040.0011.08.01.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունվարի 2002թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2002 թվականի N 11
քաղ. Երևան
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 18 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի N 11 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II. Հանձնաժողովի գործունեության նպատակը
2. Հանձնաժողովի գործունեության նպատակը բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացություն տալն է:
III. Հանձնաժողովի իրավունքները
3. Հանձնաժողովն իրավունք ունի՝
ա) մասնակցելու մարդկանց և շրջակա միջավայրի վրա բույսերի պաշտպանության միջոցների բացասական ազդեցության կանխման նախազգուշական միջոցառումների ծրագրերի մշակմանը.
բ) անհրաժեշտության դեպքում դիմելու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ փորձարկումների իրականացման աշխատանքների կատարելագործման կամ առանձին փորձերի դադարեցման մասին խնդրանքով.
գ) առնվազն տարեկան մեկ անգամ հանձնաժողովի անդամների և փորձագետների միջոցով ստուգելու գրանցման նպատակով բույսերի պաշտպանության փորձարկվող միջոցների լաբորատոր և դաշտային փորձարկումների իրականացման մեթոդական ճշտությունն ու տվյալների արժանահավատությունը.
դ) սույն կանոնադրության դրույթներին համապատասխան, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելու առաջարկություն բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի կիրառման ընթացքում մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն գործած, բույսերի պաշտպանության ցածր արդյունավետ միջոցների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
IV. Հանձնաժողովի պարտականությունները
4. Հանձնաժողովը պարտավոր է՝
ա) նորագույն գիտատեխնիկական ու արտադրական տեղեկությունների վերլուծության հիման վրա մշակել բույսերի պաշտպանության նոր միջոցների փորձարկման երկամյա ծրագրեր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնեցմանը.
բ) բույսերի պաշտպանության միջոցների փորձարկումներ իրականացնող իրավաբանական անձանցից պահանջել փորձարկումների արդյունքների մասին կիսամյակային և տարեկան տեղեկատվություն.
գ) յուրաքանչյուր տարվա վերջում, փորձարկումների մասին տվյալների հիման վրա, ընդունել որոշում բույսերի պաշտպանության միջոցների գրանցման վերաբերյալ եզրակացություն տալու մասին և այն՝ որոշումից քաղվածքի, եզրակացության ու տեղեկանքի հետ միասին, ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
V. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը
5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան տարեկան 2 անգամ:
Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
6. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել փորձագետների, որոնք ուսումնասիրում են փորձերի ընթացքը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովին:
7. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին հանձնաժողովի որոշումն ընդունվում է փորձարկումների մասին արժանահավատ տվյալների հիման վրա:
8. Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝
ա) նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան.
բ) հսկում է հաշվետվությունները ներկայացնելու գործընթացը.
գ) ստուգում է ստացված տվյալների ճշտությունը:
9. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը, կազմում արձանագրություն և լաբորատոր ու դաշտային փորձերի արդյունքների մասին ստացված հաշվետվությունները ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը: Քննարկման արդյունքների հիման վրա կազմվում է բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացությունը, որը, հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրությամբ, ներկայացվում է հանձնաժողովի նախագահին՝ ստորագրության:
VI. Հանձնաժողովի գործունեության դադարումը
10. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: