Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
________________ Վ. Արամյան |
________________ Վ. Հարությունյան |
16 հոկտեմբերի 2017 թվական |
15 օգոստոսի 2017 թվական |
N 3 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում, մասնավորապես՝
- ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով,
- անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` նույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի:
Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ով չեն հարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա հարկ վճարողների կողմից`
- ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,
- մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում` նույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ ԱԱՀ-ով չեն հարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները, ինչպես նաև մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում` նույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:
Հաշվի առնելով վերոնշյալ իրավական կարգավորումները, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառելի են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ կամ անհատական որոշումների հիման վրա հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքների, ինչպես նաև մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում` նույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերության նկատմամբ: