«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1591-Ն
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Տիգրան Մեծ» շքանշանի նկարագրությունը և նմուշը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«Տիգրան Մեծ» շքանշանի նկարագրությունը
«Տիգրան Մեծ» շքանշանը (այսուհետ՝ շքանշան) ութաթև աստղ է (իրար վրա դրված երկու հավասարաչափ քառակուսի): Շքանշանի մեծությունը բոլոր անկյունագծերով՝ 5,5 սմ է, կշիռը՝ 50 գրամ: Տիգրան Մեծի դիմապատկերը պատրաստված է բարձրահարգ ոսկուց, իսկ դիմապատկերի հիմքը՝ պլատինից կամ սպիտակ ոսկուց: Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական ռուբին:
Շքանշանի հիմքը, որի վրա տեղադրված են Տիգրան Մեծի դիմապատկերով քառակուսիներ, պատրաստված է սպիտակ ոսկուց:
Քառակուսիների կենտրոնում, մեդալիոնի շրջանակի մեջ, որի տրամագիծը 2,2 սմ է, տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը՝ իր դրամի տեսքով՝ դեմքի աջ ուղղվածությամբ: Մեդալիոնի շրջանակի վերին մասում՝ դիմանկարի ծոծրակից մինչև քթի հատվածը, բարձր հարգի ոսկու դեղին ֆոնի վրա ագուցված է 0,07 կարատանոց 15 ադամանդ: Շրջանակի ներքևի հատվածում՝ էմալե կարմիր ֆոնի վրա սպիտակ գույնի ոսկով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» մակագրությունը:
Մեդալիոնը եզերող շրջանակը սպիտակ ոսկուց է: Քառակուսիների եզրագծերը կիսաուռուցիկ են՝ պատրաստված տարբեր հարգի ոսկուց:
Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև հատվածներում ագուցված է եռանկյունաձև 8 արհեստական ռուբին:
Քառակուսիների ութ անկյունում տեղադրված է մեկական 0,1 կարատանոց ադամանդ:
Շքանշանը եզրափակում է երկու շերտ, որոնցից քառակուսիները եզրափակող ներսի շերտը՝ գլանվածքային է, իսկ դրսինը, որը նաև եզրափակում է շքանշանը՝ հարթ:
Շքանշանի հակառակ երեսը հարթ է: Կենտրոնում ամրացման կոճակն է, դրանից վերև՝ շքանշանի թվահամարը:
Շքանշանի շերտաձողիկն ունի 2,4x1,2 սմ չափեր: Շերտաձողիկի ֆոնը սպիտակ է: Կենտրոնում 8 միլիմետրանոց կարմիր շերտն է, որի երկու կողմից մեկական միլիմետրանոց դեղին շերտեր են: Այն տեղադրվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններից հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
«Տիգրան Մեծ» շքանշան