«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2002 թվականի N 831-Ն
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաստատված աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի 5-րդ բաժնի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար, մարզպետի որոշման հիման վրա, քաղաքացիների հետ՝ սահմանված կարգով կնքված պայմանագրերի համաձայն տրամադրվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն:
2. Հաստատել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում՝ երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին՝ ապահովել երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը՝ սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում՝ երկրաշարժի հետեվանքով բազմաբնակարան շենքերի անօթեվան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում՝ երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին բնակարանային խնդիրների լուծման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետև՝ աջակցություն) տրամադրման կարգը և պայմանները:
2. Երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին աջակցությունը տրամադրվում է շուկայից պատրաստի բնակարան ձեռք բերելու համար՝ իրենց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը պարտադիր ազատելու պայմանով:
3. Աջակցություն ստանալու իրավունք ունեն երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բազմաբնակարան շենքերի այն բնակիչները՝
ա) ովքեր վերցված են բնակարան ստանալու հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն.
բ) որոնց ընտանիքի անդամների մի մասը մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի մասին» N 701 որոշումն ուժի մեջ մտնելը ստացել է բնակտարածություն՝ նախկինում զբաղեցրած բնակարանի չափից ոչ պակաս:
4. Տրամադրվող աջակցության սահմանային չափը որոշվում է՝
ա) սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված քաղաքացիների համար՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ սահմանված նորմերով քաղաքացուն հասանելիք բնակարանի տվյալ բնակավայրում ձևավորված շուկայական միջինացված արժեքից.
բ) սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված քաղաքացիների համար՝ ելնելով մեկ սենյականոց բնակարանի տվյալ բնակավայրում ձևավորված շուկայական միջինացված արժեքից:
Բնակարանի ձևավորված շուկայական արժեքի վերաբերյալ տվյալները վերցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից՝ աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ:
5. Աջակցության տրամադրման պահին աջակցություն ստանալու հավակնող բնակչի ընտանիքին (անձերի թվով) ավելի մեծ բնակարան (սենյակների թվով) տալու դեպքում՝ նրա ընտանիքին հասանելիք բնակարանի չափը (սենյակների թիվը) կարող է ավելանալ մեկ սենյակի չափով:
6. Աջակցությունը տրամադրվում է վճարումների ձևով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի կողմից ընդունված որոշման հիման վրա, քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն՝ բնակարանի արժեքը վճարելով բնակարան (բնակելի տուն) վաճառողին:
Պայմանագրով տրամադրվող աջակցության միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 3 ամիս:
Սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման տարբերակ չընտրվելու դեպքում, քաղաքացու դիմումի համաձայն, պայմանագրով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 ամսով:
7. Աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում:
8. Աջակցության միջոցով բնակարանի ձեռքբերման դեպքում բնակարանի չափը չպետք է պակաս լինի Հայաստանի Հանրապետության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ սահմանված նորմերով քաղաքացուն հասանելիք բնակարանի չափից, իսկ բնակելի տան ձեռքբերման դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահովվածությունը չպետք է պակաս լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափից:
9. Աջակցության միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի վճարումը կատարվում է նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագիրը մարզպետարան ներկայացվելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:
10. Տրամադրվող աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող քաղաքացու տրամադրության տակ, իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:
11. Աջակցության միջոցով, քաղաքացու ընտանիքի անդամների համաձայնությամբ, կարող է գնվել 2 բնակարան (բնակելի տուն), որոնց ընդհանուր չափը չպետք է պակաս լինի սույն կարգի 8-րդ կետում նշված չափերից:
Ընդ որում, 2 բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերը կնքվում են միաժամանակ:
2 բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում՝ աջակցություն ստացողը և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող են լինել աջակցության միջոցով ձեռք բերված 2 բնակարանից (բնակելի տնից) միայն մեկի համասեփականատեր:
12. Աջակցության միջոցով բնակարան (բնակելի տուն) կարող է ձեռք բերվել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում:
13. Մարզպետի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման տարբերակ չընտրվելու դեպքում՝ կնքված պայմանագիրը համարվում է լուծված, և քաղաքացին պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:
14. Աջակցության միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում քաղաքացին հանվում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակներից:
II. Աջակցության տրամադրման աշխատանքների կազմակերպումը
15. Բնակարան (բնակելի տուն) գնելու համար աջակցության տրամադրման աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է մարզպետը՝ իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների մեկական ներկայացուցիչ և, համայնքի ղեկավարի համաձայնությամբ, համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը:
16. Հանձնաժողովի գործառույթներն են՝
ա) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով աջակցության տրամադրման գործընթացն սկսվելու ժամկետի և աջակցության տրամադրման պայմանների հրապարակումը.
բ) աջակցության տրամադրման կարգի իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
գ) աջակցություն ստացող քաղաքացիների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի և աջակցության տրամադրման պայմանների համապատասխանության ստուգումը.
դ) տրամադրվող աջակցության չափի հաշվարկումը.
ե) աջակցություն ստացող քաղաքացիների ցուցակի հաստատման և նրանց աջակցություն տրամադրելու մասին մարզպետի որոշման նախագծի նախապատրաստումը.
զ) գրանցման մատյաններում (N 1 հավելված) աջակցություն ստացող քաղաքացիների մասին ընդունված որոշումների գրանցումը:
III. Աջակցության տրամադրման եվ վճարման կարգն ու պայմանները
17. Համայնքի ղեկավարը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին, համաձայն հաստատված ցուցակի հերթականության, ծանուցում է աջակցություն ստանալու մասին:
18. Ծանուցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում՝ աջակցություն ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիները համայնքի ղեկավարին են ներկայացնում դիմում՝ համաձայնեցված ընտանիքի չափահաս անդամների հետ:
Դիմումին կից ներկայացվում են դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային տվյալները և ժամանակավոր բնակության վայրի մասին տեղեկանք:
19. 10-օրյա ժամկետում՝ ստացված դիմումների քննարկման արդյունքների հիման վրա համայնքի ղեկավարը կազմում է աջակցություն ստանալու հավակնող քաղաքացիների ցուցակը (N 2 հավելված) և այն ներկայացնում մարզպետին՝ հաստատման:
Ցուցակին կից ներկայացվում են՝
ա) աջակցություն ստանալու հավակնող քաղաքացիների կողմից տրված դիմումների և կից փաստաթղթերի, ինչպես նաև վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու մասին սահմանված կարգով համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրերի պատճենները.
բ) աջակցություն ստանալու հավակնող քաղաքացիների մշտական բնակության ու նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ ճշտված տեղեկատվությունը:
20. Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում քննարկում է համայնքի ղեկավարի կողմից մարզպետարան ներկայացված փաստաթղթերը:
21. Մարզպետը հանձնաժողովի քննարկման արդյունքների հիման վրա ընդունում է որոշում և հաստատում աջակցություն ստացող քաղաքացիների ցուցակները, ընդունված որոշման մասին 3-օրյա ժամկետում ծանուցում է քաղաքացիներին՝ առաջարկելով նրանց կնքել պայմանագիր բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին:
22. Քաղաքացիները ծանուցումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում մարզպետի հետ կնքում են բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր:
23. Աջակցություն ստացող քաղաքացին պայմանագրով սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո դրա պատճենը մեկօրյա ժամկետում ներկայացնում է մարզպետին՝ կցելով իր և բնակարան (բնակելի տուն) վաճառողի գործակալ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշիվների բանկային ռեկվիզիտները:
Ընդ որում, տրամադրվող աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում կցվում է նաև արժեքների տարբերությունն աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի ցպահանջ ավանդային հաշվին փոխանցելու մասին բանկի կողմից տրված մուտքի քաղվածքի պատճենը:
24. Հանձնաժողովը կատարված առուվաճառքի գործարքի հետ կապված փաստաթղթերն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում ստուգում է՝
ա) կատարված գործարքի համապատասխանությունը սույն կարգի պայմաններին.
բ) ձեռք բերված բնակարանի (բնակելի տան) արժեքի և տրամադրվող աջակցության չափի համապատասխանությունը.
գ) պայմանագրում նշված տրամադրվող աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունն աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի ցպահանջ ավանդային հաշվին փոխանցվելու փաստը:
Հանձնաժողովի կողմից փաստաթղթերի ստուգման արդյունքում բացահայտված անճշտությունների դեպքում փաստաթղթերը վերադարձվում են քաղաքացուն՝ դրանք փոփոխելու նպատակով:
25. Մարզպետը, հանձնաժողովի դրական որոշման հիման վրա, մեկ բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում աջակցության միջոցով ձեռք բերված բնակարանների (բնակելի տների) արժեքների վճարման հայտ՝ նշելով աջակցություն ստացողներին ու բնակարան (բնակելի տուն) վաճառողներին վճարման ենթակա գումարների չափերը:
Հայտի հետ միասին ներկայացվում են նաև ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի և բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար աջակցություն տրամադրելու մասին պայմանագրերի պատճենները, աջակցություն ստացողի ու բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից գործակալ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշիվների բանկային ռեկվիզիտները:
Միաժամանակ, մարզպետը հայտում նշված քաղաքացիներին վերաբերող փաստաթղթերը ներկայացնում է գործակալ բանկ:
26. Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանումը հայտն ստանալուց հետո 3 բանկային օրվա ընթացքում փոխանցում է՝
ա) վաճառողի կողմից գործակալ բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին՝ վաճառված բնակարանի (բնակելի տան) արժեքին համապատասխանող գումար.
բ) աջակցություն ստացողի կողմից գործակալ բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին՝ տրամադրվող աջակցության չափի և ձեռք բերված բնակարանի (բնակելի տան) արժեքների տարբերությունը:
Սույն կետում նշված ժամկետի խախտման դեպքում գործակալ բանկն աջակցության գումարը փոխանցում է իր սեփական միջոցների հաշվին:
27. Գործակալ բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանումից աջակցության գումարներն ստանալուն պես կատարում է համապատասխան վճարումներ, ընդ որում՝
ա) բնակարան (բնակելի տուն) վաճառողին վճարվում է բնակարանի (բնակելի տան) արժեքի 80 տոկոսը, իսկ մնացած 20 տոկոսը՝ վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան) սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտը բանկ ներկայացվելուց հետո.
բ) սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում արժեքների տարբերությունն աջակցություն ստացողին վճարվում է զբաղեցրած ոչ հիմնական շինության փաստացի ազատման մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը բանկ ներկայացվելուց հետո:
28. Գործակալ բանկը մարզպետին է ներկայացնում յուրաքանչյուր կատարած վճարման գործարքի մասին հաշվետվություն՝ կցելով քաղվածք քաղաքացու ցպահանջ ավանդային հաշվից:
29. Մարզպետն աջակցություն ստացած քաղաքացիների մասին ամենամսյա տեղեկատվություն (N 3 հավելված) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 1 |
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
_________________________________________
(մարզը, համայնքը)
NN ը/կ | Ազգա- նունը, անունը, հայրա- նունը |
Անձնագ- րային տվյալ- ները |
Նախկին զբաղեցրած բնակարանի սենյակների թիվը | Աջակ- ցության տրա- մադրման պահին ընտանիքի հաշվառված անձերի թիվը |
Արտո- նության խումբը` համաձայն ՀՀ կառավա- րության 1999 թ. հունիսի 10-ի N 432 որոշման |
Ընդունված որոշման համարը, ամսաթիվը | Հասա- նելիք բնակա- րանի սենյակ- ների թիվը |
Տրա- մադրվող աջակ- ցության չափը (մլն. դրամ) |
Համայնքի ղեկավարի հետ կնքված պայմա- |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
Հավելված N 2 |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
_________________________________________
(մարզը, համայնքը)
NN ը/կ | Ազգա- նունը, անունը հայրա- նունը |
Անձնագ- րային տվյալները |
Նախկին զբաղեցրած բնակարանի հասցեն | Նախկին զբաղեցրած բնակարանի սենյակների թիվը | Աջակցության տրամադրման պահին ընտանիքի հաշվառված անձերի թիվը | Արտոնության խումբը` համաձայն ՀՀ կառավա- րության 1999 թ. հունիսի 10-ի N 432 որոշման |
Ժամանակա- վորապես զբաղեցված բնակտա- րածության նկարագրու- թյունը |
Ծանոթա- գրություն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |||
Հավելված N 3 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_________________________________________
(մարզը, համայնքը)
NN ը/կ | Ազգանունը, անունը հայրանունը | Անձնագրային տվյալները | Տրամադրված աջակցության չափը (մլն. դրամ) |
Ձեռք բերված բնակարանի | Ծանոթա- գրություն | ||
արժեքը (մլն. դրամ) | հասցեն | սենյակների թիվը | |||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |