040.1194.05.12.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2001 թվականի N 1194
քաղ. Երևան
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՏՆՕՐԻՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահաբաժինների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահաբաժինների վճարման գործընթացում պետական բաժնեմասի տնօրինման լիազորություններն իրականացնող մարմինների աշխատանքի կազմակերպման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում`
ա) բաժնետերերի ընդհանուր ժողովների քվեարկությանն ու հաստատմանն է դրվում պետության մասնակցության դիմաց ստացված զուտ շահույթի 20 տոկոսը որպես տարեկան շահաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու հարցը.
բ) տարեկան տնտեսական գործունեության արդյունքներով ստացված մինչև երեք միլիոն դրամ զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահաբաժին վճարելու հարցը բաժնետերերի ընդհանուր ժողովներում քվեարկության չի դրվում:
3. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով, կարող են բաժնետերերի ընդհանուր ժողովների քվեարկությանն ու հաստատմանը դրվել պետության մասնակցության դիմաց ստացված զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահաբաժնի այլ չափեր:
4. Լիազորված մարմինների առաջարկությամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` նախորդ տարվա պետական գնումների ֆինանսավորման գծով բյուջետային պարտավորությունները կարող են հաշվանցվել այդ տարվա վճարման ենթակա շահաբաժինների սահմաններում` բանկային (գանձապետական) հաշիվների միջոցով, «Վճարում-գանձում» եղանակով:
5. Սույն որոշման դրույթները կիրառվում են պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների 2001 թվականի և հետագա տարիների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից շահաբաժինների պետական բաժնեմասի վճարման գործընթացի նկատմամբ:
6. Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների 1998-2000 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից շահաբաժինների պետական բաժնեմասի վճարման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 30-ի «Պետական բաժնետիրական և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման գործընթացի մասին» N 462, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ստացվող շահաբաժինների գծով սահմանված եկամուտների հավաքագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 477 որոշումներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 4.16, 4.17, 22, 22.1 և 22.2-րդ կետերով:
7. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացված շահաբաժինները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու գործընթացը:
2. Սույն կարգը չի կիրառվում օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահաբաժինների վճարումից ազատված առևտրային կազմակերպությունների նկատմամբ:
II. 50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Համապատասխան լիազորված մարմինների պահանջով` 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունները տարեկան ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա ապրիլի 15-ը, լիազորված մարմինների հաստատմանն են ներկայացնում զուտ շահույթի բաշխման ուղղությունները, ծախսման նախահաշիվներն ու պետական բաժնեմասի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահաբաժինների վճարման առաջարկվող չափերը:
4. Եթե ընկերության կողմից առաջարկվող շահաբաժինների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափերը համընկնում են, ապա լիազորված մարմինները 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերության բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովի գումարումից 30 օր առաջ, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, հաստատում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահաբաժինների վճարման չափի մասին տեղեկանքը (ձևը կցվում է)` դրան կցելով հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունների NN 1-5 ձևերը:
5. Շահաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկությունները լիազորված մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության եզրակացությամբ` նշված առաջարկություններին կցելով`
ա) բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ խորհրդի կողմից հաստատված ընկերության գործարար ծրագիրը` հաջորդ առնվազն երեք տարվա կտրվածքով.
բ) զուտ շահույթի բաշխման ուղղություններն ու ծախսման նախահաշիվները.
գ) հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունների NN 1-5 ձևերը:
6. Շահաբաժինների սահմանված չափի ավելացման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` լիազորված մարմինների եզրակացությամբ:
7. Ընկերություններում պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցիչները, լիազորված մարմինների հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետերերի (մասնակիցների) տարեկան ընդհանուր ժողովներում քվեարկության են դնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահաբաժինների չափերի հաստատման մասին հարցը:
8. Ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի տնօրինման լիազորություններն իրականացնող մարմինների կողմից այդ բաժնեմասերի գերակշիռ մասը (վերահսկիչ ծրարը) տնօրինելու հիմքով` տարեկան ընդհանուր ժողովն ընդունում է տեղեկանքով սահմանված չափերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահաբաժինների հաստատման մասին որոշում:
9. Ընդհանուր ժողովների կողմից տարեկան շահաբաժինների վճարման մասին որոշումների ընդունման օրվանից եռամսյա ժամկետում (ամսական` հավասար չափերով) շահաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
10. Տարեկան ընդհանուր ժողովի կողմից որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում հաշվետու տարվա արդյունքներով ընկերությունների ստացած զուտ շահույթի բաշխման և շահաբաժինների վճարման վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովների որոշումների մասին արձանագրություններից քաղվածքները:
11. Սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների որոշումների ընդունման պատասխանատվությունը կրում են լիազոր մարմիններն ու նրանց լիազոր ներկայացուցիչները:
12. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների ընդհանուր ժողովների (խորհուրդների) կողմից միջանկյալ (եռամսյակային, կիսամյակային) շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և վճարման ժամկետների մասին որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների ընդհանուր ժողովների (խորհուրդների) կողմից գույքով միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում այդ շահաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը վճարվում է դրամով:
14. Միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին ընկերության ընդհանուր ժողովի (խորհրդի) կողմից որոշման ընդունման օրվանից երկամսյա ժամկետում շահաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
15. Միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին ընկերության ընդհանուր ժողովի (խորհրդի) կողմից որոշման ընդունման օրվանից հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում քաղվածք միջանկյալ շահաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշման մասին արձանագրությունից:
16. Պետական լիազորված մարմիններն ապահովում են պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների տարեկան (միջանկյալ) հաշվապահական հաշվեկշիռներում, որպես կրեդիտորական պարտքեր, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պետական շահաբաժինների գծով պարտավորությունների արտացոլումը:
17. Սույն կարգի 9-րդ և 14-րդ կետերով սահմանված ժամկետներում տարեկան ու միջանկյալ շահաբաժիններն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների գործադիր մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքը շարունակելու նպատակահարմարության հարցը:
III. ՄԻՆՉԵՎ 50 ՏՈԿՈՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում տարեկան և միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին որոշումներ ընդունելու դեպքում` որոշման ընդունման պահից 15 օրվա ընթացքում այդ ընկերություններում պետության լիազոր ներկայացուցիչները լիազորված մարմիններին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն որոշման ընդունման օրվա` որպես շահաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարի չափի և վճարման ժամկետների մասին:
19. Մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետերերի (մասնակիցների) տարեկան ընդհանուր ժողովների` տարեկան շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ սահմանված ժամկետում, շահաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
20. Մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների ընդհանուր ժողովների (խորհուրդների) կողմից միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում` որոշմամբ սահմանված ժամկետում այդ շահաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
21. Եթե մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերության կանոնադրությամբ սահմանված է միջանկյալ շահաբաժինների վճարում նաև գույքով, և ընդհանուր ժողովը (խորհուրդը) որոշում է միջանկյալ ամբողջ շահաբաժինը վճարել գույքով, ապա այդ շահաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող գույքը որոշմամբ սահմանված ժամկետում հանձնվում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` պահառության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման և առաջացած դրամական միջոցները որպես շահաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու համար:
Նշված գույքի պահառության և օտարման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են այդ գույքի օտարումից ստացվող գումարների հաշվին:
IV. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
22. Պետական բաժնեմասից ստացված շահաբաժինների գծով ընկերությունների պարտավորություններն առանձին տողով ամրագրվում են այդ ընկերությունների մասնավորեցման և (կամ) մասնավորեցման նախապատրաստման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ:
23. Ընկերությունների` պետությանը պատկանող բաժնեմասի տնօրինման լիազորությունները Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը վերապահելու պահից` սույն կարգով նախատեսված պարտավորությունները համապատասխան պետական լիազորված մարմնից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:
V. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
24. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահաբաժինների վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքի համակարգումը, ինչպես նաև ըստ ընկերությունների շահաբաժինների պետական բաժնեմասի չափերի վերանայման վերաբերյալ առաջարկությունների հիմնավորվածության աստիճանի գնահատման, հաշվառման, սահմանված կարգով և ժամկետներում վճարման, իսկ մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում` շահաբաժինների պետական բաժնեմասի հաշվառման և վճարման ժամկետների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
25. Սույն կարգի 9-րդ և 14-րդ կետերում սահմանված ժամկետներում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև մասնավորեցված, սակայն շահաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունեցող ընկերությունների կողմից շահաբաժիններն ամբողջովին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը դրանց մասին տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահաբաժինների վճարումն ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:
26. Ընկերություններից տարեկան (միջանկյալ) հաշվետվություններն ընդունելիս սույն կարգի 16-րդ կետի պահանջի կատարման, ինչպես նաև ստուգումների ընթացքում տարեկան զուտ շահույթի և շահաբաժինների պետական բաժնեմասի հաշվարկման հիմնավորվածության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը և արդյունքների մասին եռամսյակային կտրվածքով տեղեկատվություն է ներկայացնում պետական լիազորված մարմիններ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
Ձև
Հաստատում եմ ____________________________ (համապատասխան նախարար, մարզպետ ____________________________ գերատեսչության ղեկավար) ____________________________ (ստորագրությունը) ____ ___________________ 200 թ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
______________ նախարարության (գերատեսչության), մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) համակարգի ________________________առևտրային (առևտրային կազմակերպության անվանումը) կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահաբաժինների վճարման չափի վերաբերյալ առաջարկության մասին
|