ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 օգոստոսի 2017 թ. |
N 104-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ 6-ՐԴ ԵՎ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի «ա» ենթակետով, 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ.
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 6-րդ և 51-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետերով ամրագրված դրույթի կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը»՝ համաձայն հավելվածի։
2. Աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանին՝ սահմանված կարգով ապահովել հավելվածի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման նպատակով։
Ա. Մանուկյան
|
Հավելված ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ 104-Ն հրամանի |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ 6-ՐԴ ԵՎ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 50-րդ հոդվածի 2-րդ և 51-րդ հոդվածի 14-րդ մասերով արգելվում են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումն առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի: Իսկ «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ փորձաքննական եզրակացությունը կարող է լինել դրական կամ բացասական: Այսպիսով, սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի փորձաքննական եզրակացությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական: Այդ իսկ պատճառով, առաջանում է տարաբնույթ ընկալում առ այն, որ օրենսգիրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասով և 51-րդ հոդվածի 14-րդ մասով արգելքը չի տարածվում սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված բացասական փորձաքննական եզրակացության դեպքի վրա: Այսպիսի ընկալումը հիմնավորվում է նաև նրանով, որ օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասով և 51-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված լիազորված մարմնի կողմից համապատասխանաբար օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքներ հայցելու դիմումների մերժման հիմքերում բացակայում է սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի փորձաքննական եզրակացության բացասական լինելը: Մերժման հիմքերը սպառիչ են, քանի որ օրենսգրքի 40-րդ հոդվածի 9-րդ մասով և 51-րդ հոդվածի 13-րդ մասով արգելվում է այդ հոդվածներով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումը:
Իրավական խնդիրն է պարզել՝
1) Արդյո՞ք սահմանված կարգով պետական փորձաքննություն անցած նախագծերի փորձաքննական դրական և բացասական եզրակացությունները կարող են նույնանման հետևանքներ ունենալ:
2) Արդյո՞ք փորձաքննական բացասական եզրակացության դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքների տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և մերժման հիմք է օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 6-րդ և 51-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետերի հիմքով:
1. Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ կետի՝ նույն իրավական ակտում միևնույն հասկացության կամ տերմինի բովանդակությունը տարբեր իմաստներով կրկնվելու դեպքում կիրառվում է հասկացության կամ տերմինի այն բովանդակությունը, որը բխում է տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի սկզբունքներից:
Օրենսգիրքը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձաքննական եզրակացություն հասկացություններ: Օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ, 51-րդ հոդվածի 8-րդ և 58-րդ հոդվածի 8-րդ մասերով դրական փորձաքննական եզրակացության հիման վրա որոշում է ընդունվում դիմումի վերաբերյալ: Այսինքն, փորձաքննական եզրակացության դրական լինելու դեպքում է կատարվում օրենսգրքով նախատեսված իրավահարաբերության կարգավորման հաջորդ քայլը, որն ուղղված է կոնկրետ իրավունքը տրամադրելուն: Իսկ փորձաքննական եզրակացության բացասական լինելու դեպքում՝
1) ընդերքօգտագործման իրավունք հայցելու մասին դիմումը մերժվում է (օրենսգրքում այն սահմանված է միայն 20.2-րդ հոդվածի 7-րդ մասով. կիրառվում է միայն ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի մրցութային կարգով ձեռքբերման ժամանակ), կամ էլ.
2) դիմումատուն իրավունք է ստանում վերացնելու թերությունները և կրկին ներկայացնելու հաստատման, այսինքն՝ կատարել մի գործողություն, որի արդյունքը որոշակի պայմաններ ապահովելու դեպքում կհանգեցնի իրավահարաբերության կարգավորման հաջորդ քայլի (սահմանված է 58-րդ հոդվածի 10-րդ մասով ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու դեպքի համար):
2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներն են բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովումը: Ակնհայտ է, որ այս հիմնադրույթը չի կարող ապահովվել նախագծի փորձաքննական եզրակացության բացասական լինելու պարագայում:
Բացի այդ, օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով արգելվում է առանց փորձաքննական դրական եզրակացության հիմնադրութային փաստաթղթերի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը:
Հաշվի առնելով, որ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերի համաձայն նախատեսվող գործունեություն է համարվում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրությունը, արտադրությունը, կառուցումը, շահագործումը, վերակառուցումը, ընդլայնումը, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինումը, վերապրոֆիլավորումը, կոնսերվացումը, տեղափոխումը, լուծարումը, փակումը: Այսինքն, ցանկացած այնպիսի գործողություններ, որոնց համար օրենսգրքով նախատեսվում է տրամադրել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքները:
Ելնելով վերոգրյալից, համադրելով և վերլուծելով վերը նշված իրավական նորմերը, գտնում ենք, որ օրենսգրքով կարգավորվող իրավահարաբերությունների էությունից բխում է, որ հայցվող իրավունքների տրամադրման համար դիմումատուն պետք է ունենա սահմանված կարգով պետական փորձաքննություն անցած նախագծի փորձագիտական եզրակացությունը միայն դրական կարգավիճակով: Այդ իսկ պատճառով, արգելվում է առանց փորձաքննական դրական եզրակացության հիմնադրութային փաստաթղթերի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը: Ուստի, փորձաքննական բացասական եզրակացության հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքները տրամադրելը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Օրենսգրքի նորմի այն ընկալումը, որ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքները կարող են տրամադրվել նաև նախագծի փորձաքննական եզրակացության բացասական լինելու պարագայում օրինազրկում է օրենսգրքով օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրման իրավահարաբերությունների կարգավորումը:
Նկատի ունենալով վերոշարադրվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
1) Սահմանված կարգով պետական փորձաքննություն անցած նախագծերի փորձաքննական դրական և բացասական եզրակացությունները չեն կարող նույնանման հետևանքներ ունենալ:
2) Փորձաքննական բացասական եզրակացության դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքների տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և մերժման հիմք է օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 6-րդ և 51-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետերի հիմքով: