«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2002 թվականի N 1611-Ն
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։
2. Սահմանել, որ՝
ա) «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն է՝
հանրապետությունում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների մասին տվյալների հավաքագրման ու վերլուծության հիման վրա համապատասխան համակարգչային շտեմարանների (բազա) ստեղծումը և վարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանն այդ շտեմարաններում պարունակվող տեղեկությունների տրամադրումը,
շրջակա միջավայրի մասին տեղեկատվության փոխանակման նպատակով արտաքին տեղեկատվական ցանցերի հետ փոխգործակցության կազմակերպումը,
շրջակա միջավայրի մասին տեղեկատվական շտեմարանների և դրանց կառավարման համակարգչային ծրագրային միջոցների ձեռքբերումը, մշակումը, տեղայնացումը, ներդաշնակեցումն ու ներդրումը, էկոլոգիական գրականության, ուսումնական ձեռնարկների, պարբերականների, տեղեկագրերի, ժողովածուների և տեղեկատվական նյութերի հրատարակումն ու տեղեկատվության տարբեր տեսակի կրիչների միջոցով տարածումը.
բ) համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության բնագավառում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող տեղեկատվական նյութերի՝ գրքերի, բրոշյուրների, քարտեզների, ատլասների, պլակատների, կատալոգների, ծանուցագրերի վերարտադրում (հրատարակում, վերահրատարակում),
ոլորտին առնչվող տեղեկատվական շտեմարանների հետ կապված գործունեություն,
համակարգչային ու գրասենյակային տեխնիկայից օգտվելու և արդի տեղեկատվական տեխնոլոգիաների մասին իրազեկության բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում։
3. «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի։
«Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության այլ գույքը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
4. «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը։
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել պետական կազմակերպության կանոնադրության և գույքի կազմի հաստատումն ու պետական գրանցումը։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Վերլուծական-տեղեկատվական կենտրոն» բյուջետային հիմնարկի և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|