Գլխավոր տեղեկություն
Համար
N Պ-2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.15/68(1343)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.10.2017
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2017 թ.

N Պ-2

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՎՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ առկա են դրույթներ, որոնք տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս: Նշվածով պայմանավորված և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ պաշտոնապես պարզաբանում ենք՝

Հարց 1. Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ` Կարգ) 44-րդ կետի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից տրամադրված տեղեկատվության արդյունքում մասնակցի ներկայացրած հայտարարությունը որակվում է իրականությանը չհամապատասխանող, իսկ նույն Կարգի 47-րդ կետը սահմանում է անհամապատասխանությունը շտկելու ընթացակարգը, սակայն Կարգը չի հստակեցնում, թե ինչ եղանակով է ենթակա շտկման «ֆինանսական միջոցներ» չափանիշով անհամապատասխանությունը,

Պարզաբանում. «ֆինանսական միջոցներ» չափանիշի մասով արձանագրված անհամապատասխանությունը կարող է շտկվել ինչպես տվյալ մասնակցի կողմից Կոմիտեից ստացած գրավոր տեղեկատվությունը պատվիրատուին ներկայացմամբ, այնպես էլ Կոմիտեի կողմից տրված նոր եզրակացությամբ: Ընդ որում, տվյալ դեպքում պատվիրատուի կողմից Կոմիտեին կրկնակի հարցում չի կատարվում:

Հարց 2. Կարգի 44-րդ կետի հիման վրա Կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությամբ արձանագրվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ: Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» պարբերությամբ սահմանվում է, որ

«…Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե`

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,…:

Ըստ այդմ, տարընթերցում է առաջացնում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» պարբերության մեջ տեղ գտած «գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը» արտահայտությունը, ինչի պարագայում տարամետ մեկնաբանության տեղիք է տալիս այն հանգամանքը, թե արդյոք մասնակիցը ենթակա է ընդգրկման գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (այսուհետ` ցուցակ), թե ոչ, եթե պատվիրատուին է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող հայտարարություն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով Օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ չունենալու վերաբերյալ.

Պարզաբանում. Օրենքի

● 2-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի համաձայն` գնման գործընթացը գնում կատարելու նպատակով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջությունն է, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը,

● 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» պարբերության համաձայն` մասնակիցն ընդգրկվում է ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

● 28-րդ կետի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հրավերում նախատեսվում է նաև, որ մասնակիցը գնումներին մասնակցելու իր իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր հաստատած հայտարարությունը, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները):

Կարգի`

● 32-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության համաձայն` հրավերով նախատեսվում է նաև,որ մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հայտարարություն՝ հրավերով սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշներին իր համապատասխանության մասին,

● 45-րդ կետի համաձայն` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները` համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին, որը դրանք ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տրամադրում է գնումների բողոքարկման խորհրդին: Սույն կարգի 44-րդ կետով սահմանված՝ մասնակցության իրավունք չունենալու հիմքերի առկայության դեպքում սույն կետով նախատեսված տվյալները չեն ներկայացվում լիազորված մարմին, եթե մասնակիցը կամ Կոմիտեն լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացրել է մինչև հայտերի գնահատման արդյունքների հաստատման նիստին հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

Վերոգրյալով պայմանավորված, եթե Կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությամբ արձանագրվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է Օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ և մասնակիցը կամ Կոմիտեն լրացուցիչ տեղեկատվությունը պատվիրատուին չի ներկայացրել մինչև հայտերի գնահատման արդյունքների հաստատման նիստին հաջորդող երրորդ աշխատանքային օրը, ապա անկախ նշված ժամկետից հետո մասնակցի կամ Կոմիտեի կողմից լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու հանգամանքից, պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները` համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին:

Ընդ որում, այս դեպքում, նկատի ունենալով, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով Օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ չունենալու վերաբերյալ, սակայն Կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությամբ արձանագրվում է ժամկետանց պարտավորությունների առկայությունը, ուստի այդ հանգամանքը դիտարկվում է որպես մասնակցի կողմից գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, որի արդյունքում դադարեցվում է այդ մասնակցի հետագա մասնակցությունը գնման գործընթացին և մասնակիցը ներառվում է ցուցակում:

Հարց 3. Արդյոք եթե գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը չի բավարարում հրավերով սահմանված որակավորման չափանիշների պահանջներին, իսկ ապրանքների գնման դեպքում նաև Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություն, ապա այդ մասնակիցը ներառվում է Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում, թե ոչ,

Պարզաբանում. Օրենքի`

● 2-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի համաձայն` գնման գործընթացը գնում կատարելու նպատակով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջությունն է, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը,

● 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» պարբերության համաձայն` մասնակիցն ընդգրկվում է ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

● 28-րդ կետի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հրավերում նախատեսվում է նաև, որ մասնակիցը գնումներին մասնակցելու իր իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր հաստատած հայտարարությունը, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները):

Կարգի`

● 32-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հայտարարություն՝ հրավերով սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշներին իր համապատասխանության մասին,

● 45-րդ կետի համաձայն` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները` համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին, որը դրանք ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տրամադրում է գնումների բողոքարկման խորհրդին,

● 47-րդ կետի համաձայն` առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու, ինչպես նաև ներկայացված՝ ներառյալ կոմիտեի կողմից տրամադրված որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերի, իսկ ապրանքների գնման դեպքում նաև սույն կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրն էլեկտրոնային եղանակով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը:

Վերոգրյալով պայմանավորված, եթե գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը չի բավարարում հրավերով սահմանված որակավորման չափանիշների պահանջներին, իսկ ապրանքների գնման դեպքում նաև Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություն և մասնակիցը մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի շտկում անհամապատասխանությունը, ապա, անկախ նշված ժամկետից հետո այդ անհամապատասխանությունը շտկելու հանգամանքից, պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները` համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին:

Ընդ որում, այս դեպքում, նկատի ունենալով, որ մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հայտարարություն հրավերով սահմանված որակավորման չափանիշներին, իսկ ապրանքների գնման դեպքում նաև հայտարարություն` առաջարկվող ապրանքի` հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ, սակայն գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը չի բավարարում հրավերով սահմանված որակավորման չափանիշների պահանջներին, իսկ ապրանքների գնման դեպքում նաև Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություն, ուստի այդ հանգամանքը դիտարկվում է որպես մասնակցի կողմից գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, ինչի արդյունքում դադարեցվում է այդ մասնակցի հետագա մասնակցությունը գնման գործընթացին և մասնակիցը ներառվում է ցուցակում:

Հարց 4. Արդյոք եթե մասնակիցը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված չէ ցուցակում, սակայն հայտը ներկայացնելուց հետո ներառվել է ցուցակում, ապա վերջինիս հայտը ենթակա է մերժման, թե ոչ:

Պարզաբանում. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` բացառությամբ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Վերոգրյալով պայմանավորված, եթե մասնակիցը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված չէ ցուցակում, սակայն հայտը ներկայացնելուց հետո ներառվել է ցուցակում, ապա վերջինիս հայտը այդ մասով ենթակա չէ մերժման:

Հարց 5. Արդյոք եթե մասնակցի գնային առաջարկում «Արժեք» և «ԱԱՀ» սյունակներում բացակայում է տառերով գրվածը և առկա է միայն թվերով գրվածը, իսկ «Ընդհանուր գին» սյունակում առկա է գնային առաջարկը՝ տառերով և թվերով, ապա մասնակցի գնման հայտը ենթակա է մերժման, թե ոչ:

Պարզաբանում. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը:

Միաժամանակ Կարգի 32-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված է, որ եթե պայմանագրի գինը կայուն է, ապա մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով՝ պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գնով:

Վերոգրյալով պայմանավորված, եթե գնային առաջարկի «Արժեք» և «ԱԱՀ» սյունակները լրացված են միայն թվերով, իսկ «Ընդհանուր գին» սյունակը լրացված է և տառերով և թվերով, ապա այդ մասով մասնակցի հայտը ենթակա չէ մերժման:

Հարց 6. Արդյոք գնային առաջարկում առկա թվային և տառային ձևակերպումների միջև հակասության դեպքում հայտը ենթակա է մերժման, եթե առկա է ստորև նշված դեպքերից մեկը`

● «Արժեք» և «ԱԱՀ» սյունակներում թվերով գրվածը չի համապատասխանում տառերով գրվածին, կամ

● «Արժեք» և «ԱԱՀ» սյունակներում տառերով գրվածը չի համապատասխանում թվերով գրվածին:

Պարզաբանում. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը:

Վերոգրյալով պայմանավորված` եթե գնային առաջարկի

● «Արժեք» և «ԱԱՀ» սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն տառերով կամ թվերով նշված գումարներից որևէ մեկի հանրագումարը համապատասխանում է «Ընդհանուր գին» սյունակում տառերով նշված գումարին, ապա մասնակցի հայտը ենթակա չէ մերժման,

● «Արժեք» և «ԱԱՀ» սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն տառերով կամ թվերով նշված գումարներից որևէ մեկի հանրագումարը չի համապատասխանում «Ընդհանուր գին» սյունակում տառերով նշված գումարին, ապա մասնակցի հայտը ենթակա է մերժման:

Հարց 7. Արդյոք եթե մասնակցի գնային առաջարկում չափաբաժնի համարը սխալ է նշված, սակայն գնման առարկայի անվանումը ճիշտ է լրացված, մասնակցի գնման հայտը ենթակա է մերժման, թե ոչ:

Պարզաբանում. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հրավերով մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում միաժամանակ ներկայացվում են այդ տեղեկության վավերապայմանները, իսկ 33-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին:

Կարգի 32-րդ կետի 18-րդ ենթակետի համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում է ըստ առանձին չափաբաժինների:

Վերոգրյալով պայմանավորված` տվյալ դեպքում մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկում վավերապայման է հանդիսանում գնման առարկայի անվանումը և եթե գնային առաջարկում չափաբաժնի համարն ու գնման առարկայի անվանումը չեն համապատասխանում միմյանց, ապա տվյալ դեպքում անհրաժեշտ է հիմք ընդունել գնման առարկայի անվանումը և շարունակել գործընթացը:

Հարց 8. (հարցն ուժը կորցրել է 20.03.18 N Պ-3)

Հարց 9. Արդյոք ապրանքների գնման դեպքում պատվիրատուն իրավասու է սահմանել հայտով կամ պայմանագրի կատարման փուլում մասնակցից ծագման երկրի սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ, թե` ոչ:

Պարզաբանում. Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի զ) պարբերության համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ մասնակիցը ապրանքների գնման դեպքում հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հայտարարություն՝ առաջարկվող ապրանքի՝ հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ՝ պայմանով, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակից ճանաչվելու դեպքում հրավերով սահմանված կարգով ներկայացնում է նաև առաջարկվող ապրանքային նշանն արտադրողի անվանումը, ծագման երկիրը, ապրանքի տեխնիկական բնութագրերը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր):

Այսինքն` ապրանքների գնման դեպքում առաջին տեղը զբաղեցրած մասնակցից նշված նորմի ուժով գնահատող հանձնաժողովը պահանջում է ներկայացնել միայն տեղեկատվություն ինչպես առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրերի, այնպես էլ դրա ծագման երկրի վերաբերյալ: Այս պահանջը սահմանվում է նաև հրավերով և մասնակիցը ի սկզբանե տեղեկացված է նշված պայմանի մասին:

Միաժամանակ Կարգի համաձայն ներկայացված տեխնիկական բնութագրերը գնահատվում են գնահատող հանձնաժողովի կողմից և հրավերով սահմանված ապրանքի տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան գնահատվելու դեպքում, մասնակիցը ճանաչվում է հաղթող: Ընդ որում, հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվող պայմանագրում ներառվում են վերջինիս կողմից առաջարկված ապրանքի տեխնիկական բնութագրերը և ապրանքի ծագման երկիրը:

Վերոգրյալով պայմանավորված` Կարգով նախատեսված չէ ինչպես հայտով, այնպես էլ պայմանագրի կատարման փուլում մասնակցից ծագման երկրի սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ սահմանելու պայման:

Հարց 10. Արդյոք եթե էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով կազմակերպված գնման ընթացակարգը հայտարարվում է չափաբաժիններով և անգործության ժամկետում որոշ չափաբաժինների մասով նախաձեռնվում է բողոքարկման գործընթաց, ապա գնահատող հանձնաժողովը իրավասու է չբողոքարկված չափաբաժինների մասով շարունակել գնման գործընթացը, թե ոչ:

Պարզաբանում. Կարգի 32-րդ կետի 18-րդ ենթակետի համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում է ըստ առանձին չափաբաժինների:

Վերոգրյալով պայմանավորված` եթե էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով կազմակերպված գնման ընթացակարգը հայտարարվում է չափաբաժիններով և անգործության ժամկետում որոշ չափաբաժինների մասով նախաձեռնվում է բողոքարկման գործընթաց, ապա պատվիրատուն բողոքի առարկա չհանդիսացող չափաբաժինների մասով կարող է թղթային եղանակով շարունակել ընթացակարգը` կնքելով համապատասխան պայմանագրեր:

Հարց 11. Արդյոք եթե ֆիզիկական անձը գրանցվում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում որպես անհատ ձեռնարկատեր` պահպանելով հարկ վճարողի հարկային հաշիվը, ապա ֆիզիկական անձի կողմից կատարված պայմանագրերը կարող են հիմք հանդիսանալ որպես գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված «մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գնահատման համար, թե ոչ:

Պարզաբանում. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն` անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` անհատ ձեռնարկատերն ունի օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, ինչպես նաև օրենքներով սահմանված այլ դեպքերում:

Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ ֆիզիկական անձի` անհատ ձեռնարկատեր հաշվառվելով իրավահարաբերություններում անձանց փոփոխություն տեղի չի ունենում, այլ տեղի է ունենում ֆիզիկական անձի` ձեռնարկատիրական գործունեության ոլորտում իրավունակության ընդլայնում:

Վերոգրյալով պայմանավորված` կոնկրետ գնման գործընթացի շրջանակում գնումների վերաբերյալ օրենսդրությամբ մասնագիտական փորձառության չափանիշները բավարարելու դեպքում ֆիզիկական անձի կողմից իրականացրած պայմանագրերը վերջինիս որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելուց հետո կարող են ներկայացվել որպես մասնագիտական փորձառություն:

 

Վ. Արամյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.03.2018, N Պ-3 20.03.2018, N Պ-2
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան