ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հունիսի 2017 թ. |
N 28/10973-17-Պ.1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2016 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման` սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Սույն մասում նշված ժամկետում վերաձևակերպման չներկայացված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած, իսկ տվյալ կազմակերպությունները կարող են լիցենզավորվել լիցենզավորման կարգերով նախատեսված ընդհանուր կարգով:
Տվյալ դեպքում տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս արդյոք Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում ենթակա են վերաձևակերպման` սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով» նորմը վերաբերում է միայն լիցենզիաների (բլանկների) վերաձևակերպմանը, թե այն վերաբերում է նաև մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը գործող լիցենզավորված անձանց՝ Օրենքով սահմանված նոր իրավունքների և պարտականությունների կատարման ժամկետին (Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետ) ևս:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտոնապես պարզաբանում ենք.
Հաշվի առնելով, որ Օրենքով լիցենզիաների վերաձևակերպմանը ներկայացվող նոր պահանջներ սահմանված չեն՝ հետևաբար Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմի գործողությունը տարածվում է նաև մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը գործող լիցենզավորված անձանց՝ իրենց գործունեությունը (այդ թվում՝ իրավունքները և պարտականությունները) Օրենքով սահմանված նոր պայմաններին և պահանջներին համապատասխանեցնելու ժամկետների վրա: Այսինքն՝ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո (01.06.2017թ.) 6-ամսյա ժամկետում (մինչև 01.12.2017թ.) մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը գործող լիցենզավորված անձինք պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել Օրենքով սահմանված նոր պայմաններին և պահանջներին՝ մինչև 01.12.2017թ. լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելով Օրենքով սահմանված պահանջներին համապատասխան լինելու վերաբերյալ փաստաթղթերը:
Վ. Արամյան