ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 հունվարի 2017 թ. |
N 20 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը`
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումում, մասնավորապես, նշվում է.
«ՀՀ Ընտրական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն. «Սահմանված նմուշի քվեաթերթիկ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի այն քվեաթերթիկը, որը հանվել է ծրարից, և որի վրա փակցված է այդ ընտրական տեղամասի ինքնասոսնձվող դրոշմանիշը:»:
Վերոնշյալ հոդվածով, հստակ կերպով սահմանվում է, որ սահմանված նմուշի քվեաթերթիկը պետք է բավարարի 3 կումուլյատիվ պայմանի և լինի`
1. ԿԸՀ կողմից հաստատված նմուշի,
2. Ծրարի մեջ տեղադրված,
3. Փակցված ընտրատեղամասի ինքնասոսնձվող դրոշմանիշ:
Սակայն, 70-րդ հոդվածով հստակ նախատեսված չէ, թե ինչպիսին պետք է դիտարկել քվեաթերթիկը, եթե դրա վրա փակցված դրոշմանիշը (դրա պաշտպանիչ շերտը) վնասված է:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ «Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են ընտրության անվանման հապավումը, քվեարկության ամսաթիվը և ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման:»։
Այսպիսով, օրենսդիրը հստակ սահմանել է, որ առանց դրոշմանիշի կամ այլ տեղամասի դրոշմանիշով քվեաթերթիկը սահմանված նմուշի չէ: Բայց չի սահմանել, թե արդյո՞ք սահմանված նմուշի է վնասված դրոշմանիշով (կամ դրա պաշտպանիչ շերտով) քվեաթերթիկը, քանի որ դրոշմանիշի առկայությունը չի ենթադրում դրա անվնասությունը:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված չէ հստակ կարգավորում դրոշմանիշի վնասված լինելու դեպքում քվեաթերթիկի սահմանված/չսահմանված նմուշի լինելու մասով, ուստի այդ կապակցությամբ 70-րդ հոդվածի տարաբնույթ ընկալումներից և մեկնաբանություններից խուսափելու համար, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով, խնդրում եմ տալ պաշտոնական պարզաբանում, արդյո՞ք վնասված դրոշմանիշով (դրա պաշտպանիչ շերտով) քվեաթերթիկները սահմանված նմուշի են, թե՞ ոչ»:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատճառաբանությունները, հիմնավորումները և եզրահանգումը.
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն.
«Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում»:
Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով»:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:
Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:
Դիմումում վկայակոչված են ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը և 70-րդ հոդվածը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն.
«Սահմանված նմուշի քվեաթերթիկ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի այն քվեաթերթիկը, որը հանվել է ծրարից, և որի վրա փակցված է այդ ընտրական տեղամասի ինքնասոսնձվող դրոշմանիշը:»:
ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
«Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են ընտրության անվանման հապավումը, քվեարկության ամսաթիվը և ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման:»:
Վերլուծելով վերը նշված իրավադրույթները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ քվեաթերթիկը սահմանված նմուշի է, եթե.
1) համապատասխանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին,
2) հանվել է ծրարից,
3) քվեաթերթիկի վրա փակցված է այդ ընտրական տեղամասի ինքնասոսնձվող դրոշմանիշ, որի վրա նշված են`
ա. ընտրության անվանման հապավումը, բ. քվեարկության ամսաթիվը, գ. ընտրական տեղամասի համարը: |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ միայն վերը նշված բոլոր պայմանների ու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում է քվեաթերթիկը համարվում սահմանված նմուշի: Հետևաբար, դիմումատուի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ, թե «արդյո՞ք վնասված դրոշմանիշով (դրա պաշտպանիչ շերտով) քվեաթերթիկները սահմանված նմուշի են, թե՞ ոչ», Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ վնասված դրոշմանիշով (դրա պաշտպանիչ շերտով) քվեաթերթիկները սահմանված նմուշի են միայն այն դեպքում, երբ վնասվածության աստիճանը չի հանգեցնում վերը նշված վավերապայմանների (պայմանների) խաթարմանը կամ խախտմանը: Այլ պարագայում քվեաթերթիկը սահմանված նմուշի համարվել չի կարող:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը`
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ Է.
Վնասված ինքնասոսնձվող դրոշմանիշով (դրա պաշտպանիչ շերտով) քվեաթերթիկները սահմանված նմուշի են միայն այն դեպքում, երբ վնասվածության աստիճանը չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով և 70-րդ հոդվածով սահմանված պայմանների և վավերապայմանների խաթարմանը կամ խախտմանը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |