս, մարզի սահմաններում՝ մարզպետը։
11. Բերրի շերտը տեղափոխելու համաձայնությունը չի տրվում այն դեպքում, երբ՝
համայնքն ունի հողերի յուրացման ծրագիր,
համայնքն ունի վերականգնման (ռեկուլտիվացիայի) ենթակա խախտված հողեր,
հողն աղտոտված է վնասատուներով, մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանությունների հարուցիչներով, մոլախոտերի սերմերով, վտանգավոր քիմիական նյութերով, այդ թվում՝ թունաքիմիկատներով, բույսերի վնասատուների դեմ պայքարի այլ միջոցներով։
12. Բերրի շերտի տեղափոխման համաձայնության մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պետական բնապահպանական տեսչության տարածքային մարմիններին՝ համապատասխան համայնքի ղեկավարի կամ մարզպետի կողմից՝ մինչև տեղափոխման ժամկետը։
13. Բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման մասին տվյալները հաշվառվում ու գրանցվում են Հայաստանի Հանրապետության համայնքներում, մարզպետարանում և արտացոլվում ամենամյա հողային հաշվեկշիռներում։
14. Բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման մասին տարեկան տվյալները հաշվառվում են համապատասխան հաշվառման մատյանում: Հաշվառման մատյանի բոլոր էջերը համարակալվում են, վերջին էջում կատարվում է նշում էջերի քանակի մասին և կնքվում համապատասխանաբար համայնքի ղեկավարի ու մարզպետի կողմից:
Հաշվառման մատյանը պարունակում է դիմումների և համաձայնությունների հերթական համարը, դիմումի ներկայացման ժամկետը, դիմողի տվյալները (անունը, ազգանունը), հասցեն, տրված համաձայնության ամսաթիվը և բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևի հերթական համարը՝ համաձայն N 2 հավելվածի։
15. Մարզպետը (համայնքի ղեկավարը) բերրի շերտի յուրաքանչյուր օգտագործման մասին տվյալները, բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևին համապատասխան, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:
16. Սույն կարգին համապատասխան բերրի շերտը հանելիս՝ դրա տեղափոխման և պահպանման աշխատանքները չիրականացնող հողի սեփականատերն ու օգտագործողը պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Ձ Ե Վ
Հողի բերրի շերտի օգտագործման
Մարզը (համայնքը)__________________________________________
Հանված հողի բերրի շերտի՝ մակերեսը (քառ. մ) _____________, ծավալը (խոր. մ) _______________,
Տեղափոխված բերրի հողի ծավալը (խոր. մ)___________________________,
Կուտակված (պահպանվող) բերրի հողի ծավալը (խոր. մ) ____________________________________,
Ում է թույլատրվել___________________________________________
Թույլտվության ամսաթիվը ______________________________________
Մարզպետը (համայնքի ղեկավարը) ________________________________ (անունը, ազգանունը)
Կ. Տ. __________________ (ստորագրությունը)
Կատարողը _______________________ _____________________ (անունը, ազգանունը) (ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |